4. Որոշ վկայություններ. անսահմանափակը, աստվածային գրկախառնումը, փառավորյալ մարմնի ծնունդը – Գրադարան – Mashtoz.org

4. Որոշ վկայություններ. անսահմանափակը, աստվածային գրկախառնումը, փառավորյալ մարմնի ծնունդը

Անսահմանափակի փորձառությունը, տեսիլքի միջոցով, որը հոգին կարող է ունենալ իր սեփական թափանցիկ «մերկության» վերաբերյալ, միտքն ընդարձակում է Աստվածության անափ օվկիանոսի մեջ: Էության միստիկա, եթե ուզենք այդպես անվանել: Կարող ենք մտաբերել այստեղ «Աստվածության անհատակ ծով» արտահայտությունը, որ գործածում է Հովհաննես Ռեյզբրուքացին իր «Հոգևոր ամուսնության մեծվայելչությունը»[1] գրքում, կամ Անգեղուս Սիլեսիուսին, որն իր «Քերովբեական ուխտավորը» գրքում գրում է. «Աստծո մեջ չենք ճանաչում ոչինչ: Նա միասնական միակ Մեկ է: Այն, ինչը որ ճանաչում ենք Նրա մեջ, հարկավոր է, որ մենք ինքներս լինենք դա»[2]: Եվ սակայն, Սբ. Մաքսիմոս Խոստովանողի համաձայն (որն այստեղ շատ ավելի հստակ է արտահայտվում, քան Եվագր Պոնտացին, թեև թվում է, թե գաղափարը նրան է պատկանում), աստվածային էությունը, – կամ էության ճառագայթումը, – մի անձնական ներկայության ներսում է և տեսանելի է մի հանդիպման, մի հաղորդության կենտրոնում: Նույն գաղափարն է, համենայն դեպս, եթե կարողանում ենք անցնել խոսքերից և դիտավորությունների գործընթացից անդին, որ արտահայտում են նաև «էության միստիկայի» արևմտյան ներկայացուցիչները, ինչպես փաստել է Վլադիմիր Լոսկին իր «Ժխտողական աստվածաբանությունը և Աստծո ճանաչումը Մայսթեր Էկքհարթի գրություններում» աշխատության մեջ, վերջինիս վերաբերյալ[3]:
 
Երբ միտքը ստանում է առարկաների պատկերացումները, բնականորեն կաղապարվում է դրանցից յուրաքանչյուրի համաձայն: Երբ դրանց հայում է հոգեպես, ստանձնում է լինելության տարբեր կերպեր, իր հայեցողության առարկաների համաձայն: Երբ Աստծո մեջ է, կորցնում է որևէ կերպ և որևէ կերպարանք:
ՄԱՔՍԻՄՈՍ ԽՈՍՏՈՎԱՆՈՂ, Հարյուրյակներ սիրո մասին, III, 97 (PG 90, 1045D).
 
Մարդու հանդեպ տածած Աստծո սերը, երբ մարդն ընդունում է այն, բոցավառում է իր սիրտն ու իր մարմինը: Մարդը կախակայվում է բացարձակապես Ա՛յլի ներկայությանը, անդադար երկխոսության մեջ: Այս հաղորդությունը հնարավորություն է ստեղծում, որ աստվածային կյանքը տիրի մարդուն: Եվ ահա՛ ևս մեկ անգամ ո՛չ թե խորհրդանշանը, այլ՝ իրականությունը մի գերագույն արբեցության, որը խզել է տալիս բոլոր սահմանները, ամոթի, մահվան, բայց՝ մղվելու համար դեպի վեր: «Արբեցությունը [...] մտցնում է մեզ այնտեղ, որը ես կանվանեի անհամակարգելիի տիրույթ, տիրույթը աստվածային Զորության, որը խզում է բոլոր սահմանները, որը խորտակում է բոլոր պատնեշները, որը մեզ լցնում է Սուրբ Հոգիով»[4]: Հանդիպում և, միաժամանակ, մասնակցություն. պարտադիր է դառնում գործածումը ամուսնության, խենթորեն համամասնակցված սիրո պատկերի:
 
Աստծո սերն իր բնությամբ իսկ ջերմություն է: Երբ առանց չափի սահմանափակումների թափվում է մի մարդու վրա, նրա հոգին ընկղմում է հափշտակության մեջ: Սրա համար է, որ սիրտը նրա, ով զգացել է այն, այլևս չի կարող հանդուրժել և դիմանալ նրանից զուրկ լինելուն: Բայց մարդը մի տարօրինակ փոփոխության է ենթարկվում, այնքան՝ որքան ավելի է սերը տիրում իրեն: Սրանք են այդպիսի սիրո նշանները. մարդու դեմքը բոցավառվում է բերկրանքով, իսկ իր մարմինը լցվում է ջերմությամբ: Վախն ու ամոթխածությունը հեռանում են իրենից, կարծես ինքն իրենից դուրս եկած լինի: [...] Կարծես խենթ լինի: Ահավոր մահը նրա համար ուրախություն է: [...] Չունի այլևս իր ճանաչողությունը, ո՛չ էլ իր բնական տեսիլքը: Չի գիտակցում այլևս իր արարքները: Շարունակելով հանդերձ գործել, ոչինչ չի զգում,կարծես թե իր իմացականությունը կախակայվել է հայեցողության մեջ: Իր միտքը միշտ երկխոսում է Ա՛յլի հետ:
ԻՍԱՀԱԿ ՆԻՆՎԵԱՑԻ, Հոգեմարզական ճառեր, 24 (ed. Spanos, p. 104).
 
Հոգևոր մարդու համար աշխարհը դա ներքին հասկացողություն է: Ինչպես նաև հրեշտակները, որոնք միաժամանակ անձնական ներկայություններ են և տիեզերական գոյության լուսադարձ աստիճաններ, երաժշտության ու գովաբանության մի տիեզերք՝ Արարիչ Տիրոջ շուրջբոլորը: Եվ նույն Ինքն Երրորդությունը, որ գալիս է նրա մեջ բնակություն հաստատելու: «Աստծո Արքայությունը ձեր ներսում է», ասում է Հիսուսը (Ղկս 17, 21): «Անդր-ենթակայական» լիություն, որ մարդու ներաշխարհը բացում է դեպի ամենաիրական իրականությունը:
 
Մաքրագործվի՛ր, և կտեսնես երկինքը քո մեջ: Քո մեջ կտեսնես հրեշտակներին և նրանց լույսը, և նրանց Տիրոջը նրանց հետ և նրանց մեջ: [...]
Մաքրագործված հոգու տեր մարդու հոգևոր հայրենիքը իր ներսում է: Նրա ներսում փայլող արևը Երրորդության լույսն է: Նրա ներսում ծնվող մտքերի շնչած օդը Մխիթարիչ Սուրբ Հոգին է: Նրա հետ են բնակվում հրեշտակները: Նրանց կյանքը, նրանց ուրախությունը, նրանց տոնը Քրիստոսն է, Հոր լույսի լույսը: Այդպիսի մարդը ամեն պահ ուրախանում է իր հոգու տեսությամբ, ապշում է տեսած գեղեցկություններով, որոնք հարյուրապատիկ ավելի պայծառ են, քան արևի ամենափայլուն ցոլքը: [...] Մեր ներսում թաքնված Աստծո Արքայությունն է, Տիրոջ խոսքի համաձայն:
ԻՍԱՀԱԿ ՆԻՆՎԵԱՑԻ, Հոգեմարզական ճառեր, 43 (ed. Spanos, pp. 176-178).
 
Ճշմարիտ ճանաչողությունը դա ամեն բան Աստծո մեջ զգալն է: Քաղցրությունն այնպիսին է, որ սիրտը հալումաշ է լինում սիրուց և մարդը պատրաստակամ է դառնում տալու իր կյանքը նրանց համար, ում սիրում է. այսինքն՝ բոլորի և յուրաքանչյուրի համար:
 
Սերը կյանքից էլ ավելի քաղցր է:
Է՛լ ավելի քաղցր, մեղրից ու մեղրի խորսխից էլ ավելի քաղցր է Աստծո գիտակցումը, որից ծնվում է սերը:
Սերը չի տրտմում, եթե ընդունելու է ամենադաժան մահը նրանց համար, ում սիրում է:
Սերը ճանաչողության զավակն է: [...]
Տե՜ր, լցրո՛ւ իմ սիրտը հավիտենական կյանքով:
ԻՍԱՀԱԿ ՆԻՆՎԵԱՑԻ, Հոգեմարզական ճառեր, 38 (ed. Spanos, p. 164).
 
Աստվածային գրկախառնման խորհուրդները: Աստծո վայելումը հագեցնում է հոգու, բայց նաև մարմնի փափաքները, ներթափանցում և վերարթնացնում է մարմնական գոյության խորքերը, որոնք սովորաբար անգիտակից թմրության վիճակում են: Քնի և արթնության միջև, երբ անցանելի է դառնում այն սահմանագիծը, որով միմյանցից բաժանվում են գիտակցությունն ու ենթագիտակցությունը, երբ բացվում է մարմինը, որ մարմնի ներսում է, մարդու ամբողջ էությունը բռնվում է վայելքով: Արքայության բերկրանքն է: Հավիտենական ամուսնության բերկրանքը:
 
Որոշակի պահերի պատահում է, որ բերկրանքն ու վայելքը ներթափանցում են ամբողջ մարմնի մեջ: Եվ մարմնեղեն լեզուն այլևս ոչինչ չի կարողանում ասել, այնքան որ երկրային իրողություններն իրեն ա՛յլ բան այլևս չեն թվում, քան սոսկ հող ու մոխիր: Առաջին վայելքները, որոնք սրտինն են, մեզ լիացնում են արթուն ժամանակ. միտքը բոցավառվում է աղոթքի ժամին, ընթերցանության պահին, հաճախակի կատարվող խորհրդածությունների կամ երկարատև հայեցողությունների ժամանակ: Վերջին վայելքները, մինչդեռ, այցելում են մեզ ա՛յլ կերպ, հաճախ գիշերվա մեջ, և այս եղանակով. երբ գտնվում ենք քնի ու արթնության միջև, երբ քնած ենք առանց քնելու և արթուն ենք առանց իրոք արթուն լինելու: Այս վայելքները ներթափանցում են մարդու մեջ, տրոփելով նրա ամբողջ մարմնի մեջ: Այդ ժամանակ նրան հայտնվում է, որ դա ա՛յլ բան չէ, եթե ոչ՝ Երկնքի Արքայությունը:
ԻՍԱՀԱԿ ՆԻՆՎԵԱՑԻ, Հոգեմարզական ճառեր, 8 (ed. Spanos, p. 39).
 
Այդ վայելքը երբեմն այնքա՜ն ուժգին ու հրաշեկ է, որ հարկավոր է ճչալ ու աղաղակել: Երգ Երգոցն է, իր գերագույն կատարմամբ:
 
[Այդ վանականը], սերն ու ջերմեռանդությունը միախառնելով, հարյուր անգամ համբուրում էր խաչը, [...] ապա վերադառնում էր սաղմոսելու: Իսկ մտքերը, որոնցով բոցավառված էր, նրան այնքան էին այրում, որ երբեմն պատահում էր, որ ճչում էր, ուրախությունից հաղթված, երբ այլևս չէր կարողանում դիմանալ այդ բոցի հրաշեկությանը:
ԻՍԱՀԱԿ ՆԻՆՎԵԱՑԻ, Հոգեմարզական ճառեր, 75 (ed. Spanos, pp. 294-295).
 
Աղաղակներ, բայց նաև լռության անդունդներ, ընկղմում լույսի ու լռության օվկիանոսի մեջ: Ո՛չ անհետացում, ո՛չ էության լուծում. դեպի նա կրկին սլանում է ցանկությունը, կրկին խորացվում է խանդաղատանքը:
 
Հեշտ չէ իմանալը, թե հոգևոր խանդաղատանքը ինչպե՛ս և ի՛նչ տեսանկյունների ներքո է հուզում հոգին: Հաճախ նրա ներկայությունը բացահայտվում է անասելի բերկրանքով և ուժգին սլացքներով: Այն աստիճան, որ բերկրանքը, իր իսկ անբավության պատճառով անդիմանալի դարձած, պոռթկում է աղաղակներով, որոնք մինչև հարևան խուցը կտանեն լուրը ձեր արբեցության: Երբեմն, մինչդեռ, հոգին իջնում և թաքնվում է լռության անդունդներում: Լույսի անակնկալ ներկայությունը ապշեցնում է նրան և զրկում խոսքի կարողությունից: Իր բոլոր զգայարանները փակվում են հոգու խորքում, կամ էլ՝ ամբողջովին կախակայվում են: Եվ իր ցանկությունը Աստծուն ասում է գաղտնածածուկ հեծեծանքներով: Երբեմն էլ, ի վերջո, այն աստիճան լի է վշտահար խանդաղատանքով, որ միայն արցունքներն են կարողանում մխիթարել նրան:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՍՍԻԱՆՈՍ, Բանախոսություններ, IX, 27, 1 (PL 49, 803A-804A; SC 54, p. 63).
 
Աստված զգացվում է «սրտի զգայարանով»: Ուրիշներ, ավելի կարճառոտ եղանակով, այստեղ խոսում են «Աստծո զգացողության» մասին: Հունական արմատներ ունեցող լեզվամտածողությամբ կրթված մտքերի համար լիակատար պարադոքս է աստվածայինը զգացողության հետ զուգորդելը: Փիլիսոփայական ամբողջ ավանդությունն, արդարև, աստվածայինը կարող էր զուգորդել միայն մտքի, իմացականության, իմացումի հետ: Փաստը, մինչդեռ, որ խոսքը վերաբերվում է սիրտը գործի դնող մի «զգացումի», որի մեջ բովանդակված են մարդու բոլոր կարողություններն ու բոլոր զգայարանները, սրանով ընդգծվում է, որ աստվածային էներգիայի ներգործությամբ տեղի ունեցող փոխակերպումը վերաբերվում է ամբողջ մարդուն. հոգուն և մարմնին, միաժամանակ և հավասարապես: Այս անբաժան ամբողջականությունը մատնացույց է անում Դիադոքոս Ֆոթիկացին իր հետևյալ հատվածում, նշելով, որ «սրտի զգացողությունը» դառնում է «ոսկորների զգացողություն»: Ոսկորները. այն, ինչը մարդու մեջ ամենապինդն է ու ամենակենդանին, կյանքի հանքային համակենտրոնը և այդ կյանքի աղբյուրը (հայտնի է ոսկրածուծի և արյան միջև գոյություն ունեցող սերտ կապը): Երբ աստվածային կրակը հասնում է այդ կենդանի քարին, այն փոխակերպում է թանկարժեք քարի, այն ներառում է երկնային Երուսաղեմի հիմքերի մեջ, որոնք կառուցված են թանկարժեք քարերով: Այսպիսով ձևավորվում է փառավորյալ մարմինը:
 
Նա, ով Աստծուն սիրում է սրտի զգացողությամբ («en aisthései kardías»), ճանաչվել է Նրա կողմից. արդարև, այն չափով, որքանով ստանում ենք Աստծո սերը հոգու խորին զգացողության մեջ («en aisthései tês psychês»), այդ չափով էլ դառնում ենք Աստծո մտերիմները: Այդպիսի մարդն, ուստի, այլևս ապրում է ճանաչողության լուսավորության հանդեպ մի բուռն կրքով, մինչև որ այն զգում է իր ոսկորների զգացողությամբ («autês tês tôn ostéon aisthéseos aísthetai»), ինքն իրեն այլևս չճանաչելով, այլ՝ ամբողջովին փոխակերպված լինելով Աստծո սիրով: [...] Առանց դադարի, այլևս, սիրո կրակով բոցավառված սրտով, միացած է մնում Աստծուն մի անդիմադրելի ցանկությամբ, այն պահից սկսած, երբ աստվածային սերը նրան պոկում է իր եսից:
ԴԻԱԴՈՔՈՍ ՖՈԹԻԿԱՑԻ, Ճանաչողական հարյուր հոդվածներ, 14 (SC 5 ter, p. 91).
 
Մահվան և ստրկության մարմինը, որ շղթայված էր «ծանրության ոգուն», այլևս լուծվում է մկրտական, արարչական ջրերի մեջ, և այժմ ծնվում է փառավորյալ մարմինը, այլևս ո՛չ այլաբանորեն, այլ՝ իսկապես, իրականորեն: Կամ, եթե նախընտրում ենք այս մյուս արտահայտությունը, մկրտական սերմն այժմ տալիս է իր պտուղը:
Այս իրականությունից են ծնվում Սուրբ Հայրերի կողմից գործածվող ուժգին, նշանակալի արտահայտությունները. «Ես լուծված եմ», «Նրա անդամները հալվում, հեղուկանում են»:
 
Աբբա Սիղվանոսի աշակերտ Զաքարիան մտավ [նրա խուցը] և նրան գտավ հափշտակության մեջ, ձեռքերը դեպի երկինք պարզած: Դուռը փակելով, դուրս ելավ: Վեցերորդ և իններորդ ժամերին վերադառնալով, նրան նույն վիճակում գտավ: Վերադարձավ տասներորդ ժամին, բախեց, ներս մտավ և նրան ներքին խաղաղության մեջ գտավ: Ասաց նրան. «Այսօր ի՞նչ է պատահում քեզ, հայր»: Նա պատասխանեց. «Այսօր հիվանդ էի, որդիս»: Բայց աշակերտը նրա ոտքերին փաթաթվեց և ասաց նրան. «Քեզ բաց չեմ թողնի, եթե չասես ինձ, թե ինչ ես տեսել»: Ծերունին պատասխանեց. «Հափշտակվեցի երկինք և տեսա Աստծո փառքը: Այնտեղ մնացի մինչև հիմա, և այժմ ես լուծված եմ»:
ԱԲԲԱ ՍԻՂՎԱՆՈՍ, Ապոֆտեգմաներ, 3 (PG 65, 409A).
 
Վրա է հասնում մի ուրիշ վիճակ, երբ մարդն հառաջ է ընթանում կյանքի ճանապարհով [...] և նրան ի վերուստ տրվում է Հոգու ճանաչողության քաղցրությունը զգալու շնորհը: Ստանում է ապահով վստահությունը, որ Աստված հսկում է իր վրա [...] և հիանում է առարկաների հոգևոր էությունների դիմաց: [...] Հայնժամ նրա մեջ է մտնում Աստծո քաղցրությունը, և Նրա սիրո կրակը [...]: Այս զորությունը զգացվում է, երբ հայեցողական ուշադրությամբ զննվում են արարչության բոլոր էակները, բոլոր առարկաները, որոնց նա հանդիպում է: [...] Այս մեծ ուշադրության արդյունքում, մարդն այլևս հասնում է Աստծո սիրույն և նրանով արբենում է գինու նման: Նրա անդամները հալվում, հեղուկանում են: Եվ նրա սիրտը ճախրում է Աստծուն հետևելու:
ԻՍԱՀԱԿ ՆԻՆՎԵԱՑԻ, Հոգեմարզական ճառեր, 40 (ed. Spanos, p. 169).
 
Անդադար հավաստված, նորոգված փորձառությունն է լույսի, կամ ավելի ճիշտը՝ կրակի: Սիրտը այն հնոցն է, որտեղ աստվածային կրակը վերստին արարում է մարդուն: Եվ բազմահազար են վկայությունները, որ խոսում են փոխակերպված, այլակերպված, պայծառակերպված Սրբերի մասին, ճիշտ այնպես՝ ինչպես պայծառակերպվեց Քրիստոսը Թաբոր լեռան վրա. աստվածային լույսի ճառագայթները ներթափանցում էին Նրա մարմնի մեջ: Եվ Եկեղեցու խորհուրդների շնորհիվ մասնակցելով Նրա մարմնին, մեր մեջ արթնանում է փառավորյալ մարմինը:
 
Եղբայրներից մեկը եկավ Աբբա Արսենին այցելելու: Բացեց [նրա խցի] դուռը և տեսավ Աբբային, որն ամբողջովին կրակի նման էր:
ԱԲԲԱ ԱՐՍԵՆ, Ապոֆտեգմաներ, 27 (PG 65, 96C).
 
[Ի՞նչ է նշանակում] հոգեմարզություն [կամ ճգնություն]. [...] ամեն բան փայտի նման նետել կրակի մեջ:
Ապոֆտեգմաների անանուն շարք, 32 (SO 1, p. 407).
 
Նա, ով ուշադիր հսկում է իր սրտի վրա, շուտով կտեսնի, թե ինչպես է իր սիրտը, իր բնությամբ իսկ, լույս ճառագայթում: Ինչպես ածուխն է կրակ վերցնում, ինչպես կրակն է մոմ վառում, այնպես էլ Աստված բոցավառում է մեր սիրտը, որպես նպատակ ունենալով հայեցողությունը, որ բնակվում է մեր սրտում:
ՀԵԶԻՔԻՈՍ ԲԱԹՈՍԱՑԻ, Չափավորության և առաքինության մասին, 104 (Philokalia I, p. 157).
 
Պետրոսն ու Որոտման Որդիները տեսան Գեղեցկությունը լեռան վրա: Այն պայծառորեն փայլում էր արևի ցոլքերից առավել ուժգին լույսով: Այդպիսով նրանք արժանի նկատվեցին իրենց սեփական աչքերով տեսնելու Նրա փառահեղ գալստյան գրավականը:
ԲԱՐՍԵՂ ԿԵՍԱՐԱՑԻ, Քարոզներ Սաղմոսների մասին, XLIV, 5 (PG 29, 400C).
 
Այսօր աստվածային պայծառությունն իր անսահման տարածմամբ՝ Թաբոր լեռան գագաթին փայլում է Առաքյալների համար: [...] Երկրային մարմնից ճառագայթում է աստվածային լույսը, մահկանացու մարմնից արտաբխում է աստվածային փառքը: [...] Աստվածայինը հաղթանակում է և մարմինը մասնակից է դարձնում Իր սեփական պայծառությանն ու Իր սեփական փառքին:
ՀՈՎՀԱՆ ԴԱՄԱՍԿԱՑԻ, Քարոզ Տիրոջ Պայծառակերպության մասին, 2.13 (PG 96, 545B.548C.565C).
[1] J. van Ruusbroec, Die geestelike brulocht (De ornatu spiritualium nuptiarum cum traductione L. Surii), III, 5, c 225, CCCM 103, Lannoo-Brepols, Tielt-Turnhout 1988, pp. 600-601.
[2] Angelus Silesius, Il pellegrino cherubico, I, 285, p. 156.
[3] V. Lossky, Théologie négative et connaissance de Dieu chez maître Eckhart, Paris 1998.
[4] Արևելյան Եկեղեցու մի Վանական, La Colombe et l'Agneau, Chevetogne 1979, p. 61.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։