5. Գոհութենական Պատարագը որպես Եկեղեցու հիմք – Գրադարան – Mashtoz.org

5. Գոհութենական Պատարագը որպես Եկեղեցու հիմք

Եկեղեցու էությունն իսկ գոհաբանական է:
 
Քո ձեռքը կրում է աշխարհը
և տիեզերքը հանգչում է Քո սիրո մեջ:
Քո կենսատու մարմինը Քո Եկեղեցու սրտում է,
Քո սրբազան արյունը պաշտպանում է Հարսին:
ԿՅՈՒՐԵՂՈՆԱՍ, Աղերս առ Աստված, IV, 16 (Bickell I, p. 26; Cerbelaud, p. 86).
 
Գոհաբանական Պատարագի շնորհիվ քրիստոնյաների հասարակությունը ներմիանում է Քրիստոսի մարմնին, իսկ մարմինն անբաժանելի է Գլխից: «Նվազագույն բաժանումն անգամ մեզ կսպանի», ասում է տակավին Սբ. Հովհան Ոսկեբերանը[1]:
 
Ինչպես գլուխն ու մարմինը կազմում են մեկ միակ մարդ, այնպես էլ Քրիստոսը և Եկեղեցին կազմում են մեկ միակ ամբողջություն:
ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ, Քարոզներ Առ Կորնթացիս Ա. Նամակի մասին, XXX, 1 (PG 61, 250).
 
Այս միությունը իրագործվում է այն սնունդի շնորհիվ, որը Նա տվել է մեզ, կամենալով փաստել մեզ Իր սերը: Սրա համար սերտորեն միացավ մեզ, Իր մարմինը իբրև թթխմոր խառնեց մեր մարմնին, որպեսզի դառնանք մեկ ամբողջական էակ, ինչպես մարմինը միացած է գլխին:
ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ, Քարոզներ Հովհաննեսի Ավետարանի մասին, XLVI, 3 (PG 59, 260).
 
Հասկանա՛նք այս խորհրդի սքանչելիությունը, նրա հաստատման նպատակը, արգասիքները, որ արդյունավորում է: Մենք դառնում ենք միայն մեկ մարմին, Աստվածաշնչի համաձայն, անդամներ Իր մարմնի և ոսկորներ Իր ոսկորներից: Սա՛ է այն, ինչ գործում է սնունդը, որը Նա պարգևում է մեզ. Նա խառնվում է մեզ, որպեսզի բոլորս միայն մեկ իրականություն դառնանք, որպես իր գլխին միացած մի մարմին:
ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ, Քարոզներ Հովհաննեսի Ավետարանի մասին, XLVI, 2-3 (PG 59, 260).
 
Լինելով Քրիստոսի «արյունակիցները», լինելով Նրա հետ «միաձուլված», Նրա մարմնին «պատվաստված», լինելով Նրա հետ «մեկ միակ տունկ», «մեկ միակ էակ»,
քրիստոնյաները միաժամանակ նաև «անդամներն են մեկը մյուսի»: Պողոս Առաքյալի այս հզոր արտահայտությունները, որոնցում անառարկելի է Հաղորդության արձագանքների ներկայությունը, անխոնջ կերպով մեկնաբանվել ու զարգացվել են Եկեղեցու Հայրերի կողմից: Ամենասուրբ Հաղորդությունը վերանորոգում, հաստատում, խորացնում է մարդկային բոլոր էակների «համագոյակցությունը», գոյացական, օնթոլոգիական միությունը: Բոլորը միասին կազմում են մեկ միակ քրիստոսական էակ: Այդպիսով Ամենասուրբ Հաղորդությունը հիմնում է Եկեղեցու «կաթուղիկեությունը», «ընդհանրականությունը», նրա գոյություն ունենալը «kath'hόlon», «ըստ ամենի», «ըստ ընդհանուրի», ճշմարտության լիության համաձայն, որը կյանք է և սեր, Սրբերի Հաղորդություն, որի արմատները խրված են «սրբությունների», այսինքն՝ Քրիստոսի մարմնի ու արյան հետ հաղորդության մեջ:
 
Ինչպես բեկված այս հացը, որ ցրված էր բլուրների վրա, հավաքվել է՝ դառնալու համար մեկ միակ ամբողջություն, նմանապես Եկեղեցիդ երկրի բոլոր ծայրերից հավաքիր Արքայությանդ մեջ:
Դիդախե, IX, 4 (SC 248 bis, p. 176).
 
Երբ Տերն Իր մարմինն է անվանում հացը, որը պատրաստված է մեծաքանակ հատիկների միությամբ, այդպիսով հայտնում է մեր ժողովրդի միությունը: Եվ երբ Իր Արյունն է անվանում գինին, որը քամվել է մեծաքանակ ողկույզներից ու հատիկներից, որոնք կազմում են միասնական մի հյութ, հայտնում է, որ մեր հոտը կազմված է միության մեջ հավաքված բազմությունից:
ԿԻՊՐԻԱՆՈՍ ԿԱՐԹԱԳԻՆԵՍԱՑԻ, Նամակ ԿԹ., V, 2 [Նամակ Մանիուսին, 6] (PL 3, 1142A-B; ed. Les Belles Lettres II, pp. 242-243).
 
Միմյանցից բաժանված լինելով հստակորեն զատված անհատականությունների, որի համաձայն մեկը Պետրոսն է, կամ Հովհաննեսը, կամ Թովմասը, կամ Մատթեոսը, մենք կարծես ձուլված ենք մեկ միակ մարմնի մեջ ի Քրիստոս, սնվելով Նրա մարմնով, որը միավորող զորություն է:
ԿՅՈՒՐԵՂ ԱՂԵՔՍԱՆԴՐԱՑԻ, Մեկնություն Հովհաննու Ավետարանի, XI, 11 (PG 74, 560A-B).
 
Բոլորին միավորելով, Քրիստոսը ձևավորում է միայն մեկ մարմին: Այսպիսով նա, ով բնակվում է Հռոմում, հնդիկներին նկատում է որպես իր իսկ մարմնի անդամները: Կա՞ մի միություն, որն հնարավոր լինի համեմատել սրա հետ: Քրիստոսը բոլորի գլուխն է:
ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ, Քարոզներ Հովհաննեսի Ավետարանի մասին, LXV, 1 (PG 59, 361-362).
 
Տղամարդիկ, կանայք, մանուկներ, որոնք միմյանցից խորապես տարբեր են այն հարցերում, որոնք վերաբերվում են ցեղին, ազգությանը, լեզվին, դասակարգին, աշխատանքին, գիտությանը, արժանապատվությանը, ունեցվածքին, [...] բոլորին Եկեղեցին կրկին արարում է Հոգու մեջ: Բոլորի վրա հավասարապես դրոշմում է աստվածային կերպարանք: Բոլորը նրանից ստանում են մի միասնական, անդրժելի բնություն, որն այլևս չի թույլատրում հաշվի առնել այն խորը տարբերությունները, որոնք նրանց միմյանցից զանազանում են: Դրանով բոլորը միավորվում են մի իսկապես ընդհանրական եղանակով: Եկեղեցում ոչ ոք ոչ մի կերպ բաժանված չէ հասարակությունից, բոլորը – այսպես ասած – ձուլվում են մեկը մյուսի մեջ, շնորհիվ հավատքի պարզ ու անբաժանելի ուժի: [...] Քրիստոսն այսպիսով ամեն ինչ է ամենքի մեջ, Նա, որ ամեն բան ստանձնում է Իր մեջ, Իր բարության անսահմանափակ և իմաստնագույն զորության համաձայն, որպես մի կենտրոն, որտեղ ճառագայթաձիգ գծերը հանդիպում են միմյանց, որպեսզի միակ Աստծո արարածները օտար կամ թշնամի չմնան միմյանց, չունենալով ընդհանուր մի վայր, ուր կարող են դրսևորել իրենց մտերմությունն ու իրենց խաղաղությունը:
ՄԱՔՍԻՄՈՍ ԽՈՍՏՈՎԱՆՈՂ, Խորհրդագիտություն, 1 (PG 91, 665C-668B).
 
Առաջին դարերի Եկեղեցին այդ միությունն ազդու կերպով պատկերված էր տեսնում հացի միության մեջ, որի ներսում միախառնվում են ցորենի հատիկները, կամ էլ՝ գինու միության մեջ, որը բազմաթիվ ողկույզների համախառնման արդյունքն է. միախառնում կամ համախառնում, որը սակայն տեղի չի ունենում առանց յուրաքանչյուր հատիկի ճզմման կամ մանրացման, ինչը որ, իր հերթին, պատկերն է եսակենտրոն էգոիզմի մկրտական և հոգեմարզական գերազանցման:
 
Այդ կերպ պատկերվում է նաև քրիստոնյա ժողովրդի միությունը. ինչպես բազմաթիվ հատիկները միասին հավաքվելով, աղացվելով ու միախառնվելով ձևավորում են միասնական մեկ հաց, այդպես էլ Քրիստոսի մեջ, որ երկնային հացն է, ուշադիր եղեք, որ կա միայն մեկ մարմին, որի մեջ մեր բազմաքանակությունը միավորվում և ձուլվում է:
ԿԻՊՐԻԱՆՈՍ ԿԱՐԹԱԳԻՆԵՍԱՑԻ, Նամակ ԿԳ., XIII, 1-4 (PL 4, 383B-384B; ed. Les Belles Lettres II, p. 208).
 
Երկրային ծեսը միանում է հրեշտակային զորությունների կողմից կատարվող երկնային ծեսին. հավատացյալների բազմությունը Սուրբ Պատարագի ծիսակատարության ժամանակ «վերամբարձվում է մինչև երկինք», կամ ավելի ճիշտը՝ գտնվում է հարութենական մի տարածքում, ուր այլևս բաժանում չկա երկնքի և երկրի, մարդկանց և հրեշտակների, ողջերի և ննջեցյալների միջև (որոնք չեն մեռել, այլ՝ իրենք ևս նախապատրաստվում են հարությանը, կամ, եթե խոսքը վերաբերվում է Սրբերի, մեզ նախապատրաստում են հարությանը):
 
Հրեշտակային զորքերը փառաբանում են վերևում: Այստեղ՝ ներքևում, եկեղեցու ներսում դաս կազմած մարդիկ, նրանց հետևելով, արձագանքում են միևնույն փառաբանությանը: Այնտեղ՝ վերևում, հրեղեն հրեշտակները հզոր ձայնով եղանակում են երիցս սուրբ օրհնությունը («Trisághion»). այստեղ՝ ներքևում, մարդիկ դեպի վեր են առաքում նույնի արձագանքը: Երկնքի բնակիչների տոնը միանում է երկրի բնակիչների տոնին. մեկ միակ գոհաբանություն է, երջանկության մեկ միակ խոյանք, բերկրանքի մեկ միակ դաս:
ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ, Քարոզներ Օզիայի մասին, I, 1 (PG 56, 97; SC 277, pp. 44-46).
 
«Մեկ, սուրբ, ընդհանրական և առաքելական» Եկեղեցին, հետևաբար, լիովին բացահայտվում է Գոհաբանական Պատարագը մատուցող հասարակության մեջ, որին նախագահում է Եպիսկոպոսը, որն իր քահանաներին կարգելով որպես իր փոխանորդներ, նրանց հանձնարարում է ներկայացնել իրեն տարբեր համայնքներում: Քրիստոսի պատկերը հանդիսանալով, Եպիսկոպոսը տեղի քրիստոնյաներին ներմուծում է Քրիստոսի խորհրդավոր մարմնի մեջ: Եկեղեցին, հետևաբար, Եպիսկոպոսի մեջ է, բայց Եպիսկոպոսն էլ, իր հերթին, Եկեղեցու մեջ է որպես նրա հաղորդության սպասավոր: «Քահանայից դասը» դա իրենց Եպիսկոպոսի շուրջը համախմբված քահանաների ամբողջությունն է:
 
Դուք բոլորդ, – միասին ու անհատաբար, – այն շնորհով, որ գալիս է Իր Անունից, հավաքվում էր միայն մեկ հավատքով և Հիսուս Քրիստոսի մեջ, [...] անբաժան մտքով լսելու Եպիսկոպոսի և քահանայից դասի խոսքը, բեկանելով մեկ միակ Հացը, որն անմահության դեղ է, հակաթույն՝ չմահանալու, այլ՝ Հիսուս Քրիստոսի մեջ ապրելու համար հավիտյան:
ԻԳՆԱՏԻՈՍ ԱՆՏԻՈՔԱՑԻ, Նամակ Եփեսոսի քրիստոնյաներին, XX, 2 (PG 5, 661A; SC 10 bis, p. 76)[2].
 
Եկեղեցին դա իր Եպիսկոպոսին միացած ժողովուրդն է: [...] Այսպիսով պետք է իմանաս, որ Եպիսկոպոսը Եկեղեցու մեջ է, իսկ Եկեղեցին՝ Եպիսկոպոսի:
ԿԻՊՐԻԱՆՈՍ ԿԱՐԹԱԳԻՆԵՍԱՑԻ, Նամակ ԿԶ., 8, 3 [Նամակ ԿԹ., 8] (PL 4, 406A-B; ed. Les Belles Lettres II, p. 226).
 
Գոհաբանական Պատարագը մատուցող այդ համայնքները փոխադարձաբար միանում ու ամբողջանում են Տիեզերական Եկեղեցու միության մեջ, քանի որ ժամանակի ու տարածքի մեջ կա միայն մեկ Գոհաբանական Պատարագ, որի պատարագիչն է Քրիստոսը, մեր Քահանայապետը: Բազմաթիվի այս միությունն արտահայտվում է երրորդութենական համանմանությունների մի ամբողջությամբ և իրագործվում է հաղորդության կենտրոնների շուրջը, որոնց հանձնված է «խնամքը», այսինքն պատասխանատվությունը՝ տեղական համայնքների միջև շրջանառության մեջ դնելու տեղեկություններ, վկայություն, կյանք և սեր: Արդարև, տեղական համայնքներից մեկը ներկայանում է որպես Քրիստոսի մեկ Եկեղեցին միայն այն դեպքում, երբ հաղորդության մեջ է մյուս բոլորի հետ, այնպես՝ ինչպես Աստվածային Անձերն են մեկը մյուսի մեջ:
Երրորդութենական այս համանմանություններին հանդիպում ենք Առաքելական Սահմանադրության Երեսունչորսերորդ Կանոնում. առաջին Եպիսկոպոսի պաշտոնը, որ նմանվում է Երրորդության մեջ Հոր դիրքին, դա մի «քենոզիս» է, որը տեղական Եկեղեցիների միջև պետք է ապահովի սիրո «պերիխորեզիս»ը:
«Հաղորդության այդ կենտրոնները» ձևավորում են մի նվիրապետություն, նահանգից (եկեղեցական մարզից, իր ավագ քաղաքով) մինչև Պատրիարքություն, որը կարող է լինել և՛ մշակութային մի տարածաշրջան, և՛ – հատկապես արդի ժամանակներում – մի պետություն: Երկրորդ դարի սկզբում արդեն, Սբ. Իգնատիոս Անտիոքացին Հռոմի քրիստոնյաներին ուղղած իր նամակի նախաբանում խոսում է Հռոմի Եկեղեցու կոչման մասին. կոչում՝ գործի դնելու մի համընդհանուր, տիեզերական խնամք ու հոգատարություն, ապահովելու համար բոլոր տեղական Եկեղեցիների հաղորդությունը՝ «նախագահելով սիրո մեջ»[3]: Սբ. Երանոս Լիոնցին ճշտում է այդ Եկեղեցու դերը՝ լինելու և հանդիսանալու որպես Առաքելական Ավանդության առանձնաշնորհյալ վկան:
Հռոմի Եկեղեցու՝ Պետրոս և Պողոս Առաքյալների Եկեղեցու կարողությունը՝ լիակատար ու անմնացորդ կերպով վերադառնալու սիրո «քենոզիսին», ծառայելու համար բոլոր քույր Եկեղեցիների հաղորդությանը, այսօր հանդես է գալիս որպես գլխավոր պայմանը՝ բոլոր քրիստոնյաների արմատական վերամիավորման համար:
 
Յուրաքանչյուր ժողովրդի եպիսկոպոսները պետք է իմանան, թե ո՛վ է իրենց մեջ առաջինը, և նրան համարեն իրենց գլուխը: Եվ ոչ մի կարևոր գործ չպետք է անեն առանց նրա հավանության, որովհետև յուրաքանչյուրը պետք է ձեռնարկի միայն այնպիսի գործեր, որոնք վերաբերվում են իր թեմին, իր թեմապատկան գյուղական համայնքների հետ միասին: Բայց իր հերթին, առաջինը չպետք է որևիցէ մի բան անի առանց բոլորի կարծիքը լսելու: Այսպես վարվելով կտիրի համաձայնությունը և Աստված կփառավորվի Քրիստոսի միջոցով, Սուրբ Հոգու մեջ:
Առաքելական Սահմանադրություն, VIII, 47, 34 [Առաքյալների ԼԴ. կանոն] (Funk I, pp. 572-573; SC 336, p. 284).
 
[Հռոմի] այս Եկեղեցու հետ, իր գերազանցապես գերակա ծագման պատճառով, պետք է անհրաժեշտաբար համաձայնվի Եկեղեցիներից յուրաքանչյուրը, այսինքն՝ բոլոր վայրերի հավատացյալները: Որովհետև նրանում, հօգուտ և ի նպաստ բոլորի, միշտ պահպանվել է ավանդությունը, որ գալիս է Առաքյալներից:
ԵՐԱՆՈՍ ԼԻՈՆՑԻ, Ընդդեմ հերետիկոսությունների, III, 3, 2 (SC 211, pp. 32-33).
 
«Խորանի խորհուրդը» ազդում և ընդարձակվում է «եղբոր խորհրդի» մեջ, ինչպես շատ հաճախ կրկնում է Սբ. Հովհան Ոսկեբերանը: Ոչ ոք չի կարող Ամենասուրբ Հաղորդության մեջ գտնել Աստծո ներումն ու խաղաղությունը, եթե ինքը ներման ու խաղաղության մարդ չի դառնում: Ոչ ոք չի կարող մասնակցել Գոհաբանական Ընթրիքին, եթե ինքը հաղորդության մարդ չի դառնում: Առաջին երեք դարերի Եկեղեցում բազմաթիվ հավատացյալներ Գոհաբանական Պատարագի էին տանում ո՛չ միայն ծիսակատարությանհամար անհրաժեշտ հացն ու գինին, այլ նաև հարստությունները, որոնք կամենում էին բաշխել կարիքավորներին:
 
Ապա տեղի է ունենում հաղորդության բաժանումն ու կիսումը բոլորի հետ, իսկ բացականերին իրենց մասն ուղարկվում է սարկավագների սպասավորության միջոցով: Ովքեր առատության մեջ են և ուզում են տալ, տալիս են ազատորեն, յուրաքանչյուր ոք այն, ինչ ուզում է: Հավաքված ամեն ինչի ամբողջությունը հանձնվում է նախագահողին, և նա օգնում է որբերին, այրիներին, նրանց՝ ովքեր կարիքի մեջ են (որովհետև հիվանդ են կամ ուրիշ որևիցէ մի պատճառով), բանտարկյալներին, պանդուխտ օտարականներին, մի խոսքով՝ նա օգնում է բոլոր նրանց, ովքեր կարիքի մեջ են:
ՀՈՒՍՏԻՆՈՍ, Առաջին ջատագովություն, LXVII, 5-6 (PG 6, 429C; SC 507, p. 310).
 
Ամենասուրբ Հաղորդությունը որոշիչ գործոնն է ո՛չ միայն Եկեղեցու գոյության և էության, ինչպես նաև՝ քրիստոնյաների միմյանց միջև հաղորդության, այլ՝ սահմանում է նաև նրանց գոյակերպն աշխարհում. հաղորդություն, մասնակցություն, ծառայություն, մշտապես նորոգ սլացք դեպի մարդկային համերաշխությունն ու երկրի պայծառակերպումը: Արդարև, ամեն ոք կանչված է «ամեն ինչում գոհություն մատուցելու» (1Թղ 5, 18), այսինքն՝ դառնալու «գոհութենական մարդ»: Գոհութենական Պատարագի արմատավորումը մարդու ներաշխարհում, հատկապես շնորհիվ Հիսուսի Անվան աղերսման, քրիստոնեական հոգեկանության հիմնական թեմաներից մեկն է: Իսկ Գոհութենական Պատարագի ծիսական արարողությունը, որպես մարդկանց միջև և մարդկանց ու առարկաների միջև նոր հարաբերությունների ուսումնարան, չի կարող չունենալ մարգարեական ձևաչափ:
 
Մեծարանքով պատվի՛ր ընծայի բնությունն իսկ: Քրիստոսն այնտեղ է, զոհաբերված: Իսկ ի՞նչ պատճառով է զոհաբերվել: Խաղաղության մեջ հաստատելու համար երկնայիններին ու երկրայիններին, հաշտեցնելու համար քեզ տիեզերքի Աստծո հետ և քեզ Նրա մտերիմը դարձնելու համար: [...] Այն, ինչը որ այդ կերպ արեց Աստծո Որդին, դու նույնպես արա՛ դա քո մարդկային ուժերի համաձայն, լինելով խաղաղություն կերտող ինքդ քո և ուրիշների համար: [...] Ահա՛ թե ինչու, զոհաբերության պահին, միակ պատվիրանը, որ Նա հիշեցնում է քեզ, այն է, որ հաշտվես եղբորդ հետ, ինչով որ ցույց է տալիս, որ այդ պատվիրանը մյուսներից ավելի կարևոր է:
ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ, Քարոզներ Հուդայի մատնության մասին, I, 6 (PG 49, 381-382).
 
Ուզո՞ւմ ես մեծարել Փրկչի մարմինը: Մի՛ արհամարհիր Նրան, երբ մերկ է: Մի՛ մեծարիր Նրան եկեղեցում մետաքսյա շքեղ զարդարանքներով, մինչ դրսում թողնում ես, որ մերկ մնա ու ցրտից ընդարմանա: Նա, որ ասաց. «Սա իմ մարմինն է», և Իր խոսքով ի կատար ածեց դա, նույն Ինքն ասաց. «Ինձ քաղցած տեսաք և ուտելիք չտվեցիք: Այն, ինչը չարեցիք ամենախոնարհներից մեկին, ի՛նձ է, որ մերժեցիք»: Ուստի մեծարիր Նրան, ունեցվածքդ կիսելով աղքատների հետ: Որովհետև Աստծուն հարկավոր չեն ոսկեղեն սկիհեր, այլ՝ ոսկեղեն հոգիներ:
ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ, Քարոզներ Մատթեոսի Ավետարանի մասին, L, 3 (PG 58, 508).
[1] Քարոզներ Առ Կորնթացիս Առաջին Նամակի մասին, VIII, 4 (PG 61, 72).
[2] Սբ. Իգնատիոս Անտիոքացի, Նամակներ, Երևան 2011, էջ 64.
[3] Նամակ Հռոմի քրիստոնյաներին, Ողջույնի բաժին (PG 5, 685B; SC 10 bis, p. 106). Տե՛ս նաև՝ Սբ. Իգնատիոս Անտիոքացի, Նամակներ, Երևան 2011, էջ 95.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։