5. Մարտիրոսությունը որպես մահվան-հարության փորձառություն – Գրադարան – Mashtoz.org

5. Մարտիրոսությունը որպես մահվան-հարության փորձառություն

Մարտիրոսություն՝ նշանակում է վկայություն: Բայց Քրիստոսին ի սպառ, մինչև մահ վկայելը նշանակում է հարություն առնել, դառնալ մի հարուցյալ: Քրիստոնեական մարտիրոսությունը դա խորհրդազգացական, միստիկ փորձառություն է, որի առաջին օրինակը Եկեղեցու պատմության մեջ և Եկեղեցու հենց առաջին իսկ օրերին տրվել է հանձինս Ստեփանոսի, որին անվանում ենք Նախավկա, այսինքն՝ առաջին վկա, առաջին մարտիրոս, ինչպես պատմվում է Գործք Առաքելոցում. «Եվ նա [Ստեփանոսը] լի էր Սուրբ Հոգիով. աչքերը դեպի երկինք բարձրացրեց, տեսավ Աստծո փառքը և Հիսուսին, որ կանգնած էր Աստծո աջ կողմում, և ասաց. “Ահա տեսնում եմ երկինքը բացված և մարդու Որդուն, որ կանգնած է Աստծո աջ կողմում”: [...] Եվ քաղաքից դուրս հանելով, քարկոծեցին նրան: [...] Մինչ իրեն քարկոծում էին, Ստեփանոսն աղոթում էր ու ասում. “Տե՜ր Հիսուս, ընդունիր իմ հոգին”: Եվ, ծնկի ընկնելով, բարձր ձայնով աղաղակեց. “Տե՜ր, սա մեղք մի՛ համարիր նրանց”: Եվ այս խոսքերն ասելով, ննջեց» (Գրծ 7, 55-60): Փառքի տեսիլք, դահիճների համար աղոթք. երբ պատմությունը փակվում է ինքն իր վրա՝ մահվան դատապարտելով մի վկայի, այդ նույն մահն իսկ «բացում է երկինքը», հնարավորություն է տալիս սիրո ուժերին հեղվել աշխարհի վրա:
Մարտիրոսությունը դա սրբության առաջին կերպն էր, որ մեծարանքի արժանացավ Եկեղեցու կողմից: Իսկ երբ Քրիստոնեությունը դարձավ կայսրությունների ու թագավորությունների պետական կրոնը և արյան մարտիրոսությունները դադարեցին, եկան հոգեմարզական ճգնության մարտիրոսները՝ վանականները: Վանականներն էին, որ շրջանառության մեջ դրեցին նշանաբանը, որով արտահայտվում է մարտիրոսության նոր իմաստը. «Տո՛ւր արյունդ և ստացիր Հոգին»[1]: Հետո մարտիրոսությունը վերադարձավ ... : Մարտիրոսն արտաքուստ կարող է սովորական մի այր կամ սովորական մի կին լինել: Բայց երբ տրորվում է տառապանքի ճիրաններում, իր ամբողջ հավատքով նույնանում է Խաչյալի հետ և նրա ամբողջ էությանը տիրում է հարության զորությունը: Հետևյալ հատվածները, որոնք կընթերցենք՝ ընտրելով նմանատիպ բազմահազար պատմությունների միջից, շարադրվել են Երրորդ դարի սկզբին, մարտիրոսության կատարման պահին, առանց ոճային նրբացումների. տեսնում ենք բանտարկված երիտասարդ քրիստոնյա մի կին, որ բռնված է երկունքի ցավերով (եթե ձերբակալված կինը հղի էր, սպասում էին մանկան ծնունդին, հետո նոր միայն մորը ենթարկում էին մահվան): Ք.հ. 203 թվականն է, Կարթագինեսում: Բանտապանը ծաղրում է նրան: Բայց Ֆելիչիտան բացատրում է, որ իր մարտիրոսության պահին Ուրիշ Մեկն է տառապելու իր անձում: Իրոք, իր ընկերուհի Պերպետուան ոչինչ չի զգում, երբ նետվում է կատաղած ցլերի առաջ և ենթարկվում է նրանց հարվածներին: Միառժամանակ խնայվելով, դուրս է գալիս «Հոգու հափշտակությունից» ինչպես մի խոր քնից: Եվ մարտիրոսուհիները, մահը միասին ստանալուց առաջ, միմյանց տալիս են խաղաղության համբույրը, ինչպես կատարվում է Սուրբ Պատարագի ծիսակատարության ժամանակ:
Սկզբնական շրջանի քրիստոնյաների համար մահը գոյություն չունի: Քրիստոնյան նետվում է հարուցյալ Քրիստոսի գիրկը: Հանձինս Քրիստոսի, մահը դա կյանքի հանդիսավոր հռչակումն է:
 
Ֆելիչիտան ութ ամսեկան հղի էր, երբ ձերբակալվեց: [...] Սկսեցին երկունքի ցավերը: [...] Ցավերից տառապում էր և ուժգին հեծեծում: Բանտապաններից մեկը նրան ասաց. «Եթե հիմա այսքան լացում ու ողբում ես, ի՞նչ ես անելու, երբ նետվես կատաղի գազանների առաջ»: [...] Ֆելիչիտան պատասխանեց նրան. «Այդ ժամանակ իմ մեջ կլինի մի Ուրիշը, որ կչարչարվի իմ համար, քանի որ ես կչարչարվեմ Իր համար»: [...]
Պերպետուան առաջինն էր, որ [կատաղած ցլի կոտոշների հարվածով] օդ շպրտվեց: Գետին ընկավ երիկամների վրա: Հազիվ կարողացավ նստել, [...] շտկեց ու կրկին կապեց մազերը, որոնք արձակվել էին: Մարտիրոսը չի կարող մահանալ խառնարձակ մազերով, որպեսզի ողբացողի տեսք չունենա իր փառքի օրը: Ապա ոտքի կանգնեց և հեռվում տեսավ Ֆելիչիտային, որը վատ վիճակում էր թվում: Մոտեցավ նրան, ձեռքը պարզեց և օգնեց ոտքի կանգնել: Երկուսին էլ ոտքի վրա տեսնելով, ամբոխի դաժանությունը պարտվեց. նրանց [կրկեսից] դուրս հանեցին ողջերի դռնով:
Այնտեղ Պերպետուային դիմավորեց մի երախա, որի անունն էր Ռուստիկոս և որը մեծապես գորովալիր էր նրա նկատմամբ: Այնպես էր թվում, թե նա [Պերպետուան] հենց նոր արթնացավ մի խոր քնից, քանի որ այդքա՜ն երկար էր տևել Հոգու հափշտակությունը: Իր չորս կողմը նայեց ու հարցրեց. «Ե՞րբ ենք նետվելու ցլերի առաջ»: Քանի որ նրան ասում էին, որ դա արդեն տեղի էր ունեցել, չէր ուզում հավատալ, և այդ ակներև փաստին համոզվեց միայն այն ժամանակ, երբ իր զգեստի ու իր մարմնի վրա տեսավ կրած հարվածների հետքերը: Ապա կանչեց իր եղբորն ու երախային: Նա նրանց ասաց. «Ամուր մնացեք հավատքի մեջ: Սիրեցեք միմյանց: Մեր տանջանքները թող գայթակղության առիթ չլինեն ձեր համար»: [...]
Ամբոխը պահանջեց, որ վիրավորները կրկին ծեծի ենթարկվեին կրկեսի կենտրոնում, որովհետև ցանկանում էին ճաշակել կենդանի մարմինների մեջ խրվող սրերի տեսարանը: [...] Մարտիրոսները [...] եկան այնտեղ, ուր ամբոխը ցանկանում էր: Միմյանց տվեցին խաղաղության համբույրը, ստանալու համար մարտիրոսությունը հավատքի ծեսի համաձայն: Բոլորն անշարժ մնացին և ստացան մահացու հարվածը:
Վկայաբանություն Պերպետուայի և Ֆելիչիտայի, XV, 2.5-6; XX, 3-10; XXI, 7-8 (PL 3, 46A-47A.54A-55A.56A; SC 417, pp. 154-158, 172-176, 178-180).
 
Մարտիրոսների արյունը նույնանում է Գողգոթայի Արյան, ուստի՝ Սուրբ Պատարագի Արյան հետ, որն հաղորդում է հավիտենական կյանքի արբեցությունը: Մարտիրոսը դառնում է պատարագ, «դառնում է Քրիստոս» (այս պատճառով է, որ մարտիրոսների մասունքները, որոնք նկատվում են որպես փառավորյալ տիեզերքի, «ապագա աշխարհի» բեկորներ, դրվում են եկեղեցիների խորանների հիմքում, որոնց վրա մատուցվում է Սուրբ Պատարագը):
 
Ո՜վ երանելի մարտիրոսներ, Աստծո խաղողայգու մարդկային ողկույզներ, ձեր գինին արբեցնում է Եկեղեցուն: [...] Երբ սրբերը պատրաստվեցին տառապանքի խնջույքին, Գողգոթայի վրա ճզմված խմիչքն ըմպեցին, և այդպես ներթափանցեցին Աստծո տան խորհուրդների մեջ: Ուստի երգում ենք. Գովյալ թող լինի Քրիստոսը, որ մարտիրոսներին արբեցնում է Իր կողի արյամբ:
ՌԱԲՈՒԼԱՍ ԵԴԵՍԱՑԻ, Մարտիրոսաց շարական (Bickell II, p. 262).
 
Սբ. Իգնատիոս Անտիոքացու կողմից Հռոմի քրիստոնյաներին գրված Նամակի հետևյալ հատվածում – Անտիոքի Եպիսկոպոսը շղթայված տարվում էր Կայսրության մայրաքաղաք, որպեսզի այնտեղ հրապարակային մահապատժի ենթարկվեր (ինչը որ տեղի է ունենում Ք.հ. Երկրորդ դարասկզբին) – ամփոփված են սույն «մահվան-հարության» գրեթե բոլոր հիմնական գաղափարները. մարտիրոսը, գազանների ժանիքների տակ տրորվելով ինչպես ցորենն է աղացվում երկանաքարի տակ, դառնում է պատարագի նյութ, լիովին մասնակցում է Քրիստոսի աստվածացնող մարմնին: Նա – գրեթե ծիսական իմաստով – վերարտադրում է Խաչյալի չարչարանքները՝ Փառավորյալով զգեստավորվելու համար, Նրա հաղթանակի զորությունը փորձառությամբ զգալով. «Victor», հաղթանակած, այն ժամանակ սա էր մարտիրոսներից յուրաքանչյուրի անունը: Իգնատիոսի համար Հոգին, Քրիստոսի մեջ, կենդանի ջրի գետն է, որն առաջնորդում ու տանում է դեպի Հայրը:
Մահկանացու մարմինն այս դեպքում չի լուծվում, չի հալվում ճգնությամբ և հոգևոր փորձառությամբ, այլ՝ մարդկանց բռնությամբ, միանգամից: Մարտիրոսությունն առավելագույնս արագացնում է փառավորյալ մարմնի ծնունդը:
 
Գրում եմ բոլոր Եկեղեցիներին և հրապարակավ հայտարարում եմ բոլորին, որ ես հոժարությամբ եմ մահանում Աստծո համար: [...] Թողեք, որ գազանների կերակուր լինեմ, որոնց միջոցով ինձ հնարավոր է հասնել Աստծուն: Աստծո ցորենն եմ և պետք է գազանների ատամների տակ աղացվեմ, որպեսզի Քրիստոսի անարատ հացը դառնամ: [...] Եթե մարտիրոսությունը կրեմ, Հիսուս Քրիստոսի ազատագիրը կլինեմ և Նրա մեջ հարություն կառնեմ որպես ազատ: [...] Այժմ սկսում եմ աշակերտ լինել: Թող որ իմ առջև ոչ մի խոչընդոտ չդրվի, ո՛չ տեսանելի և ո՛չ էլ անտեսանելի, որպեսզի ես հասնեմ Հիսուս Քրիստոսին: Թող որ իմ վրա թափվեն կրակ, խաչ, գազանների բազմություն, հոդերի խախտում, ոսկորների բաժանում, անդամների հատում, ամբողջ մարմնի կտրատում, սատանայի դաժան տանջանքներ. միայն թե ես հասնեմ վայելելու Հիսուս Քրիստոսին: [...] Ծննդյանս պահը մոտ է: Ներեցեք ինձ, եղբայրներ: [...] Թողեք հասնեմ անստվեր լույսին. այնտեղ հասնելով, իսկապես մարդ կլինեմ: Թույլ տվեք ինձ նմանվել իմ Աստծո չարչարանքներին: Եթե ձեր մեջ կա մեկը, որ Աստծուն իր մեջ ունի, թող հասկանա՝ թե ի՛նչ եմ ես փափաքում, և հասկանալով իմ բաղձանքը՝ թող մասնակցի դրան: [...] Մարդկային իղձերս խաչված են և ինձնում այլևս չկա նյութը սիրող հուրը: Լսում եմ կենդանի ջրի ձայնը, որ խոսում է ներսումս և ինձ ասում է. «Ե՛կ Հոր մոտ»: [...] Աստծո հացն եմ ուզում, որ Հիսուս Քրիստոսի մարմինն է: [...] Որպես ըմպելիք ուզում եմ Նրա արյունը, որ անապական սերն է:
ԻԳՆԱՏԻՈՍ ԱՆՏԻՈՔԱՑԻ, Նամակ Հռոմի քրիստոնյաներին, IV, 1.3; V, 3; VI, 1-3; VII, 2-3 (PG 5, 689A-693B; SC 10 bis, pp. 110-116)[2].
 
Նույն դարաշրջանում ապրած և գործած Զմյուռնիայի Եպիսկոպոս Պողիկարպոսի մարտիրոսության պատմության մեջ ընթերցողը տպավորվում է մարդու գորովալի պարզությունից և նրա բարեխոսության զորությունից: Իրեն ձերբակալելու եկած ոստիկաններին նա ընդունում է որպես իրեն հարազատ անձինք, որոնք առաքված են Աստծո կողմից: Չի աղոթում ինքն իր համար, այլ՝ բոլոր նրանց, ում հանդիպել է իր կյանքի ընթացքում, բարիների ու չարերի համար, և Ընդհանրական Եկեղեցու համար:
Քանի որ խոսքը վերաբերվում է իր խղճին, մարտիրոսը կամովին հրաժարվում է ենթարկվել իշխանություններին, դատավորների ու ամբոխի առաջ հանգիստ կերպով հռչակելով, որ «Տեր» միայն Քրիստոսն է, այսինքն՝ մարդացյալ Աստվածը, և ո՛չ թե նա՝ ում ձեռքում է տվյալ պահի պետական իշխանությունը: Այդպիսով նա հաստատում է խղճի, Աստծո պատկերով ստեղծված մարդկային անձի վերանցականությունը: Կրկնում է Անտիգոնեի և Սոկրատի բողոքը, բայց հարության բերկրանքի մեջ: Արմատապես հարաբերականացնում է քաղաքականությունը:
Այդպես վարվելով, սակայն, մարտիրոսը չի ապստամբում: Ընդունում է դատավորների դատավճիռը և աղոթում է կայսեր համար: Դրանով իսկ օրհնում է մարդկանց քաղաքը և, առանց այն տակնուվրա անելու, արգասավորում է անսակարկելի ազատությամբ:
Պատմության վերջավորությունը կրկնում է Սուրբ Պատարագի հետ մարտիրոսի նույնացման, մահվան դեմ հաղթանակի վկայության թեման:
 
Երբ իմացավ, որ ոստիկաններն արդեն եկել էին, [Պողիկարպոսը] վար իջավ և սկսեց զրուցել նրանց հետ: Նրանք զարմացել էին նրա տարիքի և նրա հանդարտության վրա, և թե ինչո՞ւ էին [իշխանություններն] այդքան իրարանցում ստեղծել՝ ձերբակալելու համար այդքա՜ն տարեց մի մարդու: [Տան սպասավորներին] պատվիրեց նրանց կերակուր և խմելիք մատուցել, որքան որ կցանկանային, խնդրելով նրանցից միայն մի ժամ, որպեսզի աղոթեր իրեն հարմար ձևով: Ոստիկանները թույլատրեցին նրան և նա սկսեց աղոթել ոտքի կանգնած, Աստծո շնորհով այնքա՜ն լի, որ չկարողացավ կանգ առնել երկու ժամ անընդմեջ, այնպես՝ որ նրանք, ովքեր լսում էին նրա աղոթքը, զարմացել էին, և շատերը զղջում էին, որ եկել էին ձերբակալելու այդքա՜ն սրբակյաց այդ ծերունուն:
Իր աղոթքի մեջ հիշեց բոլոր նրանց, ում հանդիպել էր իր կյանքի ընթացքում, փոքրերին ու մեծերին, հանրահայտներին ու անհայտներին, և համայն երկրի երեսին տարածված ամբողջ Ընդհանրական Եկեղեցուն: Երբ վերջացրեց, քանի որ մեկնելու ժամը հասել էր, նրան հեծնել տվեցին մի ավանակի վրա և առաջնորդեցին դեպի քաղաք: [...]
Իսկույն նրա չորս կողմը դասավորեցին խարույկի համար պատրաստված նյութերը: Քանի որ ուզում էին գամել նրան, ասաց. «Ինձ այսպես թողեք: Նա, ով ինձ զորացնում է կրելու կրակը, նաև կզորացնի ինձ, որպեսզի անշարժ մնամ խարույկի վրա»: Ուստի չգամեցին նրան, բայց կապեցին: Ձեռքերը թիկունքի ետևում կապված, թվում էր ընտրյալ մի խոյ, որ մի մեծ հոտի միջից վերցվել էր զոհաբերության համար: [...]
Աչքերը դեպի երկինք բարձրացնելով, ասաց. «Տե՜ր, Ամենակալ Աստված, Հայր Քո սիրեցյալ և օրհնյալ Որդու՝ Հիսուս Քրիստոսի, որից մենք ստացանք Քո Անվան ճանաչումը, Աստված [...] ամբողջ արարչության, [...] ես օրհնում եմ Քեզ, որ արժանի համարեցիր ինձ այս օրվան ու այս ժամին, մարտիրոսներիդ հետ միասին մասնակցելու համար Քրիստոսիդ գավաթին, հասնելու համար հոգու և մարմնի հարությանը, Սուրբ Հոգու լիության մեջ: [...] Ուստի ամեն ինչի համար գովաբանում եմ Քեզ, օրհնում եմ Քեզ, փառավորում եմ Քեզ, հավիտենական և երկնային Քահանայապետի՝ Հիսուս Քրիստոսի, Քո սիրեցյալ Որդու միջոցով, որի միջնորդությամբ Քեզ փա՜ռք, Նրա և Սուրբ Հոգու հետ միասին, այժմ և հավիտյանս: Ամեն»:
[...] Կրակի մեջ կանգնած էր ո՛չ թե իբրև մարմին, որ այրվում է, այլ՝ որպես հաց, որ եփվում է:
Վկայաբանություն Զմյուռնիայի Սուրբ Պողիկարպոս Եպիսկոպոսի, VII, 2-VIII, 1; XIII, 3-XIV, 3; XV, 2 (PG 5, 1033C-1036A.1040A-D; SC 10 bis, pp. 218, 226-228).
 
Երազները, որոնց մասին կկարդանք այժմ, և որոնք տեսիլքներ են, նկարագրում են, թե ինչպես են մարտիրոսների հոգիները մասնակցում երկնային ծեսին, այնպես՝ ինչպես նկարագրվում է Հայտնության գրքում: Դրախտային պարտեզներ, ուր տերևները երգում են Հոգու զեփյուռի հպմամբ, տաճար կամ պալատ, որի պատերը լույսից են: Ամենի կենտրոնում Հինավուրցն է, ճերմակ մազերով, բայց երիտասարդություն ճառագայթող դեմքով. Քրիստոսի դեմքը Հոգու երիտասարդության մեջ: Խաղաղության համբույրը, Հովվի ձեռքով տրված ուտելիքի կտորը, անճառելի բուրմունքը որպես կերակուր. բոլորն էլ այլաբանական պատկերներ են, որ խորհրդանշում են մարտիրոսությունը որպես միստիկ վիճակ, որպես ուղղակիորեն ապրված Պատարագի, Հաղորդության էություն:
 
Պերպետուայի տեսիլքը.
Ապա ես բարձրանում էի: Տեսա մի անծայրածիր պարտեզ: Մեջտեղում կանգնած էր բարձրահասակ մի մարդ, որը հովվի հագուստներով էր զգեստավորված: Այդ պահին մի քանի ոչխար էր կթում: Նրա շուրջը սպիտակազգեստ հազարավոր մարդիկ էին կանգնած: Նա գլուխը վեր բարձրացրեց, նայեց ինձ ու ասաց. «Բարով ես եկել, աղջիկս»: Ինձ մոտ կանչեց և տվեց ինձ կարծես պանրի մի կտոր, որ պատրաստում էր: Ես այն վերցրեցի միմյանց միացված ափերով, կերա այն, և բոլորն ասացին. «Ամեն»: Ձայներ լսելով արթնացա, բայց ներսումս ճաշակում էի մի տարօրինակ քաղցրություն: Իսկույն այս տեսիլքի մասին պատմեցի եղբորս [Սատուրուսին]: Եվ հասկացանք, որ մարտիրոսությունն է, որ սպասվում էր մեզ:
 
Սատուրուսի տեսիլքը.
Մեր մարտիրոսությունն արդեն կատարվել էր, դուրս էինք եկել մեր մարմիններից: Չորս հրեշտակներ տեղափոխեցին մեզ դեպի Արևելք, բայց նրանց ձեռքերը մեզ չէին հպվում: [...] Երբ անցանք աշխարհի առաջին ոլորտից այն կողմ, մի մեծ լույս տեսանք: Այդ ժամանակ իմ կողքին կանգնած Պերպետուային ասացի. «Ահա՛ այն, ինչ Տերը խոստացել է մեզ»: Հասել էինք մի անծայրածիր հարթավայր, որը պարտեզ էր թվում, դափնեվարդերով և ամեն տեսակ ծաղիկներով: Ծառերը նոճիների բարձրությունն ունեին և նրանց տերևներն անդադար երգում էին: [...] Հասանք մի պալատի մոտ, որի պատերը լույսից էին թվում: Ներս մտանք և լսեցինք, թե ինչպես էր մի երգչախումբ երգում. «Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ»: Սրահում նստած էր ճերմակ հագուստներ հագած մի մարդ: Նրա դեմքը երիտասարդ էր, և նրա մազերը փայլում էին ձյան նման: Նրա կողքին չորս ծերունիներ էին կանգնած: [...] Մենք հառաջ էինք գնում ապշած, [...] չորս հրեշտակներ մեզ վեր բարձրացրեցին և մենք համբուրեցինք Տիրոջը, որը մեզ շոյեց Իր ձեռքով: Ծերունիները մեզ ասացին. «Ոտքի կանգնեցեք»: Մենք հնազանդվեցինք և միմյանց տվեցինք խաղաղության համբույրը: [...] Եղբայրներից շատերին ճանաչեցինք, որոնք մեր նման մարտիրոսներ էին: Բոլորս որպես կերակուր ունեինք մի աննկարագրելի բուրմունք, որը մեզ հագեցնում էր:
 
Վկայաբանություն Պերպետուայի և Ֆելիչիտայի, XI, 2.4-6; XII, 1-6; XIII, 8 (PL 3, 42A-44A.45A; SC 417, pp. 142-148, 152).
[1] Աբբա Լոնգինոս, Ապոֆտեգմաներ, 5 (PG 65, 257B).
[2] Սբ. Իգնատիոս Անտիոքացի, Նամակներ, Երևան 2011, էջ 99-105.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։