6. Աստվածացումը – Գրադարան – Mashtoz.org

6. Աստվածացումը

Մարդկային էակի ամբողջ այս փոխակերպումը Եկեղեցու Հայրերի կողմից ամփոփվել է հետևյալ հանրահայտ բանաձևում. «Աստված մարդացավ, որպեսզի մարդը կարողանա աստվածանալ»: Որպեսզի մարդը շնորհի զորությամբ հաղորդակցվի, մասնակցի Աստվածային Բնությանը, ինչպես ասում է Պետրոս Առաքյալն իր Երկրորդ Նամակում (1, 4):
Այս բանաձևը բնավ չի նշանակում, թե մարդկային բնությունը ջնջվում է, անհետանում, այլ՝ հասնում է իր կատարելությանը ի Քրիստոս, որ ճշմարիտ Աստված է և ճշմարիտ մարդ, ուր մարդկայինը կենագործված է Հոգու կողմից: «Աստված մարմինը կրող դարձավ», ասում է Սբ. Աթանաս Աղեքսանդրացին, «որպեսզի մարդը կարողանա Հոգին կրող դառնալ»[1]:
Մարդն իսկապես, ճշմարտապես մարդկային է միմիայն Աստծո մեջ: Մարդացած, խաչված, փառավորված Բանն է հանդիսանում Հարության այդ վայրը, Հոգեգալստյան այդ վայրը, ուր մարդը բարձրանում է առ Աստված:
 
Քանի որ Աստված մարդացավ, մարդը կարող է աստվածանալ: Նա աստվածային վերամբարձումներով բարձրանում է միևնույն չափով, որով Աստված իջավ ի սեր մարդկանց, հասնելով մեր վիճակի ամենացածր կետին, խոնարհվեց՝ առանց փոփոխություն կրելու:
ՄԱՔՍԻՄՈՍ ԽՈՍՏՈՎԱՆՈՂ, Խնդրահարույց հարցեր, 60 (PG 91, 1385B-C).
 
Քրիստոսի մեջ, Սուրբ Հոգին մարդկանց հաղորդում է աստվածային մի նորոգ որդեգրություն: Մարդը մասնակից է դառնում Որդու հավիտենական ծնունդին:Ներմուծվում է Ամենասուրբ Երրորդության սրտի մեջ: Աստվածացումը նույնանում է այս որդեգրության հետ:
 
«Նրա մեջ մարմնապես բնակվում է աստվածության ամբողջ լիությունը», ասում է Պողոս Առաքյալը (Կղս 2, 9): Եվ Հովհաննես Աստվածաբանն այդ բարձրագույն խորհուրդը մեզ հայտնում է ասելով, որ Բանը բնակվում է մեր մեջ (Հվհ 1, 14): Արդարև, բոլորս Քրիստոսի մեջ ենք, և մարդկության համընդհանուր անձը Նրա մեջ է վերագտնում կյանքը: [...] Բանը բոլորի մեջ բնակվեց միայն մեկի միջոցով, որպեսզի սրբարար Հոգու միջոցով Իր արժանապատվությունն Աստծո միակ ճշմարիտ Որդուց անցներ ամբողջ մարդկությանը, և որպեսզի միայն մեկի միջոցով կատարվեր այս խոսքը. «Ես ասացի ձեզ. Դուք աստվածներ եք, բոլորդ՝ Բարձրյալի որդիները» (Սղմ 81, 6; Հվհ 10, 34):
ԿՅՈՒՐԵՂ ԱՂԵՔՍԱՆԴՐԱՑԻ, Մեկնություն Հովհաննու Ավետարանի, I, 9 (PG 73, 161B-C).
 
Սույն փոխակերպումը հնարավոր է դառնում Եկեղեցու մեջ, քանի որ այն «խորհուրդ» է – «գործիք», օնթոլոգիական իմաստով – և մեզ պատվաստում է Բանի մարդկային բնությանը, լցնում է մեզ աստվածային էներգիաներով, Հոգու ներկայությամբ և զորությամբ:
 
[Քրիստոսի մարմինը] իր բնության մեջ հարստացավ Բանի [աստվածային Անձով], որին միացավ. դարձավ սուրբ, կենարար, աստվածային էներգիայով լի: Եվ, Քրիստոսի մեջ, մենք նույնպես փոխակերպված ենք:
ԿՅՈՒՐԵՂ ԱՂԵՔՍԱՆԴՐԱՑԻ, Քրիստոսը մեկ է, 723 (PG 75, 1269B-C).
 
[Քրիստոսն] Իր ամբողջ մարմինը լիացնում է Հոգու կենարար ուժով: Քանի որ Նա այլևս Հոգի է անվանում Իր մարմինը, առանց ժխտելու, որ մարմին է [...]: Այն, արդարև, միացած է Բանին, որ կյանքն է:
ԿՅՈՒՐԵՂ ԱՂԵՔՍԱՆԴՐԱՑԻ, Մեկնություն Հովհաննու Ավետարանի, IV, 3 (PG 73, 604A-B).
 
Աղեքսանդրյան դպրոցի Հայրերը, և ի մասնավորի՝ Սբ. Կյուրեղը, զարգացրել են աստվածացնող որդեգրության սույն միստիկան: Միայն Բանն է բնությամբ Որդի, բայց Իր մարմնի մեջ, Իր Հոգու մեջ, մենք դառնում ենք «որդիներ ըստ մասնակցության»: Էներգետիկ, պնեումատիկ քրիստոսաբանություն, ուր մարդկությունը տեսնվում է Աստվածության հրաշեկությամբ ներծծված, ինչպես երկաթն է հրաշեկ դառնում կրակի հետ միությամբ:
 
Սուրբ Հոգու մասնակցությունը մարդուն տալիս է շնորհը՝ կերտվելու որպես աստվածային բնության լիակատար պատկեր:
ԿՅՈՒՐԵՂ ԱՂԵՔՍԱՆԴՐԱՑԻ, Գանձ, XIII, 135 (PG 75, 228A).
 
Նա, ով ստանում է Որդու պատկերը, այսինքն՝ Հոգին, Նրա միջոցով լիովին ստանում և ունենում է Որդուն, և Հորը, որ Նրա մեջ է:
ԿՅՈՒՐԵՂ ԱՂԵՔՍԱՆԴՐԱՑԻ, Գանձ, XXXIII, 336 (PG 75, 572A).
 
Աստվածացած լինելը, հետևաբար, նշանակում է ապրել մի կյանքով, որը մահից ավելի հզոր է, քանի որ Բանն Ինքնին կյանքն է, իսկ Հոգին՝ կենագործողը: Մարդկային բոլոր կարողությունները հարթվում և ընդարձակվում են: Մտքի, զգացականության, ընկերային և ստեղծագործական կառույցները, մարդկային կառույցներ մնալով հանդերձ, ստանում են լույսի, բերկրանքի և սիրո անհուն տարողություն:
 
Անհնարին է ապրել առանց կյանքի, և չկա կյանք առանց Աստծո հետ մասնակցության, իսկ այդ մասնակցությունը կայանում է Աստծուն տեսնելու և Նրա լիությունը վայելելու մեջ:
ԵՐԱՆՈՍ ԼԻՈՆՑԻ, Ընդդեմ հերետիկոսությունների, IV, 20, 5 (SC 100/2, pp. 642-643).
 
Աստծո փառքը կենդանի մարդն է, իսկ մարդու կյանքը Աստծո տեսությունն է: Եթե արարչության միջոցով Աստծո հայտնությունն արդեն կյանք է տալիս երկրի վրա ապրող բոլոր էակներին, որքա՜ն ևս առավել Որդու միջոցով Հոր հայտնությունն է կյանք տալիս նրանց, ովքեր տեսնում են Աստծուն:
ԵՐԱՆՈՍ ԼԻՈՆՑԻ, Ընդդեմ հերետիկոսությունների, IV, 20, 7 (SC 100/2, pp. 648-649).
 
Աստված Ինքն է կյանքը նրանց, ովքեր մասնակցում են Իրեն:
ԵՐԱՆՈՍ ԼԻՈՆՑԻ, Ընդդեմ հերետիկոսությունների, V, 7, 1 (SC 153, pp. 88-89).
 
Այսպիսով, սրբությունն է կյանքի լիությունը: Իսկ սրբություն կա մարդկային յուրաքանչյուր էակի մեջ, որն ուժգին կերպով, սերտորեն մասնակից է կյանքին: Ո՛չ միայն մեծանուն ճգնավորի մեջ, այլ նաև՝ գեղեցկություն ստեղծողի մեջ, ճշմարտությունը որոնողի մեջ, եթե դա անում են հարգելով էակների ու առարկաների խորհուրդը. կա տղամարդու և կնոջ խորն ու բեղուն սիրո մեջ. կա հոր և մոր մեջ, որոնք ընդունակ են մխիթարելու իրենց զավակներին, դառնալով նրանց նաև հոգևոր ծնողները:
 
Սրբերն են, որ իրենց մեջ կյանքն ունեն: Եվ իրենց մեջ կյանքն ունեցողներն են սրբերը:
ՈՐՈԳԻՆԵՍ, Հովհաննեսի Ավետարանի մեկնություն, II, 17, 118 (PG 14, 144B; GCS 10, p. 74; SC 120, p. 286).
 
Հիշենք ևս մեկ անգամ. առաքինությունները աստվածային-մարդկային իրականություններ են, մասնակցություններ են Աստծո հատկություններին: Դրանց միջոցով Աստված մարդանում է մարդու մեջ և մարդուն դարձնում է Աստված:
 
Աղոթքով և սիրով Աստծուն միացած միտքը ձեռք է բերում իմաստություն, բարություն, զորություն, բարիք գործելու ունակություն, վեհանձնություն, [...] մի խոսքով, իր մեջ ունի Աստծո հատկությունները:
ՄԱՔՍԻՄՈՍ ԽՈՍՏՈՎԱՆՈՂ, Հարյուրյակներ սիրո մասին, II, 52 (PG 90, 1001B).
 
Աստվածացած մարդու մեջ վերահաստատվում է միասնական «ուղղությունը», կողմնորոշումը, որով ի մի են հավաքվում նրա միտքը, նրա փափաքը և նրա ուժը, և այդ ամենը փոխակերպվում է աստվածային լույսի մեջ: «Երիտասարդությունդ նորոգվելու է արծվի նման», ասում է Սաղմոսը (102, 5):
 
Հոգևոր ճանաչողությունը մեզ ուսուցանում է, որ գոյություն ունի հոգու բնական միայն մեկ զգացողություն («aísthesis physiké»), որը բաժանվել է [...] Ադամի անհնազանդության պատճառով: Բայց այն կրկին վերամիավորվում է Սուրբ Հոգու կողմից: [...] Նրանց մեջ, ովքեր հեռանում են կյանքի ցանկություններից, միտքն իր մերկացման շնորհիվ ձեռք է բերում լիակատար կորով և կարող է անճառելի կերպով ընկալել աստվածային լիությունը: Այդ ժամանակ միտքն իր բերկրանքը հաղորդում է նաև մարմնին. [...] «Նրանում», ասում է Սաղմոսերգուն, «մարմինս ցնծում է» (Սղմ 27, 7):
ԴԻԱԴՈՔՈՍ ՖՈԹԻԿԱՑԻ, Ճանաչողական հարյուր հոդվածներ, 25 (SC 5 ter, pp. 96-97).
 
Արդեն այս աշխարհում մարդը դառնում է մի «հարուցյալ». այն «փոքր հարությունն» է, որի մասին խոսում է Եվագր Պոնտացին: Սրանով կանխվում է մահվան դեմ վերջնական հաղթանակը և տիեզերքի փոխակերպումը Երկրորդ Գալստյան պահին:
Աստծո հետ հաղորդությունն, ուստի, մասնակցություն է Նրա էությանն իսկ: Շնորհի զորությամբ, ըստ էներգիայի, մասնակիցները նույնանում են մասնակցվածին: Շարժումն ու կայունությունը հավասարակշռվում են և զորանում. կայունությունը՝ ինքնության մեջ, շարժումը՝ աննվազեցնելի այլության:
 
Հավատքի նպատակը իր առարկայի ճշմարիտ հայտնությունն է: Իսկ հավատքի առարկայի ճշմարիտ հայտնությունը նրա հետ անասելի հաղորդությունն է: Իսկ այդ հաղորդությունը հավատացյալների վերադարձն է իրենց սկզբին որպես իրենց վախճանին [...] և, հետևաբար, փափաքի գոհացումը: Իսկ փափաքի գոհացումը փափաքելի առարկայի շուրջը փափաքողների հավիտենապես շարժման մեջ գտնվող կայունությունն է [...] և, հետևաբար, հավիտենական վայելումն առանց բաժանման, [...] մասնակցությունն աստվածային իրողություններին: Իսկ աստվածային իրողություններին մասնակցությունը մասնակցվածի և մասնակիցների նմանությունն է: Իսկ այդ նմանությունը, ըստ էներգիայի, մասնակիցների նույնացումն է մասնակցվածի հետ: [...] Այդ նույնացումը աստվածացումն է:
ՄԱՔՍԻՄՈՍ ԽՈՍՏՈՎԱՆՈՂ, Հարցադրումներ Թաղասիոսին, 59 (PG 90, 608C-609A).
 
Միայն հականվանությունը (անտինոմի՛ա) կարող է արտահայտել աստվածացման իրականությունը: Մարդը, մարդ մնալով հանդերձ, ամբողջովին լուսավորվում է փառքով:
 
Աստվածացած մարդը, իր բնության՝ հոգու և մարմնի մեջ կատարելապես մարդ մնալով հանդերձ, հոգու և մարմնի մեջ դառնում է ամբողջովին Աստված, շնորհի և երանացնող փառքի աստվածային մեծվայելչության միջոցով, որն իրեն տիրում է ամբողջովին:
ՄԱՔՍԻՄՈՍ ԽՈՍՏՈՎԱՆՈՂ, Խնդրահարույց հարցեր, 7 (PG 91, 1088C).
 
Աստված Իր լիությամբ պատում է Իր կողմից աստվածացված մարդուն: Եվ մարդը, իր սիրո հոժար հավանությամբ և անմնացորդ հարումով, ամբողջովին միանում է աստվածային էներգիային. այդուհետև մեկ միասնական իրականություն է Աստծո և Սրբերի զորությունը: Այդպիսով իրականանում է Աստվածաշնչի վերջին իղձը. Աստված դառնում է «ամեն բան ամենքի մեջ», «ամեն բան ամեն ինչի մեջ»:
 
Աստվածացմամբ Աստված դառնալով, արարածն իր մեջ այլևս չունի և չի արտահայտում ուրիշ ոչինչ, քան միայն՝ աստվածային էներգիան, այնպես՝ որ ամեն ինչում կա այդուհետև միայն մեկ և միակ էներգիա, որն ընդհանուր է Աստծուն և Իր ընտրյալներին, կամ ավելի ճիշտը՝ կա այլևս միայն Աստված, քանի որ, ինչպես վայել է սիրույն, Աստված Իր ամբողջ էությամբ տիրում է Իր ընտրյալների ամբողջ էությանը:
ՄԱՔՍԻՄՈՍ ԽՈՍՏՈՎԱՆՈՂ, Խնդրահարույց հարցեր, 7 (PG 91, 1076C).
 
Ամեն բան, սակայն, կողմնորոշված է մնում դեպի տիեզերական փոխակերպումը: Ամեն բան ներգրավված է մնում Սրբերի Հաղորդության, իսկ ընդմեջ սրա՝ տիեզերական հարության դինամիզմի մեջ:
Սրբերի Հաղորդությունը քիչ առ քիչ ուրվագծում է Քրիստոսի դեմքը, որ գալիս է: Այն ծնում է Լոգոսին պատմության և տիեզերքի մեջ, կամ ավելի ճիշտը՝ պատմությունն ու տիեզերքը ծնում է Լոգոսի մեջ: Թաբոր լեռան լույսը, որը Զատկի լույսն է, կամաց կամաց տարածվում է, արդեն իսկ պայծառորեն փայլում է Սրբերի մեջ, ամեն բան բոցավառելու է Երկրորդ Գալստյան օրը:
Բանը գալիս է կատարյալների մեջ, նրանց վրա կանխավ, խորհրդավոր կերպով դրոշմելով Իր ապագա գալստյան կերպարանքը ինչպես մի սրբապատկերի վրա:
ՄԱՔՍԻՄՈՍ ԽՈՍՏՈՎԱՆՈՂ, Երկուհարյուր հոդվածներ, II, 28 (PG 90, 1137C).
 
Այնտեղ, խաղաղության մեջ, տեսնելու ենք, որ Նա է Աստված, [...] մենք՝ անհավատարիմներս այն Աստծուն, որը մեզ աստվածներ կդարձներ, եթե ապերախտությունը մեզ բաժանած չլիներ Իր հետ հաղորդությունից: [...] Իր կողմից վերստին արարված և առավել առատ շնորհի մեջ կատարելագործված, տեսնելու ենք, հավիտենական այդ հանգստի մեջ, որ Նա է Աստված, Նա, որով մենք լցվելու ենք լիուլի, քանի որ Նա լինելու է ամեն բան ամենքի մեջ: [...] Այդ օրը լինելու է մեր շաբաթը, որ մայրամուտ չի ունենալու, և ավարտվելու է մի հավիտենական Կիրակիով, Քրիստոսի հարության բացահայտ հայտնությամբ, որը բոլորին պարգևելու է ո՛չ միայն հոգու, այլ նաև մարմնի մշտնջենավոր լիությունը: Այնտեղ խաղաղության մեջ ենք լինելու և տեսնելու ենք, տեսնելու և սիրելու ենք, սիրելու և փառաբանելու ենք:
ՕԳՈՍՏԻՆՈՍ ՀԻՊՊՈՆԱՑԻ, Աստծո քաղաքի մասին, XXII, 30, 4.5 (PL 41, 803-804).
 
Ինչպես Տիրոջ մարմինը փառավորվեց [Թաբոր] լեռան վրա, փոխակերպվելով Աստծո փառքի և անսահմանափակ լույսի մեջ, այնպես էլ սրբերի մարմինները փոխակերպվելու և փայլելու են կայծակի նման: [...] «Նրանց տվեցի այն փառքը, որը Դու տվեցիր ինձ» (Հվհ 17, 22): Ինչպես անթիվ ճրագներ են վառվում միայն մի կրակով, այնպես էլ Քրիստոսի բոլոր անդամների մարմինները լինելու են այն, ինչ Քրիստոսն է:
ՄԱԿԱՐԻՈՍ, Քարոզներ (Բ. ժողովածու), XV, 38 (PG 34, 601B-C).
 
Մեր մարդկային բնությունը [...] փոխակերպվում է Աստծո լիությանը, դառնում է ամբողջովին կրակ և լույս:
ՄԱԿԱՐԻՈՍ, Քարոզներ (Գ. ժողովածու), XXII, 3, 2 (SC 275, p. 258).
 
Ծածուկ կրակը կարծես խեղդված լինի այս աշխարհի մոխիրների տակ, [...] կրկին բորբոքվելու, բոցավառվելու և աստվածորեն հրդեհելու է մահվան կեղևը:
ԳՐԻԳՈՐ ՆՅՈՒՍԱՑԻ, Ընդդեմ Եվնոմիոսի, III/3, 58, 68 (PG 45, 708A-B).
 
Ծածուկ ներաշխարհն ամբողջովին ծածկելու է երևացող արտաքին աշխարհին:
ԳՐԻԳՈՐ ՆՅՈՒՍԱՑԻ, Քարոզներ Երանությունների մասին, 7 (PG 44, 1289D).
 
Հարությունը սկսվում է այս պահին, այստեղ՝ այս աշխարհում: Եկեղեցու վաղ ժամանակներում, արդեն իսկ «հարուցյալ» էր նկատվում նա, ով ապրում էր խորապես հոգևոր կյանքով: Մեր կյանքի ամենաճշմարիտ պահերը – այն պահերը, որոնց տեղն անտեսանելիի մեջ է – հարության համն ունեն: Հարությունը սկսվում է այն ամեն անգամ, երբ անձը, իր պայմանավորումներից ազատվելով և դրանք փոխակերպելով, շնորհի մեջ գտնում է իր «հոգու մարմինը», իր «ներաշխարհի արտաքին աշխարհը»[2], այն ամեն անգամ, երբ այս աշխարհի թավ, անթափանց, բաժանարար, մահատարած ձևակերպը վերադարձնում է իր քրիստոսական ձևակերպին, այն «անճառելի ու հրաշալի կրակին, որն արարածներիէության մեջ թաքնված է ինչպես [անկեզ] մորենու մեջ»[3]: Թեյար Դը Շարդենը, մեծապես վիճելի էվոլյուցիոնիզմից հուսախաբ, վերջում վերագտավ Եկեղեցու Հայրերի վստահությունը. «Մի բևեռից մինչև մյուսը փայլատակող կայծակի նման, մի ակնթարթում հայտնվելու է Քրիստոսի ներկայությունը, որ մինչ այդ համրորեն աճում էր արարածների մեջ: [...] Կայծակի նման, ինչպես մի հրդեհ, ինչպես մի ջրհեղեղ, մարդու Որդու ձգողական ուժը տիրելու է տիեզերքում պտտվող բոլոր տարրերին, դրանք վերամիավորելու կամ դրանք Իր մարմնին ենթարկելու համար»[4]:
Սրբերը հարության բողբոջներ են: Միմիայն նրանք կարող են պատմության կույր կիրքը կողմնորոշել դեպի հարությունը:
[1] Մարդեղության մասին և ընդդեմ արիոսականների, 8 (PG 26, 996C).
[2] R. Habachi, La résurrection des corps au regard de la philosophie, in Archivio di Filosofia 1981, p. 394.
[3] Սբ. Մաքսիմոս Խոստովանող, Խնդրահարույց հարցեր, 10 (PG 91, 1148D).
[4] P. Teilhard de Chardin, Le milieu divin, Paris1957, p. 196.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։