Գլուխ Բ. – Ծածուկ Աստվածը, տիեզերական Աստվածը – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Բ. – Ծածուկ Աստվածը, տիեզերական Աստվածը

Պատմության, նաև Քրիստոնեության պատմության մեջ վխտում են Աստծո ծաղրանկարները, որոնք կարծես մտային կուռքեր լինեն, որոնք մարդկանց հասցրել են և՛ դաժանության, և՛ աթեիզմի: Արդի դարաշրջանում, երբ հաստատվեցին քննադատական ոգին և մտքի ազատությունը, մարդիկ ինչպե՞ս կարող էին ընդունել գաղափարը մի Աստծո, որն իրենց թվում էր ավելի վատը, քան իրենք էին, կամ նվազագույն դեպքում՝ ավելի ցածր, քան իրենց խղճի ու գիտակցության ամենաբարձրակարգ պահանջներն էին, որոնք իրականում ծածուկ կերպով արգասավորվել են Ավետարանի կողմից:
Մարդիկ շարունակում են Աստծո Անվանը կապել իրենց իսկ անհատական և հավաքական մտասևեռումները, այդպիսով փորձելով տիրապետություն հաստատել Աստծո վրա և իրենց սեփական շահին ծառայեցնել Նրա Անունը: Մինչդեռ պետք է վերջապես հասկանան, որ անհնարին է հասկանալ Աստծուն դրսից, ինչպես մի առարկայի, որովհետև Նրա համար գոյություն չունի «դուրս» հասկացողությունը, Արարիչը չի հարադրվում արարածին: «Նրա մեջ մենք ունենք կյանքը, շարժումը և գոյությունը» (Գրծ 17, 28), ինչպես ասում էր Պողոս Առաքյալը աթենացիներին: Մենք, սակայն, փակվելով ինքներս մեր մեջ, «Իր ձեռքում» պահվելով հանդերձ, չենք կարողանում տեսնել: Կարող ենք ըմբռնել Նրան միայն այն ժամանակ, երբ Նա Ինքը ազատորեն կհաստատի մեր հետ մի հարաբերություն, ուր հեռավորությունն ու մոտիկությունը կդառնան վայրը մի Խոսքի. Մեկի, ով խոսում է մյուսին:
 
Մարդկանց մեծամասնությունը, իրենց մահկանացու մարմնի մեջ փակված ինչպես խխունջը իր պատյանում, փշախոզի նման խրամավորված իրենց մտասևեռումների մեջ, երանագույն Աստծո վերաբերյալ կազմում են մի գաղափար, որպես բնօրինակ վերցնելով իրենք իրենց:
ԿՂԵՄԵՍ ԱՂԵՔՍԱՆԴՐԱՑԻ, Հաճախապատում, V, 11, 68, 1 (PG 9, 104A; SC 278, pp. 136-138).
 
Նռան ներսում գտնվող սերմերը չեն կարող տեսնել կեղևից դուրս գտնվող առարկաները, որովհետև իրենք ներսում են: Նույն կերպ մարդը, ամբողջ արարչագործության հետ միասին փակված լինելով Աստծո ձեռքի մեջ, չի կարող ըմբռնել Աստծուն:
[...] Նրա միջոցով ես դու խոսում, Նրա միջոցով ես դու շնչում, և չգիտես դա: Որովհետև աչքդ կույր է, սիրտդ՝ կարծրացած: Բայց, եթե կամենում ես, կարող ես բժշկվել: Անձդ վստահիր Բժշկին, Նա կբացի հոգուդ և սրտիդ աչքերը: Ո՞վ է Բժիշկը: Աստվա՛ծ, Իր խոսքով և Իր իմաստությամբ:
ԹԵՈՖԻԼՈՍ ԱՆՏԻՈՔԱՑԻ, Ավթողիկոսին, I, 5.7 (PG 6, 1032B.1036A; SC 20, pp. 62, 64-65).
 
Աստված ընդհանրապես ճանաչողության առարկա չէ: Գաղափարները, որոնք երբեք զերծ չեն դասակարգման, տիրապետության ծածուկ կամքից, անզոր են ըմբռնելու Նրան, ումից մենք ինքներս ենք, որ պետք է «ըմբռնվենք»: Երկու իմաստով էլ. հասանելի լինենք Իր գալստյանը, Իր հայտնությանը, և բռնվենք հիացմունքով:
Յուրաքանչյուր գաղափար, որը միտքը ձևավորում է փորձելով ըմբռնել և հստակորեն տեսնել աստվածային բնությունը, հասնում է սոսկ մի կուռք ձուլելու, ո՛չ թե՝ Աստծուն ճանաչելի դարձնելու:
ԳՐԻԳՈՐ ՆՅՈՒՍԱՑԻ, Մովսեսի կյանքը, II, 165 (PG 44, 377B; SC 1 bis, p. 212).
 
Միմիայն հիացմունքը կարող է շրջապատել անմերձենալի Զորությանը:
ՄԱՔՍԻՄՈՍ ԽՈՍՏՈՎԱՆՈՂ, Խնդրահարույց հարցեր, 21 (PG 91, 1244A).
 
Երգ Երգոցի Հարսի նման, – Սբ. Գրիգոր Նյուսացու մեկնության մեջ, – որը երբեք չի դադարում փնտրելու իր Փեսային, որն իրեն ձգում է դեպի ինքը մի անանցանելի հեռավորությունից:
 
Հարսն ասում է. «Գիշերվա մեջ ջանացի իմանալ, թե ինչպիսին է իր էությունը: [...] Բայց չկարողացա գտնել: Նրան դիմեցի բոլոր անուններով, որոնցով հնարավոր է դիմել, բայց ոչ մի անուն ուժը չունեցավ հասնելու նրան»: Արդարև, ինչպե՞ս կարող ենք ինչ որ մի անունով հասնել Նրան, ով բոլոր անուններից անդին է:
ԳՐԻԳՈՐ ՆՅՈՒՍԱՑԻ, Քարոզներ Երգ Երգոցի մասին, 6 (PG 44, 892D-893A).
 
Խորհրդին մերձենալու վավերական կերպը, հետևաբար, նախևառաջ ծիսակատարությունն է, և առաջին հերթին՝ տիեզերական ծիսակատարությունը: Հայրերի համաձայն, անկումը քողարկել, բայց չի կործանել գոյակների թափանցիկությունը աստվածային լույսի դիմաց: Անշուշտ, դեպի Աստված ուղղված համընդհանուր սլացքը դարձել է «հեծեծանք», «արարչության հառաչանք»: Բայց աղոթքը տակավին շարունակում է լինել և մնալ գոյակների էությունը. «Ամեն բան, որ գոյություն ունի, աղոթում է Քեզ»: Արարածների շռայլ բազմազանության մեջ արտահայտվում է Վերանցականի, Անդրանցականի անսպառելիությունը: Առաջին Աստվածաշունչը Տիեզերքն է: Յուրաքանչյուր գոյակ արտահայտում է Արարիչ Բանը, որն իրեն հիմնում է և ձգում է դեպի Ինքը: Յուրաքանչյուր գոյակ արտահայտում է մի դինամիկ գաղափար, Աստծո մի կամք: Ի վերջո, յուրաքանչյուր բան մի ստեղծված անուն է Նրան, ում անհնարին է մի անուն տալ:
 
Ո՜վ Դու, ամեն ինչից Անդինդ,
ինչպե՞ս դիմել Քեզ մի ա՛յլ անունով:
Ինչպիսի՞ տաղ կարող է երգել Քեզ:
Ոչ մի անուն Քեզ չի արտահայտում:
Ինչպիսի՞ միտք կարող է ըմբռնել Քեզ:
Ոչ մի խելք չի կարողանում հղանալ Քեզ:
Դու միակդ ես անսխալական.
այն ամենն, ինչ մտածում ենք, Քեզնից է ելել:
Բոլոր գոյակները ծիսակատարում են Քեզ,
խոսուններն ու անխոսները:
Բոլոր գոյակները պատիվ են մատուցում Քեզ,
մտքով օժտվածներն ու չօժտվածները:
Տիեզերական իղձը, բոլորի հառաչանքը
մղվում է դեպի Քեզ:
Ամեն բան, որ գոյություն ունի, աղոթում է Քեզ
և տիեզերքն ընթերցել իմացող յուրաքանչյուր գոյակ
դեպի Քեզ է վերառաքում լռության մի տաղ:
Ամեն բան օթևանում է Քո մեջ միայն
և ամեն բան, միասնական սլացքով,
որպես իր նավամատույցին, դեպի Քեզ է ձգտում:
Բոլոր գոյակների նպատակակետը Դու ես,
միակդ ես,
յուրաքանչյուրն ես, և ոչ մեկը չես:
Գոյակներից մեկը չես, նրանց ամբողջությունը չես.
բոլոր անունները Քոնն են. ինչպե՞ս Քեզ դիմեմ,
Քեզ, որ միակդ ես, ում անհնարին է անուն տալ:
[...] Ողորմիր ինձ, ո՜վ Դու, ամեն ինչից Անդինդ.
Ինչպե՞ս դիմել Քեզ մի ա՛յլ անունով:
ԳՐԻԳՈՐ ՆԱԶԻԱՆԶԱՑԻ, Դոգմատիկ տաղեր, I, 1, 29 (PG 37, 507A-508A).
 
Աստված ապրում և թագավորում է հավիտենական փառքի մեջ: Այդ փառքի ճառագայթներից յուրաքանչյուրը աստվածային մի Անուն է, և այդ անուններն անթիվ են: Սբ. Դիոնիսիոս Արիսպագացին, որն «Աստվածային անունները» վերնագրով մի սքանչելի գիրք է գրել, այդ անուններից թվարկում է մի քանիսը, որոնք քաղում է Աստվածաշնչից և Ավետարաններից: Եկեղեցու Հայրերն այդ անուններին մատնացույց են անում որպես «զորություններ», «ուժեր», «էներգիաներ», որոնք բխում են աստվածային անհասանելի Էությունից: Արարչագործության պահին այդ փառքն է, – աստվածաշնչյան տերմինաբանությամբ ասված «Kavōd»ը, – որ լիառատ զեղվում է արարված գոյակների վրա, նրանց հաղորդում է իրենց թանձրությունը, խտությունը, և միաժամանակ՝ թափանցիկությունը: Հայնժամ էներգիաները դառնում են աստվածային ներկայության նույնքան կերպեր: «Բան»ը, Լոգոսը, որն յուրաքանչյուր արարածի հիմքն է, արարածներից յուրաքանչյուրին մասնակից է դարձնում այդ էներգիաներին, կամ հրավիրում է մասնակցելու դրանց, եթե խոսքը վերաբերվում է մարդկային էակների: Այդպիսով, յուրաքանչյուր արարած իրեն բնորոշ կերպով արտահայտում է կամ պետք է որ արտահայտի աստվածային Անունները: Չնայած մեղքին, որը նշանակում է փառքի աքսորը, աշխարհը շարունակում է լինել վիթխարի աստվածահայտնությունը:
 
Այսպես կրթված լինելով, աստվածաբանները փառավորում են աստվածային Սկիզբը, որովհետև Նա չունի ոչ մի անուն, բայց միաժամանակ, որովհետև Նա ունի բոլոր անունները:
Ասում ենք «որովհետև Նա չունի ոչ մի անուն», քանի որ պատմում են, որ Աստվածությունն Ինքը, միստիկ տեսիլքներում, ուր հայտնվում էր այլաբանական խորհրդանշանների միջոցով, հանդիմանեց նրան, ով Իրեն հարցնում էր. «Ո՞րն է Քո անունը» (Ծնդ 32, 30), և հեռացնելու համար նրա միտքը որևէ իմացությունից, որն ընդունակ է արտահայտվելու ինչ որ մի անվամբ, ասաց նրան. «Ինչո՞ւ ես հարցնում իմ անունը: Այն սքանչելի է» (Դատ 13, 18): Արդարև, մի՞թե սքանչելի չէ այդ անունը, որ գերազանցում է բոլոր անուններին, այդ անանուն անունը, որն «առավել վերանցական է, քան այն ամենն, ինչն ունի անուն, ո՛չ միայն ներկա աշխարհում, այլ նաև հանդերձյալում» (Եփս 1, 21):
Եվ փառավորում են Նրան, որովհետև բազմաթիվ անուններ ունի, երբ լսում են, որ Նա Ինքն Իր մասին ասում է. «Ես Նա Եմ, Ով Եմ» (Ել 3, 14), կամ նաև՝ Կյանք, Լույս, Աստված, Ճշմարտություն. և երբ նրանք, ովքեր ճանաչում են Աստծուն, համընդհանուր Պատճառին փառաբանում են բազմաթիվ անուններով, ներշնչվելով Նրա հետևանքներից, ինչպես Բարություն, Գեղեցկություն, Իմաստություն, [...] կյանքի Հեղինակ և Մեկենաս, Միտք, [...] Հինավուրց, հավիտենական Երիտասարդություն, Փրկություն, Արդարություն, Սրբագործում, Ազատագրություն, որ գերազանցում է բոլոր մեծություններին և մարդուն հայտնվում է մեղմիկ զեփյուռի մեջ: Նրանք նաև հաստատում են, որ աստվածային այս Սկիզբը [...] միաժամանակ տիեզերքի սրտում է և երկնքից անդին, Արև է, Աստղ, Կրակ, Ջուր, Քամի, Ցող, Ամպ, [...] Վեմ. մի խոսքով, այն ամենն, ինչ է, և ոչինչ այն ամենից, ինչ է:
Այսպիսով, ամեն ինչի այս Պատճառը, որ գերազանցում է ամեն ինչի, միաժամանակ բացակայությունն է անունների, որոնք Իրեն պատճաշ են, և բոլոր գոյակների բոլոր անուններն է: [...] Նա ի սկզբանե Իր մեջ պարունակում է բոլոր գոյակներին, [...] այնպես, որ կարելի է փառաբանել Նրան և անունով դիմել, որպես մեկնակետ ունենալով գոյակներից յուրաքանչյուրին:
ԴԻՈՆԻՍԻՈՍ ԱՐԻՍՊԱԳԱՑԻ, Աստվածային անունները, I, 6-7 (PG 3, 597A).
 
Այդուհանդերձ, աշխարհը քողարկում ու ծածկում է խորհուրդը ճիշտ այն չափով, որքանով որ այն բացահայտում է: Անհրաժեշտ է դառնում, հետևաբար, կիրառել այստեղ բացասական, ժխտողական մոտեցում, որով կկործանվեն մտային կուռքերը, համակարգերը, իմացական գաղափարները, այնպես՝ ինչպես զգայական պատկերները: Նախևառաջ, չպետք է Էության խորհուրդը շփոթել մի էակի հետ, նույնիսկ եթե վերջինս գտնվում է էակների նվիրապետական ամենաբարձր աստիճանի վրա: Աստվածային Էությունը լինելություն է հաղորդում էակներին, և հետևաբար՝ Ինքը մի էակ չէ:
Կենդանի Աստվածը գնոստիկների քարոզած անսահմանափակ Էակը չէ, որին անվանում էին «theotes», ո՛չ էլ փակ միաստվածությունների քարոզած Գերագույն Էակն է: Կենդանի Աստծո կյանքը, որն արտահայտվում է Աստվածային Անունների հեղմամբ, Աստվածահայտնություններով, իր արմատները գտնում է անձնավոր Սիրո անսպառության մեջ: Նրանից ենք մենք ստանում ազատություն և սեր, խաչված և աստվածացնող սեր: Այս գերագույն հայտնությունը՝ Քրիստոսի հայտնությունն է այն, ինչը հարկավոր է ընկալել արտահայտություններում, որոնք հուշում են գոյությունը մի անհուն լիության, որն Աստծո վերաբերյալ ունեցած մեր գաղափարից իսկ անդին է:
 
Հռչակել ժխտումները [...] առանց քողի ճանաչելու համար այս ոչ-ճանաչողությունը, որ բոլոր գոյակների ներսում ծածկված է ճանաչողությամբ, որ Նրա վերաբերյալ հնարավոր է ունենալ, այդպիսով տեսնելու համար այս գերէական խավարը, որ ծածկված է գոյակների ներսում պարունակված ամբողջ լույսով:
ԴԻՈՆԻՍԻՈՍ ԱՐԻՍՊԱԳԱՑԻ, Միստիկ աստվածաբանություն, 2 (PG 3, 1025B).
 
Եթե պատահում է, որ Աստծուն տեսնելով հասկանում ենք այն, ինչ տեսել ենք, նշանակում է, որ չենք տեսել Աստծուն, այլ՝ մեկն այն անճանաչելի իրողություններից, որոնք Նրան են պարտական իրենց գոյությունը:
Որովհետև Իր մեջ Նա գերազանցում է որևէ իմացության և որևէ էության: Նա գոյություն ունի գերէական կերպով և, որևէ ճանաչողությունից անդին, ճանաչվում է միայն այնքանով, որ ամբողջովին անճանաչելի է: [...] Եվ այս կատարյալ ոչ-ճանաչողությունն է, բառի լավագույն իմաստով վերցված, կազմում ճշմարիտ ճանաչողությունը Նրա, ով գերազանցում է որևէ ճանաչողության:
ԴԻՈՆԻՍԻՈՍ ԱՐԻՍՊԱԳԱՑԻ, Նամակ Ա., Գայոսին (PG 3, 1065A).
 
Անսահմանը անկասկած Աստծուն վերաբերվող հասկացողություն է, բայց Աստված Ինքը չէ, որն անսահմանորեն ավելի անդին է:
ՄԱՔՍԻՄՈՍ ԽՈՍՏՈՎԱՆՈՂ, Խնդրահարույց հարցեր, 15 (PG 91, 1220C).
 
Մենք, հետևաբար, ասում ենք, որ համընդհանուր Պատճառը, լինելով ամբողջ տիեզերքից անդին, ո՛չ մատերիա է, [...] ո՛չ մարմին. որ չունի ո՛չ կերպ, ո՛չ կերպարանք, ո՛չ որակ, ո՛չ զանգված. որ ինչ որ մի վայրում չէ, որ ենթակա չէ զգայարանների կողմից որևէ կերպ ընկալման: [...] Բարձրանալով ավելի վեր, այժմ ասում ենք, որ այդ Պատճառը ո՛չ հոգի է, ո՛չ միտք, [...] որ հնարավոր չէ Նրան ո՛չ արտահայտել, ո՛չ էլ մտքով ընկալել. որ Նա չունի ո՛չ թիվ, ո՛չ կարգ, ո՛չ մեծություն, ո՛չ փոքրություն, ո՛չ հավասարություն, ո՛չ անհավասարություն, ո՛չ նմանություն, ո՛չ աննմանություն. որ Նա չի մնում անշարժ, ո՛չ էլ շարժվում է. [...] որ ո՛չ զորություն է, ո՛չ էլ լույս. որ չի ապրում և կյանք չէ. որ ո՛չ էություն է, ո՛չ մշտնջենավորություն, ո՛չ ժամանակ. որ անհնարին է մտովին ընկալել Նրան. որ ո՛չ գիտություն է, ո՛չ ճշմարտություն, ո՛չ արքայություն, ո՛չ իմաստություն, ո՛չ մեկ, ո՛չ միություն, ո՛չ աստվածություն, ո՛չ բարիք. ո՛չ հոգի, ո՛չ որդիություն, ո՛չ հայրություն, այն իմաստով, որով մենք կարող ենք հասկանալ այդ խոսքերը. ո՛չ էլ որևիցէ մեկն այն բաներից, որոնք հասանելի են մեր ճանաչողությանը կամ ուրիշ որևիցէ մի ա՛յլ էակի ճանաչողությանը. որ ոչ մեկը չէ այն բաներից, որոնք պատկանում են անգոյությանը, բայց ո՛չ էլ որևիցէ մեկն այն բաներից, որոնք պատկանում են գոյությանը. որ ոչ ոք չի ճանաչում Նրան այնպես, ինչպիսին որ Նա է. [...] որ նա ենթակա չէ ոչ մի մտածումի, ոչ մի անվանակարգման, ոչ մի իմացության. որ ո՛չ խավար է, ո՛չ լույս, ո՛չ սխալ է, ո՛չ ճշմարտություն. որ Նրա վերաբերյալ հնարավոր չէ հաստատել բացարձակապես ոչինչ, և ոչինչ՝ ժխտել. որ երբ կատարում ենք հաստատումներ կամ ժխտումներ, որոնք վերաբերվում են Նրանից ցածրակարգ իրականությունների, անձամբ Նրա վերաբերյալ չենք հաստատում և չենք ժխտում ոչ մի բան. որովհետև որևէ հաստատում մնում է բոլոր գոյակների միակ ու կատարյալ Պատճառից ասդին. որովհետև որևէ ժխտում մնում է վերանցականությունից ասդին Նրա, ով ամեն ինչից զատ ու անջատ է և մնում է ամեն ինչից անդին:
ԴԻՈՆԻՍԻՈՍ ԱՐԻՍՊԱԳԱՑԻ, Միստիկ աստվածաբանություն, 4-5 (PG 3, 1040D.1045D-1048B).
 
Խորհուրդը, որ Աստծո վերաբերյալ ունեցած մեր հասկացողությունից էլ անդին է,
Անճառելին,
Նա, ում Անունը բոլորի շուրթերին է,
ամբողջական հաստատումը,
ամբողջական ժխտումը,
որևէ հաստատումից և որևէ ժխտումից անդինը [...] :
ԴԻՈՆԻՍԻՈՍ ԱՐԻՍՊԱԳԱՑԻ, Աստվածային անունները, II, 4 (PG 3, 641A).
 
Հաստատման և ժխտման այս միաժամանակյա ժխտումը նշանակում է, որ Աստծո վերանցականությունը ենթակա չէ անգամ վերանցականության վերաբերյալ մեր ունեցած հասկացողությանը: Աստված Իր իսկ վերանցականությանը գերազանցում է ո՛չ թե մի վերացական ոչնչության մեջ ցրվելու, այլ՝ պարգևվելու, նվիրվելու համար: Հաստատման և ժխտման միաժամանակյա գերազանցումն արդեն ուրվագծում է հականվանությունը (անտինոմի՛ա) անձնավոր գոյության, որն այնքան ավելի ծածուկ է, որքան ավելի նվիրվում է, և այնքան ավելի նվիրվում է, որքան ավելի ծածուկ է: Սրա համար են Հայրերը խոսում նաև անհասանելի, անմերձենալի Աստծո մասին, Աստծո, որն ավելի անդին է, քան Աստծո վերաբերյալ մեր ընկալումն իսկ, Աստված որպես մի բխում, մի ցատկ, մի ոստում Իր էությունից դուրս, ստեղծելու և փրկելու համար, աստվածային ուժերի հավիտենական շարժման համաձայն, բայց նաև՝ այդ ուժերը արարածներին հաղորդելու համար, անձնավոր գործողություններով, քանի որ կենդանի Աստվածը մի Աստված է, որ գործում է: Նա գոյությունը չէ, այլ՝ պարունակում է գոյությունը և Իր գործողություններով այն հաղորդում է:
 
Փաստը, որ Աստված, բացարձակ լիությունը, արարածներին բերեց գոյության, դրա պատճառը բնավ կարիքը կամ անհրաժեշտությունը չէ, այլ՝ որպեսզի Իր արարածները երջանիկ լինեն մասնակցելու Իր նմանությանը, և որպեսզի Ինքն իսկ ուրախանա Իր արարածների ուրախության համար, մինչ նրանք անսպառելիորեն հագենում են Անսպառելիից:
ՄԱՔՍԻՄՈՍ ԽՈՍՏՈՎԱՆՈՂ, Հարյուրյակներ սիրո մասին, III, 46 (PG 90, 1029C).
 
Նա անվանվում է Աստված («theόs»), որովհետև ամեն բան հիմնել է («tetheikénai») իրենց հատուկ հիմքերի վրա, և որովհետև մի ցատկ է կատարում («théein»)[1]. ցատկել [...] նշանակում է կյանք տալ աշխարհին [...] : Լինելով Ամենակալ, Նա ամեն բան բովանդակում է. երկինքների գագաթնակետը, անդունդների խորությունը, երկրի սահմանները Նրա ձեռքում են:
ԹԵՈՖԻԼՈՍ ԱՆՏԻՈՔԱՑԻ, Ավթողիկոսին, I, 4 (PG 6, 1029A-B; SC 20, pp. 60-61).
 
Աստված միշտ գոյություն է ունեցել և միշտ գոյություն է ունենալու. կամ, ավելի ճիշտ արտահայտվելու համար, միշտ գոյություն ունի: Արդարև, ասել գոյություն «ունեցել է» և «ունենալու է»՝ նշանակում է արտահայտել տևողության հատվածներն այնպես, ինչպես մենք ենք դրանք ճանաչում, որպես բնության ընթացքը: Մինչդեռ Նա, Աստված, «հավիտենական Գոյություն Ունեցողն» է («ho ôn»), և սա՛ է անունը, որ տալիս է Ինքն Իրեն, երբ լեռան վրա Մովսեսին հայտնում է ապագան: Նա, արդարև, Իր մեջ պարունակում է ամբողջ գոյությունը. Նա, որ չի ունեցել սկիզբ և չի ունենալու վախճան, այն, ինչը ես կանվանեի անսահման ու անվախճան գոյության օվկիանոս, որ գտնվում է տևողության և բնության գաղափարներից անդին. գաղափարներ, որոնք կարող է հղանալ մեր միտքը: Մտքով անհնարին է պատկերացնել Նրան, այլ միայն՝ մթին կերպով, [...] ո՛չ թե Իր բնության ճանաչողությամբ, այլ՝ մեր հայացքն ուղղելով այն իրողություններին, որոնք շրջապատում են Նրան: Վերամիավորելով և ըմբռնելով պատկերները, որոնցով թաթախված է մեր միտքը, կարող ենք հասնել ձևավորելու Ճշմարտության գրեթե մի նմանողություն [...] . Նա լուսավորում է մեր էության բարձրագույն մասը, – միայն թե սա մաքրագործված լինի, – այնքան՝ որքան որ կայծակն իր ակնթարթությամբ հարվածում է մեր տեսողությանը, և դա, իմ կարծիքով, որովհետև Նա մեզ ձգում է դեպի Ինքը այն չափով, որքանով որ ճանաչում ենք Իրեն [...] և որ, այն չափով, որքանով որ Իրեն հասկանում ենք, Նա գրգռում է մեր հետաքրքրությունը. սա մեր հոգում կծնի Նրան ավելի անդին ճանաչելու ցանկությունը. այս ցանկությունը կմերկացնի մեզ. այս մերկացումը մեզ նման կդարձնի Աստծուն: Երբ կհասնենք այս վիճակին, Աստված մեր հետ կզրուցի ընկերների նման, և, եթե արտոնված է ինձ այսպես արտահայտվել, Աստված միացած աստվածների և հայտնվելով նրանց, կճանաչվի այնքան՝ որքան Ինքն է ճանաչում նրանց, ովքեր Իրեն ճանաչում են:
ԳՐԻԳՈՐ ՆԱԶԻԱՆԶԱՑԻ, Ճառ ԽԵ., Զատիկի մասին, 3 (PG 36, 625C-628A).
 
Աստծուն ճանաչելու ժխտողական մոտեցումով են լի, Նրա լռությամբ են լի հետևյալ խոսքերը, որոնք Անհասանելիին հարգանք մատուցելով՝ խոսում են ներկայության և գործողության մասին Նրա, որի վերաբերյալ ԺԹ. դարի մի Սուրբ հաստատում էր, որ «մեր ներաշխարհը ջերմացնող կրակ է»[2]: Ժխտումներով մաքրագործված այս հաստատումներն ասում են, որ Աստված Հոգի է, Կրակ, Լույս, Կյանք, Սեր: Այս խոսքերում կարող ենք նկատել Հիսուսի իսկ խոսքերն ու դիրքորոշումները:
 
Աստված Հոգի է, որովհետև քամու փչելուն[3] մասնակից են դառնում բոլորը, այն անցնում է բոլորի միջով, ոչինչ նրան չի պահում, ոչինչ նրան չի բանտարկում:
ՄԱՔՍԻՄՈՍ ԽՈՍՏՈՎԱՆՈՂ, Աստվածային անունների մասին, I, 5 (PG 4, 208C).
 
Սուրբ աստվածաբանները գերէական Էությունը հաճախ նկարագրում են կրակի կերպարանքի ներքո: [...] Զգայական կրակը ներկա է, այսպես ասած, ամենուր, ամեն բան լուսավորում է առանց որևիցէ մի բանի խառնվելու: [...] Շողում է ամբողջական պայծառությամբ և միաժամանակ մնում է գաղտնի, մնալով անճանաչելի այն նյութից դուրս, որն իրեն բացահայտում է: Անհնարին է դիմանալ նրա պայծառությանը, անհնարին է հայել նրան դեմ առ դեմ, բայց նրա զորությունը տարածվում է ամենուր, և այնտեղ, ուր հայտնվում է, ամեն բան ձգում է դեպի ինքը: [...] Այս փոխակերպմամբ, նվիրվում է յուրաքանչյուրի, ով գոնե մի քիչ մոտենում է իրեն. գոյակներին վերածնում է իր կենսատու ջերմությամբ, լուսավորում է նրանց, բայց ինքն իր մեջ մնում է մաքուր ու անխառն: [...] Գործուն է, տիրող, ամենուր ներկա և անտեսանելի: Անտեսվելով, թվում է, թե գոյություն չունի: Բայց շփման արդյունքում, որն իբրև մի աղոթք է, անակնկալ հայտնվում է, խոյանում, տարածվում է շուրջբոլորը: Կրակի հատկություններից դեռ շատերը կարելի էր թվարկել, որոնք որպես զգայական պատկեր հնարավոր է նմանեցնել Աստվածային Պատճառի գործողություններին:
ԴԻՈՆԻՍԻՈՍ ԱՐԻՍՊԱԳԱՑԻ, Երկնային նվիրապետությունները, XV, 2 (PG 3, 329A-C).
 
Ինչպես լույսը, որ մեզ տեսնել է տալիս ամեն բան, տեսնվելու համար կարիքը չունի մի ուրիշ լույսի, նմանապես Աստված, որ մեզ տեսնել է տալիս ամեն բան, կարիքը չունի մի լույսի, որի մեջ մենք կարող ենք տեսնել Իրեն, որովհետև Նա Իր էությամբ իսկ լույս է:
ԵՎԱԳՐ ՊՈՆՏԱՑԻ, Հարյուրյակներ, I, 35 (PO 28/1, pp. 32-33; Frankenberg, pp. 78-79).
 
Արդ պետք է հռչակենք այն մշտնջենավոր Կյանքը, որից բխում է որևէ կյանք և որի միջոցով յուրաքանչյուր կենդանի էակ, ըստ սեփական կարողության, ստանում է կյանքը: [...] Ե՛վ երբ խոսում ես հոգևոր, բանական կամ զգայական կյանքի մասին, և՛ երբ խոսում ես այն կյանքի մասին, որ սնուցում է ու աճեցնում, կամ ուրիշ որևիցէ կյանքի, որ կարող է գոյություն ունենալ, այն ապրում և կենագործում է շնորհիվ Կյանքի, որը գերազանցում է որևէ կյանքի: [...] Արդարև, չափազանց քիչ է ասելը, թե այդ Կյանքը կենդանի է: Նա կյանքի Սկիզբն է, կյանքի միակ ակունքը: Նա կատարելագործում և տարբերակում է յուրաքանչյուր կյանք, և յուրաքանչյուր կյանքից մեկնելով է հարկավոր հռչակել Իր գովքը: [...] Նա արժանի է հռչակվելու այն բոլոր անուններով, որոնք մարդիկ կարող են պատշաճ կերպով վերագրել այդ անասելի Կյանքին:
ԴԻՈՆԻՍԻՈՍ ԱՐԻՍՊԱԳԱՑԻ, Աստվածային անունները, VI, 1.3 (PG 3, 856A.857B).
 
Աստված Սեր է: Ով կփորձի սահմանել Նրան, կնմանվի մի կույրի, ով ուզում է հաշվել ծովի ավազի հատիկները:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿՂԻՄԱՔՈՍ, Սանդուղք Դրախտի, XXX, 2 (PG 88, 1156A; ed. Astir, p. 167).
[1] Հունարեն «Theόs» (Աստված) բառն այստեղ բացատրվում է որպես «títhemi» (հիմնել) և «théein» (ցատկել) բայերից առաջացած եզր. ցատկել, այսինքն՝ ոստում կատարել որևէ սահմանից անդին:
[2] Serafino di Sarov, Insegnamenti spirituali: Dio, in I. Goraïnoff, Serafino di Sarov. Vita, colloquio con Motovilov, insegnamenti spirituali, Milano 2006, p. 193.
[3] Հոգի բառն այստեղ հարաբերության մեջ է դրվում շունչ, շնչել, փչել բառերի հետ, այնպես՝ ինչպես ներկայացվում է Աստվածաշնչում (հմմտ. Ծնդ 2, 7):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։