Երկու խոսք – Գրադարան – Mashtoz.org

Երկու խոսք

Քրիստոնեությունը նախևառաջ արևելյան կրոն է: Քրիստոնեությունը միստիկ կրոն է: Այս հաստատումները թերևս բավականին զարմանալի կհնչեն մեր ժամանակակիցների համար, որոնք համոզված են, թե քրիստոնյա լինել՝ նշանակում է սոսկ բարոյականություն քարոզել: Իսկ ինչ վերաբերվում է աղոթքին, այն շատ հաճախ նույնացնում են անօգուտ ու ձանձրալի արարքների հետ: Եվ սակայն, բազմահազար մարդիկ ծարավի են միստիկայի, բանտարկված մեր այս սպառողական հասարակության ներսում, որն այլևս կորցրել է կյանքի իմաստը: Անշուշտ դյուրին է հեգնանքով խոսելը հաճախ մակերեսային սինկրետիզմի, սենտիմենտալիզմի և շուկայական օրիենտալիզմի մասին, որը վաճառքի առարկան է բազմաթիվ «գուրու»ների, որոնց վստահելիությունը չափազանց կասկածելի է: Այս ամենի վրա ծիծաղելու փոխարեն, սակայն, Եկեղեցիներն ավելի լավ կանեին, եթե խղճի քննություն կատարեին. ո՞ւմն է հանցանքը, եթե բազմաթիվ անձինք ստիպված են դիմելու «թաո»յին կամ «ձեն»ին՝ վերստին բացահայտելու համար իրողություններ, որոնք սկզբից ևեթ, իրենց ամենաճշգրիտ մեկնաբանությամբ, մաս են կազմում քրիստոնեական ժառանգությանը: Ո՞վ է նրանցից թաքցրել փաստը, որ Քրիստոնեությունն է արևելյան կրոնների մեջ ամենագեղեցիկն ու ամենակատարյալը, և որ միստիկան անհրաժեշտ է մարդու կյանքի համար այնքան, որքան գիտությունը, և մինչև իսկ ավելի՛ կարևոր է, քան գիտությունը: Որովհետև կյանքի գաղտնիքը չի գտնվում իմացական փնտրտուքի մեջ, թեև ոմանք խանդավառվում են նրանով, թեև հացը անհրաժեշտ է. չի գտնվում գործի ու ակտիվիզմի մեջ, թեև չենք կարող ինքներս մեզ ազատ համարել գործելու պարտականությունից, նվազեցնելու համար մարդու շահագործումը մարդու կողմից: Գիտաշխատողը, քաղաքագետը, սպառողը խորքում ա՛յլ բան չեն, քան արտաքին երեսապատը մարդկային մի առավել խորը իրականության: Իմացական ճանաչումը, գործը, տիրապետությունը իրականում արտահայտում են մի փափաք, որը գերազանցում է իրենց: Արհեստավոր – faber – , կամ խելացի – sapiens – լինելուց շատ ավելի (հատկություններ, որոնք ընդհանուր են մարդու և բարձրակարգ կենդանիների միջև, անշուշտ տարբեր չափով, բայց քանակական տարբերությունը բնության տարբերություն չէ), մարդը միստիկ էակ է: Սա նշանակում է, որ մարդու արմատներն իրականում կրոնական և գեղարվեստական են, և հետևաբար՝ անբանական, կամ ավելի ճիշտը՝ գերբանական են: Երբ գոհացվում են նյութական կարիքները, ծնվում են ա՛յլ և առավել խորը կարիքներ: Քսան դար առաջ արդեն Հիսուսը հաստատում էր, որ «մարդը չի ապրում միայն հացով»: Այսօր արդեն գիտենք, որ ամենամեծ հաջողությամբ կատարված հոգեվերլուծումներն անգամ (psicanalisi) չեն կարողանում բժշկել մարդկային էակի հիմնական տագնապները, և որ գոյություն չունեն ո՛չ գերմարդիկ (superman), ո՛չ էլ հեղափոխականներ, որոնք զգացած չլինեն չգոհացված փափաքների դառնությունը: Եկեղեցու Հայրերը, որոնց համար աղոթքը դա հիմնական ունակությունն ու կեցվածքն է, մեզնից առաջ բացահայտել էին այս ճշմարտությունը. «Թռչունները թռչում են, ձկները՝ լողում, իսկ մարդն աղոթում է», ասում էին: Միևնույն գաղափարն է, որն ավելի ուշ արտահայտելու էին Իսլամի որոշ հոգևոր այրեր, նշելով, որ նորածնի առաջին ճիչը և հոգեվարքի վերջին շունչը կազմում և հռչակում են Աստվածային Անունը:
 
Քրիստոնեության առաջին դարերի միստիկ հեղինակների այս հատընտիրը պատասխանում է, ուստի, մի այժմեական պահանջի. վերստին բացահայտելու Քրիստոնեության միստիկ ակունքները: Պարզ ծաղկաքաղ լինելուց ավելի, այստեղ գտնում ենք ընտիր հատվածներ, որոնք ընդարձակ և արդյունավետ կերպով մեկնաբանված են. իրոք, մեջբերված հեղինակները ներկայացված չեն ժամանակագրական կամ այբբենական կարգով: Հատվածները մեկը մյուսի կողքին դրված են՝ հետևելով մի աստվածաբանական հատակագծի, քանի որ խոսքն այստեղ վերաբերվում է «քրիստոնյա» միստիկների, որոնց հոգեկանությունն իր վրա խորապես կրում է հետքը այն հայտնության, որը նրանք ստացել են Աստծուց: Դրանք հատվածներ են գրություններից, որոնք մեծ մասամբ դժվար հայթայթելի են այսօր, քանի որ տասնամյակներ են արդեն, ինչ դրանց մեծամասնությունը չի վերահրատարակվում այլևս: Այդ գրություններից ոմանք ընթերցողին կզարմացնեն իրենց արդիականությամբ, ուրիշ հատվածներ կարող են դժվարամարս թվալ, բայց բոլորն էլ ընթերցողի հոգում կարթնացնեն մեծ հետաքրքրություն: Որովհետև միստիկան դա գոյութենական կեցվածք է, խորապես, ո՛չ մակերեսային լինելու մի որոշակի կերպ: Միստիկան անձնական սեփականությունը չէ կրոններից ոչ մեկի և Եկեղեցիներից ոչ մեկի: Գոյություն ունեն մինչև իսկ անհավատ միստիկներ: Բայց թերևս Քրիստոնեությունը, իր սկզբնական մղումով, կարողացավ նորովի հաշտեցնել և ներդաշնակեցնել ժխտումն ու հաստատումը, կարողացավ միավորել աստվածայինն ու մարդկայինը, առանց դրանք միմյանց խառնելու և առանց դրանք միմյանցից բաժանելու: Այդ մղումը միշտ էլ հնարավոր է, և այսօր անկասկածելի է, որ դրանից է կախված մարդու ապագան: Թող որ Օլիվիե Քլեմանի այս հոյակապ աշխատությունը կարողանա դրանում համոզել ընթերցողին:
 
Ժան Քլոդ Բարրո
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։