ՍԲ. ՀԱԿՈԲ ՍԱՐՈՒԳԱՑԻ. « ԲՈԼՈՐ ՍՐԲԵՐԸ ՄԱՐԻԱՄԻ ՈՐԴՈՒՆ ԵՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆՈՒՄ ԻՐԵՆՑ ՍՐԲՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ » – Գրադարան – Mashtoz.org

ՍԲ. ՀԱԿՈԲ ՍԱՐՈՒԳԱՑԻ. « ԲՈԼՈՐ ՍՐԲԵՐԸ ՄԱՐԻԱՄԻ ՈՐԴՈՒՆ ԵՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆՈՒՄ ԻՐԵՆՑ ՍՐԲՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ »

Սբ. Հակոբ Սարուգացու (կամ՝ Բաթնայացու, 450-521) « Սբ. Կույս Մարիամ Աստվածածնի մասին Քարոզ »ից.
 


[...] Մարիամը երանելի է, որովհետև իր մեջ պարփակեց Սուրբ Հոգուն, որն իրեն մաքրագործեց, սրբեց և դարձրեց մի տաճար, ուր բնակություն հաստատեց բարձրագույն երկնքի Տերը: Երանելի է, որովհետև պահպանեց կուսության զմայլելի պայծառությունը և իր անունը մեծապայծառ փայլելու է հավիտյանս հավիտենից։ Երանելի է, որովհետև նորոգեց Ադամի սերունդը, ոտքի կանգնեցրեց ընկածներին, որոնք արտաքսվել էին հայրական տնից: Երանելի է, որովհետև ամուսնական միությունից վեր բարձրացվելով՝ կարողացավ, մյուս մայրերի նման, նայել իր սիրեցյալ որդուն առանց ամոթից կարմրելու։ Երանելի է, որովհետև իր մարմինը երբեք չպղծվեց [ապօրինի] հաճույքով, այլ մանավանդ թե՝ սրբագործվեց իր կուսության մարմնեղեն պտուղով։

Նա երանելի է, որովհետև իր անձուկ ու անպտուղ որովայնում բնակվեց Անսահմանը, որով լի են երկինքները, և երկինքները չեն կարողանում Նրան բովանդակել: Երանելի է, որովհետև ծնեց այն Հինավուրցին, ով կյանք էր տվել Ադամին, և որովհետև իր միջոցով նորոգվեցին հնությամբ մահացող բոլոր արարածները: Երանելի է, որովհետև իր կուրծքը տվեց Նրան, ում ակնարկով սանձազերծվում են ծովի կոհակները: Երանելի է, որովհետև կրեց այն հավիտենական Հերոսին, ով կրում է աշխարհը Իր ծածուկ զորությամբ, գրկեց Նրան և իր սրտին սեղմեց սեփական զավակի նման: Երանելի է, որովհետև բանտարկյալների համար ծնեց մի Ազատարար, որն իր հրայրքով փշրեց շղթաները և խաղաղություն բերեց երկրի վրա: Երանելի է, որովհետև իր մաքուր շուրթերով կարողացավ համբուրել բերանը Նրա, որի կիզիչ բոցերը ետ ընկրկել են տալիս հրեղեն սերովբեներին: Երանելի է, որովհետև մաքուր կաթով կերակրեց Նրան, որից – կարծես մայրական մի անսպառ կրծքից – կյանք է ծծում աշխարհն ամբողջ: Երանելի է, որովհետև բոլոր Սրբերն իր Որդուն են երախտագիտություն հայտնում իրենց սրբության համար:

Եվ թող որ գովաբանվի Նա, ով մեր համար կամեցավ սրբորեն ճառագայթել Մարիամի անարատությունից: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։