ՍԲ. ՀԱԿՈԲ ՍԱՐՈՒԳԱՑԻ. « ԴՈՒ ՕՐՀՆՅԱԼ ԵՍ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՕՐՀՆՅԱԼ Է ԿՈՒՍՈՒԹՅԱՆԴ ՊՏՈՒՂԸ » – Գրադարան – Mashtoz.org

ՍԲ. ՀԱԿՈԲ ՍԱՐՈՒԳԱՑԻ. « ԴՈՒ ՕՐՀՆՅԱԼ ԵՍ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՕՐՀՆՅԱԼ Է ԿՈՒՍՈՒԹՅԱՆԴ ՊՏՈՒՂԸ »

Սբ. Հակոբ Սարուգացու (կամ՝ Բաթնայացու, 450-521) « Սբ. Կույս Մարիամ Աստվածածնի մասին Քարոզ »ից.
 


[...] Աստված վար իջավ մարդկանց դուստրերից մեկի միջոցով մարդ դառնալու համար։ Նրա գեղեցկությունից հրապուրված, ընտրեց նրան՝ նրանից ծնվելու համար։ Եվ որքան ավելի էր նրան պարգևված շնորհը գերազանցում մյուս բոլոր մարդկանց պարգևված շնորհներից, այնքան ավելի հարկավոր է փառաբանել Մարիամի հոգու գեղեցկությունը, որի շնորհիվ նա դարձավ Աստծո Մայրը։ Իր խոնարհությամբ, անբծությամբ ու արդարությամբ և իր բարի կամքով նա հաճելի եղավ Աստծուն և ընտրվեց։ Եթե ուրիշ մեկն ավելի գեղեցիկ լիներ, քան նա, այդ ուրիշ մեկը կընտրվեր, քանի որ Աստված անկողմնակալ է, արդար և ուղղամիտ։ Եթե Մարիամի հոգում առկա լիներ սոսկ միայն մի բիծ կամ սոսկ միայն մի արատ, Աստված ուրիշ Մայր կընտրեր, կատարյալ կերպով անարատ։

Այս իսկ պատճառով, յուրաքանչյուր ոք պետք է զմայլվի Օրհնյալով, քանի որ նա այնքան գեղեցիկ գտնվեց, որ Աստված ընտրեց նրան որպես Մայր։ Նրա գեղեցկությունն այնքան մեծ էր, որքան բնության համար դա հնարավոր է, որովհետև երկնասլաց գագաթնակետը, որին նա հասավ, այլևս ազատ կամքի խնդիր չէր։ Մինչև որոշակի մի կետի հասնելը նա իր ողջ էությամբ նվիրվեց մարդու համար հասանելի կատարելությանը, բայց իր արժանիքների համար չէ, անկասկած, որ նա կարողացավ հասնել այն կետին, որ Աստված իրենից ծնվեր։ Որքան որ արդարը կարող է մոտենալ Աստծուն, նաև այս կատարյալ Գեղեցկությունը մոտեցավ Նրան իր հոգու գերազանցությամբ. բայց որ Քրիստոսը նրանից ծնվեց մարմնով, զուտ շնորհ եղավ, որի համար պետք է փառաբանենք նրա ողորմությունը։ Այնպիսի աստիճանի հասավ Մարիամի գեղեցկությունը, որ աշխարհում ոչ ոք երբևէ չգերազանցեց նրան։ Դրանով հանդերձ, Տիրոջն ասում ենք «շնորհակալություն»ը, որն Իրեն վայելում է այն բանի համար, որ Իր շնորհներն առանց չափի ու սահմանափակման հեղել է արարչության վրա։ Հարգանք մատուցիր Որդու շնորհին, որի փոխարեն բոլոր աշխարհներն երբեք չեն կարող հատուցել իրենց երախտագիտությամբ. հարգանք մատուցիր Մարիամի արժանիքներին, որովհետև մարդկանց որդիների մեջ ոչ ոք դրանցից ավելի մեծերը չունի։ Աստիճանները, որոնցից այս վսեմափայլ արարածը անցավ, իր գեղեցկությունը և Սրբի Որդու Մայրը դառնալու իր որոշումն են։ Նա իր հոգին բարձրացրել էր մինչև կատարելության ամենաբարձր գագաթը, որից հետո անսահման շնորհը բնակվեց նրա մեջ։ Տերը նրան լի տեսավ սրբության պայծառ փայլով և կամեցավ սուրբ բնակություն հաստատել նրա ծոցում։

Դրա համար առաքեց երկնային զորքերի հրեշտակներից մեկին, որպեսզի ավետիսը տար Սրբուհուն, նրան, ով լի է գեղեցկությամբ։ Գաբրիելը, երկնային զորագնդերի այդ հզոր իշխանը, ճանապարհ ընկավ ու իջավ նրա մոտ, Բարձրյալի կողմից առաքված լինելով։ Միայն նա արժանի եղավ մեծ խորհրդին, որին մասնակից դարձվեց աստվածային հայտնությամբ։ Աղոթքի, սրբության ու պարզության մեջ Մարիամն ընդունեց երկնային հայտնությունը, Աստծո առաջ սուրբ երկյուղով լի, աղոթքի մեջ Նրան ընծայելով սիրով լի իր սիրտը։ Արդարև, աղոթքի մեջ էր նա, ինչպես մի ժամանակ Դանիելը, երբ կրակի բոցերի մեջ նրան հայտնվեց հրեշտակը (հմմտ. Դն 10, 4)։ Նաև Զաքարիա քահանային հրեշտակը գտավ տաճարում, մինչ աղոթում էր Աստծո առաջ (հմմտ. Ղկս 1, 11)։ Նմանապես այս Կույսը ևս, որ արժանի էր դարձել մեծ հայտնությանը, աղոթում էր, երբ ընդունեց իր մոտ ուղարկված հրեշտակին։ Մաքուր աղոթքն, իրոք, խորհրդավոր կերպով միացնում է հոգին Աստծուն, խոսում է Նրա հետ, լսում է Նրա պատասխանը և հոգին հզորացնում է Նրա մեջ։ Հրեշտակն, ուստի, իջավ այն պահին, երբ Մարիամն աղոթում էր, և նրան ուղղեց Բարձրյալի ողջույնը. «Ողջո՜ւյն քեզ, Մարիամ, մեր Տերը քո հետ է, ո՜վ երանելի։ Դու օրհնյալ ես, որովհետև օրհնյալ է կուսությանդ պտուղը»։ Երբ Մարիամը լսեց [այս խոսքերը], սկսեց ուշադիր կերպով խորհել, թե ո՛րն էր այդ աստիճան արտակարգ ողջույնի պատճառը։ Եվ հրեշտակն ասաց նրան. «Մի՛ մտահոգվիր, ո՜վ շնորհներով լի։ Տերը կամենում է, որ դու, կուսությանդ մեջ, դառնաս Իր Մայրը։ Ահա՛. սրբորեն կհղանաս ու կծնես հավիտենական Արքայության Թագավորին»։ Մարիամը պատասխանեց. «Ինչպե՞ս կարող է պատահել այն, ինչ ասում ես։ Ինչպե՞ս կարող եմ զավակ ծնել, երբ տղամարդ չեմ ճանաչում։ Դու ավետում ես ինձ մի որդի, մինչ ես չեմ ճաշակել ամուսնական միությունը։ Լսում եմ խոսքերդ մի ծնունդի մասին, առանց տեսնելու ամուսնությունն ու ամուսնական միությունը»։

Մի սքանչելի պահ եղավ դա, երբ Մարիամը զրուցեց Գաբրիելի հետ։ Աղքատության խոնարհ դուստրը և հրեշտակը հաղորդակցվեցին զմայլելի խոսակցությամբ։ Մաքուր Կույսը և լուսեղեն հրեշտակը կատարեցին մի երկխոսություն, որով խաղաղություն վերահաստատվեց երկնքի ու երկրի միջև։ Այստեղի՝ ներքևի բոլոր կանանցից մեկը հրեշտակային դասերի իշխանի հետ կնքեց մի համաձայնություն՝ ողջ աշխարհում կրկին հաշտություն հաստատելու մասին։ Կարծես իբրև հաշտարար դատավորներ բազմեցին՝ [կրկին միավորելու համար] երկնային իրողություններն ու երկրայինները. խոսեցին, ունկնդրեցին և խաղաղություն հաստատեցին վիճող կողմերի միջև։ Կույսն ու հրեշտակը միասին համաձայնվեցին և կրկին ամեն բան կարգուկանոնի վերադարձրեցին. այն ամենը, որ տակնուվրա էր եղել Տիրոջ ու Ադամի միջև ծագած անհամաձայնության պատճառով։ Ծառի տակ ի հայտ եկած մեծ դատը հասավ իր եզրափակմանը և լիովին լուծվեց, այնպես՝ որ դրանից ծագեց խաղաղությունը։ Երկինքն ու երկիրը խոսեցին իրար հետ ընկերային մտերմությամբ, երկու կողմերը հրաժարվեցին իրենց անհամաձայնությունից և վերահաստատեցին խաղաղությունը։

Այսպիսով իր ավարտին հասավ վատ ժամանակը, որ սպանել էր Ադամին, և վրա հասավ մի ա՛յլ ժամանակ, մի լավ ժամանակ, երբ նա կրկին ոտքի կանգնեցվեց։ Օձի փոխարեն, այժմ Գաբրիելը խոսեց առաջինը. իսկ Եվայի փոխարեն, Մարիամը լսեց նրան։ Ստախոսի փոխարեն, որն իր խաբեությամբ մահ էր բերել, ներկայացավ ճշմարտախոսը, իր ավետմամբ բերելու համար կյանքը։ Եվ ծառի մոտ պարտամուրհակը ստորագրած մոր տեղը եկավ դուստրը, որ վճարեց իր հայր Ադամի բոլոր պարտքերը։ Օձի ու Եվայի տեղը գրավեցին հրեշտակն ու Մարիամը, և իրավիճակը, որ սկզբից ի վեր խառնվել էր, կրկին կարգուկանոնի վերադարձվեց։ Տեսնում ես, թե ինչպիսի դյուրությամբ Եվան ականջ դրեց օձին, լսեց ստախոսի ձայնը և հավատաց նրա կեղծիքներին։ Ե՛կ այժմ և ուրախացիր. հրեշտակը կյանքն է հեղում Մարիամի ականջի մեջ, նրան ազատում է օձի պարույրներից և նրա հոգում տարածում է մխիթարությունը։ Գաբրիելը վերակառուցում է օձի կողմից քանդված շենքը. Մարիամը վերակառուցում է Եվայի կողմից դրախտում քանդված տունը։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։