ՍԲ. ԲԵՌՆԱՐԴՈՍ. « ԵՐԱՆԻ՜ ԱՉՔԵՐԻՆ, ՈՐ ՏԵՍՆՈՒՄ ԵՆ ԱՅՆ, ԻՆՉ ԴՈՒ ԵՍ ՏԵՍՆՈՒՄ » – Գրադարան – Mashtoz.org

ՍԲ. ԲԵՌՆԱՐԴՈՍ. « ԵՐԱՆԻ՜ ԱՉՔԵՐԻՆ, ՈՐ ՏԵՍՆՈՒՄ ԵՆ ԱՅՆ, ԻՆՉ ԴՈՒ ԵՍ ՏԵՍՆՈՒՄ »

Սբ. Բեռնարդոսի (1090-1153) « Երանուհի Մարիամի Վերափոխման » քարոզներից, I, 1-2; II, 2; III, 7; IV, 8 (Sermones in Assumptione Beatae Mariae).
 


[...] Այսօր փառավորյալ Կույսը դեպի երկինք իր վերափոխմամբ մեծապես ավելացրեց երկնաքաղաքացիների ուրախությունը։ Ողջույնի իր ձայնը բերկրանքով ցնծալ տվեց բոլոր նրանց, ովքեր տակավին ծածկված են մոր արգանդում։

Եթե դեռ չծնված երեխայի հոգին ուրախությամբ խայտաց՝ ի լուր Մարիամի ձայնի, ինչպիսի՞ն արդյոք եղած պիտի լինի բերկրանքը երկնքի բնակիչների, երբ կարողացան լսել նրա ձայնը, տեսնել նրա դեմքը, վայելել նրա ներկայությունը։

Մեզ նույնպես մեր աքսորի մեզ տրված է նրան հիշելը, նրա ուրախությանը հաղորդակցվելը, նրա ցնծությանը մասնակցելը, ի մասնավորի այն բերկրանքին, որն այսօր մեզ ուրախացնում է այնքան սաստիկ հորձանքով, որ մենք նույնպես զգում ենք կարծես շիթեր, որ կաթում են երկրի վրա։

Մեր թագուհին մեզնից առաջ հասել է [Հայրենիք]. հասել է մեզնից առաջ, և ընդունվել է այնքա՜ն պանծալի կերպով, որ փոքրիկ ծառաներն իրենց Տիրուհու ետևից քայլում են ամենայն վստահությամբ, գոչելով. «Ձգի՛ր մեզ քո ետևից։ բուրմունքիդ հետքերով կընթանանք»։

Մեր պանդխտության առջևից է գնացել մեր փաստաբանը, ով – որպես Դատավորի Մայրը և Մայրը Ողորմության – ազդու աղոթքով կնպաստի մեր փրկությանը։

Նա երկնքի Թագուհին է. ողորմած է. Աստծո Միածին Որդու Մայրն է։

Անհնարին է կասկածել նրա կարողության ու նրա գթառատության մեծությանը, այլապես պետք է կասկածել, թե Աստծո Որդին չի պատվում Իր Մորը, կամ թե սիրով չի ներծծվել Մարիամի ներաշխարհը, ուր իննը ամիս շարունակ հանգչեց Ինքնին Սերը, որ գալիս է Աստծուց։

Նա մեր բարեխոսն է. նրա միջոցով ստացանք ողորմությունդ, ո՜վ Աստված. նրա միջոցով մենք մեր տներից ներս ընդունեցինք Տեր Հիսուսին։ [...]

Ցնծա՛ և ուրախացի՛ր, ո՜վ Մարիամ, որ ընտրեցիր լավագույն մասը։ Երանի՜ աչքերին, որ տեսնում են այն, ինչ դու ես տեսնում. և երանի՜ ականջներին, որոնք արժանի են համարվում լսելու այն, ինչ դու ես լսում։ Երանելի՜ ես դու, որ լսում ես աստվածային ներքին փսփսուքը լռության մեջ, որի մեջ լավ է մարդու համար սպասել իր Տիրոջը։ Մնում ես պարզության մեջ, ո՛չ միայն կեղծ խաբեությունից ու ձևացումից զերծ, այլ՝ մտահոգությունների կուտակումներից դուրս ամփոփված, որպեսզի քո մոտ լինեն Իր խոսքերը, Իր քաղցր ձայնը և Իր զմայլելի Դեմքը։

Ո՞վ կարող է երբևէ քննել, ո՜վ Օրհնյալդ, երկարությունը, լայնությունը, խորությունն ու վեհությունը քո ողորմության։ Քո շնորհիվ լցվեց երկինքը, դատարկվեց դժոխքը, վերականգնվեցին երկնային Երուսաղեմի ավերակները, և սպասման մեջ գտնվող թշվառներին վերադարձվեց կորսված կյանքը։ Քո սերը, ո՜վ հզորագույն ու ամենագութ, գերառատորեն արտահայտվում է կարեկցանքի քո զգացման և օգնության հասնելու քո կամքի մեջ։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։