ՍԲ. ՀԱԿՈԲ ՍԱՐՈՒԳԱՑԻ. « ԵՐԿՐՈՐԴ ԵՎԱՆ, ՈՐ ՄԱՀԿԱՆԱՑՈՒՆԵՐԻ ՄԵՋ ԾՆԵՑ ԿՅԱՆՔԸ » – Գրադարան – Mashtoz.org

ՍԲ. ՀԱԿՈԲ ՍԱՐՈՒԳԱՑԻ. « ԵՐԿՐՈՐԴ ԵՎԱՆ, ՈՐ ՄԱՀԿԱՆԱՑՈՒՆԵՐԻ ՄԵՋ ԾՆԵՑ ԿՅԱՆՔԸ »

Սբ. Հակոբ Սարուգացու (կամ՝ Բաթնայացու, 450-521) « Սբ. Կույս Մարիամ Աստվածածնի մասին Քարոզ »ից.
 


[...] Ո՜վ Կույսի Որդի, թույլ տուր ինձ խոսել Քո Մոր մասին, թեև ես գիտեմ, որ նրա մասին խոսելը չափազանց բարձր ու վսեմ նյութ է մեր համար։ Ապշանքով լի խոսքեր են պտտվում ներաշխարհումս, որոնցով փորձում եմ հասնել միտքս արտահայտելուն։ Ո՜վ դուք, որ հասկանում եք, բարեգթությամբ դեպի ինձ ուղղեք ձեր հոգու ականջները. Մարիամի գովքը զարմանահրաշ վայելչությամբ ուռչում է ինձնում և հասնում է արտահայտվելու։ Ուշիմությամբ պատրաստեցեք, ուրեմն, ձեր սիրտը. Սուրբ Կույսը կանչել է ինձ իր մասին խոսելու։ Պատշաճ կերպով պատրաստեցեք, ուրեմն, ձեր լսողությունը այսքա՜ն վսեմաշուք խոսակցության համար, որպեսզի նա դրանից չանպատվի։

Նա երկրորդ երկինքն է, որի գրկում երկնքի Տերը բնակվեց և հայտնվեց՝ բոլոր անկյուններից խավարը հալածելու համար։ Նա օրհնյալն է կանանց մեջ, որի շնորհիվ ջնջվեց երկրի անեծքը և պատիժը հասավ իր ավարտին։ Նա մաքուրն է, խոնարհը, որի մեջ հավաքված են ճառագայթները բոլոր սրբությունների փայլատակման, որի մասին խոսելու համար իմ բերանը չափազանց անզոր է։ Նա աղքատն է, որ դարձավ Թագավորի Մայրը և հարստություններ բաշխեց ծարաված աշխարհին, նրան կյանքը ձեռքբերել տալու համար։ Նա նավն է, որ մեզ բերեց Հոր տան գանձերն ու բարիքները, և մեր ավերակ դարձած երկրի վրա լցրեց այնտեղից բերված հարստությունները։ Բա բարձրորակ արտն է, որն առանց սերմի հասունացրեց հունձքի մի գերառատություն, և առանց վարված լինելու՝ ապահովեց մի հարուստ բերքահավաք։ Նա երկրորդ Եվան է, որ մահկանացուների մեջ ծնեց Կյանքը, արձակելով ու ջնջելով իր մայր Եվայի պարտքը։ Նա դուստրն է, որ ձեռք մեկնեց գետին ընկած նախամորը և նրան վեր բարձրացրեց ու դուրս քաշեց այն փոսից, որի մեջ նրան նետել էր օձը։ Դուստրն է, որ փառքի զգեստներ գործեց և դրանք իր հորը տվեց, որպեսզի դրանցով ծածկվեր, քանի որ մերկ էր մնացել ծառի տակ։ Նա Կույսն է, որ զմայլելի կերպով դարձավ Մայր, առանց ամուսնական միության։ Նա Մայրն է, որ անարատ Կույս մնաց։ Նա անառիկ ամրոցն է, որ Թագավորը կառուցեց և նրանում բնակվեց, և որի դուռը չբացվեց, երբ Նա այնտեղից դուրս ելավ։ Նա աղախինն է, որ երկնային կառքի նման կրեց ու կերակրեց Ամենակալին, ով նեցուկն է բոլոր արարածների. Նա հարսն է, որ հղացավ առանց փեսային երբևէ տեսնելու, և մի որդի ծնեց առանց տեսնելու [Նրա] հոր տունը։

Ինչպե՞ս կարող եմ նկարել այս զմայլելի պատկերը սովորական գույներով, եթե ամենաերփներանգ գունապնակն անգամ բավարար չէ։ Չափազանց վսեմ, չափազանց սքանչելի է նրա գեղեցկության պատկերը իմ գույների համար, և ես հուսալ անգամ չեմ համարձակվում, թե հոգիս կկարողանա նրա հավատարիմ պատկերը գծագրել։ Ավելի հեշտ է պատկերել արևի պայծառությունն ու այրող լույսը, քան թե խոսքերով արտահայտել Մարիամի պերճաշուք գեղեցկությունը։ Գուցե և հնարավոր է գույներով պատկերել հրեղեն մի բոցավառ ու լուսափայլ անիվ, բայց լիովին ավետելու համար Մարիամին ոչ մի քարոզ բավարար չէ։ Եթե ինչ որ մեկը համարձակվի լծվել այդ գործին, մարդկանց ո՞ր խմբի կամ ո՞ր դասակարգի մեջ պետք է դնի նրան, նրա դիմանկարը ուրվագծելու, նրա մասին երգել կարողանալու համար։ Արդյոք կույսերի՞, այն սուրբ խոնարհ կանա՞նց, թե՞ հարսերի ու մայրերի։ Ահա՛. կուսությունն ու մայրությունը նրանում գտնվում են միմյանց միացած՝ հիասքանչ ու կատարյալ երկունքի և կնքված ծոցի մեջ։ Ո՞վ կարող է բավականաչափ գովաբանել նրան։ Մինչ ինձ թվում է, թե պատկանում է աղջիկների դասին, ահա տեսնում եմ, որ իբրև մայր կերակրում է իր որդուն։ Հազիվ լսեցի, թե Հովսեփը նրա հետ էր բնակվում իբրև ամուսին, և իսկույն նկատում եմ, որ վերապահվել է ամուսնական որևէ միությունից։ [...] Մտածում էի անվանել նրան հարս, տեսնելով Հովսեփին, բայց հավատքն ինձ ուսուցանում է, որ ոչ մի մահկանացու նրան չի ճանաչել։ Տեսա, թե ինչպես է իր գրկում պահում որդուն իբրև մայր, և իմ առջև հայտնվում է փառավորյալ կույսերի դասում։ Կույս է, և սակայն մայր. հարս է, և սակայն անաղարտ։ Ուրիշ ի՞նչ կարող եմ ասել իր մասին, երբ արդեն ասացի, որ անըմբռնելի է։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։