ՍԲ. ԲԵՌՆԱՐԴՈՍ. « ՄԱՐԻԱՄԸ՝ ՄԵՐ ՓԱՍՏԱԲԱՆԸ » – Գրադարան – Mashtoz.org

ՍԲ. ԲԵՌՆԱՐԴՈՍ. « ՄԱՐԻԱՄԸ՝ ՄԵՐ ՓԱՍՏԱԲԱՆԸ »

Սբ. Բեռնարդոսի (1090-1153) « Աստվածածնի Ծննդյան Քարոզ »ից, 7-8 (Sermo in Nativitate Beatae Mariae).
 


[...] Հարգանք ու պատիվ ենք մատուցում Մարիամին մեր սրտի ողջ գորովով, սրտի ամենանուրբ զգացմունքներով ու բարեպաշտ մեծարանքով։ Սա կամքն է Նրա, ով սահմանել է, որ մենք ամեն բան ստանանք Մարիամի միջոցով։ Սա Իր կամքն է, բայց մեր բարիքի համար։ Նախախնամելով բոլոր թշվառներին, Նա ամեն ինչի մեջ մխիթարում է մեր դողահար սրտերը, հզորացնում է հավատքը, վերարծարծում է հույսը, հալածում է անվստահությունը, կրկին ոտքի է կանգնեցնում վեհերոտներին։

Վախենում էիք մոտենալ Հորը։ Նրա ձայնն անգամ լսելիս սարսափած, շտապում էիր թաքնվել թփերի ետևում. այս պատճառով է, որ Հիսուսին տվեց քեզ որպես միջնորդ։ Ի՞նչ չի ստանա Հորից այսպիսի Որդին։ Նրա միջնորդությունն ընդունելի կլինի Իր սիրո պատճառով. «Հայրն, արդարև, սիրում է Որդուն»։ Նրա մոտ գնալուց է՞լ ես վախենում։ Քո եղբայրն է և քո միսն ու արյունը, ամեն ինչի մեջ փորձված, բացի մեղքից, «որպեսզի ողորմած լինի»։ Բայց գուցե Նրա անձում ևս վախենում ես աստվածային վեհությունից, քանի որ, մարդանալով հանդերձ, մնաց Աստված։ Ուզում ես Նրա մոտ և՞ս մի փաստաբան ունենալ։ Դիմի՛ր Մարիամին։ [...]

Որդյակներս, Մարիամը մեղավորներին դեպի վեր բարձրացնող սանդուղքն է, իմ ամենամեծ վստահությունը, իմ հույսի ողջ հիմնավորումը։ Կարո՞ղ է արդյոք Որդին չընդունել աղաչանքը կամ չլսվել։ Կարո՞ղ է չլսել կամ չլսվել։ Ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը։ «Դու», ասաց Հրեշտակը, «շնորհ գտար Աստծո առաջ»։ Երանելի՜ արտահայտություն։ Մարիամը միշտ շնորհ կգտնի, և միայն շնորհի կարիքն է, որ ունենք։ Խոհեմ Կույսը չէր փնտրում ո՛չ իմաստությունը, ո՛չ հարստությունները, ո՛չ պատիվները, կամ կարողությունը։ Փնտրում էր շնորհը։ Միմիայն շնորհն է մեզ փրկում։ [...]

Փնտրում ենք շնորհը, և խնդրում ենք Մարիամի միջոցով. նա գտնում է այն, ինչ փնտրում է, և նրան ոչինչ չի մերժվում այն ամենից, ինչ խնդրում է։

Փնտրում ենք շնորհը, բայց այն շնորհը, որն Աստծո մոտ է. խաբեական է մարդկանց մոտի շնորհը։ Ուրիշներ թող որ արժանիքներ փնտրեն, մենք ջանում ենք շնորհ գտնել։

Մի՞թե Աստծո շնորհով չէ, որ մենք այստեղ ենք։ «Եվ ո՞վ է [նա, ում մասին ասվում է, թե] Տիրոջ ողորմության շնորհիվ է, որ մենք հյուծված չենք»։ Մենք՝ ովքե՞ր։ Մենք՝ երդմնազանցներս, մարդասպաններս, պոռնկացածներս, գողերս, իսկապես այս աշխարհի թափոններս։ Քննեցե՛ք ձեր խղճերը, եղբայրներ, և տեսեք, որ «ուր առատացավ ոճիրը, գերառատացավ շնորհը»։ Մարիամն ինքն իրեն չի վերագրում արժանիքը, այլ՝ փնտրում է շնորհը։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։