ՍԲ. ԲԵՌՆԱՐԴՈՍ. « ՄԱՐԻԱՄԻ՝ ՏԻՐՈՋ ԱՂԱԽՆՈՒ ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆԸ » – Գրադարան – Mashtoz.org

ՍԲ. ԲԵՌՆԱՐԴՈՍ. « ՄԱՐԻԱՄԻ՝ ՏԻՐՈՋ ԱՂԱԽՆՈՒ ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆԸ »

Սբ. Բեռնարդոսի (1090-1153) « Առաքեցաւ Գաբրիէլ Հրեշտակ յԱստուծոյ » խոսքի շուրջ Քարոզներից (Քարոզ ի գովեստ Կույս Մոր), IV, 9.11 (Homiliae super «Missus est»: Sermo in laudibus Virginis Matris).
 


[...] «Ահավասիկ Տիրոջ աղախինն եմ», ասում է Մարիամը, «թող քո խոսքի համաձայն լինի ինձ»։ Աստվածային շնորհը միշտ ընկերակցում է խոնարհությանը. արդարև, «Աստված դեմ է հպարտներին, խոնարհներին է տալիս Իր շնորհը»։

Պատասխանը, հետևաբար, խոնարհ պատասխան է, որպեսզի մի գահ պատրաստվի շնորհի համար. «Ահա՛», ասում է նա, «Տիրոջ աղախինն եմ»։ Ի՞նչ է այս խոնարհությունն այսքա՜ն բարձր ու մեծ, որ կարողանում է պատիվներով չհրապուրվել։ Որ ի վիճակի է չհպարտանալու փառքի մեջ։ Նա ընտրվում է որպես Աստծո Մայր, բայց ինքն իրեն անվանում է աղախին. վեհ ու վսեմ խոնարհության ապահով նշան է խոնարհ լինել չմոռանալը, երբ այդքա՜ն մեծ փառք է տրվել։ Մեծ բան չէ խոնարհ լինելը, երբ մարդ անարգության մեջ է. բայց իրոք բարձր ու հազվագյուտ առաքինություն է խոնարհ լինելը, երբ պատիվներով ճոխացած է։ [...]

«Թող քո խոսքի համաձայն լինի ինձ»։ Թող լինի ինձ Խոսքի կողմից՝ քո խոսքի համաձայն։

Խոսքը, որ սկզբում Աստծո մոտ էր, թող լինի, քո խոսքի համաձայն, «մարմին իմ մարմնից»։ Թող իմ համար լինի Խոսքը, ո՛չ թե արտասանված խոսքը, որ անցնում է, այլ՝ հղացված Խոսքը, որպեսզի մնա. մարմնո՛վ հանդերձավորված Խոսքը, ո՛չ թե՝ օդով։ Թող իմ համար լինի Խոսքը, ո՛չ այնքան այն խոսքը, որը լսվում է ականջներով, այլ՝ Խոսքը, որ տեսանելի է նաև աչքերին, շոշափելի է ձեռքերին, կրելի է գրկում։ Եվ թող չլինի իմ համար գրված ու համր խոսքը, այլ՝ մարմնացած ու կենդանի Խոսքը. ո՛չ այն խոսքը, որ համր նշանագրերով գրված է մեռած կենդանիների կաշվի վրա, այլ՝ մարդկային կերպարանք առած Խոսքը, որն իբրև հզոր ու կենդանի նշան արձանագրվել է իմ կուսական արգանդում. ո՛չ թե անկենդան գրիչով գրված գրության միջոցով, այլ՝ Սուրբ Հոգու ներգործությամբ։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։