ՍԲ. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊՈՂՈՍ ԵՐԿՐՈՐԴ. « ՄԱՐԻԱՄԻՑ ՍՈՎՈՐԵԼ ՔՐԻՍՏՈՍԻՆ » – Գրադարան – Mashtoz.org

ՍԲ. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊՈՂՈՍ ԵՐԿՐՈՐԴ. « ՄԱՐԻԱՄԻՑ ՍՈՎՈՐԵԼ ՔՐԻՍՏՈՍԻՆ »

Սբ. Հովհաննես Պողոս Երկրորդ Պապի (1920-1978-2005) « Պսակ Կուսին Մարիամու » Կոնդակից, 14-16 (Rosarium Virginis Mariae).
 


[...] Քրիստոսը գերագույն Ուսուցիչն է, հայտնողը և հայտնությունը։ Խոսքը չի վերաբերվում միայն ուսանելուն այն բաները, որոնք Ինքը սովորեցրել է, այլ՝ «սովորել Ինքնին Քրիստոսին»։ Բայց ուրիշ ո՞վ ավելի հմուտ ու փորձառու դաստիարակ կարող է ճանաչվել այս գործում, քան Մարիամը։ Եթե աստվածային կողմից Հոգին է ներանձնական Ուսուցիչը, որ մեզ առաջնորդում է դեպի Քրիստոսի լիակատար ճշմարտությունը (հմմտ. Հվհ 14, 26; 15, 26; 16, 13), մարդկային էակների շարքում Մարիամից ավելի լավ ոչ ոք չի ճանաչում Քրիստոսին, ոչ ոք ավելի լավ, քան Իր Մայրը կարող է մեզ առաջնորդել Իր խորհրդի խորունկ ճանաչողությունից ներս։

Հիսուսի կատարած «նշաններ»ից առաջինը – Կանայի հարսանիքի ժամանակ ջրի փոխակերպումը գինու – ցույց է տալիս մեզ Մարիամին հենց դաստիարակի դերում, մինչ հորդորում է սպասավորներին՝ հետևել Քրիստոսի ցուցմունքներին (հմմտ. Հվհ 2, 5)։ Եվ կարող ենք երևակայել, որ Մարիամը այդ նույն դերը կատարել է նաև աշակերտների նկատմամբ, Հիսուսի Համբարձումից հետո, երբ նրանց հետ մնաց սպասելու Սուրբ Հոգու գալստյանը և նրանց մխիթարեց նրանց առաջին առաքելության ընթացքում։ Վարդարանի կողմից ներկայացված տեսարանների միջով Մարիամի ընկերակցությամբ անցնել՝ նշանակում է հաճախել Մարիամի «դպրոցը», Քրիստոսին ընթերցելու համար, Նրա գաղտնիքների խորքը ներթափանցելու համար, Նրա պատգամը հասկանալու համար։

Դպրոց – Մարիամի դպրոցը – այնքա՜ն ավելի արդյունավոր, եթե մտածենք, որ Մարիամը դաստիարակի իր դերը կատարում է մեր համար առատորեն ստանալով Սուրբ Հոգու պարգևները և միաժամանակ առաջարկելով մեզ «հավատքի ուխտագնացության» օրինակը. ուխտագնացություն, որի անհամեմատելի փորձառությունն ունեցող ուսուցչուհին է։ Որդու խորհուրդներից յուրաքանչյուրի դիմաց, Մարիամը հրավիրում է մեզ, ինչպես Ավետման պահին, խոնարհությամբ ներկայացնելու հարցումները, որոնք բացում են լույսի դռները, միշտ հավատքի հնազանդությամբ եզրափակելու համար. «Տիրոջ աղախինն եմ, թող խոսքիդ համաձայն լինի ինձ» (Ղկս 1, 38)։

Քրիստոնեական հոգեկանությունը որպես իր որակավորիչ բնութագրում ունի աշակերտի ջանքը՝ միշտ ավելի լիովին կերպարանակից դառնալու իր Ուսուցչին (հմմտ. Հռմ 8, 29; Փլպ 3, 10.21)։ Սուրբ Հոգու հեղումը, որ տեղի է ունենում Մկրտության ժամանակ, հավատացյալին որպես ուռ պատվաստում է որթատունկին, որ Քրիստոսն է (հմմտ. Հվհ 15, 5), կարգում է անդամ Նրա խորհրդական Մարմնի (հմմտ. 1Կր 12, 12; Հռմ 12, 5)։ Այս սկզբնական միությանը, սակայն, պետք է հետևի Նրա հետ հարաճուն նմանակցության մի ընթացք, որ կարող լինի միշտ ավելի կողմնորոշելու աշակերտի վարքը Քրիստոսի «տրամաբանության» համաձայն. «Սնուցեք ձեր մեջ այն նույն զգացումները, որ Քրիստոս Հիսուսի մեջ էին» (Փլպ 2, 5)։ Հարկավոր է, Առաքյալի խոսքի համաձայն, «Քրիստոսով վերստին զգեստավորվել» (հմմտ. Հռմ 13, 14; Գղտ 3, 27)։

[...] Մարիամի ընկերակցությամբ՝ Քրիստոսի հետ կերպարանակից դառնալու խստապահանջ գաղափարականը հետապնդվում է շնորհիվ հաճախումի մի կերպի, որ կարող ենք կոչել «ընկերական»։ Այն մեզ բնական կերպով առաջնորդում է Քրիստոսի կյանքից ներս և կարծես «շնչել» է տալիս Նրա զգացումները։ Սրա վերաբերյալ Երանելի Բարթոլո Լոնգոն ասում է. «Ինչպես երկու ընկերներ, հաճախակի միմյանց այցելելով, ընդհանրապես նույնանում են նաև սովորությունների մեջ, այսպես նաև մենք, Հիսուսի և Կույսի հետ ընտանի կերպով զրուցելով, Վարդարանի խորհուրդների շուրջ մտորելով և Հաղորդության շնորհիվ մեկ և միևնույն կյանք միասին կազմավորելով, կարող ենք նմանվել նրանց, որքան որ հնարավոր է մեր ցածրությանը, և այս գերագույն բնօրինակներից կարող ենք սովորել խոնարհ, աղքատ, ծածուկ, համբերատար և կատարյալ կյանքը»։

Քրիստոսին կերպարանակից դառնալու այս ընթացքի մեջ, Վարդարանի աղոթքի ժամանակ, մենք մեզ հատուկ կերպով հանձնում ենք Սուրբ Կույսի մայրական խնամքին։ Նա, որ Քրիստոսի Մայրն է, մինչ ինքը նույնպես պատկանում է Եկեղեցուն, որպես «պանծալի և ամբողջովին բացառիկ անդամ», միաժամանակ նաև «Եկեղեցու Մայրն» է։ Որպես այդպիսին, շարունակ որդիներ «է ծնում» Որդու խորհրդական Մարմնին։ Այս գործը կատարում է բարեխոսությամբ, նրանց համար հայցելով Հոգու անսպառելի հեղումը։ Մարիամը Եկեղեցու մայրության կատարյալ սրբապատկերն է։

Վարդարանը խորհրդական կերպով տեղափոխում է մեզ Մարիամի մոտ, որ հանձն է առել խնամել Քրիստոսի մարդկային աճը Նազարեթի տան մեջ։ Սա նրան հնարավորություն է տալիս դաստիարակելու և կազմավորելու մեզ միևնույն հոգատարությամբ, մինչև որ Քրիստոսը «կկազմվի» մեր մեջ լիովին (հմմտ. Գղտ 4, 19)։ Մարիամի այս գործը – Քրիստոսի գործի վրա ամբողջովին հիմնված և նրանից արմատականորեն կախումնավոր – «նվազագույն չափով անգամ խոչընդոտ չէ հավատացյալների անմիջական միությանը Քրիստոսի հետ, այլ՝ հեշտացնում է այն»։ [...] «Մեր ողջ կատարելությունը կայանում է Քրիստոսի հետ կերպարանակից, Նրան միացած և նվիրված լինելու մեջ։ Հետևաբար, բոլոր բարեպաշտություններից ամենակատարյալը անժխտելիորեն այն է, որը մեզ ամենակատարյալ կերպով կերպարանակից է դարձնում, միավորում և ընծայում է մեզ Հիսուս Քրիստոսին։ Արդ, Մարիամը լինելով Հիսուս Քրիստոսին ամենակերպարանակից արարածը, հետևում է, որ բոլոր բարեպաշտությունների շարքում այն, որը հոգին առավել է ընծայում և կերպարանակից դարձնում մեր Տիրոջը, դա Մարիամի՝ Իր Ամենասրբուհի Մոր հանդեպ տածած բարեպաշտությունն է, և որքան ավելի է հոգին ընծայվում Մարիամին, այնքան ավելի է ընծայվում Հիսուս Քրիստոսին»։ [...] Մարիամը ապրում է միմիայն Քրիստոսի համար և Քրիստոսի ծառայության մեջ։

Քրիստոսը կոչ է ուղղում մեզ՝ Աստծուն դիմել հարատևությամբ և վստահությամբ, որպեսզի մեր աղոթքները լսելի լինեն. «Խնդրեցեք և կտրվի ձեզ, փնտրեցեք և կգտնեք, բախեցեք և կբացվի ձեր առաջ» (Մտթ 7, 7)։ Աղոթքի այս արդյունավետության հիմքը Հոր բարությունն է, բայց նաև Հոր առջև Ինքնին Քրիստոսի գործադրած միջնորդությունը (հմմտ. 1Հվհ 2, 1) և Սուրբ Հոգու ներգործությունը, որ «մեր համար միջնորդում է» Աստծո ծրագրերի համաձայն (հմմտ. Հռմ 8, 26-27)։ Մենք, իսկապես, «և ո՛չ իսկ գիտենք, թե ի՛նչ է պատշաճ խնդրել» (Հռմ 8, 26) և երբեմն մեր աղոթքները պատասխան չեն ստանում, որովհետև «լավ չենք խնդրում» (հմմտ. Հկբ 4, 2-3)։

Աղոթքին, որը Քրիստոսը և Հոգին բխեցնում են մեր սրտից, զորավիգ է կանգնում Մարիամը իր մայրական բարեխոսությամբ։ «Եկեղեցու աղոթքին զորավիգ է կանգնում Մարիամի աղոթքը»։ Իրոք, եթե Հիսուսը՝ միակ Միջնորդը, մեր աղոթքի Ճանապարհն է, Մարիամը, որ Հիսուսի անբիծ հայելացումն է, մեր առջև մատնանշում է Ճանապարհը, և «Սուրբ Հոգու ազդեցությանը բերած Մարիամի այս եզակի համագործակցությունից մեկնելով է, որ Եկեղեցիները զարգացրել են Ամենասրբուհի Աստվածամորն ուղղված աղոթքը, այն կենտրոնացնելով Քրիստոսի անձի վրա, որ հայտնվում է Իր խորհուրդների մեջ»։ Կանայի հարսանիքին, Ավետարանը ակնհայտ է դարձնում Մարիամի բարեխոսության հենց այս արդյունավետությունը, որն իրեն Հիսուսի առջև պատգամավոր է դարձնում՝ մարդկային կարոտություններին ի նպաստ. «Գինի չունեն» (Հվհ 2, 3)։

Վարդարանը միաժամանակ խորհրդածություն է և աղաչանք։ Աստվածամորն ուղղված տևական պաղատանքը հենվում է այն վստահության վրա, որ իր մայրական բարեխոսությունն ամեն բան կարող է ազդել Որդու սրտին։ Մարիամը «շնորհով ամենակարող է», ինչպես ասում էր Երանելի Բարթոլո Լոնգոն իր «Սուրբ Վարդարանի Թագուհուն ուղղված Աղաչանք»ում, մի համարձակ արտահայտությամբ, որն հարկավոր է իր ճիշտ իմաստով հասկանալ։ Սա մի ստուգություն է, որն Ավետարանից մեկնելով՝ քրիստոնյա ժողովրդի մեջ ամրապնդվել է փորձառության ճանապարհով։ Դանթե գերազանց բանաստեղծը այս ստուգությունը մեկնաբանում է հիանալի կերպով, Սուրբ Բեռնարդոսի ուղուն հետևելով, երբ երգում է. «Ո՜վ Կին, այնքա՜ն բարձրյալ ես և այնքա՜ն արժեքավոր, որ եթե մեկը շնորհ է հայցում և քեզ չի դիմում, առանց թևերի սավառնել է ուզում» («Աստվածային Կատակերգություն», Դրախտ, XXXIII, 13-15)։ Վարդարանի մեջ, Մարիամը՝ Սուրբ Հոգու սրբավայրը (հմմտ. Ղկս 1, 35), մինչ աղաչանքներ է ընդունում մեզնից, մեր համար կանգնում է Հոր առջև, ով իրեն լիացրել է շնորհներով, և Որդու առջև, ով իր արգանդից է ծնվել, և աղոթում է մեր հետ և մեր համար։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։