ՍԲ. ՀՈՎՀԱՆ ԴԱՄԱՍԿԱՑԻ. « ՄԵՐ ՀՈԳԻՆԵՐԸ ԿԱՊՈՒՄ ԵՆՔ ՔՈ ՀՈՒՅՍԻՆ » – Գրադարան – Mashtoz.org

ՍԲ. ՀՈՎՀԱՆ ԴԱՄԱՍԿԱՑԻ. « ՄԵՐ ՀՈԳԻՆԵՐԸ ԿԱՊՈՒՄ ԵՆՔ ՔՈ ՀՈՒՅՍԻՆ »

Սբ. Հովհան Դամասկացու (676-749) « Սբ. Կույս Մարիամ Աստվածածնի Վերափոխման մասին Քարոզ »ից, 1, 14; 3, 5.

 


[...] Մենք նույնպես այսօր դիմում ենք քեզ, ո՜վ Տիրուհի, Կույս և Աստծո Մայր, կապելով մեր հոգիները քո հույսին, ինչպես մի ամուր ու ապահով խարսխի, որի նմանը չկա։ Քեզ ենք ընծայաբերում մեր միտքը, մեր հոգին, մեր մարմինը, ամբողջ մեր էությունը, մի խոսքով, պատիվ մատուցելով քեզ սաղմոսներով, շարականներով ու հոգևոր երգերով, մեր կարողությունների չափով, քանի որ երբեք չենք կարողանալու այս պարտքը վճարել ամենապատշաճ կերպով։ Եթե, արդարև, ինչպես Սուրբ Վարդապետությունն է մեզ սովորեցրել, ծառաներին մատուցվող հարգանքը փաստում է սիրո առկայությունը համընդհանուր Տիրոջ հանդեպ, ո՞վ երբևէ կարող է անհոգությամբ զանց առնել քեզ պատիվ մատուցելու պարտականությունը, քեզ, որ ծնեցիր Տիրոջը։ Ո՞վ, մանավանդ թե, այդ գործին չի լծվի իր ողջ կարողությամբ ու եռանդով։ [...]

Բայց դու, ո՜վ բարեգութ Տիրուհի, բարեգութ Տիրոջ Մայր, օգնի՛ր մեզ և ուղղորդի՛ր մեր ճակատագիրը դեպի այնտեղ, ուր դու ինքդ ես կամենում. ճնշի՛ր մեր անարգ ու նվաստ կրքերի բռնությունը, որպեսզի փոթորկի խաղաղվելուց հետո կարողանաս առաջնորդել մեզ դեպի աստվածային կամքի խաղաղ նավահանգիստը, մեզ արժանի համարելով գալիք երանությանը, այն հոգեզմայլ լույսին, այսինքն, որ ճառագայթում է քո միջոցով մարմնացած Աստծո Բանի(1) տեսությունից։ Նրան, Հոր և սրբազնասուրբ ու բարեգութ ու կենդանարար Հոգու հետ, փա՜ռք, պատի՜վ, իշխանությո՜ւն, վեհափառությո՜ւն ու պերճաշուք մեծագործությո՜ւն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։ Ամեն։ [...]

Ընդունիր մեր բարի կամքը, որն առավել է, քան մեր կարողությունները, պարգևիր մեզ փրկությունը, ազատիր մեզ հոգու մոլություններից, բժշկիր մարմնի ցավերը, պարտության մատնիր հակառակորդներին, հնարավորություն տուր մեզ ապրելու խաղաղ մի կյանք և պարգևիր մեզ Հոգու լույսը։ Մեզ սիրով բոցավառիր Որդուդ հանդեպ, և այնպես արա, որ մեր կյանքը Նրան հաճո լինի։ Հնարավորություն ստեղծիր մեր համար, որ Իր երանությանը մասնակից դարձած լինելուց հետո, քո մեջ քո Որդու փառքի շողարձակումը տեսնելով, կարողանանք սրբազան տաղեր երգել հավիտենական ուրախության մեջ, նրանց հետ միասին, ովքեր արժանի կերպով կատարում են Հոգու հանդիսությունները, ի պատիվ Նրա, ով քո միջոցով իրականացրեց մեր փրկության գործը. Քրիստոսը՝ Աստծո Որդին և մեր Աստվածը, որին փա՜ռք և իշխանությո՜ւն, Հոր և սրբազնասուրբ ու կենարար Հոգու հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից անվերջ։ Ամեն։ [...]

(1) Գրաբարյան «բան» եզրը (հունարեն՝ լոգոս), որ սովորաբար թարգմանվում է որպես «խոսք», բայց կարող է նշանակել նաև «միտք», «իմաստ», բան-ականության, բան-ավորության արմատն է, որով մատնանշվում է գոյություն ունեցող ամեն ինչի գոյութենական իմաստը և հակառակվում է անիմաստությանը, ան-բան-ությանը, ան-բան-ականությանը։ Հատկանշական է, որ հայերենում գոյություն ունեցող ամեն ինչ մատնացույց է արվում որպես «մի բան», այսինքն՝ իր մեջ բանականություն պարունակող միավոր։ Գրվելով մեծատառով, «Բան» («Լոգոս»), հասկանում ենք Աստվածային Միտքը, Իմաստությունը, Խոսքը (Ամենասուրբ Երրորդության երկրորդ Անձը՝ Որդին), որը ստեղծված որևէ բանականության արմատն ու աղբյուրն է, որից կտրվելու, հեռանալու դեպքում ամեն բան դառնում է անբան, իմաստազուրկ, հակասական, անտրամա-բան-ական։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։