ՍԲ. ԲԵՌՆԱՐԴՈՍ. « ՈՂՋ ԱՇԽԱՐՀԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՄԱՐԻԱՄԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆԸ » – Գրադարան – Mashtoz.org

ՍԲ. ԲԵՌՆԱՐԴՈՍ. « ՈՂՋ ԱՇԽԱՐՀԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՄԱՐԻԱՄԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆԸ »

Սբ. Բեռնարդոսի (1090-1153) « Առաքեցաւ Գաբրիէլ Հրեշտակ յԱստուծոյ » խոսքի շուրջ Քարոզներից (Քարոզ ի գովեստ Կույս Մոր), IV, 8 (Homiliae super «Missus est»: Sermo in laudibus Virginis Matris).
 


[...] Ցնծա՛, ուրեմն, ո՜վ դուստր Սիոնի, լիարժեք ուրախացի՛ր, ո՜վ դուստր Երուսաղեմի։ Եվ քանի որ դու լսեցիր ուրախության ու զվարթության այս խոսքերը, թող, որ մենք նույնպես լսենք քեզնից այն բերկրալի պատասխանը, որի իղձն ունենք, որպեսզի ցնծան «խոնարհված ոսկորները»։ Լսեցիր փաստի մասին, ասում էի, և հավատացիր. հավատա այժմ նաև կերպին, որով կիրականանա այդ փաստը, որն արդեն լսեցիր։ Լսեցիր, որ «կհղանաս» և «կծնես մի որդի». լսեցիր, որ սա չի կատարվի տղամարդու միջոցով, այլ՝ Սուրբ Հոգու։ Հրեշտակը սպասում է պատասխանին. ժամանակն է, իրոք, որ նա վերադառնա Նրա մոտ, ով իրեն առաքել է։

Մենք նույնպես սպասում ենք, ո՜վ Տիրուհի, ողորմության մի խոսքի. մենք, որոնց վրա ծանրանում է դատապարտության ահեղ վճիռը։ Եվ ահա՛ քեզ տրվում է մեր փրկության գինը. եթե դու համաձայնվես, մենք իսկույն կազատագրվենք։

Աստծո հավիտենական Բանի(1) զորությամբ ստեղծվեցինք մենք բոլորս, բայց ահա՛ մահանում ենք. քո համառոտ պատասխանի մեջ մենք շուտով վերաստեղծվելու ենք, վերստին կյանքի կոչվելու համար։

Դա քեզնից աղաչելով խնդրում է, ո՜վ ողորմած Կույս, Ադամը, որ դրախտից արտաքսված՝ ողբում է իր տարաբախտ սերնդի հետ միասին։ Դա խնդրում է Աբրահամը, դա խնդրում է Դավիթը, դա աղերսագին խնդրում են մյուս բոլոր սուրբ Նահապետները, քո այդ նախահայրերը, որոնք նույնպես բնակվում են «մահվան խավարի մեջ փակված վայրում»։ Դա սպասում է «աշխարհն ամբողջ», «ծնկներիդ նետվելով». և իրավացի կերպով, քանի որ քո բերանի խոսքից է կախված թշվառների մխիթարությունը, բանտարկյալների փրկագնումը, դատապարտվածների ազատումը, ի վերջո՝ Ադամի բոլոր զավակների, իր ողջ ցեղի փրկությունը։

Ո՜վ Կույս, իսկույն տո՛ւր քո պատասխանը Տիրոջը, արտասանի՛ր խոսքը, որին սպասում են երկիրը, դժոխքն ու երկինքը։ [...]

Ո՜վ Կույս երանելի, բացի՛ր սիրտդ վստահությանը, շուրթերդ՝ հավատքի խոսքին, գիրկդ՝ Արարչին։

Ահա՛, Նա, ով «ցանկալի է բոլոր ազգերին», դրսում է և բախում է «դուռը»։ Օ՜հ, չպատահի հանկարծ, որ Նա անցնի ու գնա, մինչ դու հապաղում ես։ Եվ դու ստիպված կլինես վերստին սկսել ցավի մեջ փնտրել Նրան, ում քո հոգին սիրում է։

Վե՛ր կաց, վազի՛ր, բացի՛ր։ Վեր կաց հավատքով, վազիր եռանդով, բացիր քո խոսքով։ [...]

(1) Գրաբարյան «բան» եզրը (հունարեն՝ լոգոս), որ սովորաբար թարգմանվում է որպես «խոսք», բայց կարող է նշանակել նաև «միտք», «իմաստ», բան-ականության, բան-ավորության արմատն է, որով մատնանշվում է գոյություն ունեցող ամեն ինչի գոյութենական իմաստը և հակառակվում է անիմաստությանը, ան-բան-ությանը, ան-բան-ականությանը։ Հատկանշական է, որ հայերենում գոյություն ունեցող ամեն ինչ մատնացույց է արվում որպես «մի բան», այսինքն՝ իր մեջ բանականություն պարունակող միավոր։ Գրվելով մեծատառով, «Բան» («Լոգոս»), հասկանում ենք Աստվածային Միտքը, Իմաստությունը, Խոսքը (Ամենասուրբ Երրորդության երկրորդ Անձը՝ Որդին), որը ստեղծված որևէ բանականության արմատն ու աղբյուրն է, որից կտրվելու, հեռանալու դեպքում ամեն բան դառնում է անբան, իմաստազուրկ, հակասական, անտրամա-բան-ական։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։