ՌՈՒՖԻՆՈՒՍ ԱՔՈՒԻԼԵՅԱՑԻ. « ՈՉ ՄԻ ՆՅՈՒԹ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՐԱՏԱՎՈՐԵԼ ԿՐԱԿԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ » – Գրադարան – Mashtoz.org

ՌՈՒՖԻՆՈՒՍ ԱՔՈՒԻԼԵՅԱՑԻ. « ՈՉ ՄԻ ՆՅՈՒԹ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՐԱՏԱՎՈՐԵԼ ԿՐԱԿԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ »

Ռուֆինուս Աքուիլեյացու (345-411) « Առաքելական Հավատո Հանգանակի մեկնություն » աշխատությունից, 12.
 


[...] Ոմանց անվայել է թվում փաստը, որ աստվածային վսեմաշուք վեհությունը անցել է ծննդաբերությանը ծառայող կանացի օրգանների միջով. նույնիսկ եթե, [ասում են], տեղի չի ունեցել արական սեռի հետ շփման անպատվությունը, այդուամենայնիվ՝ տեղի է ունեցել ապականումը հենց ծննդաբերության աղտեղության հետ շփման պատճառով։ Համառոտ կերպով պատասխանում ենք, ուստի, իրենց իսկ գաղափարների համաձայն։ Եթե մի մարդ, տեսնելով, թե ինչպես է մի երեխա մահանում ցեխով լի մի փոսի մեջ, եթե մտներ, ինքը մեծ և ուժեղ լինելով հանդերձ, այսպես ասած՝ ամենակեղտոտ փոսի մեջ, մահվան ճիրաններից այդ երեխային ազատելու համար, մի՞թե կպախարակես նրան այն բանի համար, որ մի քիչ ցեխոտվել է, թե՞ կգովաբանես նրան, որովհետև փրկել է կյանքը նրա, ով այլապես մեռնելու էր։ Բայց սա վերաբերվում է մի պարզ ու հասարակ մարդու։ Վերադառնանք, ուստի, քննելու բնությունը Նրա, ով ծնվել է։ Ըստ քեզ, որքանո՞վ է արևի բնությունը ավելի ստորակարգ, քան Նրա բնությունը։ Անկասկած, այնքանով, որքանով որ ստորակարգ է արարածի բնությունը իր Արարչի բնության համեմատ։ Արդ, ուշադիր եղիր. եթե արևի ճառագայթը ընկնում է ցեխով լի փոսի մեջ, մի՞թե դրանով այն արատավորվում է։ Կամ մի՞թե աղտեղությունը լուսավորելը անվայել է արևի համար։ Եվ կրակը, իր բնությամբ որքա՞ն ավելի ստորակարգ է, քան բնությունը Նրա, ում մասին որ խոսում ենք։ Բայց ոչ մի նյութ, որքան էլ որ կեղտոտ լինի ու անպարկեշտ, կարծում ենք, որ չի կարող արատավորել կրակի էությունը։

Այսպիսին են, ուրեմն, իրողությունները նյութական աշխարհում. և դու կարծո՞ւմ ես, որ Աստվածային վեհագույն ու անմարմին Բնության մեջ, որ շա՜տ ավելի գերիվեր է, քան կրակն ու լույսի որևէ ճառագայթը, կարող է ներմուծվել ինչ որ մի բիծ կամ մի արատ։ Եվ ուշադրությամբ լսիր նաև հետևյալը. մենք ասում ենք, որ մարդը Աստծո կողմից ստեղծվել է հողի ցեխով։ Եթե համարես, որ Աստված կարող է արատավորվել Իր արարածին փնտրելու գործում, որքա՜ն ևս առավել պետք է համարես, որ Նա արատավորվել է արդեն իսկ սկզբում, այդ արարածին ստեղծելու ժամանակ։ Եվ ավելորդ է դառնում հարցնելդ, թե ինչո՞ւ անցավ [ծննդաբերությանը ծառայող օրգանների] աղտեղի անցումով, երբ քո համար օրինավոր չէ հարցնելը, թե ինչո՞ւ ստեղծեց այդ աղտեղի բաները։ Եվ, հետևաբար, ուսուցանեց մեզ, որ այդ բաներն աղտեղի են ո՛չ թե իրենց բնությամբ իսկ, այլ՝ երբ գործածվում են աղտեղի նպատակներով։ Ինչպես նաև, մարմնին պատկանող ամեն բան ստեղծվել է միևնույն ցեխով և մեկը մյուսից տարբերվում է սոսկ տարբեր գործունեությամբ և իրենց բնական գործողություններով։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։