ՍԲ. ՎԻՆՉԵՆՑԻՈՒՍ ԼԵՐԻՆԱՑԻ, « ՈՉ ՈՔ ԹՈՂ ՈՐ ՉՓՈՐՁԻ ԶՐԿԵԼ ՍՈՒՐԲ ԿՈՒՅՍ ՄԱՐԻԱՄԻՆ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՇՆՈՐՀԻ ԻՐ ԱՌԱՆՁՆԱՇՆՈՐՀՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ » – Գրադարան – Mashtoz.org

ՍԲ. ՎԻՆՉԵՆՑԻՈՒՍ ԼԵՐԻՆԱՑԻ, « ՈՉ ՈՔ ԹՈՂ ՈՐ ՉՓՈՐՁԻ ԶՐԿԵԼ ՍՈՒՐԲ ԿՈՒՅՍ ՄԱՐԻԱՄԻՆ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՇՆՈՐՀԻ ԻՐ ԱՌԱՆՁՆԱՇՆՈՐՀՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ »

Սբ. Վինչենցիուս Լերինացու (5րդ դար) « Ընդհանրականության կանոնագիրք » աշխատությունից, 15.
 


[...] Քրիստոսի անձի միությունը կազմավորվել և կատարելագործվել է ո՛չ անշուշտ Կույսից ծնվելուց հետո, այլ՝ ինքնին կուսական արգանդում։ Պետք է, արդարև, ուշադիր լինենք, գերագույն հոգատարությամբ, դավանելու, որ Քրիստոսը ո՛չ միայն մեկ է, այլ՝ միշտ մեկ է եղել. անհանդուրժելի աստվածանարգություն է, եթե դու, դավանելով հանդերձ, որ Նա [այժմ] մեկ է, այդուհանդերձ պնդում ես, որ եղել է մի ժամանակ, երբ չի եղել մեկ, այլ՝ երկու. այսինքն, մեկ՝ մկրտությունից հետո, երկու՝ ծննդյան պահին։ Եվ ուրիշ կերպ չենք կարող խուսափել այս անասելի սրբապղծությունից, եթե ոչ՝ ընդունելով, որ հանձինս Նրա Աստված միացավ մարդուն, և անձնակա՛ն միությամբ, ո՛չ թե համբարձումից կամ հարությունից կամ մկրտությունից հետո, այլ՝ արդեն Մոր մեջ, արդեն արգանդում, արդեն կուսական հղացման պահին ևեթ։ Իսկ այս անձնական միության արդյունքում՝ Աստծո հատկությունները վերագրվում են մարդուն, անխտիր կերպով և առանց միմյանցից զատելու, իսկ մարմնի հատկությունները վերագրվում են Աստծուն։ Այս պատճառով է, որ աստվածորեն գրված է, որ մարդու Որդին իջավ երկնքից (հմմտ. Հվհ 3, 13), և որ փառքի Տերը խաչվեց երկրի վրա (հմմտ. 1Կր 2, 8)։ [...] Այդ անձնական միության արդյունքում, [...] միևնույն խորհրդի պատճառով, կատարվել է այնպես, որ երբ [մարդացյալ] Բանի(1) մարմինը ծնվեց անարատ Կույսից, Բանն Աստված Ինքը ծնվեց Կույսից. սա՛ է մեր հավատքը ըստ ճշմարիտ և ուղղադավան ընդհանրական հավատքի, և սա մերժելը ծայրաստիճան ամբարշտություն է։

Այսպիսին լինելով իրականությունը, թող որ ոչ ոք չլինի, որ կփորձի զրկել Սուրբ Կույս Մարիամին աստվածային շնորհի իր առանձնաշնորհություններից և իր յուրահատուկ փառքից։ Պետք է, արդարև, դավանենք գերագույն ճշմարտությամբ ու բերկրանքով, որ նա Աստծո ծնողն է, մեր Տեր Աստծո պարգևով. մեր Տեր Աստծո, որ իր Որդին է։ Բայց այդպիսին չէ որոշ ամբարիշտ հերետիկոսության(2) կողմից հասկացված եղանակով, որոնք ասում են, թե [Մարիամը] պետք է Աստծո Մայր կոչվի սոսկ տիտղոսի իմաստով, այսինքն՝ այն իմաստով, որ իբր ծնել է մի մարդ, որը հետո դարձել է Աստված. այդ կերպ քահանայի մայր կամ եպիսկոպոսի մայր ենք անվանում ո՛չ թե նրան, ով մի քահանա է ծնել կամ մի եպիսկոպոս, այլ՝ մի մարդ, որը հետո դարձել է քահանա կամ եպիսկոպոս։ Այսպիսի եղանակով չէ, կրկնում եմ, որ երանելի Կույսը կոչվում է Աստվածածին, այլ՝ այն իմաստով, որ ասացի քիչ առաջ. նրա սրբազան արգանդում կատարվեց այս սրբազնասուրբ խորհուրդը. [Հիսուս Քրիստոսի] անձնական միակ ու եզակի միության արդյունքում՝ ինչպես որ մարմնացյալ Բանը մարմին է, այնպես էլ Աստծուն միացած մարդը Աստված է։ [...]

(1) Գրաբարյան «բան» եզրը (հունարեն՝ լոգոս), որ սովորաբար թարգմանվում է որպես «խոսք», բայց կարող է նշանակել նաև «միտք», «իմաստ», բան-ականության, բան-ավորության արմատն է, որով մատնանշվում է գոյություն ունեցող ամեն ինչի գոյութենական իմաստը և հակառակվում է անիմաստությանը, ան-բան-ությանը, ան-բան-ականությանը։ Հատկանշական է, որ հայերենում գոյություն ունեցող ամեն ինչ մատնացույց է արվում որպես «մի բան», այսինքն՝ իր մեջ բանականություն պարունակող միավոր։ Գրվելով մեծատառով, «Բան» («Լոգոս»), հասկանում ենք Աստվածային Միտքը, Իմաստությունը, Խոսքը (Ամենասուրբ Երրորդության երկրորդ Անձը՝ Որդին), որը ստեղծված որևէ բանականության արմատն ու աղբյուրն է, որից կտրվելու, հեռանալու դեպքում ամեն բան դառնում է անբան, իմաստազուրկ, հակասական, անտրամա-բան-ական։

(2) Ի նկատի ունի Նեստորական հերետիկոսությունը։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։