1. ՄԱՐԻԱՄԸ ԱՎԵՏԱՐԱՆՈՒՄ. ԼՌՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՐՈՒԹՅՈՒՆ – Գրադարան – Mashtoz.org

1. ՄԱՐԻԱՄԸ ԱՎԵՏԱՐԱՆՈՒՄ. ԼՌՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՐՈՒԹՅՈՒՆ

Ավետարանական չորս գրքույկներում, որոնք առանց աճապարանքի, կենսական տարբեր պահանջների համաձայն գրի են առնվել սկզբի քրիստոնեական տարբեր համայնքներում, Մարիամի ներկայությունն անկասկած նշանակալի է: Թվով մոտ 152-ն են նորկտակարանյան այն տողերը, որ վերաբերվում են նրան: Դրանցից 90-ը գրի են առնվել Ղուկասի կողմից, 89-ը Ավետարանում (1, 26-56; 2, 1-52; 8, 19-21; 11, 27-28), իսկ 1-ը՝ Գործ Առաքելոց գրքում (1, 14): Մատթեոսը պահպանել է Մարիամին վերաբերվող երկու տեսակի հիշողություն, մեկը մանկությունից (1, 16-25; 2, 11-23), իսկ մյուսը՝ հասարակական գործունեության տարիներից (12, 46-50; 13, 55): Մարկոսն ավանդել է միայն երկու խիստ չափավոր տեղեկություններ, որոնք հիշվում են նաև Ղուկասի ու Մատթեոսի կողմից և վերաբերվում են Հիսուսի քարոզչական տարիներին (3, 31-35; 6, 3): Հովհաննեսը, որ գրել է Առաջին դարի մոտավորապես 90-ական թվականներին, ավանդել է Հիսուսի և Մարիամի վերաբերյալ ամենահասուն ու ամենաառաջադեմ ընկալումներից մեկը: Գրի է առել երկու դրվագներ, որոնք մյուս Ավետարանիչների մոտ բացակայում են. Կանայի հարսանիքը և Մոր ներկայությունը խաչի մոտ (2, 1-12; 19, 25-27): Այս դրվագների կողքին կարելի է ավելացնել նաև արևով զգեստավորված կնոջ տեսիլքը Հովհաննու Հայտնության գրքում, թեև այդ հատվածի մեկնաբանություններն ու վերագրումները բազմապիսի են և միմյանցից տարբերվող (Հյտ 12, 1-6):
Մարիամը փրկության քարոզին (առաքելական ժամանակաշրջանին բնորոշ kḗrygma-ին) մաս կազմող թեմաներից մեկը չի հանդիսացել, այլ՝ պատկանում է սկզբնական Եկեղեցու հետագա մտորումներին: Տեղի է ունեցել մի տեսակ անցում. լռությունից դեպի գրություն: Ինչպես նաև, որքան գրություններն ավելի հին են, Հիսուս Նազովրեցու պատմական դեպքերին մոտիկ, այնքան ավելի քիչ է խոսվում Մարիամի մասին: Որքան ժամանակն առաջ է գնում, այնքան ավելի ընդարձակ ու հստակ է դառնում Մարիամի ներկայությունը:
Սրբուհի Մարիամը մի բացարձակ նորություն է բոլոր կրոնների պատմության մեջ, որովհետև չի պատկանում իգական աստվածությունների դասին, միջերկրական տարածաշրջանի բազմաթիվ աստվածուհի-մայրերին, որ պատկանում էին անատոլիական, փյունիկյան, եգիպտական մշակույթներին: Նորությունն այն է, որ Աստված հայում է այս աղջնակի աղքատությանը, ընտրում է գյուղացի աղջկա անմշակ դեմքը և ո՛չ թե Վեներայի նրբորեն խնամված գեղեցկությունը, ո՛չ թե Միներվայի խելացիությունը, և այս ընտրված աղջիկը մնալու է աղքատ և ձեռքերը աշխատանքից կոշտացած: Չկա ոչ մի աստվածացում: Նորությունը սա է. Աստծո ընտրությունը չի բերում պատիվներ, հարստություններ, համբավ ու հեղինակություն: Վերջ չի դնում աղքատությանը կամ հասարակական աննշանությանը, այլ՝ բերկրանք ու երգ է բերում աղքատության մեջ: Մարիամը մնում է աղքատ և երգում է, մնում է անհայտ մի գյուղի աննշան աղջնակներից մեկը և երգում է. «Հոգիս պարում է իմ Տիրոջ մեջ»:
Հեթանոսական բոլոր հիերոգամիաների համեմատ նորությունը կայանում է Կույս-Մոր իրողության մեջ, համատեղության մեջ երկու այնպիսի հակադիր տարրերի, – որոնք առաջին անգամ լինելով մեկը մյուսին չեն սղում, – ինչպիսիք են կուսությունն ու մայրությունը, հարսնությունն ու կուսությունը: Սկզբնական Եկեղեցին Մարիամի վերաբերյալ խիստ չափավոր է եղել հենց այս պատճառով. իգական աստվածություններով լի կրոնների հետ շփոթման հնարավորությունները բացառելու համար. Նազարեթի աղջնակը աստվածուհի չէ: Եկեղեցու սկզբնական ժամանակներում Մարիամի շուրջը տիրող լռությունը շփոթեցուցիչ կամ զարմանալի չէ. միջերկրական տարածաշրջանի աստվածությունների նկատմամբ խզման և ամբողջական նորության նշանն է:
Եկեղեցու սկզբնական ժամանակների լռության պատճառներից ևս մեկը սա է. Մարիամը սերում է աղքատների պատմությունից, իսկ աղքատները պատմություն չունեն. մինչև իրենց քաղաքացիական կարգավիճակն անգամ, նրանք ամբողջովին խլված են պատմությունից: Անհետանում են առանց հետքեր թողնելու, ինչպես յուրաքանչյուր գարնան ծաղիկները: Աղքատները գրավոր ոչինչ չեն թողնում և աղքատների պատմությունը գրված է լինելու միմիայն երկնքում, ի մեծ զարմանս մեր: Եվ աղքատների նման, Մարիամը պատմության մեջ հայտնվում է, երբ սկսվում է ''նշանվածի'' իր քաղաքացիական կարգավիճակը: Ավետարանների համար, նա դրանից առաջ գոյություն չունի: Առաջին բանը, որ ասվում է նրա մասին, այն է, որ հրեշտակը «առաքվեց մի աղջկա մոտ, որ նշանված էր մի մարդու հետ»: Նշանված էր, որովհետև առաջին «այո»ն նա ասել է Հովսեփին, ո՛չ թե Աստծուն, ո՛չ թե հրեշտակին:
Աղքատները, մինչև իրենց քաղաքացիական կարգավիճակն անգամ, պատմություն չունեն: Միայն այն ժամանակ, երբ աղքատների աշխարհի արգասավոր արգանդը ծնում է մի հերոս, մի մայր կարողանում է մուտք գործել պատմության մեջ, որպես այդ հերոսի մայրը: Այդպիսին է նաև Մարիամի պարագան, նա հայտնի է որպես «Հիսուսի Մայրը», ևս մի աղքատ, որ միմիայն Աստծո կամքով է, որ դուրս է քաշվել պատմության լռությունից: Մարիամը, հետևաբար, մի ձեռքբերում է, որ աստիճանաբար բարձրացել է քրիստոնեական խորհրդածությունների հորիզոնին և որ մաս չի կազմում ավետարանական սկզբնական քարոզչությանը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։