Ավետումը զույգին – Գրադարան – Mashtoz.org

Ավետումը զույգին

Եթե կողք կողքի ենք դնում երկու Ավետարանները, – Մատթեոսինը, ուր գրի են առնվել հրեշտակի ավետաբեր խոսքերն ուղղված Հովսեփին, և Ղուկասինը, ուր ավետիսը տրվում է Մարիամին, – բացահայտում ենք, որ Ավետումն իրականում ուղղված է զույգին՝ ամուսնուն և կնոջը, ամուսնության ներսում: Երկուսին էլ, արդարին և կույսին, նշանված ամուսիններին:
Աստված Իր ամենաարտասովոր գործերը գործում, աշխարհի նոր ապագան կազմակերպում է արդեն ձևավորված զույգի երկխոսության, ողբերգության, ճգնաժամի, տարակուսանքների, սլացքների ու խոյանքների մեջ: Աստծուն ընծայված իրենց «այո՛»ն հնչում է այն փոխադարձ «այո՛»յի ներսում, որը Մարիամն ու Հովսեփն արդեն ընծայել էին միմյանց: Աստված չի խզում ամուսնական կապը, չի լուծարում զույգը, տարածք չի գողանում ընտանիքից, հայցում և ակնկալում է այս կրկնակի «այո՛»ն, այս ստեղծագործ «այո՛»ն, որը ստեղծագործ է հենց այն պատճառով, որ ասվում է միասին և երկուսին պատկանում է ընդհանուր կերպով: Որովհետև միշտ ստեղծարար ուժ է հաղորդությունը, որն ինքնին մարգարեություն է, Աստծո Խոսք:
Զույգը, ուստի, ամուսնության մեջ, շա՜տ ու շա՜տ ավելին է, քան երկու միայնությունների համագումարը: Մարիամն ավելին է, քան Մարիամ Նազովրեցին. նա մի զույգի կեսն է: Եվ յուրաքանչյուր ամուսին և կին ավելին է, քան իր անձը. մի զույգի, հարաբերությունների մի ամբողջության կեսն է: Նպատակամղվածություն է, փոխադարձ հավատարմություն, փոխադարձ հանձնառություն, միասին կազմակերպված ապագա, մինչև որ մեկը կկարողանա մյուսին ասել. «Ես ծառայում եմ քո երջանկությանը»: Պատասխանատվություն, մանավանդ թե՝ մայրություն է մեկը մյուսի նկատմամբ. սիրելը հանգեցնում է մայրության, բացահայտել է տալիս մյուսի լավագույն կողմերը, դրանք ի հայտ բերել, դրանք պաշտպանել է տալիս: Եվ մայրական սերն այն է, որը վերարթնացնում է յուրաքանչյուրի մեջ կյանքի աղբյուրները: Մի համայնք կամ մի ընտանիք ճշմարիտ է, երբ նրանց մեջ յուրաքանչյուր ոք ընդունակ է արարքներ կատարելու և խոսքեր արտասանելու, որոնք վերարծարծում են մյուսների մեջ կյանքի ակունքները:
Սկզբում ասվել էր. «Եվ երկուսը միայն մեկ մարմին կլինեն» (Ծնդ 2, 24): Այսպես է սկիզբ առնում պատմությունը, բայց վերջում՝ դաշինքի մեջ գտնվող տղամարդու և կնոջ վերջին խոսքը լինելու է ո՛չ միայն հաղորդության մի խոսք, – երկուսինը, որ դառնում են մեկ, – այլ՝ լիության խոսք, երբ նրանցից յուրաքանչյուրը կհասնի լինելու երկու: Այսինքն, սերը կառաջնորդի քեզ ապրելու երկու կյանք, առնվազն երկու կյանք, երբ ընդունակ կդառնաս ստանձնելու մյուսի կյանքը որպես քո սեփական պատմության քաղցր և ուժգին մասը: Սերը մյուսի համար ինքնազոհությունը չէ միայն, սեփական անձի կորուստը չէ միայն: Վերջում, սերը սեփական էության ընդարձակումն է, մինչև որ կդառնաս երկու: Սա նշանակում է իբրև քոնը ապրել ամուսնուդ, կնոջդ կյանքն ու տկարությունները, անապատներն ու վերադարձները: Սերն առաջնորդում է երկուսին լինելու մեկ, բայց հետո՝ երկուսից յուրաքանչյուրին առաջնորդում է ապրելու երկու կյանք, առնվազն երկու կյանք: Եվ նրանցից յուրաքանչյուրը կլինի մյուսի համար հավելյալ քաջություն, հավելյալ բերկրանք, հավելյալ կյանք, մինչև այն բերկրալի ու խորհրդավոր այցելությունը, որ զավակներն են:
Սկզբում Աստված Իր խոսքն ուղղում է Կայենին, հարցնելով. «Կայեն, այդ ի՞նչ ես արել եղբորդ՝ Աբելին» (Ծնդ 4, 9): Բայց պատմության վերջում Աստված Իր խոսքն ուղղելու է յուրաքանչյուրին, հարցնելով. «Աբել, դու ի՞նչ ես արել եղբորդ՝ Կայենին» (Ն.Ա. Բերդյաև): Պատմության լիությունը, մայրությունը կհասնի այն ժամանակ, երբ Աբելն իր խնամքի ու հոգատարության ներքո կառնի Կայենին, սպանվածը՝ սպանողին: Այդ ժամանակ պատմությունը կդառնա սրբազան, այն Աստծո պատկերով ու նմանությամբ, որն առաջինն էր, որ հոգատարություն ցուցաբերեց նաև Կայենի նկատմամբ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։