Արեգակն հագած կինը. Հայտնություն 12, 1-6 – Գրադարան – Mashtoz.org

Արեգակն հագած կինը. Հայտնություն 12, 1-6

Եվ մի մեծ նշան երևաց երկնքում. մի կին, արեգակն իր վրա գցած, լուսինն իր ոտքերի տակ, իսկ գլխին մի պսակ՝ տասներկու աստղերից: (Նա հղի էր ու ճչում էր երկունքի մեջ, և բազում ցավերով մոտ էր ծնելու):
Եվ մի ա՛յլ նշան ևս երևաց երկնքում. մի վիթխարի հրակարմիր վիշապ, որ յոթը գլուխ ուներ և տասը եղջյուր, և յոթը թագ կար նրա գլուխների վրա: Եվ նրա պոչը քարշ էր տալիս երկնքի աստղերի մեկ երրորդ մասը, և դրանք գցում էր երկրի վրա:
Վիշապը կանգ առավ այդ կնոջ առաջ, որ ծնելու վրա էր, որպեսզի, երբ կինն իր որդուն ծնի, կուլ տա նրան: Եվ կինը մի արու զավակ ծնեց, որ սահմանված էր երկաթե գավազանով իշխելու բոլոր ազգերի վրա: Եվ որդին իսկույն հափշտակվեց, տարվեց Աստծո և Նրա Գահի մոտ: Իսկ կինը փախավ դեպի անապատ, ուր իր համար ապաստան էր պատրաստվել Աստծուց:
 
 
Հայտնության գրքի 12րդ գլխի տեսիլքը, ըստ Եկեղեցու Հայրերի ավանդության և մեկնողական արդի գրականության համաձայն, նախևառաջ վերաբերվում է Եկեղեցուն: Հետագայում է միայն, հյուսվածքի նման, որ արեգակը զգեստի նման հագած կնոջ կերպարը կարող է վերագրվել Մարիամին, Փրկչի Մորը: «Կին» եզրը, որը – հատկապես Հովհաննեսի, բայց նաև Ղուկասի մոտ – գործածվում է Մարիամին մատնանշելու համար, Հայտնության գրքի 12րդ գլխի այս հատվածի համար հնարավոր է դարձնում նաև մարեմաբանական բացատրության որդեգրումը: Համենայն դեպս, տվյալ հատվածի մարեմաբանությունը ամբողջովին քրիստոսակենտրոն է. «կնոջ» կերպարը անմնացորդ կերպով կողմնորոշված է դեպի որդին:
 
Մի կին տեսա, արևը հագած. մի կին, որ մոտ էր ծնելու:
 
Զմայլելի պատկեր է սա, որ վերաբերվում է Մարիամին, բայց նաև՝ ճանապարհ ընկած ողջ Եկեղեցուն, մանավանդ թե՝ ճանապարհ ընկած մեզնից յուրաքանչյուրին: Պատկերն այն բանի, ինչը որ բոլորս էլ պարտավոր ենք փորձել լինել. պատկերն այն բանի, ինչը որ արդեն իսկ ենք, գոնե իբրև նոր սկիզբ առած ճշմարտություն, խորհրդանշանն ապագայի, որն արդեն իսկ բնակվում է մեզնում.
– արևով զգեստավորված անձինք.
– նոր կյանքեր ծնող էակներ.
– և պատրաստ՝ պայքարելու չարի դեմ:
Բոլորս կանչված ենք լույսով զգեստավորված այս անձի մեջ ճանաչելու ինքներս մեզ՝ մենք էլ մեր հերթին լինելու համար արևաշող, լուսափայլ, լույսով զգեստավորված էակներ. ճանաչելու մեզ հանձինս այս հղի կնոջ, լինելու համար կյանք ծնող էակներ, ընդունակ նեցուկ կանգնելու, մխիթարելու, մինչև իսկ բազմապատկելու կյանքը մեր շրջապատում: Եկեղեցին իր համար որպես առաջին նպատակ չի դնում ուսուցանելը, կամ աղոթելը, կամ կազմակերպելը, այլ՝ կյանք ծնելը: Հովվական աշխատանքը կյանք ծնող գործունեություն է (հմմտ. Գղտ 4, 19), իսկ քրիստոնյան դա վերստին ծնված մեկն է, մի նոր արարած, ո՛չ թե իմաստուն, կամ փիլիսոփա, կամ ճգնավոր:
Մարիամի-Եկեղեցու-Մարդկության կերպարն իր մեջ խտացնող այս խորհրդավոր անձնավորությունն ինչո՞վ է հղի: Ո՞վ է, որ լույս աշխարհ է գալու նրա միջոցով: Ի՞նչ է, որ այսօր ծնվում է մարդկության արգանդում: Հայտնությունը («ἀποκάλυψις») – մեր ներկա պատմությունը – կամենում է, որ ուշադրություն ընծայենք կյանքի բոլոր նշաններին: Մեր կոչումը գաղթելն է դեպի կյանքը: Կան մարդիկ, որոնք թվում է, թե շարունակ թառամում են և թառամել են տալիս այն ամենին, ինչին որ հպվում են, մինչդեռ կան ուրիշներ, որոնք թվում է, թե կյանքի բողբոջներ են շարունակ ծաղկեցնում: Հայտնության գիրքը հաստատում է, որ այս վերջիններն են մեր տիպար օրինակները, որովհետև ապագան հղի չէ մահով, այլ՝ կյանքով:
Արևով զգեստավորված կինը, որ մոտ է ծնելու, պայքարի մեջ է լույսն ու կյանքը լափող վիշապի դեմ. քարշ էր տալիս ու ներքև էր գցում աստղերը, «հանգցնում էր երկինքը և պատրաստվում էր կուլ տալ արգանդի պտուղը» (հմմտ. Հյտ 12, 3-5): Ո՞վ է վիշապը: Բոլոր ժողովուրդների ավանդություններում վիշապը չարի խորհրդապատկերն է: Այն ժամանակ, երբ գրի է առնվել Հայտնության գիրքը, թերևս մատնանշել է կուռքերի աշխարհը, կամ հռոմեական տիրապետությունը, կամ էլ Երուսաղեմի ատյանը: Իսկ այսօր, մե՛ր համար, ո՞վ է վիշապը: Այսօր վիշապը խորհրդապատկերն է բախումների, ցեղասպանությունների, բոլոր տեսակի բռնությունների, կաշառակերության ու ապականությունների, գաղափարականների փլուզման, կյանքը հանգցնող դատարկության և այն մահվան սպառնալիքի, որը մեր մեջ սնուցում ենք մեր իսկ սերերով, մեր իսկ արյամբ: Մարիամը մայրաբար մասնակցում է խավարի ուժերի դեմ մղվող դաժան ճակատամարտին, որն ընթանում է մարդկային պատմության ողջ ընթացքում (հմմտ. Սբ. Հովհաննես Պողոս Երկրորդ, Կոնդակ Փրկչի Մայրը [Redemptoris Mater], 47, 3):
Եվ, հետևաբար, մենք նույնպես աղոթում ենք. «Մի՛ տար մեզ փորձության, այլ՝ փրկիր մեզ չարից», վիշապից, սատանայից (հմմտ. Մտթ 6, 13), որը մեր կյանքով, մեր լույսով է սնվում, և որ բաժանում է, և որ խաբում է, և որ զինում է մեկին մյուսի դեմ: Մեր երկրային կյանքը լույսերի միջով առաջ խաղացող ընթացք չէ: Կա պայքար և վիշտ ու ցավ: Բայց դրանք երկունքի ցավեր են, այլ ո՛չ թե հոգեվարքի. ցավեր են կյանքի համար, այլ ո՛չ թե մահվան: Հավատքի մեջ բոլոր ցավերը անցողիկ իրողություններ են և կյանքի, աճման, փառքի պայման ու վիճակ:
Առաջին պատկերը – արևով զգեստավորված կինը – ասում է նաև, թե ինչպիսին ենք մենք ինքներս. լուսեղեն էակներ, որոնց առաջադրանքը մեր ներսում թաղված ամբողջ լույսն ազատ արձակելու դժվարին ու բերկրալի ջանքն է: Նոր մարդու, դեպի կյանքն ուղղված գաղթուղու վրա քայլող մարդու բնութագիրը պայքարելու քաջությունն է, որովհետև ատելությանը հնարավոր է հաղթել, այն հնարավոր է քայքայել, սպառել սիրո դիմաց: Պայքարելու քաջությունը, որովհետև ոչ մի փոփոխություն ճշմարիտ բերկրանք չի հաղորդում, եթե չի կատարվում դեպի վեր ձգվող ճանապարհը հաղթահարելով, բարձրանալու ջանքով: Այս տիեզերական պայքարում Մարիամն արդեն իսկ հաղթանակող է, իրավիճակների գլխիվայր արմատական փոփոխությունների Կինն է, նա, ով մեր առջևից ընթանում է հրեղեն սյան նման (հմմտ. Ել 13, 21), որպես արշալույսանման ներկայություն պատմության մեծագույն շրջադարձերում, լուսափայլ մայր՝ մեր պատմության բազմաթիվ էջերի ամուլ ու ցրտաշունչ խավարի դեմ: Նա կյանքի և կյանքի հանդեպ հոգատարության, անառիկ ամրության և անխախտ գեղեցկության նախատիպարն է: Սա՛ է պատկերը մեր ապագայի, պատկերն այն բանի, ինչը որ կանչված ենք լինելու. լույսի ու գեղեցկության կնիքը մեր վրա կրող արարածներ, հղի կյանքով և պայքարելու քաջությամբ ընդդեմ այն ամեն ինչի, որ սպանում է:
 
 
Վիշապի դեմ Կնոջ հաղթանակը
իջեցնում է – Մարիամի փառավորված հոգուց ու մարմնից –
մինչև մեզ, – իբրև մի օրհնություն այն ամեն ինչի վրա,
որ ներկայացնում է ապրելու մեր ջանքը, –
օրհնություն
տարիների վրա, որ անցնում են,
մերժված գորովանքների վրա,
տառապանքով կրված միայնությունների վրա,
մեր այս մարմնի անկյալ վիճակի վրա,
մահվան ապականության վրա,
մեր փոքր կամ մեծ կարմիր վիշապի վրա, որը սակայն
չի կարողանալու խլել մեզնից կյանքի պտուղը,
չի կարողանալու խժռել մեզնից ծնվածին (հմմտ. Հյտ 12, 4),
չի կարողանալու ավերել, այսինքն, այն՝ ինչ ստեղծել ենք կամ ծնել
կյանքի ուխտագնացության ընթացքում,
որովհետև «ամեն բան Քրիստոսինն է, իսկ Քրիստոսն՝ Աստծունը» (1Կր 3, 23):
Մենք պետք է բնակվենք երկրի վրա
կրելով մեր մեջ երկնքի այն մասը, որը երկրի հիմնական բաղադրամասն է:
Պետք է միայն քայլենք տակավին,
զբաղվելով միայն ապագայով, որ մեզնում է:
Այդ դեպքում, մեծ ճամփորդությունը կդառնա
մի փառահեղ գաղթականություն դեպի Կյանքը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։