Արվարձանը – Գրադարան – Mashtoz.org

Արվարձանը

«Մեծացուսցէ»ն Խոսք է, որ խոսում է Աստծո մասին, և որ միաժամանակ խոսում է մարդու մասին, և ուղղակիորեն ու անուղղակիորեն խոսում է նաև իր՝ Սրբուհի Մարիամի մասին. հանդիպման կետն է աստվածաբանության, մարդաբանության և մարեմաբանության:
Մարիամը մարգարեանում է մի արքայություն, որը միաժամանակ աստվածաբանական է և մարդաբանական. արքայությունն Աստծունն է, բայց մարդու համար է. արքայությունը երկնքինն է, բայց երկրի համար է: Արքայությունը գալու է կյանքի ծաղկումով, կյանքն ամեն տեսանկյունից դիտված. և, ուրեմն, Աստված անաչառ ու անկողմնակալ չէ հարուստների ու աղքատների միջև, Աստված նախընտրություններ ունի և տարբերություն է դնում խոնարհների ու հպարտների միջև: Եվ ընտրում է արվարձանի ճանապարհը, աշխարհ է մտնում ցածրակարգ կետից, այնտեղից, ուր կյանքն առավել սպառնալիքների է ենթարկվում: Մարիամն ունեցել է այս իրականության փորձառությունը («Հայեց Իր աղախնու փոքրկությանը»), Հիսուսն այս ճշմարտությունը գաղափարականացրեց Նազարեթի ժողովարանում (հմմտ. Ղկս 4, 18), ավետելով Իր առաքելության չորս դրդապատճառները.
 
Եկել եմ
բարի լուրն ավետելու աղքատներին,
ազատություն հռչակելու բանտարկյալներին,
տեսողություն շնորհելու կույրերին,
ազատագրելու ճնշվածներին (Ղկս 4, 18):
 
Սրանք Աստծո գործերի չորս դրդապատճառներն են: Ադամը դարձել է աղքատ, կույր, գերի, կեղեքված: Այս պատճառով է, որ Աստված դարձավ Ադամ: Իր նպատակն ի մի հավաքելն է նրանց, ովքեր ապրում են աշխարհի արվարձաններում, հարուստ որկրամոլների պալատների դարպասների տակ (հմմտ. Ղկս 16, 19): Իր նպատակն այն է, որ պատմությունն այլևս չծնի աղքատներ, կույրեր, գերիներ, հարստահարվածներ: Իր նպատակն է մի այր/կին՝ լիակատար կյանքով, ազատ, մարգարեական ոգիով, լուսաշող դեմքով ու հոգիով, սիրով լի. Կյանքի Ավետարանը:
Աստված որպես նպատակ չունի Ինքն Իրեն: Աստված որպես պատմության ամբողջ ընթացքի գագաթնակետ չի դնում Իրեն մատուցված պաշտամունքը, փառաբանությունը: Եվ ո՛չ իսկ Իր հանդեպ տածված սերը: Աստված որպես նպատակակետ ունի մարդկությունը՝ բժշկված, մարգարեական ոգիով, ազատ ու սիրող: Աստված Ինքն Իրեն մոռանում է Իր սիրո առարկայի ետևում, փրկում է ու աներևութանում, և այսպես վարվելով՝ մեզ հաղորդում է ամենամեծ պատգամը: Սրբուհի Մարիամը նույնպես, Աստծո մեջ ապրված ցնծության պահից հետո, ինքն իրեն գրեթե մոռանում է նոր սերնդի հանդեպ ապրված ցնծության ետևում:
Մարիամն արվարձանի կինն է: Ծնվել ու ապրում է Պաղեստինում, հռոմեական անծայրածիր կայսրության արվարձանային այդ փոքրիկ գավառում, ուր ոչ ոք հոժարությամբ չէր գնում, ո՛չ Պիղատոսը, ո՛չ Կյուրենիոսը: Գալիլիայից է, Պաղեստինի սահմանային այդ գավառից, որ գրեթե Սիրիայում է, գրեթե Լիբանանում, հեթանոս հողերում: Ապրում է Նազարեթում, այդ չնչին ավանում, որի անունը նախապես երբեք հիշված չէ Աստվածաշնչում: Կին է մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ կանանց իրավունքները գոյություն անգամ չունեն. երիտասարդ պարմանուհի է մի ժամանակաշրջանում, երբ հեղինակությունը գրեթե ամբողջովին տարեցների ձեռքում է. ամենայն հավանականությամբ անգրագետ է, մի կրոնի շրջանակներում, որն իր էությամբ իսկ գրի առնված խոսք է: Ուստի ամեն ոք կարող է ճանաչել իրեն Մարիամի անձում, որովհետև ոչ ոք նրանից քիչ չունի: Ուստի այն, ինչը հնարավոր եղավ իր համար, հավատքի մեջ, կարող է հնարավոր լինել նաև իմ համար: Իսկապես մեզնից յուրաքանչյուրի քույրն է. սա՛ է նրա մեծագույն առանձնաշնորհությունը: Քույր, որ առաջ քայլեց:
«Մեծացուսցէ»ն օգնում է մեզ հասկանալու, թե որոնք են Աստծո կողմից նախասիրված ճանապարհները, և հրավիրում է մեզ կրկին ճանապարհ ընկնելու, յուրաքանչյուրս մեր արվարձաններից, մեր կղզիացումներից ու անտեսվածություններից, մեր խտրականություններից, մարդկության այն հատվածից, որը մենք կամ ուրիշները – սա սակավ կարևորություն ունի – կղզիացրել ենք ու անտեսել. նրանցից, որոնց ես չեմ կարողանում ներառել հյուրընկալությանս տեսադաշտից ներս: Աստված սպասում է մեզ այնտեղ, ուր մենք երբեք չէինք կամենա լինել: Հույսի գաղտնիքն այն է, որ Աստված աշխարհ է մտնում ո՛չ թե բարձր կետից, այլ՝ ցածրից: Եվ «ցածր կետը» սեփական տեսադաշտից չկորցնելը, աղքատների դատը պաշտպանելու նվիրումը պետք է լինի իրական աստվածապաշտների առաքինությունը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։