Բաղդատական ընթերցում – Գրադարան – Mashtoz.org

Բաղդատական ընթերցում

Աստվածաշնչում մեկ միակ մի նյութ է զարգանում և միմիայն հատվածների ամբողջությունն է, որ մեզ ընծայում է ամբողջական իմաստը: Ինչպես նաև, Հովհաննեսի Ավետարանը միշտ հարկավոր է ընթերցել Հայտնության գրքի, Ղուկասի Ավետարանը՝ Գործք Առաքելոցի հետ միասին, ապա թե ոչ՝ կորստյան է մատնվում ավետարանական իրադարձության դեպի մեր պատմություն լուսարձակման իմաստը: Գործք Առաքելոց և Հովհաննեսի Հայտնության գրքերը կարծես հրվանդաններ են, որ մխրճվում են քայլքի մեջ գտնվող մարդկանց մեր պատմությունների մեջ: Ավետարանական խոսքերը լույս են սփռում փոխադարձաբար մեկը մյուսի վրա, և դրանցից յուրաքանչյուրը սերմի նման է, լի իմաստներով, որոնք աստիճանաբար աճում են, փթթում ու հուռթիանում: Դրանցից յուրաքանչյուրի մեջ պարփակված են շա՜տ ավելի մտքեր ու իմաստներ, քան որքան կարողանում ենք երբևէ ընկալել ու հասկանալ:
 
Միմյանց բաղդատելով Ղուկասի և Հովհաննեսի Ավետարանները, երկու Ավետարաններում մարգարտաշարի նման ընթերցելով այն, ինչ վերաբերվում է Մարիամին, բացահայտում ենք, որ նրանց համար ընդհանուր հատկություն է կնոջ արժևորումը. երկուսն էլ պանծացնում են իգականը, Ղուկասի «Օրհնյա՜լ ես դու կանանց մեջ» արտահայտությունից մինչև Հովհաննեսի «արևով զգեստավորված կին» արտահայտությունը: Հիսուսի պատմության սկզբում և Հայտնության գրքում, որն ապագայի հորիզոնն է, գտնում ենք լույսով զգեստավորված և օրհնված մի մարդկություն: Գեղեցկագույն խորհրդանշանն այն բանի, ինչն ամբողջ մարդկությունը կանչված է լինելու. օրհնյալ, արևով զգեստավորված, լույսով զգեստավորված, փոխ վերցնելով Աստծո զգեստապահարանից, որ է արևը, լուսինն ու աստղերը:
Միմյանց բաղդատելով Ղուկասի և Մատթեոսի գրությունները, գտնում ենք ընդհանուր երկու հատկանիշներ. մայրությունը և կուսությունը: Հարս, կույս, մայր: Իրենց գրքերի առաջին երկու գլուխներում, որոնք սովորաբար կոչվում են «մանկության Ավետարան», նրանք համաձայնվում են բազմաթիվ մանրամասների շուրջ. Մարիամի արգանդում Հիսուսի կուսական հղացումը, Սուրբ Հոգու միջամտության հստակ ու բացահայտ հիշատակումը, Մարիամի կուսական վիճակը, Հովսեփի հետ Մարիամի նշանված լինելը, Հիսուսի ծնունդը Բեթղեհեմում, Հիսուսի մանկությունը Մարիամի ու Հովսեփի հետ Նազարեթում:
 
Մարիամի մասին սակավաթիվ տվյալներ կան, որոնք ընդհանուր են Ավետարանիչների մոտ: Նրանցից յուրաքանչյուրը կարողացել է մեկ կամ մի քանի նրբերանգ միայն ընկալել, որդեգրել է աստվածաբանական տարբեր տեսակետներ, ինչը որ Սրբուհի Մարիամի նկատմամբ ո՛չ թե միապաղաղ, այլ՝ միմյանց փոխադարձաբար լրացնող զգացողությունների հայելացումն է: Պողոսը, իր գլխապտույտ պատճառող իմացականությամբ, հետաքրքրվել է միայն Խաչի և Հարության քրիստոսաբանական թեմայով, անտեսելով հարակից որևէ հարց, ներառյալ Մարիամին վերաբերվող մանրամասնությունները: Մարկոսը, որը Նոր Կտակարանի ամենաանմիջական, անպաճույճ ոճով գրող հեղինակն է, որի գործածած լեզուն երբեմն նաև սխալ է լեզվաբանական տեսանկյունից դիտված, այդուհանդերձ՝ ժողովրդական մակարդակի վրա ամենաաշխույժն է, սկսում է հետաքրքրվել աշակերտի հոգևոր ընթացքով, և հետևաբար՝ Մարիամն իր մոտ ներկայանում է միայն որպես աշակերտ: Մատթեոսը, նվազ պատկերավոր, ավելի ուղիղ, ավելի գորշ, ավելի ճշգրիտ նաև, հետաքրքրվում է հավատարիմ Իսրայելի պատմությամբ և Մարիամն իր մոտ ներկայանում է որպես արդար իսրայելացու հարսը: Ղուկասը, որ գրում է քնքշանքի գրչով, Մարիամին ներկայացնում է որպես Աստծուց սիրվածին, տիպար օրինակ երգի ու ապշանքի, և ժամանակի հանգույց, իբրև Նա, ով անձամբ մասնակցում է փրկության պատմությանը: Հովհաննեսը, բարդ, այլաբանական, սրտի աստվածաբան, Մարիամին ներկայացնում է որպես տիեզերական Կին, նոր Մայր: Խորացված և այլևս հասուն վերլուծությամբ, Մարիամը ճանաչում է Որդու մեսիական անդրանցականությունը և Նրանից ստանում է սիրեցյալ աշակերտի նկատմամբ մայրական խնամքի առաքելությունը:
Առաջին տվյալը, որի շուրջ Նոր Կտակարանի բոլոր գրությունները համաձայնվում են, պատմական գոյությունն է մի կնոջ, որից ծնվել է Հիսուսը: Առաջին երեք Ավետարանիչները և Գործք Առաքելոցի հեղինակը նշում են նրա անունը. Մարիամ: Միակ կետը, որ համընդհանուր է բոլորի համար, և բոլորի կողմից – Պողոսից մինչև Մարկոսը և մյուս բոլոր Ավետարանիչները – հիշվում ու ընդգծվում է, այն է, որ Մարիամը մայր է: Մարիամը Հիսուսի Մայրն է:
Մարիամը չի ներկայացվում առասպելական կամ գաղափարականացված մի համատեքստում, ո՛չ էլ ենթակա է այն բանին, որն այսօր կանվանեինք չափազանցված գովազդ. աչքի են ընկնում իր կյանքի սովորական ու կոնկրետ բնույթը, որոշում կայացնելու իր կարողությունը, երկխոսելու մեջ ցուցաբերած հասունությունը, ուրիշների հանդեպ հոգատարությունը, իմաստի իր անդադար փնտրտուքը, հասկանալու համար գործադրված ջանքը: Եվ այս տարրերը նրան դարձնում են պատմական կոնկրետ, հավաստի անձնավորություն, գաղափարականացնող որևէ հորինվածքից հեռու:
Մարեմական առակը աստվածաշնչյան գրություններում զարգանում է երեք փուլով. նախ՝ ֆիզիկական մայրությունը. ապա՝ աշակերտությունը, հետևորդությունը. վերջում՝ նոր ու վերջնական, հոգևոր մայրությունը: Իր և մեր համար:
Ավետարանների մարեմական խոսքերը բոլորն էլ թանկարժեք գոհարներ են Սուրբ Հոգու գանձատուփից, որոնք հարկավոր է հիշել և դրանց շուրջ մտորել ուշադիր ու հեզ սրտով: Մարիամի խոսքերն են: Բայց նաև Մարիամին ուղղված խոսքեր են, որոնք գրի են առնվել Ղուկասի և Հովհաննեսի երկու գրքույկներում: Մարկոսն ու Մատթեոսը գրի են առել խոսքեր միայն Մարիամի մասին, առանց մեջբերելու Մարիամի խոսքերից որևէ մեկը: Սրբուհի Մարիամի կերպարը, սակայն, ավելի լավ է լուսավորվում իր կողմից արտասանված և իրեն ուղղված թրթռուն խոսքերի շնորհիվ:
Մարիամը խոսել է յոթն անգամ. երկու անգամ Գաբրիելի հետ, երկու անգամ՝ Հիսուսի (տաճարում և Կանայում), մեկական անգամ՝ Եղիսաբեթի և Կանայի հարսանիքի սպասավորների հետ, և ապա՝ Մեծացուսցէն: Իր կյանքի մնացած տարիներից Ավետարաններում հավաքվել են միայն լռություններ: Բայց լռությունը, – ասվել է, – վայրն է, ուր հոգին կարող է թևատարած ճախրել (Անտուան Դը Սենտ-Էքզուպերի), ուր խտանում են ներկայությունները, ուր հնարավոր է կրկին վերադառնալ հուշերին, կրկին լսել, վերարծարծել, միմյանց հետ բաղդատել խոսքերն ու իրադարձությունները, փնտրելով դրանց խորին իմաստը (հմմտ. Ղկս 2, 29.51): Մարիամի լռությունը նպատակաուղղված չէ լռելուն, այլ՝ ունկնդրելուն: Մեծ լռություն է հարկավոր՝ Աստծո լռությունն ունկնդրելու համար: Մարիամի առաջին պատկերը ունկնդրող կնոջ պատկերն է. ավետող հրեշտակին, Եղիսաբեթի օրհնությունը, Սուրբ Ծննդյան հրեշտակներին, Սիմեոնի և Աննայի մարգարեությունները, սեփական սիրտը, տասներկուամյա Հիսուսի խոսքերը, ընտանեկան կյանքի առօրյան Նազարեթում (որը «քրիստոնեության մեծ դպրոցն է», Պողոս Վեցերորդի համաձայն): Մարիամը բոլորից առաջ ավետարանված արարածն է:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։