Գայթակղությունը – Գրադարան – Mashtoz.org

Գայթակղությունը

Ովքեր ապավինում են ուժին,
առանց գահի են:
Ովքեր ոչինչ չարժեն,
նրանց բույնը Նրա ձեռքերի մեջ է (հմմտ. Ղկս 1, 52):
 
Հուզմունքների ու ողբերգությունների այս «Մեծացուսցէ»ն – նուրբ հուզմունքների ու պատմական ողբերգությունների – մի երկխոսություն է ժամանակագրության ու հույսի, գոյություն ունեցողի ու հնարավորի միջև: Աստծո զորությունը պայթուցիկ իրավիճակներ է ստեղծում պատմության ներսում, և ստեղծում է աշխարհի ու մարդկային հարաբերությունների մի նոր ճարտարապետություն:
Մարիամը երգում է մի հույս, որը որևէ հույսի դեմ է, երգում է ընդդեմ ակներև իրականության, ասում է. պատմությունը կերտողները նրանք չեն, ովքեր հզոր են դրամով կամ խելացիությամբ, այլ՝ քաղցածներն ու խոնարհները: Աստված գրավի է գալիս ճիշտ նրանց վրա, որոնց վրա պատմությունը գրավի չի գալիս, նրանց վրա, ովքեր դուրս են նետվել առաջադիմության չափազանց սրընթաց գնացքից:
 
Հագեցրեց կյանքի քաղցն ունեցողների քաղցը,
հարուստներին իրենք իրենց թողեց.
նրանց ձեռքերը դատարկ են,
ծուխ են նրանց գանձերը (հմմտ. Ղկս 1, 53):
 
Եվ սակայն, այս հեղափոխական օրհներգում ներկա է հավատքի մի տեսակ գայթակղություն. իրական կյանքում աղքատներն աղքատ են մնում, քաղցածները միշտ ավելի սովահար են, իսկ հզորներն անսասան են իրենց գահերի վրա: Ո՞ւր է հեղաշրջումը: Քսան դար հետո դեռ նույն կետում ենք, կրկնելով նույն խոսքերը: Պատրա՞նք է: Խաբեությո՞ւն:
Ճիշտ չէ, որ երկիրը ծաղկում է գեղեցկությամբ ու բարությամբ: Քրիստոսը եկել է, բայց կարծես թե եկած չլինի: Մեր զգացած գայթակղությունն օրինավոր ու արդարացի գայթակղություն է, կամ՝ կարող է այդպիսին լինել, այն, ինչը Դ.Մ. Թուրոլդոն անվանում էր «հույսի գայթակղությունը»: Չենք կարող թեթև սրտով եղանակել հույսի կրկներգը: Պետք է մեր առջև հարց դնենք, թե Տիրոջ խոստումն ի՞նչ իմաստով չի ձախողվել: Կարո՞ղ ենք այն տակավին ավետարանել, առանց երկյուղն ունենալու, թե իրականությունը կհերքի ու կեղծ ցույց կտա մեր խոսքերը: Սովը շարունակում է սպանել: Գերեզմանները հաղթանակում են: Եվ սակայն, հույսն ավելի հզոր է, քան իրականությունը: Չի անտեսում կամ անգիտանում այդ բացասական իրավիճակները, չտեսնելու չի տալիս, չի շրջանցում դրանք. կտրում անցնում է դրանց միջով և ընդդիմանում է դրանց: Որովհետև եթե ես հավատում եմ, որ գոյություն է ունենալու մի աշխարհ, ուր իշխելու է խաղաղությունը, ուր Աստված ամեն ինչ է լինելու ամեն ինչում, ուր արարչագործության բողբոջները տալու են իրենց ամենագեղեցիկ պտուղները, սա անշուշտ չեմ անում որպես մեկնակետ ունենալով պատմության քննական վերլուծումը կամ հավանականությունների հաշվարկն ու նախատեսումը:
Եթե ես հավատում եմ, որ գիշերն ավարտվելու է, դա չեմ անում որովհետև արևն արդեն ծագել է, այլ՝ որովհետև ես, որպես քրիստոնյա, երրորդ օրվա մարդ եմ. «Երրորդ օրը հարություն կառնեմ» (Մտթ 20, 19): Եվ չարչարանքների ուրբաթի խոր գիշերվա մեջ ևս ընդունակ եմ աչքերս ու սիրտս սևեռելու լույսի առավոտյան սահմանագծին, որը փոքրամասնական է թվում, բայց արդեն հաղթական է: Եթե ես հավատում եմ, Մարիամի հետ, որ աշխարհը փոխվելու է, դա չեմ անում որովհետև ավետաբեր նշաններ եմ տեսնում պատմության արյունլվա խառնաշփոթության մեջ, այլ՝ որովհետև տրված է խոստումը, որովհետև Աստված խոստացել է և քաջարի ու ազատասիրտ մարդիկ, Իր խոստումի վրա հիմնվելով, դիմագրավում են գիշերվան, հակառակվում են գիշերվա ուժերին, նրանց ձեռքից խլելով աշխարհը: Աստծո խոստումն է իմ ուժի հենակետը: Աստված միշտ կատարում է. ո՛չ մեր խնդրանքները, այլ՝ Իր խոստումները:
Բայց ինչո՞ւ է Մարիամը Աստծո գործերին վերաբերվող բայերն անցյալ ժամանակով գործածում: Աղքատները դեռ աղքատ են, Հերովդեսը դեռ գահին է և անիրավ կոտորածներ է տակավին անելու: Մարիամի խոսքերը թվում է, թե վերաբերվում են արդեն կատարված դեպքերի, մինչդեռ մատնանշում են մի նոր ժամանակ, որ սկսվում է: «Բայց ապագան մեր մեջ մտնում է կատարվելուց շատ առաջ» (Ռ.Մ. Ռիլքե): Աստված միջամտելու է և Մարիամը բայերը գործածում է անցյալ ժամանակով, որովհետև Աստծո ապագան, Աստծո գործերի արդյունքն ապահով է: Այնքան ապահով, որքան անցյալը: Կատարվել է (նշանակում է. կատարվելու է բացարձակ վստահությամբ) աշխարհի ու մարդկային հարաբերությունների մի նոր ճարտարապետություն: Մարգարեությունն այրում է ժամանակները և երգում է արդեն տեսած ապագան, թեև այն սրտի աչքերով է միայն տեսել: Հույսը չի սխալվում, երբ գրավ է դնում մեկնակետում արդեն հաղթանակող Աստծո վրա: Այս պատճառով է Մարիամը բայերն անցյալ ժամանակով գործածում, ամենայն համարձակությամբ. կանխելու համար նոր երկրի հաղթանակը: Գրական, մանավանդ թե՝ մարգարեական այս հնարքը հաստատում է, որ այն, ինչն ուշանում է, գալու է. որպես մեծղի ծառ է գալու այն, ինչն առայժմ մանանեխի փոքրիկ հատիկ է (հմմտ. Մտթ 13, 31): Հույսը մի սպասում է, որն հասունանում է ու վերածվում ներկայության:
Մարիամի մարգարեության ու երգի մեջ հայտնվում է այն, ինչը որ կարող ենք անվանել «իրավիճակների հեղաշրջման աստվածաբանություն». հեղաշրջման մի աստվածաբանություն, որ ներկա է Հին Կտակարանի բոլոր երգերում ու բազմաթիվ իրադարձություններում, բայց մեր հեքիաթների կանոնների համաձայն չէ, որոնց մեջ սպասուհին դառնում է թագուհի: Աստծո այցելությունը վերջ չի դնում աղքատությանը, իշխանություն ու հարստություններ չի բաշխում, այլ՝ բերկրանք ու երգ է բերում աղքատության մեջ: Մարիամը մնում է իր իրական աղքատության մեջ, հասարակության ներսում շարունակում է կատարել իր դերը, – անկարևոր, կարելի է ասել՝ լուսանցքային, անփառատենչ դերը, – և ավելին՝ «ևս մի սուր խոցելու է իր հոգին» (հմմտ. Ղկս 2, 35), և այդուամենայնիվ՝ երգում է ... : Աղքատների երանությունը չի կայանում կուտակելու մեջ: Երգը չի ծնվում դրամից կամ հաջողությունից, իր ակունքը չի գտնում քանակի արքայության մեջ, այլ՝ ոչ-սովորական հարաբերություններ ու դաշինքներ բացահայտելու և ստեղծելու: Մեր ուրախությունն ուղիղ համեմատական է հիանալու մեր կարողությանը, պատկանում է նրան, ով ընդունակ է ասելու. «Օրերս զարմանքի ժամանակ դարձրեց, կյանքս՝ հրաշքների վայր»: Երգն ուղղակիորեն համեմատական է հիանալու և ապագայի մեր կարողությանը, մեր ընդունակությանը ո՛չ թե սպասելու, այլ՝ ծնելու ապագան: Այդ ապագան, որն այդպիսով մեր մեջ մտնում է նախքան իր կատարումը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։