Ինչպիսի՞ մայրություն – Գրադարան – Mashtoz.org

Ինչպիսի՞ մայրություն

Հիսուսի բացահայտ կամքով՝ Մարիամի ֆիզիկական մայրությունը դառնում է հոգևոր մայրություն: Մարիամը խաչի մոտ, Մայրը Նազովրեցու և Նազովրեցու աշակերտների, երկունքի ցավերի մեջ գտնվող կինն է (հմմտ. Հվհ 16, 21), բոլոր կյանք ունեցողների Մայրը, նոր Եվան, որ «ծնելու է ցավի մեջ» (Ծնդ 3, 16):
Մարիամը չէ, որ հյուրընկալություն է գտնում աշակերտների տանը, այլ՝ հենց ինքն է, որ գալիս է որպես այդ տանը ավանդ տրված հարստություն, որպես ինքնություն՝ ինքնության քո փնտրտուքի մեջ: Մարիամը Քրիստոսի կողմից քո ինքնությանը տրված այդ պարգևն է: Ո՛չ որպես զարդ, – թեև գեղեցկագույն, – ո՛չ որպես զարդարող ներկայություն, այլ՝ որպես ներկայություն, որ կազմավորում է քեզ, ակտիվ, ծնող, որպես ճանապարհ, որով Քրիստոսը տակավին մուտք է գործում մեր պատմության մեջ, որպես քո ամենաճշմարիտ մասի կերտում, որպես քո ապագա դեմք: Մենք մի Մայր ունենք, որը տակավին, այս պահին և շարունակ, ծնում է հավատացյալի մեր ինքնությունը: Մարիամը, որ մեր հավատքի սկզբում և վերջում է, միաժամանակ նաև միջանկյալ ընթացքում է, որպես աճող դեմք ու կերպար, որպես դինամիկ լարվածություն:
Տիպար օրինակն է, որի համաձայն մենք ևս պետք է կերտենք մեր ինքնությունը, բայց պասիվ օրինակ չէ. քո ինքնությունն է. ընդունիր նրան որպես քո ամենախորին դեմքի մի պատառիկն ու բեկորը: Ընդունիր նրան այն բաների մեջ, որոնք քեզ ասում են, թե դու ո՛վ ես. նա քո սահմանումն է: Ընդունիր նրան այն բաների մեջ, որոնք առավելագույն չափով քոնն են. դու Մարիամի նման ես, ավետումն ընդունած անձ. դու Մարիամի նման ես, Աստծո բնակարան. դու Մարիամի նման ես, քնարերգակ ու երախտագետ աղոթող. դու նրա նման ես, գինի ու բերկրանք բաշխող. դու նրա նման ես, վիրավոր ու արգասավոր մայրություն. դու նրա նման ես, մայր Քրիստոսի և մայր անթիվ անհամար զավակների: Քո ինքնությունը: Մարիամը քո մայրն է, որովհետև ներկայացնում ու ծնում է հավատացյալի քո ինքնությունը:
Մարիամի մայրությունը հատկապես սա է. ճշմարիտ մայր է ո՛չ թե նա, ով քեզ ծնել է միայն մի անգամ, այլ՝ ով անդադար հայտնում է քեզ քո իսկ դեմքը, ով անդադար դուրս է քաշում քո խորքից քո լավագույն հատկությունները, ով սրտի վրձինով անդադար նկարում է քո ամենալուսավոր պատկերը այն ոսկեղեն խորքի վրա, որն Աստծո արարչագործ ձեռքը տարածել է քո ներաշխարհում: Ճշմարիտ մայր է նա, ով անդադար սովորեցնում է քեզ ապրելու և հավատալու արվեստը, ճշմարիտ մայր և ճշմարիտ հայր է նա, ով անդադար ծնել է տալիս քեզնում երգելու, աշխատելու, սիրելու կարողությունը, ապրելու կարողությունը:
Մարիամը սովորեցնում է աշակերտ լինելու արվեստը, այդ բերկրալի ջանքը: Ուրեմն, Գողգոթայի բարձունքին, «Կայր Մայրն» («Stabat Mater») ողբերգակ տաղին զուգահեռ հնչում են «Ալլելուիա»յի առաջին ձայները, միասին ավետելու համար, որ քրիստոնեական կյանքը բերկրալի ջանքն է պարգևելու, պահպանելու, բազմապատկելու կյանքը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։