Իր սրտում. Ղուկաս 2, 19 և 2, 51 – Գրադարան – Mashtoz.org

Իր սրտում. Ղուկաս 2, 19 և 2, 51

Իսկ Մարիամն այս բոլոր բաները պահում էր իր մեջ
և իր սրտում խորհում:
Եվ նրա մայրն այս բոլոր բաները պահում էր իր սրտում:
 
 
Պահել դեպքերի հիշատակը, խլել դրանք մոռացությունից, ապրեցնել դրանք տակավին ու տակավին: Քանի՜ անգամներ Աստվածաշնչում ասված է. «Հիշի՛ր, Իսրայել» (2Օր 9, 7; Սղմ 42, 5; 105, 5; և այլն): Հիշի՛ր, որովհետև մոռացությունը բոլոր չարիքների արմատն է:
Պահել հիշատակը. պատվաստվելու համար ինչ որ մի բանի, որն ավելի մեծ է, քան իսկույն անհետացող պահը: Մտորել, խոկալ, խորհրդածել, բաղդատել դեպքերն ու իրադարձությունները, փնտրելու համար դրանց խորին իմաստը: Որովհետև հեշտ չէ, ակնհայտ չէ հասկանալն այն, ինչն այդ պահին պատահում է, այդ ծննդյան հակասականությունը, անհավատալի բնույթը. Աստծո փառքը և մանկան փոքրկությունը, հրեշտակների երգն ու աստղը: Միասին պահել իրողությունները, նույնիսկ եթե հակասական են թվում, – երկնքի փառավոր ծեսն ու հովիվների խոնարհ ծեսը, – առանց ջնջելու մեկը կամ մյուսը. մի օր ամեն բան պարզվելու է: Որովհետև դրանց համադրման մեջ է հենց կայանում Քրիստոնեության լիությունը, ուրիշի դեմքի և Աստծո դեմքի միավորման մեջ. «Այն, ինչ արել եք այս փոքրերից մեկին, ի՛նձ եք արել» (հմմտ. Մտթ 25, 40):
Մարիամը խորհում էր, խորհրդածում, դեպքերի բեկորների մեջ փնտրում էր այն ոսկյա թելը, որով դրանք միավորվում էին ու միացած մնում, վստահեցնելու համար մեզ, որ մեր գոյություններում ևս կա մի ծածուկ միություն, միավորում, միասնականություն, բայց այն բացահայտելը մի ընթացք է, որ չի վերջանալու շուտով, ինչպես որ շուտով չվերջացավ Մարիամի դեպքում. Մարիամի, որ հիացմունքի ուսուցչուհի է Աստծո, հրեշտակների, հովիվների, Սիմեոնի դիմաց (հմմտ. Ղկս 2, 33): Հիացած տակավին՝ իր պատանի Որդու դիմաց (հմմտ. Ղկս 2, 48), երբ Նրան տաճարում վերագտնելուց հետո՝ իր համար վերարծարծվում են հիացմունքը, զարմանքը, հարցերը, շվարանքն ու վարանումները, հասկանալու դժվարությունը, բայց հատկապես՝ սրտի այս երբեք կանգ չառած աշխատանքը. «Նրա մայրն այս բոլոր բաները պահում էր իր սրտում» (Ղկս 2, 51):
Հարության Զատիկից հետո է միայն, որ Մարիամը հասնում է հասուն ըմբռնմանը այն խորհրդի, որին ինքն էլ մաս է կազմում: Իր հավատքն աճում է, բայց ո՛չ կրավորական, պասիվ եղանակով, ո՛չ էժան, ցածր գնով, այլ՝ ջանքով և Աստծո սակավաթիվ խոսքերի ու բազում լռության շարունակական մեկնաբանման գործադրմամբ:
«Շնորհներով լի» լինելը չի նշանակում, որ նա ընդունակ է իսկույն հասկանալու ամեն բան և յուրաքանչյուր խոսք, այլ՝ մատնանշում է այն ուժը, էներգիան, որն իրեն զորավիգ էր խորհրդածության և ընդունման, սպասումի ու վստահության երբեք չընդհատվող աշխատանքում: Շնորհը – Մարիամի և յուրաքանչյուր հավատացյալի համար – հիացմունքն է Խոսքի դիմաց, սրտի այն այրվելը, որ զգացին, որի փորձառությունն ունեցան, սքանչացած, Էմմավուսի երկու աշակերտները (Ղկս 24, 13-35), Խոսքի հանդեպ անխոնջ, երբեք չհոգնող և երբեք չվհատվող, զենքերը վար չդնող, չհանձնվող սերն է: Մարիամն իր սրտում պահում էր դեպքերն ու խոսքերը (հունարեն rhḗmata): Աստվածային հայտնությունը կատարվում է «միմյանց սերտորեն կապակցված դեպքերի ու խոսքերի» միջոցով, որոնք փոխադարձաբար հղում են կատարում մեկը մյուսին և մեկը մյուսին փոխադարձաբար լուսավորում են. խոսքերը բացատրում են դեպքերը, դեպքերն իրագործում ու մեկնաբանում են խոսքերը: Մարիամն իր սրտում պահում էր այն, ինչ պատահել էր իրեն. իր ծննդաբերելը, հրեշտակները, հովիվները, տաճարն ու մարգարեությունները. իր վարմունքը կարծես մի մեկնաբանություն լինի, ունկնդրած խոսքերի և իր սեփական գոյության:
Երեքն են Ղուկասի կողմից գործածված բայերը (հունարեն բնագրում). «պահում էր» (2, 19), «պահում էր հոգատարությամբ ու անդադար կերպով» (2, 51), «խորհում էր» (2, 19): Միշտ, ավետարանական երկու հատվածներում էլ, «իր սրտում»: Աստվածաշնչում սիրտը հիշվում է գրեթե երեք հարյուր անգամ, որպես ինչ որ մի բան, որ տարբերվում է և շատ ավելի խորն է, քան զգացմունքների ու զգացականության պարզ խորհրդանշանը. Աստվածաշնչի համար սիրտը այն վայրն է, ուր մարդը կշռադատում, ըմբռնում, ընտրում, սիրում է ճշմարտությունը, ուր ընտրում է կյանքը, որտեղ ծնվում են արարքները, որտեղ Աստված առինքնում է հոգուն: Սիրտը, «լռության տաճարը» (Չ. Փեգի), վայրն է շարունակական ծնունդների, վայրը վերադարձի, ուր Աստված հայտնվում է որպես «սրտին զգալի Աստվածը» (Բ. Պասկալ): Ամբողջ «կյանքը դա մի ուխտագնացություն է դեպի սրտի վայրը» (Օ. Քլեման): Այնտեղ է Սուրբ Հոգին հիշեցնում Քրիստոսի խոսքերը. «Սուրբ Հոգին կհիշեցնի ձեր սրտին իմ բոլոր խոսքերը» (հմմտ. Հվհ 14, 26):
Մարիամը «պահպանում է». որպեսզի ոչինչ չկորչի: Վառ է պահում հիշողության կանթեղը, լուսավորելու համար հավատքի քայլերը, երբ հավատքը տքնաջան իրողություն է դառնում սրտի համար: «Պահպանում է հոգատարությամբ». քանի որ խոսքերն ու դեպքերը կարող են հեշտորեն անէանալ մոռացության մեջ, քանի որ խոսքը վերաբերվում է արժեքավոր ու միաժամանակ դյուրաբեկ տարրերի, որոնց նկատմամբ հարկավոր է տևական ուշադրություն ցուցաբերել: «Խորհում է». բաղդատում է դեպքերն ու խոսքերը, դրանցից բացատրություն քաղելու նպատակով: Մեկնության է ենթարկում կյանքն ու նշանները, որպեսզի լիովին քողազերծեն իրենց մեջ պարունակված ուսուցումը: Իմաստուն, հիշողություններով հարուստ կինն է, որն ընթերցում ու մեկնաբանում է այն, ինչ ապրել և լսել է, բայց դրանց հետ միասին՝ նաև Աստծո մեծ լռությունը: Բազում սիրտ է հարկավոր Աստծո լռությունն ունկնդրելու համար:
Կինն է, որ պահպանում է հիշողության հաճույքն ու մտքով աշխատելու, մշակելու, մարսելու բերկրանքը. ինքը՝ հիացմունքի ուսուցչուհին, իր ողջ կյանքի ընթացքում դեպի սրտի սրբավայրն ուղղված ուխտագնացը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։