Կանայի հարսանիքը. Հովհաննես 2, 1-11 – Գրադարան – Mashtoz.org

Կանայի հարսանիքը. Հովհաննես 2, 1-11

Երեք օր անց հարսանիք էր Գալիլիայի Կանա քաղաքում և Հիսուսի մայրն այնտեղ էր: Հրավիրվեց նաև Հիսուսն իր աշակերտների հետ միասին: Խնջույքի ժամանակ, երբ գինին սկսեց պակասել, Հիսուսի մայրը նրան ասաց. «Այլևս գինի չունեն»: Եվ Հիսուսը նրան պատասխանեց. «Իմ ու քո համար ի՞նչ, ո՛վ կին: Իմ ժամանակը դեռ չի հասել»: Նրա մայրը սպասավորներին ասաց. «Ինչ որ ձեզ ասի, արեք»:
Այնտեղ քարե վեց կարասներ կային, հրեաների սովորության համաձայն մաքրվելու համար: Դրանցից յուրաքանչյուրը երկու կամ երեք մար տարողություն ուներ: Եվ Հիսուսն ասաց նրանց. «Լցրեք այդ կարասները ջրով»: Եվ դրանք բերնեբերան լցրեցին: Եվ կրկին ասաց նրանց. «Հիմա վերցրեք դրանցից և տարեք սեղանապետին»: Եվ նրանք տարան:
Եվ երբ սեղանապետը ճաշակեց գինի դարձած ջուրը, և չգիտեր, թե որտեղից է, – (բայց սպասավորները, որոնք լցրել էին ջուրը, նրանք գիտեին), – խոսեց փեսայի հետ ու ասաց. «Ամեն մարդ նախ ընտիր գինին է մատուցում, իսկ երբ հարբած են, այն ժամանակ՝ վատը: Իսկ դու ընտիր գինին պահել ես մինչև հիմա»:
Հիսուսն այս արեց Գալիլիայի Կանա քաղաքում որպես սկիզբը նշանների, և հայտնեց իր փառքը, ու նրա աշակերտները հավատացին նրան:
 
 
Հովհաննեսը Հիսուսի հասարակաց կյանքի շրջանը բացում է Կանայի հարսանիքի պատմությամբ: Պատմությունն էլ իր հերթին սկսվում է Հիսուսի Մոր ներկայությամբ, գրեթե մատնացույց անելու համար այն կապը, որ գոյություն ունի Մարիամի և Որդու առաքելության, Մարիամի և Եկեղեցու միջև:
Կանայի հարսանիքի պատմության հարցով մի տեսակ ջղագրգիռ վիճակ է տիրում արդի մեկնիչների մոտ: Ոմանք այն մեկնաբանում են բացառաբար այլաբանական, ուրիշներ՝ պատմական տեսանկյունից դիտված, ուրիշներ էլ՝ այլաբանականի ու պատմականի միջև ընկած մեկնություններով: Հովհաննեսը, որ սեղանակիցներից մեկն էր, հիշում և մեկնաբանում է այդ դեպքը, որն իր համար եղել է մի «նշան» (ինչպես որ կարդում ենք 11րդ տողում, թեև որոշ թարգմանություններ թյուրիմացաբար գործածում են «հրաշք» եզրը), այսինքն՝ մի փաստ, մի իրողություն, որն հղում է մի առավել ներքին, ծածուկ իրականության, Քրիստոսի բուն խորհրդին:
Կանան նաև յուրաքանչյուր մարդու մշտապես կրկնվող իրավիճակն է: Բոլորին և յուրաքանչյուր մարդու պատահում է, որ պակասում է գինին: Ամբողջ Աստվածաշնչում գինին խորհրդանշանն է աստվածային-մարդկային սիրո, և մեսիանական բարիքների: Շարժիչն է կյանքի տոնի և, միաժամանակ, հավատքի տոնի: Կանան մարդկության հետ Աստծո մշտնջենավոր հարաբերության՝ ամուսնական հարաբերության պատկերն է: Հին Օրենքը («Այնտեղ քարե վեց կարասներ կային, հրեաների սովորության համաձայն մաքրվելու համար». 2, 6) պարունակում է արարողակարգեր, որոնք այլևս անբավարար են Աստծո և մարդու միջև սիրո հանդիպման համար: Բայց արդ ներկա է Հիսուսը և հանձինս Հիսուսի ներկա է Աստված, որ նորոգում է Ուխտը, որ կենագործում է սիրտը, որ հրաշքներով լցնում է երկիրը, Իր հարսնացուին. Աստված, որ ավելի ուշադիր է մարդկանց բերկրանքին, քան նրանց հավատարմությանը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։