Հանդիպումը – Գրադարան – Mashtoz.org

Հանդիպումը

Սկզբում հանդիպումն է երկու կանանց, որոնք մայրանալու սպասման մեջ են: Ավետարանի էջերից ուրիշ ոչ մեկում գրի առնված չէ մի պատմություն, որի միակ դերակատարները երկու կանայք են. միակ մարգարիտն է սա, մի եզակի հայեցողություն երկու մայրերի սրբավայրի դիմաց: Եվ իսկապես, ծնելու սպասման մեջ գտնվող այս երկու կանայք երկու սրբավայրեր են, Աստծո տուն և տուն նոր մարդկության, երկնքով ու ապագայով բեռնված արգանդ: Ուշադիր ականջին թվում է, որ մի խորը նմանաձայնություն է լսվում Աստծո՝ կյանքի Հեղինակի, կյանքի Արարչի և կյանքը Սիրողի, և ծնելու սպասման մեջ գտնվող կնոջ միջև. վերջինս կրում և ավետում է Կյանքի Ավետարանը:
Հունարեն «Kýrios», «Տեր» գոյականի և «kýō» բայի միջև, որով մատնանշվում է կնոջ ամենաբնորոշ նշանը՝ հղի լինելը, սոսկ նմանաձայնություն չէ, որ գոյություն ունի, այլ ամենայն հավանականությամբ՝ ստուգաբանական կախումնավորություն: Աստված կոչվում է «Kýrios», «Տեր», որովհետև Ինքը կյանքով առլեցուն լինելով՝ ծնում, ավանդում և պաշտպանում է կյանքը, այն կյանքը, որն ամբողջովին յուրահատուկ կերպով հանձնվել ու վստահվել է կնոջը: Եվ կանայք մասնակցում են սրբազան պատմությանը, որովհետև իրենց ներսում կրում են մի բնական մարգարեություն, կյանքի բարի լուրը: Միմիայն նա, հետևաբար, ով աճեցնում, խնամում ու տարածում է կյանքը, կարող է ստանալ «Տեր», այսինքն՝ «կյանքի սիրալի աղբյուր» մեծագույն տիտղոսը: Այս տերությանը և կյանքի ավետարանին է մասնակցում Հիսուսը, երբ հաստատում է. «Եկել եմ, որպեսզի կյանք ունենան, և գերառատորե՛ն ունենան» (Հվհ 10, 10):
Յուրաքանչյուր մայր՝ է և ցույց է տալիս մի դրվագ Աստծո դեմքից: Եվ կյանքն ինքնին ավետարան է, բարի լուր, հայտնություն, լույս. «Եվ կյանքը լույս էր մարդկանց համար» (Հվհ 1, 4): Սրա համար է Ավետարանում պատահում զարմանահրաշ մի բան. առաջինը մարգարեանում են մայրերը, որովհետև մարգարեությունը միշտ մայրերի մեջ է գտնում իր սրբավայրը, քանի որ յուրաքանչյուր ծնունդ մարգարեություն է, յուրաքանչյուր ծնունդ հայտնություն է: Եղիսաբեթի կողմից Մարիամին տրված օրհնությունը («Օրհնյա՜լ ես դու կանանց մեջ») սկիզբ է տալիս կանանց օրհնությանը. Մարիամից սկսած, Մարիամի հետ, բոլորն էլ օրհնյալ են և «յուրաքանչյուր կին Մարիամի մի ատոմն է, աշխարհով մեկ ցրված» (Ջովաննի Մ. Վաննուչչի), որ աշխարհում տարածում է օրհնությունը:
Հանդիպումը տեղի է ունենում մի տան մեջ, որի վրա իջել էին միաժամանակ հրաշքն ու պատիժը. հղի տարեց կինը, պապանձված քահանան: Նոր ժամանակների բեմահարթակի վրա հայտնվում են երկու ծերունիներ, անակնկալի մատնված, ամոթի գերի (Եղիսաբեթը հինգ ամիս շարունակ թաքնվում է), որը կամաց կամաց վերածվում է հիացումի: Եղիսաբեթը զգում է, թե ինչպես է իր հանգած արգանդը վերսկսում ծաղկել, և թաքնվում է: Իր մի ոտքը դրել է մարդկայինից անդին, անսահմանափակի հետ հանդիպումը նրան գլխապտույտ է պատճառել, և թաքնվում է: Լռության մեջ, գլխապտույտից անցնելու է հավատքին: Նրա հետ, Զաքարիան բացահայտելու է, որ լռությունը կարող է անխոս սեր լինել:
Երբ, վերջիվերջո, Եղիսաբեթը նոր կյանքով փառավորված դուրս է գալիս իր թաքստոցից, հանդիպում է Մարիամին. ևս մի կին, որ հղացել է անհնարին կերպով, բեռնված՝ երկնքով ու անհուն խոսքերով, մարդկային ծննդաբերության կանոնների ևս մի խախտում: Եվ բերկրանքն ու ցնծությունը ծնվում են այստեղ, Կյանքի Ավետարանից, – Աստված գալիս է որպես կյանք, – անհնարինի գերազանցմանը ականատես լինելուց: «Ոչինչ անհնարին չէ Աստծո համար» (Ղկս 1, 37):
«Մեծացուսցէ»ն տոնակատար հռչակումն է դեպք, իրականություն դարձված անհնարինի: Եվ այդ պահին, Նա՝ ով ստեղծել էր աստղերը, անթիվ ու անհամար արևները, Նա՝ ով Իր օրենքը կրակի մեջ քանդակել էր քարե տախտակների վրա, Նա՝ ում համար Դավիթը պարել էր իր ողջ ուժով, Նա՝ ում համար Սողոմոնը կառուցել էր ոսկեղեն մի տուն, Նա՝ ում համար մարգարեներն արտասվել էին ու երգել, Նա՝ Տերը, որ չի դադարում զարմացնել մեզ, սկսում է Իր մարդկային պատմությունը: Եվ այդ պահից սկսած, առաջին խոսքերը, որ հնարավոր է արտասանել, խոսքեր են երգի կամ բացականչության: Եվ Մարիամը երգում է իր «Մեծացուսցէ»ն, Զաքարիան երգում է Աստծուն ուղղված իր օրհնությունը, Եղիսաբեթը բացականչում է ավետարանական առաջին երանությունը և մանուկը սկսում է խայտալ, պարել արգանդում, երգում է մարմնով: Արարածներ, վերջապես, քնարերգակ ու երախտագետ: Սա՛ պետք է ջանան լինել Սրբուհի Մարիամի ճշմարիտ բարեպաշտները:
 
Օրհնյա՜լ ես դու կանանց մեջ,
և օրհնյա՜լ է որովայնիդ պտուղը:
 
Եղիսաբեթի առաջին խոսքը օրհնություն է: Մարիամի առաջին խոսքը փառաբանություն է: Երկու կանանց հանդիպումը ծաղկում է օրհնության կնիքի ներքո: Տարեց կնոջից սովորում ենք, ինչպես միշտ, մտքի առաջին բողբոջումը, ճշմարիտ հաղորդակցության, դեպի մյուսի սիրտն ու խորհուրդը ուղղված անխարդախ ճամփորդության ենթահողը, որը պետք է վեր բռնված ու առաջնորդված լինի օրհնության կողմից, որը գնահատանքի, բերկրալի գովքի, երախտագիտության ու հիացմունքի ներքին մի դիրքորոշում է, որն ազատում է նախանձից ու վախից: Մարդկանց միջև յուրաքանչյուր առաջին խոսք պետք է որ նախատեսի «օրհնության այս գերագահությունը»: Երկնքի ու երկրի միջև յուրաքանչյուր առաջին խոսք, խոսք առ Աստված, պետք է որ, մինչդեռ, պարունակի «փառաբանության գերագահությունը». «Հոգիս մեծարում է Տիրոջը»: Սա սկիզբն է հնարավոր յուրաքանչյուր երկխոսության:
 
Երանի՜ նրան, ով հավատաց:
 
Ավետարանի առաջին երանությունն արտասանվել է Եղիսաբեթի կողմից, վերաբերվում է Մարիամին և կենտրոնացած է հավատքի վրա: «Երանություն» եզրը արդի աշխարհում հնչում է մի տեսակ թոռոմած, ուժասպառ կերպով, և այն հարկավոր է կրկին իմաստավորել արդի մշակույթի մեջ: Ամեն դեպքում, սակայն, այն մի խոսք է երջանկության մասին, որն անհնարին է՝ առանց հավատքի. «Երանելի, երջանիկ ես դու, որ հավատացիր»: Հավատքը երկրորդական իրականություն չէ, խոսքը չի վերաբերվում կիրակնօրյա մի հավելվածի, այլ՝ պարունակում և ավանդում է երջանկության համար կենսական կարևորություն ունեցող բողբոջը: Հավատալ Աստծուն. սա միշտ եղել և շարունակում է լինել երջանկության առաջին խոսքը մարդկության համար: Եղիսաբեթը հռչակում է, որ հավատալու մեջ պարփակված է երջանկության մի գաղտնիք: Մտածում եմ այն մանկան մասին, որն իր մոր արգանդի մթության մեջ ժպտում է ծածուկ ու լուսավոր ժպիտով: Նրա նման, քանի՜ քանի՜ անգամներ, որոշ անձանց հանդիպելով զգացել ենք, թե ինչպես է խորհրդավոր ուղիներով երջանկություն հասնում մեզ, այն բացառիկ պարգևից, որը յուրաքանչյուրի մեջ պատճառն է իր բերկրանքի:
Մարիամի ու Եղիսաբեթի հանդիպումը հաղորդակցության տիպար օրինակ է: Մարիամն, առանց մի խոսք ասելու, զգում է իրեն հասկացված, ընդունված, ճանաչված, սիրված: Եղիսաբեթն ամեն բան գիտի, ամեն բան հասկացել է (Մարիամին անվանում է «իմ Տիրոջ մայրը», մինչ նա չի ծննդաբերել անգամ), բայց ի՞նչ հայտնություն է ստացել: Ոչ մի: Պարզապես թույլ է տվել, որ Մարիամի ողջույնը պարուրի իրեն, ներգրավի. դրա հետևանքում է, որ ամեն բան հասկացել է, առանց երկար ճառախոսությունների, առանց բացատրությունների կարիքն ունենալու: Հաղորդակցությունը միայն խոսքերով չէ, որ կատարվում է. կա հաղորդակցության մի ա՛յլ եղանակ ևս, առավել ազդու, առավել փափկանկատ և առավել ամբողջական, որ տեղի է ունենում, երբ թույլատրում ենք, որ դեպքը կամ մյուսի ողջ գոյությունը պարուրի մեզ, ներգրավի. երբ երկու զրուցակիցների միջև գոյություն ունի մի երրորդ տարր, որ կատարում է միջնորդի դերը, հանգույցի, որով միմյանց են կապվում կյանքերը. մի գաղափարական, մի զավակ, Հոգին, մի կոչում. երբ տրամադիր ենք ծառայության:
Հանդիպման, ներգրավման և ծառայության արվեստը նախապատրաստում է Սուրբ Ծնունդն ու գովաբանությունը: Երկու մայրեր մեզ ասում են, որ հաղորդակցությունը հնարավոր է, սիրելը հնարավոր է, երգելը հնարավոր է. այս «ավելին» միաժամանակ անհրաժեշտ և հնարավոր է յուրաքանչյուր կյանքում:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։