Հարատև աղոթքը – Գրադարան – Mashtoz.org

Հարատև աղոթքը

Գործք Առաքելոց գրքում Ղուկասը մի քանի անգամ ընդգծում է հարատևության առաքինությունը.
 
Հարատևում էին ... (2, 42):
Հարատև աղոթք էր բարձրանում Եկեղեցուց ... (12, 5):
Մենք հարատևորեն կնվիրվենք աղոթքին և Խոսքի սպասավորությանը (6, 4):
 
Հարատևությունը մի նոր, խոնարհ, ո՛չ աղմկոտ առաքինություն է, օրերի ամուր շաղախ, որ ընդդիմանում է կիսատ թողնելու փորձությանը, հանձնվելու փորձությանը, սովորությանը: Անապատի Հայրերը վստահեցնում են, որ վանականի վրա ամենահաճախակի հարձակվող փորձությունը մեղկությունն է, որն անվանում էին միջօրեի դև, այսինքն՝ կամքի բացակայությունը, ներքին ծուլությունը, ինչ որ մի բան անելու դրդապատճառների բացակայությունը, պայքարի կամ աշխատանքի դաշտը լքելը, հանձնվելը: Կան, ապա, կյանքի եղանակներ, ժամանակահատվածներ, երբ մեղկությունը դառնում է շարունակական, անդադար ցավ ու հիվանդություն: Դրա դեմ դարմանն ու դեղամիջոցը հարատևության խոնարհ և իրեն ի ցույց չդնող առաքինությունն է:
Առաքինության գործադրումը հոգնեցնում է երբեմն, աղոթելը հոգնեցնում է երբեմն: «Առօրյա կյանքի ծովի վրա Աստծո տեսանելի հետքերի» բացակայությունը (հմմտ. Սղմ 77, 20) հոգնեցնում է: Իսկ ի՞նչ պետք է անի մեկը, եթե հոգնել է հոգևոր կյանքի ծանրությունից: Սուրբ Բեռնարդոսը մոտավորապես այս խոսքերով է պատասխանում. «Երբ Հիսուսը մտնում էր Երուսաղեմ (հմմտ. Մտթ 21, 6-11), կային աշակերտները, որոնք տոնական տրամադրության մեջ էին, երեխաները ցնծալով բարձրանում էին ծառերի վրա, ամբոխը երգում էր և մարդիկ իրենց զգեստները տարածում էին ճանապարհին, Տիրոջ ոտքերի տակ: Ներկաներից յուրաքանչյուր ոք իր յուրահատուկ դերակատարությունն ուներ: Բոլորն էլ ուրախ էին: Բայց կար մեկը, որը բոլորից ամենամոտիկն էր Հիսուսին և Նրա ծանրությունն էր կրում ջանքով. իշուկը»: Երբ հոգնում ենք հոգևոր կյանքի բեռը կրելուց, կարող ենք մտածել, որ այդ իշուկն ենք, որը Քրիստոսին տանում է քաղաք, հիշելով, որ աշխատել ենք Տիրոջ համար, որ Տերը մեր կարիքն է ունեցել (հմմտ. Մտթ 21, 3), որ այդ պահին թերևս ավելի մոտ ենք եղել Տիրոջը ... :
Միասիրտ ու հարատև աղոթքի վերնատանը Մարիամը մի ներկայություն է, որ ստեղծում է համայնք ու հարատևություն, որ ստեղծում է ընդմիշտ աշակերտ լինելու կարողություն: Հարատևությունը վախեցնում է, մինչև իսկ՝ սարսափեցնում: «Ընդմիշտ»ը վախեցնում է: Շատերն են ընդունակ հերոսներ լինելու մի ժամով, հերոսներ լինելու դիպվածաբար, առիթից առիթ, բայց հերոսներ լինել ամեն օր, օր օրի ետևից, գողգոթա գողգոթայի ետևից, սպասում սպասման ետևից, քչերն են կարողանում այսպիսի հերոսներ լինել, առանց խզված արահետների, առանց դադարների, հավատարմորեն: «Ընդմիշտ»ն է, որ մեզ զգալ է տալիս մեր անհամապատասխանությունը:
Սրբուհի Մարիամը հարատևության կինն է: Մտածենք այն ինը ամիսների մասին, որոնց ընթացքում կրում էր արգանդում Տիրոջը, սպասելով Նրա ծննդին: Մտածենք նրա հավատարմության մասին, նաև երբ Հիսուսը Կանայում որոշակի կոպտությամբ իրեն ասում է. «Իմ ու քո համար ի՞նչ, ո՛վ կին» (Հվհ 2, 4): Հարատևում է ծայր աստիճան հավատքի մեջ Խաչի դիմաց (Հվհ 19, 25) և մեծ լռության այն երեք օրերի ընթացքում, երբ Քրիստոսի մարմինը գերեզմանում էր: Նա, երրորդ օրվա Կինը: Աշակերտների հետ հարատևում է աղոթքի մեջ, սպասելով Հոգու գալստյանը:
Այսօր, իսկույնի ու անմիջապեսի, անհապաղ պատասխանների, հանկարծադեպ ու վայրկենական արդյունքների որոնման մշակույթի մեջ, երբ մարդիկ չեն ցանկանում կամ կարծես անընդունակ են դարձել երկարաժամկետ ներդրումներ կատարելու, Մարիամը հիշեցնում է մեզ հարատևության գյուղական խոնարհ առաքինության մասին. ձմռան ամիսներին ցորենը ծլարձակում է հողի ու ձյան շերտի ներքո: Հարատևությունը հույսի միաժամանակ խոնարհ ու հզորագույն կնիքն է:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։