Հիշատակը – Գրադարան – Mashtoz.org

Հիշատակը

Հիշիր, որ սերդ մեծ է,
Մի՛ մոռացիր ողորմած լինել:
Սա՛ խոստացար, սա՛ ես խոստանում,
Աբրահամին
և Աբրահամի զավակներից յուրաքանչյուրին,
ընդմիշտ (հմմտ. Ղկս 1, 54-55):
 
Վերջում, ևս մի բայ. «Օգնության հասավ Իսրայելին՝ Իր ծառային, հիշելով Իր ողորմությունը»: Բայց արդի թարգմանությունները ճշգրիտ կերպով չեն արտահայտում հունարեն բնագրի իմաստը, մինչդեռ գրաբար թարգմանությունը ճշգրիտ է և արտահայտվում է այսպես. «Յիշել զողորմութիւնս» (հիշել ողորմությունը): Խոսքը վերաբերվում է անորոշ եղանակով գործածված մի բայի, առանց խոնարհման, առանց շարահյուսական կապակցության, որ կառուցված չէ որպես պատճառական կամ կախումնավոր նախադասություն: Ծագում է հանկարծակի, արձակ, գրեթե որպես ծանոթագրություն, գրեթե որպես նշանաբան, որի ենթական դառնում է յուրաքանչյուր ոք, որ կարդում կամ արտասանում է այդ նախադասությունը. «Օգնության հասավ Իսրայելին: Հիշե՛լ»: Ո՞վ: Աստված, մենք, բոլորս, յուրաքանչյուր ընթերցող, յուրաքանչյուր աղոթող: «Հիշել ողորմությունը»:
Ողորմությունն Աստծո կատարելությունն է: Ողորմությունը, որ վերադառնում է սրտին, որ իմաստ ու կողմնորոշում է տալիս ձեռքերին, կդառնա «Մեծացուսցէ»ն ապրելու մեր կերպը: Կարող ենք նաև մոռանալ մյուս բոլոր խոսքերը: Բավական է հիշել ողորմությունը: Սուրբ Հոգին աստվածային հանձնարարությունն ունի հիշեցնելու աշակերտներին Քրիստոսի բոլոր խոսքերը (հմմտ. Հվհ 15, 26). Սրբուհի Մարիամը բարեպաշտի սրտին արձանագրում է ողորմություն բառը:
Յուրաքանչյուր ոք կյանքի իր ճամփորդությունից կարող է թերևս հիշել ո՛չ միայն հուսախաբությունները, այլ նաև ջուրը, որ մի օր հանկարծակի բխել է, ամբողջովին անսպասելի կերպով. երկնքից իջած մանանան, մի ընկերոջ կերպարանքով, երբ կարծում էր, թե իրեն ուժ այլևս չի մնացել: Յուրաքանչյուր ոք կարող է հիշել պահեր, որոնցում, մինչ գրեթե հուսահատ էր, անակնկալ ճեղքեր են բացվել փակ երկնակամարում: Յուրաքանչյուր ոք կարող է հիշել, որ չենք ապրում միայնակ, մեր ներբնակության աղետալի շրջանակում փակված, այլ՝ որ կա մի սեր, որ բախում է մեր պատմության սահմաններին և գալիս է՝ ստեղծելով անակնկալներ:
Քանի՜ քանի՜ արտակարգ անակնկալներ կարող ենք հիշել և գոհաբանության վերածել. գոհաբանություն, որ Սուրբ Պատարագի անուններից մեկն է, բերկրալի ու գոյութենական հիշատակումի, որը ծիսական ամբողջ կյանքի արմատն է: Թերևս ապրել ու փորձառությունն ենք ունեցել հրաշքների, որոնք մանանայի նման տևել են մի օր. հաջորդ օրը հարկավոր էր մի ուրիշը, բայց դրանց ընթացքում արդեն բացահայտում ենք, որ ամեն ինչում ու բոլոր իրադարձություններում թաքնված են հույսի ծածուկ աղբյուրներ: «Հիշել»: «Մեծացուսցէ»ի այս բային մոտենանք իբրև մերը, իբրև մեր համար գրված. այն ենթակա չունի, ուղղված է բոլորին, որովհետև մոռացությունն է բոլոր չարիքների արմատը:
Իրական բարեպաշտությունը հիշելն է այն «Մեծացուսցէ»ն, որն հյուսված է մեր օրերի մեջ, մեր անձնական կյանքի իրադարձություններով. հիացումով դիտել ողորմության դեմքը. կերպարանափոխել Աստծո սրբապատկերը. Աստծո վարվելակերպից սովորել, թե ինչպիսի՛ն պետք է լինի մեր վարվելակերպը, պատմության ու սրտի արվարձաններում. դառնալ հույսի երկարաձգում. մեր մեջ մտցնել ապագան: Եվ ի վերջո, դառնալ իսկապես քրիստոնեական առաջին երգի՝ Սրբուհի Մարիամի երգի կենդանի մեկնաբանություն, նրա հարազատ ոճով, որի բաղադրամասերն են հիացումը, ողորմությունը, բերկրալի ապագան:
Փրկությունն այն է, որ Նա սիրի, ո՛չ թե՝ որ ես սիրեմ: Սա՛ է «Մեծացուսցէ»ի կրոնը, կրոնը պարգևի, կրոնը սիրեցյալի, որն ընդունակ եղավ տեսնելու իր Աստծուն դեռ գործող, անխոնջ արարիչ, ձեռքերը կյանքի հոծ զանգվածի մեջ թաթախված:
 
Մեծ մարտահրավերը Մարիամին վերաբացահայտելն է իբրև քույր, իբրև ճանապարհորդակից ընկեր՝ հավատքի կասկածների ու բերկրանքի, սիրո փնտրտուքի, վիշտն ու հույսը ապրելու կարողության միջով կատարվող ուխտագնացության մեջ: Ճշմարիտ բարեպաշտությունը հանձինս նրա տեսնելն է մեզնից մեկին, որ քայլել է առաջ, քրիստոնեության վարպետ ուսուցչուհի է, հավատքի մեջ քույր, հավատացյալների մեջ առաջինը, որ սովորել է հավատալ ջանքով և սիրել ողջախոհությամբ ու քնքշանքով, որ սովորել է ուրախանալ կյանքով և իր Տիրոջով: Որովհետև սա՛ է, որ պետք է սովորեցնի մեզ. լցվել բերկրանքով:
Գնալ Մարիամի մոտ՝ նշանակում է գնալ քրիստոնեության դպրոց, սովորել հարկավոր քերականությունը՝ մարդկությունը հասկանալու համար, կյանքի, Ավետարանի լեզուն խոսելու համար: Քրիստոնեական հավատքի առաջին քայլը Ավետման մեջ է, կատարվել է իր կողմից. իրեն է ուղղվել առաջին երանությունը. առաջին օրհներգը, որն Եկեղեցին երգել է իր ծննդյան առաջին օրից մինչև այսօր, ծնվել է իր շուրթերից, «Մեծացուսցէ»ն. առաջին հրաշքը կատարվել է իր միջնորդությամբ, Կանայում. դեռ նոր նոր ծնվող Եկեղեցու հավատքի առաջին դավանությունը – Առաքյալների հավատքի դավանությունը – կատարվել է այնտեղ՝ Կանայում («Եվ այդ օրվանից նրա աշակերտները հավատացին նրան». Հվհ 2, 11): Իսկ հավատքը, երանությունները, հրաշքն ու փառաբանությունը համառոտությունն են ողջ Ավետարանի: Մարիամը, մի խոսքով, ողջ Ավետարանի համառոտությունն է:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։