Հիսուսի եղբայրները – Գրադարան – Mashtoz.org

Հիսուսի եղբայրները

Հիսուսի քարոզչական գործունեությունը պատմող դրվագներում Մատթեոսը հիշատակում է նաև նազովրեցիների հետևյալ հարց-մեկնաբանությունը. «Մի՞թե սա հյուսնի որդին չէ: Սրա մայրը չէ՞, որ Մարիամ է կոչվում. և սրա եղբայրները՝ Հակոբոս, Հովսեփ, Սիմոն և Հուդա: Եվ սրա քույրերը բոլորը մեր մոտ չե՞ն» (Մտթ 13, 55): Միևնույն հարց-մեկնաբանությունը հիշատակվում է նաև Մարկոսի կողմից (6, 3), Նազարեթի ժողովարանում Հիսուսի արտասանած քարոզից հետո. «Սա հյուսնը չէ՞, Մարիամի որդին. Հակոբի և Հովսեի և Հուդայի և Սիմոնի եղբայրը: Եվ սրա քույրերը այստեղ մեր մոտ չե՞ն»:
Հիսուսի եղբայրները, այսինքն՝ Նրա ազգականների խումբը, հետագայում առանձնաշնորհյալ դերակատարություն էին ունենալու Երուսաղեմի քրիստոնեական առաջին համայնքում. առանձին մի խումբ էին կազմելու Առաքյալների կողքին (հմմտ. Գրծ 1, 14 և 1Կր 9, 5) և յուրահատուկ հարգանք էին վայելելու: Այդուամենայնիվ, Հիսուսի եղբայրներն ու քույրերը երբեք չեն անվանվում «Մարիամի որդիները»: Կույսի մասին ասվում է միայն, որ «Հիսուսի Մայրն» է:
«Եղբայր» և «Քույր» տիտղոսները դարձել են քրիստոնյաներին բնորոշ անուններ, հաստատելու համար բոլորի մեկ միակ ծագումը, համընդհանուր մեկ միակ ակունքը, Աստծո միակ հայրությունը, որ աղբյուրն է այս գոյության, որն ընդգրկված է երկու փակագծերի միջև, որոնք անհավատներն անվանում են ոչնչություն, բայց որոնք քրիստոնյաները զգում են որպես Աստծո համառ ու անպարտելի սիրո բազուկները:
«Ով թողել է հայր, մայր, եղբայրներ, քույրեր, հարյուրապատիկ ավելին կստանա» (հմմտ. Մտթ 19, 29): Հիսուսը յուրաքանչյուր մարդու խոստանում է. «Ես քեզ տալու եմ հարյուրավոր եղբայրներ»: Արմատների հատման պարգևաշնորհը ծնում է կյանքի բազմապատկում: Թողնվում է ամեն բան, բայց ունենալու համար ամեն բան: Կյանքի Ավետարանն է:
 
Մարիամի և ազգականների կողմից Հիսուսին Կափառնայումում այցելելու փորձի (հմմտ. Մտթ 12, 46-50 և Ղկս 8, 19-21) և Հիսուսի Նազարեթ վերադարձի դրվագներից բացի, որի ժամանակ Իր համաքաղաքացիների կողմից Հիսուսն անվանվում է «Մարիամի որդի» (Մտթ 13, 55; Մրկ 6, 3), պատմվում է նաև – մյուս պատմություններից կղզիացած եղանակով – անանուն կնոջ դրվագը, որն երանելի է հռչակում Հիսուսի Մորը (հմմտ. Ղկս 11, 27-28): Ա՛յլ բան Մարիամի մասին, գեթ տեսանելի կերպով, համաբարբառ ավանդության մեջ չկա:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։