Հովհաննեսի գիտությունը – Գրադարան – Mashtoz.org

Հովհաննեսի գիտությունը

Ասիայի համայնքների ավանդության վկայությունը – համայնքներ, որ հիմնված էին Հովհաննես Առաքյալի քարոզչության վրա – ամենաուշ շրջանինն է, բայց միաժամանակ՝ թարմ ու երիտասարդ է: Հովհաննեսը Նոր Կտակարանի վերջին հեղինակն է և Մարիամի մասին ընծայում է մի նոր ու եզակի նպաստ, հիշելով Կանայի հարսանիքի և Խաչի մոտ կանգնած Մարիամի դրվագները, այն վեհ ու վսեմ խոսքերով. «Ահա՛ քո մայրը», «Ահա՛ քո որդին» (Հվհ 19, 25-27):
Հովհաննեսի հիմնած համայնքը մի փոքրամասնություն էր, շատ փոքր և շատ տարբեր՝ մյուսների համեմատ, որ մոտավորապես կես դարվա կյանք ունեցավ Եփեսոսում և ապա – գնոստիկական շարժումների ազդեցությամբ – քայքայվեց, երբ մահացավ Հայտնության գրքի հեղինակը: Այս ավանդության բերած պարգևը «կին» բառն է, այդ տարօրինակ եզրը, որով Հիսուսը Կանայում, ապա նաև Խաչի վրայից դիմում է Իր Մորը, ինչպես նաև՝ Հայտնության գրքում հանդիպող կնոջ նշանի մեկնաբանությունը: Այս բառի նշանակությունն հարկավոր է փնտրել նրա մոտ, ով առաջին արարման պատմության մեջ բոլոր կյանք ունեցողների մայրն է (Ծնդ 3, 20). այս բառի իմաստը Եվայի մոտ է: Ուստի, ասել «կին» նշանակում է Մարիամը որպես նոր մարդկության բնօրինակ, ապագան ծնող արգանդ, ընդմիշտ մայր՝ նոր մարդու համար: Աստված մի ծրագիր ունի մարդու համար, մի ծրագիր՝ աշխարհի համար. այդ ծրագրի մեջ Մարիամը մայր է, ինչպես որ Եվան մայր էր մարդու հին ընկալման համար: Ասել «կին» նշանակում է այս խոսքի մեջ դնել իգական աշխարհը, մարդկության իգական մասը, բայց նաև՝ ամբողջ մարդկությունը:
Կանայում, Խաչի մոտ, Հայտնության գրքի սրտում կա «արևով զգեստավորված մի կին» (Հյտ 12, 1): Փրկության սրտում կա կինը, որպես ժամանակն ու հավիտենությունը, անցյալն ու ապագան, հոգևորն ու մարմնավորը միմյանց կապող ճարմանդ, մի կին, որ կարող է մեր համար փոխել Աստծո դեմքի պատկերը: «Կին» եզրով Հովհաննես Առաքյալը տարածում է Մարիամին մասնավորից դեպի ընդհանրականը և հասնում է մարդկանցից յուրաքանչյուրին: Առանց այս նպաստի չենք հասկանում, թե ի՛նչ է նշանակում Մարիամը մեր համար: Իմաստության գաղտնիքն այստեղ է. ճանաչել Մարիամին ո՛չ միայն որպես քույր և աշակերտ, այլ նաև՝ որպես նոր Եվա: Հիսուսի Մայրը դառնում է տիեզերական Մայր, Գալիլիայի կին և համամարդկային կին, մարդկության բնօրինակ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։