Հովսեփի տարակույսները. Մատթեոս 1, 18-25 – Գրադարան – Mashtoz.org

Հովսեփի տարակույսները. Մատթեոս 1, 18-25

Հիսուս Քրիստոսի ծնունդը այսպես եղավ. նրա մայրը՝ Մարիամը, որ Հովսեփի նշանածն էր, նախքան նրանց միասին կենակցելը՝ Սուրբ Հոգու ներգործությամբ հղիացած գտնվեց:
Հովսեփը՝ նրա փեսացուն, որն արդար մարդ էր և չէր ցանկանում նրան խայտառակել, որոշեց անաղմուկ արձակել նրան: Մինչդեռ, սակայն, նա այս բաների մասին էր մտածում, ահա Տիրոջ հրեշտակը երազի մեջ երևաց նրան և ասաց. «Հովսեփ, Դավթի որդի, մի՛ վախեցիր քո մոտ առնել Մարիամին՝ քո կնոջը, որովհետև նրանից ծնվելիքը Սուրբ Հոգուց է: Նա մի որդի կծնի և դու նրա անունը Հիսուս կդնես, որովհետև նա փրկելու է իր ժողովրդին իրենց մեղքերից»:
Այս ամենը եղավ, որպեսզի կատարվի այն, ինչը որ Տիրոջ կողմից ասվել էր Եսայի մարգարեի բերանով. «Ահա կույսը կհղիանա և մի որդի կծնի, որին կանվանեն Էմմանուել», որ նշանակում է «Աստված-մեր-հետ»: Քնից արթնանալով, Հովսեփը վարվեց այնպես, ինչպես հրամայվել էր իրեն Տիրոջ հրեշտակի կողմից, և իր մոտ առավ իր հարսնացուին, որն առանց նրա կողմից ճանաչվելու՝ ծնեց մի որդի, որին նա անվանեց Հիսուս:
 
 
«Մարիամը, որ Հովսեփի նշանածն էր, հղիացած գտնվեց»: Մատթեոսի կողմից գործածված բայն ինքնին – «գտնվեց» – լի է հայտնություններով. մատնանշում է բացարձակ ապշանքը, անակնկալի մատնվելը արարածի, որն հասնում է հղանալու անհղանալին, իր սեփական Արարչին:
Հովսեփը սիրահարված մարդն է. որոշում է ազատ արձակել հարսնացուին – հարգանքից մղված, ո՛չ թե՝ կասկածից – և չի ցանկանում հրապարակային խայտառակության ենթարկել նրան (Մտթ 1, 19). այդուհանդերձ, շարունակում է մտածել նրա մասին, որովհետև գոհ չէ իր իսկ կողմից կայացված որոշումից (հմմտ. 1, 20), մտատանջվում է նրա համար, ով մինչև իսկ իր երազներում ներկա է (հմմտ. 1, 20-21): Նրան, ի վերջո, վերցնում է իր մոտ, նախընտրելով ավելի Մարիամին, քան իր սեփական սերունդն ունենալու հեռանկարը, ընտրելով ավելի սերը, քան սերնդագործելու ցանկությունը:
Հովսեփը երազանքների մարդն է, հյուսնը միաժամանակ նաև երազող է. ձեռքերը աշխատանքից կոպտացած, իսկ սիրտը սիրուց ու երազանքներից փափկած: Արդար մարդն է, որ երազում է Աստծո իսկ երազներով: Հավատքի մարդն է, որ շատ կցանկանար խուսափել խորհրդից, բայց հետո «լսում է ու գործադրում» և անուն է դնում Նրան, ով Ինքնին Անունն է: Այրն է, որ չի գործում վախից դրդված, որ իրենն է դարձնում այն առաջին խոսքը, որն Աստված ի սկզբանե և միշտ ուղղում է մարդուն. «Մի՛ վախեցիր», պատասխանն այն առաջին խոսքին, որն Ադամը ուղղեց Աստծուն («Վախեցա». Ծնդ 3, 10): Մի՛ վախեցիր. վախը, որն որևէ փախուստի սկիզբն է, հակառակն է հավատքի, հակառակն է ամուսնության, հակառակն է հայրության: Հովսեփն ուշադրություն չի դարձնում վախին, դառնում է Հիսուսի ճշմարիտ հայրը, թեև Նրա ծնողը չի: Սակավաթիվ վայրկյաններ բավական են ծնող դառնալու համար, իսկ հայրեր և մայրեր դառնում ենք ամբողջ կյանքի ընթացքում: Հովսեփը կերպարն է յուրաքանչյուր մարդու, որը «չափազանց մեծ լինելով ինքն իրեն բավական լինելու համար» (Բ. Պասկալ), իրեն բաց է պահում խորհրդի առաջ, բայց նաև ցույց է տալիս մեր բոլոր դիմադրությունները՝ բացվելու այն ամենին, ինչը որ մեզնից ավելի մեծ է, թեև հենց սրա համար ենք մենք ստեղծվել:
Մի պահ պատկերացնենք Հովսեփի ներքին պայքարը. մի կողմից չի կարող այլևս շարունակել Մարիամի հետ ամուսնությունը, քանի որ աստվածաշնչյան ամուսնության էությունը որդեծնությունն է, սեփական սերմից ծնված ապահով սերունդ ունենալը: Մյուս կողմից, սակայն, սիրահարված տղամարդն է, որ չի ցանկանում կորցնել իր սիրած կնոջը:
Հին Կտակարանի բոլոր նահապետները բախվել են այս խնդրին. ամուսնության նպատակը բեղուն լինելն է, սերնդագործելը: Նրանք դիմել են ամենահամարձակ լուծումներին, որոնցով շատ հաճախ խախտել են Երկրորդումն Օրինացում արձանագրված օրենքները: Իսրայելը, իբրև ժողովուրդ, ֆիզիկապես ծնվել է մի շարք օրինախախտումներից, – օրենքներ, որոնց համենայն դեպս ենթակա է եղել ու մնացել, – սկսած Հակոբից, որն ամուսնացել էր երկու քույրերի հետ, ապա Հուդան, որ հարաբերություն էր ունեցել իր հարսի՝ Թամարի հետ, և նաև Դավիթը, որ տիրացել էր Ուրիայի կնոջը: Նույն կերպ, Նոր Իսրայելը՝ Եկեղեցին ևս ծնվում է մի օրինազանցությունից, այս անգամ ո՛չ թե բարոյականության օրենքների դեմ, այլ՝ պատմության օրենքների, հաստատելու համար, որ օրենքներն ու պատմությունը միայնակ ընդունակ չեն փրկելու:
«Զանցառություն» տառացիորեն նշանակում է մի քայլ անդին դնել, գնալ ավելի անդին, ավելի այն կողմ, թերևս կարճեցնել այն մեծ հեռավորությունը, որ բաժանում է երկինքը երկրից, մարդուն Աստծուց. մի կույս հղիանալու է Սուրբ Հոգու ներգործությամբ, մարդկային ծննդաբերության օրենքների զանցառությամբ, այդպիսով ավետելու համար բարի լուրը, որ գալիս է այն, ինչը որ մարդկությունը չի կարող տալ ինքն իրեն, չի կարող հայթայթել ինքն իր համար: Հովսեփի տարակուսանքը, մեզ Հին Կտակարանի նահապետների անցած ճանապարհը հիշեցնելուց բացի, հայտնում է նաև այն ընդհարումը, որ գոյություն ունի ամուսնության հինկտակարանյան ընկալման – որի նպատակն ապահով սերնդագործությունն էր (անհավատարիմ կնոջը ապահարզան էր տրվում սոսկ այն պատճառով, որ այլևս ապահով ու վստահելի չէր նրանից ծնված որդու հայրությունը) – և ամուսնության նորկտակարանյան ընկալման միջև, ուր զույգի հարաբերությունն այլևս ինստիտուցիոնալ չէ, այլ՝ հիմնված է սիրո ու գորովի վրա:
 
«Հովսեփը չէր ցանկանում հրապարակային խայտառակության ենթարկել նրան» (Մտթ 1, 19): Այս ուշադրության, այս նրբանկատության ետևում երևում է սիրահար տղամարդը: Զույգը կազմվել էր միմյանց փոխադարձաբար տրված համաձայնությամբ, միմյանց պարգևելով իրենց «այո՛»ն, իբրև սիրահարված, միմյանց սիրող զույգ: Որևէ սիրահարի գլխավոր փորձությունը տարակուսանքը չէ, այլ՝ բաժանումը և սիրեցյալի բացակայությունը: Հովսեփի մարդկային մեծությունը կայանում է նրանում, որ նա որոշում է լուծել այս ներքին ընդհարումը՝ նախընտրելով սիրո ու գորովի դերն ավելի, քան ինստիտուցիոնալ դերը: Նախընտրում է Մարիամի սերն ավելի, քան իր սեփական սերունդն ունենալու հնարավորությունը: Նախընտրում է սերն ավելի, քան սոսկ ֆիզիկական սերնդագործությունը: Եվ թերևս հենց այստեղ է Նազարեթի զույգի կուսության գաղտնի արմատը: Մարդկային այս մեծությունը, որն ասել է տալիս. սերն առավել հզոր է: Հավատքի այս մեծությունը, որն ասել է տալիս. ընդունում եմ չպատկանել ինքս ինձ, ես ինքս չլինել իմ կյանքի չափանիշը, քանի որ կա մի բան, որն ավելին արժե, քան իմ սեփական կյանքը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։