Ղուկասի գովաբանությունը – Գրադարան – Mashtoz.org

Ղուկասի գովաբանությունը

Ղուկաս Ավետարանիչը, որն իր Ավետարանը գրել է 70 թվականից հետո, Հիսուսի մանկությունը կենտրոնացնում է ո՛չ այլևս Հովսեփի, այլ՝ Մարիամի շուրջը: Նա ո՛չ միայն խզում է լռությունը, այլ՝ Փրկչի առաջին իսկ օրերի պատմությունը հարստացնում է գովաբանությամբ: Եվ այդ գովաբանության առաջին խոսքերն ուղղված են Մարիամին (1, 28.42), կամ էլ՝ արտասանված են Մարիամի կողմից (1, 38.46-55):
Ղուկասը Նոր Կտակարանի իսկական կենսագիրն է, միակը, որ մանրամասն կերպով խոսում է որոշակի թվով անձանց մասին. մեզ ծանոթացնում է Պողոսի, Ստեփանոսի, Մարիամի ու ևս յոթ-ութ կանանց, և մի քանի ա՛յլ վառ կերպարների հետ, որոնք ներկայանում են Գործք Առաքելոց գրքում: Ղուկասը Նոր Կտակարանի լավագույն հեղինակն է, դիմանկարիչը, որ դուրս է ցայտեցնում պատմության դերակատարների դիմագծերը, և իր Ավետարանն ամենագեղեցիկն է գրական ոճի առումով: Նա դարձի եկած հեթանոս էր, բժիշկ, գրեթե մի մարդաբան, արդի չափանիշների համաձայն, և շատ ուշադիր էր կանանց նկատմամբ. պատկանում էր հելլենական այն մշակույթին, որն հարգում ու արժևորում էր կանացի աշխարհը: Հավանաբար, անձամբ հանդիպել է Մարիամին Երուսաղեմում, 58 թվականին, երբ Պաղեստին էր գնացել Պողոսի հետ: Նրա Ավետարանն ամբողջությամբ արտացոլում է կանանց և ի մասնավորի Մարիամի հետ ապրված ծայրաստիճան ճշգրիտ փորձառություն և ըմբռնում, որը կարողացել է ձեռքբերել Երուսաղեմի նորածին քրիստոնեական համայնքի ներսում:
Վերլուծելով Հիսուսի մանկության պատմության ավետարանական հատվածը, բացահայտում ենք այդ ժամանակվա մշակույթի համար անսովոր ու լիովին նոր մի բան. գլխավոր դերակատարը մի կին է, որն ընդունում է, վիճում, ճամփորդում, երգում, ծնում, խորհրդածում: Մարիամը վերջապես դրվում է առաջին գծի վրա. սա մի իսկական որակական ցատկ է, որն հնարավոր է դարձել միջնորդությունների ու վկայությունների խորհրդավոր ուղիների շնորհիվ, և իր իսկ՝ Մարիամի շնորհիվ, որը մեր պատմությունից դուրս գալուց առաջ խոսել է, մեր առաջ բացելով «հիշողություններով լի իր սիրտը» (հմմտ. Ղկս 2, 19.51):
Ղուկասի Ավետարանում դուրս են ցայտում երեք բնորոշ հատկանիշներ.
– կնոջ արժևորման Ավետարանն է.
– Մարիամը ներկա է Հիսուսի մանկության և Եկեղեցու մանկության տարիներին. մի ներկայություն, որը կրավորական չէ, այլ՝ ներգործական.
– Ղուկասին բնորոշ հատկանիշն է գովաբանությունը:
Ղուկասը մանկության իր Ավետարանը լիացրել է գովերգներով, աղոթքներով, տաղերով, երախտագիտության հայտնումով: Մարիամի շուրջն են ծնվել Եկեղեցու առաջին շարականները, որոնք մինչև օրս էլ կրկնում ենք. «Ողջ լեր, Մարիամ»ի առաջին մասը, «Մեծացուսցէ»ն, «Փառք ի բարձունս Աստուծոյ»ն, «Օրհնեալ Տէր Աստուած»ը: Մարիամը գովաբանություն ներշնչող է: Սա մի մեծ նշան է Եկեղեցու համար. Մարիամը, որպես աղոթող արարածի վեհագույն օրինակ, ուսուցանում է հայեցողությունն ու երգը, հաղորդում է Աստծո առաջ ապրված հիացմունքը: Հիացմունքի ուսուցչուհի: Եվ այսպիսին պետք է լինի նրան բարեպաշտ յուրաքանչյուր ոք. երգելու ընդունակ արարած, երախտագետ ու քնարերգու: Իր նման, պետք է ընդունակ լինի ասելու՝ անցյալի համար «շնորհակալություն», ապագայի համար «այո՛»: Իր նման, պետք է սովորի ծառայել Աստծուն լրջությամբ, և եղբայրներին՝ քնքշանքով:
Ղուկասի Ավետարանի հատվածներից դուրս է ցայտում մտավոր և հոգևոր մի եզակի անձնավորություն: Մյուս ավետումների համեմատ – Զաքարիային և հովիվներին ուղղված ավետումները – Մարիամին ուղղված ավետման յուրահատկությունը կայանում է նրանում, որ կատարվում է որպես երկխոսություն: Մարիամը հրեշտակի – իրականում՝ Ինքնին Աստծո – նախաձեռնության սոսկ կրավորական հասցեատերը չէ, այլ՝ ազատ ու հասուն, ներգործող ու հակազդող գործակիցը:
Տաճարում Հիսուսի կորստյան ու վերագտնման դրվագը, երբ որպես այլևս հասուն անձնավորություն գնացել էր կատարելու իր առաջին Զատիկը, թույլատրում է մեզ ընկալելու Մարիամի կերպարն իբրև կենսականորեն ագուցված Հիսուսի «ժամի» մեջ, ճիշտ այն գագաթնակետային պահին, երբ անցում է կատարում դեպի Հոր գործերը: Նախազգացում, որն առավել զարգացնելու է Հովհաննես Ավետարանիչը Կանայի հարսանիքի դրվագում և Խաչելության պատմության մեջ:
Քրիստոսի մանկությանը զուգահեռ, Գործք Առաքելոցում Ղուկասը նկարագրում է Եկեղեցու մանկությունը: Այս երկու գրքերում Մարիամը ներկա է միևնույն պահերին, միևնույն դերում. այսինքն՝ Հիսուսի մանկության և Եկեղեցու կյանքի սկզբնավորության տարիներին նա ներկա է – միշտ, ամեն պարագայի – սերտորեն միավորված Սուրբ Հոգուն: Մարիամը միակ անձն է, որ միշտ հավասար է ինքն իրեն, արմատապես փոխված կամ փոխակերպված չէ, միակ արարածն է, որ անդադար, տևականորեն ներկա է, Հիսուսի մարդեղությունից մինչև Եկեղեցու ծնունդը: Ապրած լինելով Հին Ուխտը, ապրում է նաև Նորը, ապրում է, հետևաբար, Եկեղեցու ժամանակի սկիզբը: Մարիամը ժամանակի ճարմանդն է, հանգույցը Հին ու Նոր Կտակարանների և Եկեղեցու միջև. «ոսկեղեն օղակ՝ ժամանակի ու հավիտենության միջև» (Դ.Մ. Թուրոլդո). օղակ, որ միավորում է պատմությունն ու հավիտենականությունը:
Ղուկասի կողմից իրականացված մարդաբանական և աստվածաբանական գործողությունը նորագույն իրողություն է: Ոչ մի մշակույթ, ոչ մի կրոն երբևէ չէր հասել մի ներքին զգացողությամբ ընկալելու, գրի առնելու, հաստատելու՝ փաստը, որ մի կին առանձնաշնորհյալ հարաբերություն ունի Աստվածության և պատմության հետ: Երբ նորածին Եկեղեցին աղոթքի համար համախմբվել էր Վերնատանը, Ղուկասը հաստատում է, որ աշակերտներն ու Առաքյալները հավաքվել էին «Մարիամի հետ». Պետրոսն է «Մարիամի հետ», ո՛չ թե հակառակը (Գրծ 1, 14): Առանց ավելորդ շեշտադրումների հասկացվում է, որ Հոգեգալստյան առանցքային անձնավորությունը Մարիամն է: Սուրբ Հոգին, որ Մարիամի միջոցով ծնունդ տվեց Քրիստոսին, այժմ Մարիամի միջոցով ծնունդ է տալիս Եկեղեցուն: Ղուկասի Ավետարանի շարունակության մեջ Մարիամը չի հիշվում Հիսուսին հետևող մյուս կանանց հետ, չի հիշվում Խաչելության ժամանակ, չի հիշվում նաև Հարուցյալի վկաների շարքին: Այդուհանդերձ, ներկայացվում է Գործք Առաքելոցի առաջին ամփոփման մեջ (1, 14), անհատապես. «Հիսուսի Մոր՝ Մարիամի հետ». հստակ կերպով արտասանվում է նրա անունը, ի տարբերություն Հիսուսի զարմիկների և մյուս կանանց. հետո, մինչդեռ, այլևս չի հիշատակվում:
Այս հաջորդական փոփոխությունները հաճախ պատճառ են հանդիսանում միմյանց հակադրվող դիրքորոշումների համար. մի կողմից, Հիսուսի Մոր մինչև իսկ չափազանց պանծացման. մյուս կողմից, ընդհակառակն, նրա լիակատար անտեսման, դրան իբրև հիմնավորում ներկայացնելով Աստվածաշնչի լավ չհասկացված կարճառոտությունը: Անշուշտ պատահական չէ, որ Ղուկասը Մարիամի մասին խոսում է Հիսուսի մանկության պատմություններում և Գործք Առաքելոցի սկզբում: Խոսքը վերաբերվում է ընդգծված կերպով աստվածաբանական գրությունների, որոնք բացահայտ ու հստակ հավատքի բառապաշարով կանխում են ժամանակի մեջ այն, ինչը որ Ավետարանի վերջում միայն կարող է որակավորվել որպես փաստացիորեն իրականացած: Փաստը, որ Մարիամի կերպարը յուրահատուկ կերպով ընդգծված է այս հատվածներում և մոռացված կամ անտեսված է ա՛յլ դրվագներում, նշանակում է, որ նրա մասին մտորումներն ու խորհրդածությունները նորկտակարանյան համայնքներում կատարվել են դանդաղ ընթացքով, աստիճանաբար և ո՛չ միաձև կերպով:
Առաջին փուլում, առաքելական հավատքն ու քերիգմատիկ ավետումը կենտրոնացել են Հիսուսի մահվան ու հարության զատկական խորհրդի վրա, և չեն խոսում Մարիամի մասին, այսինքն՝ չեն խոսում հստակ կերպով: Երկրորդ փուլում, հիշողությունն ու խորհրդածությունը տարածվում են Հիսուսի հասարակական կյանքի տարիների վրա, Հովհաննեսի ձեռամբ ստացած մկրտությունից մինչև համբարձում. այս ժամանակաշրջանում Մարիամը հայտնվում կամ հիշատակվում է սոսկ պատահական, պարագայական կերպով: Երրորդ փուլում է միայն, որ խորհրդածությունը ծավալվում է նաև Հիսուսի մանկության շուրջը, որն Ավետարանների վերջին մասն է, որ շարադրվել է: Այս փուլում է, որ Մոր կերպարն ու դերը դրվում են հստակ լույսի ներքո. մտորումների ուշ շրջանն է, երբ քրիստոսաբանական խորհրդածությունները դառնում են առավել ընդարձակ, առավել հոդավորված, և համատեղում ու միավորում են եկեղեցային տարբեր ավանդություններ ու փորձառություններ: Այդ ժամանակ է միայն, որ Մարիամի կերպարը ձեռք է բերում աստվածաբանական խտություն. նա դառնում է «Փրկչի՝ Բարձրյալի Որդու Մայրը» (Ղկս 1, 32), հղանում է «Սուրբ Հոգու ներգործությամբ» (Ղկս 1, 35), նրան ողջունում են որպես «Տիրոջ Մայրը» (Ղկս 1, 43), օրհնում են «իր որովայնի պտղի համար» (Ղկս 1, 42), հռչակվում է «երանելի» իր հավատքի համար (Ղկս 1, 45) և ասում է. «Այսուհետև բոլոր սերունդներն ինձ երանելի են անվանելու» (Ղկս 1, 48): Այս հատվածն իր մեջ պարունակում է մի ակներև մատնանշում, որ քրիստոնեական սկզբնական համայքնի խորհրդածությունները Մարիամի մասին այլևս հասել էին ունենալու իրենց ինքնուրույնությունն ու ամրությունը՝ աստվածաբանական տեսանկյունից դիտված:
Մյուս Ավետարանիչներից ոչ մեկը Մարիամին չի հատկացրել այնպիսի ուշադրություն, որն հնարավոր կլիներ համեմատել Ղուկասի հետ. նա այն Ավետարանիչն է, ով ուշադիր է բոլոր նրանց նկատմամբ, ովքեր ընկերակցել են Հիսուսին և առաջին Եկեղեցու ծննդին, բայց հատկապես՝ նա այն Ավետարանիչն է, ով իր Ավետարանը լիացրել է անվերադարձ հավատքի հրավերով, և Մարիամին ներկայացրել է որպես հավատացյալի տիպար օրինակը, որպես նա, ով հավատքն ապրում է առանց որևէ նահանջի:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։