Մարդկային սերը՝ ավետարանման վայր – Գրադարան – Mashtoz.org

Մարդկային սերը՝ ավետարանման վայր

Հարսանիքներն Աստվածաշնչում միշտ եղել են Աստծո հետ մարդու հարաբերության խորհրդապատկերը: Այր ու կնոջ միջև սերը ստվերն է Աստծո հետ սիրո հարաբերության: Երիտասարդ սերը կարող է այսօր ևս առանձնաշնորհյալ վայր լինել ավետարանման, առաքելության համար:
Քրիստոնյա հավատացյալի գլխավոր առաջադրանքը չի սահմանափակվում այս ոլորտում բազմաթիվ անձանց թույլ տված սխալները կանոնավորելով, այլ՝ կայանում է ավետարանման մեջ, զգացնել տալու մեջ, որ միայնակ չենք, որբեր չենք մի խավար ու անհույս աշխարհում, և որ – մեր եղբայրների համար, որոնք սիրում են – ուրիշների անուշահամ մարմինը մեր փրկության մի մասն է: Սիրո և սեռային կյանքի անկանոն իրավիճակներ ապրող երիտասարդներին մերձենալ արգելքի, դատաստանի ու դատապարտման, օրենքի ու կանոնների լեզվով՝ անհեթեթ մոտեցում է ու ապիմաստ, թերևս նաև հանցագործ: Նշանակում է երկար ժամանակով հեռացնել նրանց Եկեղեցուց: Մինչդեռ պետք է նրանց զգալ տանք հավիտենությունը, որն ավետվում է սերն ապրելու անմեղության ու քաղցրության մեջ, առանց ողբերգականացնելու վայրկենական սխալմունքները: Ճշմարիտ սերը, երբ պատանի է, խորհրդի ու հանդիպման դիմաց բաց, կարող է թանկարժեք պահ հանդիսանալ ավետարանման համար:
Սերը հաճախ միստիկ, խորհրդազգացական փորձառություն է իր վայրի վիճակում, որը միակն է մեր ժամանակակիցների մեծամասնության համար: Այս փորձառության ներսում բազմաթիվ տղամարդիկ ու կանայք ճշմարիտ միստիկներ են կրքոտ փափաքի մեջ, որ մյուսը գոյություն ունենա մահից անդին, որ սերը հզոր լինի գոնե այնքան, որքան հզոր է մահը: Եվ այս միստիկ տարրական փորձառությունից մեկնելով Աստված կարող է նկատվել որպես ակունքը հանդիպումների, որպես տիեզերքի ձգողականության ուժը, որպես «nexus amantiumե-ը (կապը, միահյուսումը, հանգույցը նրանց, ովքեր սիրում են), որպես միայնության դեմ հաղորդության հաղթանակը: Պետք է հասկանանք և հասկացնենք, որ կա սիրո մեջ մի խորհրդականություն, որ սերը Աստծո արդյունավետ նշանն է, որ Աստծո ներկայությունն է երկրի վրա: Այդ ժամանակ կկարողանայինք հասկանալ Ամուսնության Խորհուրդը, որը բացում, ճանաչում, օրհնում, բարձրացնում է այն խորհուրդը, որն արդեն իսկ ներիմացված է յուրաքանչյուր անկեղծ սիրո մեջ: Եկեղեցու էթիկայի և ժամանակակից մշակույթի էթիկայի միջև գոյություն ունեցող ընդհարումը կկարողանայինք վերածել ավետարանման վայրի ու պատեհ առիթի: Հայնժամ, մարմինների փառքի մեջ, ապրված՝ որպես սեր, կա հարության մի փորձառություն, որովհետև մարդկային սերն ինչ որ մի բան ունի, որ շաղկապված է Աստծո հետ, բավական է ընթերցել Երգ Երգոցը. դա մեզ երաշխավորում է նաև Պողոս Առաքյալը, որն Եփեսացիներին ուղղված իր Նամակում անընդհատ կերպով միմյանց է միացնում մարդկային սիրո խորհուրդն ու Քրիստոսի և Իր Եկեղեցու միության խորհուրդը, «և սա մի մեծ խորհուրդ է» (Եփս 5, 32):
Անհապաղ կարիքը կա գրելու, շարադրելու «սիրային կրքի աստվածաբանություն», ինչպես անում էին հին շրջանի Հայրերը, որոնք ավելի տարրական ու էական իրավիճակների էին դիմագրավում, քան մեր կողմից դիմագրավվող իրավիճակներն են: Առայժմ կարողացել ենք միայն «սիրային կրքի բարոյականություն» գրել, բայց ո՛չ աստվածաբանություն: Սիրո քայլքի մեջ մեկ լինելու երկուսի ցանկությունը փոխակերպվում է մի է՛լ ավելի վեհ ու բարձրակարգ բանի. հարկավոր է, որ նրանցից յուրաքանչյուրը դառնա երկու, այսինքն՝ որ յուրաքանչյուրը մյուսին ստանձի որպես իր կյանքի լավ մասը, որպես իր կյանքի լավագույն մասը:
Հավատացյալները նույնպես վիթխարի դժվարություն ունեն հասկանալու հավիտենական կյանքը: Ինչպե՞ս կարող ենք բացատրել, թե ի՞նչ է դրախտը և ի՞նչ է դժոխքը: Եվ սակայն, ով սիրահարվել է, ճանաչել է դրախտն ու դժոխքը: Ով սիրել է, հասկանում է, թե ի՛նչ է նշանակում դրախտ և թե ի՛նչ է նշանակում դժոխք. մարդու վերջին հանգրվանը որպես սիրո հանդիպում, կամ որպես սիրո բացակայություն: Այր-կին հարաբերությունը, այս հիմնական էներգիան կյանքում, մի մասն է և շաղկապված է մարդու և երկրի, Աստծո և մարդկության անծայրածիր հարաբերությունների հետ: Աստվածային-մարդկային, այսինքն՝ Աստծուց մարդուն եկող սերը մեր սիրուց առաջ է և կարող է նորոգել այն: Սա է ամուսնության խորհուրդը, ուր այրն ու կինն ապրում են կարծես մի անհատակ խորության մակերեսին, որից անդին նշմարվում է Աստված: Ամուսնությունը նման է մի անսահմանորեն խորը վիրապի պռնկից ցած նայելուն, որի խորքից ոսկեղեն մի քանի ճառագայթ է արտացոլվում Աստծո սրբապատկերից:
 
Կանայում հրաշագործած Աստվածը
տոն և ուրախություն սիրող Աստվածն է,
գինու, պարող բերկրալի սիրո Աստվածը,
և ես հավատում եմ Աստծուն, որովհետև երջանիկ Աստված է,
որ տալիս է գոյություն ունենալու հաճույքը,
քանի որ ա՛յլ բան չի անում, քան միայն՝
ի հավիտենից և ի հավիտյան
նկատել յուրաքանչյուր մարդու
ավելի կարևոր, քան Իր իսկ սեփական Անձը:
Ես եմ այդ մարդը:
Եվ ես երախտապարտ մարդ եմ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։