Մարիամը՝ Աստծո ձրիաշնորհ Դեմքի մարգարեությունը – Գրադարան – Mashtoz.org

Մարիամը՝ Աստծո ձրիաշնորհ Դեմքի մարգարեությունը

Կանան և Մարիամի դերը մեզ հայտնում են Դեմքը մի Աստծո, որն ուշադիր է ձրիությանը, որը գինու կողմից է, որը սիրում է անուշահոտ բուրմունքը, ինչպես Բեթանիայում, ինչպես Սիմեոնի տանը տեղի ունեցած ճաշկերույթի ժամանակ (հմմտ. Մտթ 26, 6). մի Աստված, որ ուշադիր է քո երջանկությանը և ամեն ջանք գործադրում է այդ նպատակի համար: Մի Աստված, որ տիեզերքին բացատրություն տվող գագաթնակետը չէ միայն, գոյություն ունեցող էակների բուրգի բարձրագույն աստիճանը չէ միայն, մեր բոլոր հարցերի պատասխանը չէ միայն, այլ՝ Նա է, ով եզակի խորություն է պարգևում այն ամենին, ինչ դու անում ես: Աստված տիեզերքի բացատրությունը չէ միայն, Աստված այն խորությունն է, որն իր շուրջբոլորը հայտնի է դարձնում ա՛յլ խորություններ, ինչպես ասում է Սաղմոսը. «Անդունդը կանչում է անդունդին» (Սղմ 42, 8): Աստծո զորությունը չի գործում այնպես, ինչպես իրենց կարողությունները գործի են դնում ճարտարագետն ու վիրաբույժը, որոնք փորձում են ժամանակավորապես ազատել քեզ չարիքից, կամ ընդհակառակը՝ ինչպես մի հրաբուխ, այլ՝ ինչպես մի ընկեր, որը բերկրանքով է լցնում սրտի կարասները: Աստված, որ ուշադիր է ձրիությանը. սա՛ է գինու խորհրդապատկերը: Ուշադիր՝ սիրույն, ընկերությանը, հավատքին, բերկրանքին, գեղեցկությանը. ավելորդ-անհրաժեշտին:
Շատ է խոսվել Աստծո մասին իբրև տիեզերքի Արարչի, իբրև բոլոր հարցադրումներին պատասխան և իրադարձություններին լուծում տվողի, իբրև ամեն ինչի հանճարեղ ճարտարապետի: Հարկավոր է, սակայն, խոսել նաև ձրիորեն որպես Ընկեր ներկայացող Աստծո մասին: Հարկավոր է վերստին բացահայտել Գեղեցկության ճանապարհը, Ճշմարտության ճանապարհի կողքին և միասին, հասնելու համար Աստծուն: Գեղեցկությունը որպես ներդաշնակություն, կատարելություն, որպես լարվածությունների անդորր, որպես սահմանափակի ու անսահմանի միախառնում, որպես ծրագիր կատարյալ իրականությունների, որոնց հետքերով պետք է քայլենք, Սրբուհի Մարիամը – և հրաշքը սա՛ է – որպես կատարյալ արարած, որի հետքերով մենք նույնպես կարող ենք ճանապարհ ընկնել:
«Եվ Աստված տեսավ, որ ամեն բան շատ գեղեցիկ էր» (հմմտ. Ծնդ 1, 4): Սա առաջին ածականն է, որով Նա դիմում է Իր արարածներին: Գոյություն ունի գեղեցկության մի ճանապարհ, որով Աստված հաղորդակցվում է արարչության հետ: Սկզբում հիացմունքն է: Ո՞րն է աստվածայինի խայծը: Ինչո՞վ է Աստված հրապուրում մեզ, ինչո՞վ է գրավում մեզ: Ո՛չ ամենակարողությամբ, ո՛չ ամենատեսությամբ, այլ՝ արարչության, սիրո, պատմության մեծագույն գեղեցկություններով: Միմիայն այս ճանապարհով է դառնում համոզիչ Աստված: «Գեղեցկությունը», ասում է Սիմոն Վեյլը, «գրեթե միակ ծուղակն է, որն Աստված գործածում է հոգիներին որսալու համար»: Աստված, մեծ հրապուրողը, և «Մարիամը, ով առաջինը հրապուրվեց Հոգու համբույրից» (Դ. Մոնտանյա): Աստված մեզ հրապուրում է Հիսուս Քրիստոսի միջոցով և սիրելու, հարաբերություններ ստեղծելու, գինի, բերկրանք, տոնակատարություն պարգևելու և դրանցով մտահոգվելու Իր եզակի կերպով:
Սկզբում Աստված ստեղծեց մարդուն և նրան մի պարտեզի մեջ դրեց: Աշխարհը, որ սկսվել է գեղեցկության մի վայրում, իր վախճանին հասնելու է գեղեցկությամբ Նրա, ով իջնում է երկնքից, «գեղեցիկ ինչպես հանդիպման համար պատրաստ հարսը» (Հյտ 21, 2): Մեր մարդկային արկածախնդրությունը փակված է գեղեցկության ու պարգևի երկու փակագծերի միջև:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։