Մարիամը՝ երրորդ օրվա կինը – Գրադարան – Mashtoz.org

Մարիամը՝ երրորդ օրվա կինը

Մարիամի նման, Խաչի մոտ կանգնած քրիստոնյաները երրորդ օրվա արք և կանայք են, որոնք անսասան հույսով վստահում են այս խոսքին. «Երրորդ օրը հարություն կառնեմ» (Մտթ 20, 19). «Քանդեցեք այս տաճարը և երեք օրում կվերակառուցեմ այն» (Հվհ 2, 19):
Աշխարհի ցավի ու ողբերգության դիմաց քրիստոնյաները նույնպես սնվում են այսօրվա դառնահամ հացով, բայց այն խմորում են հույսով, մի անդրդվելի վստահությամբ: Լինել երրորդ օրվա մարդիկ՝ նշանակում է ո՛չ այնքան մատնացույց անել թափվող տերևները, որքան ծլարձակող բողբոջները: Նշանակում է ցորենի ծլարձակման ակնկալիքն ունենալ նաև Ավագ Ուրբաթ օրը, երբ ցորենը թաղված է, նաև դամբանի դեմ դիմաց նստած ժամանակ, վստահ ու համոզված, որ վերջին խոսքը երբեք չի պատկանում գերեզմաններին: Մահվան բոլոր ազդակներից անդին, ընդունակ հավատալու Նրան, ով Կյանքն է:
Արդ, եթե գոյություն ունի պատասխանի մի ակնարկ, պատասխանի մի սկիզբ ցավի ողբերգությանը, այն բխում է միայն մի խոսքից. հարություն: Ինձ բավական չէ իմանալը, որ Քրիստոսն էլ է տառապել, ինձ բավական չէ իմանալը, որ Սրբուհի Մարիամն էլ է տառապել. ընդունելու համար իմ տառապանքը, ընդունելու համար իմ Գողգոթան, ես պետք է իմանամ, ես ուզում եմ իմանալ, որ Քրիստոսը հարություն է առել: Ա՛յս բանի համար, – որ հարություն է առել, – մնացած ամեն բան ձեռք է բերում արժեք, նպատակ, գեղեցկություն, իմաստ: Սրանո՛վ է, որ արք և կանայք ենք, որ բաց են ապագային: Քրիստոսն ասել է. «Ճշմարտությունը ձեզ կազատի». «Ի՞նչ պիտի անեմ, որպեսզի կյանքն ունենամ». «Պիտի սիրես»: Ապառնի ժամանակով գործածված այս բայերը ցուցատախտակներն են երբեք չավարտվող ճանապարհների, պատմությունների, որոնք կրկին ու կրկին նորոգվում ու վերսկսվում են ամեն անգամ, երբ վիշտը կտրում է հույսի թելը: Երրորդ օրվա բայերն են: Ապրելն, ուստի, նշանակում է անծայրածիր համբերությունն ունենալ վերսկսելու ո՛չ թե օրեր, որոնք պատճենահանված կրկնօրինակներն են ուրիշ օրերի, այլ՝ օրեր, որոնք անցել են սիրո ու ցավի բովի միջով, հարուցյալ օրեր, վստահ, որ քնքշորեն ամենագեղեցիկ իրականությունը նաև միակ անմայրամուտ իրականությունն է. սերը, «միակ բանը, որ մնում է հավետ» (հմմտ. 1Կր 13):
Սուրբ Օգոստինոսն ասում է. «Քրիստոնյան թող որ պատրաստվի ուրիշներից ավելի տառապելու այս աշխարհում»: Հիսուսը ցույց է տվել հավասարությունը. առավել սերը հավասար է առավել ցավի: Առավել սեր՝ նշանակում է առավել պայքար, առավել ներգրավվածություն աշխարհի տառապանքի մեջ, նշանակում է ավելի վերքեր, ճյուղերի ավելի բազմաթիվ պատվաստումներ: Նշանակում է բազմաթիվ կյանքեր ընդունել սեփական կյանքի մեջ, սեփական ուսերի վրա վերցնել ուրիշների կյանքերի ու ուրիշների մահերի բեռը: Ավելի մեծ սիրույն համապատասխանում է ավելի բուռն ընդհարումը. չես կարող սիրել Աստծուն և մամմոնային, չես կարող սիրել Աստծուն և դատարկությունը, Աստծուն և իշխանությունը, Աստծուն և չարիքը: Ուստի, «քրիստոնյան թող որ պատրաստվի ուրիշներից ավելի տառապելու այս աշխարհում»:
 
Ուրեմն, եթե աղոթում ենք, դա չենք անում խնդրելու համար ինչ որ մի առանձնաշնորհությամբ ազատել մեզ Չարչարանքների շաբաթից, այլ՝ հայցելու համար կարեկցանքի շնորհը և, Խաչի մոտ կանգնած Սրբուհի Մարիամի նման, մայրության շնորհը:
Մարիամը չի տառապել միայն իր կյանքի ընթացքում, այլ՝ այժմ էլ շարունակում է տառապել. սրտանց ցավում է, կարեկցանք է զգում ի տես իմ վախերի, տեսնում է, թե ինչպես է սպառվում բերկրանքի գինին: Մասնակցում է Աստծո տառապանքի խորհրդին. խորհուրդը, որն աստվածաբանությունը դժվարությամբ է կարողանում մշակել ու մարսել, որն ավելի լավ կլիներ անվանել «սիրո տառապանք»: Նմանապես, քրիստոնյա ողջ հասարակությունն աղոթում ու տառապում է, որպեսզի յուրաքանչյուր ոք ունենա կյանքը: Մեր կոչումը Սրբուհի Մարիամի միևնույն կոչումն է. մոտիկությունն է երկրի անթիվ անհամար խաչերին, ուր Քրիստոսը տակավին խաչված է հանձինս Իր եղբայրների. ելքն է մեր անձնական վշտից, ստանձնելու համար աշխարհի վերքերը և պատվաստվելու համար ուրիշներին: Վիրավոր, և սակայն բժշկող մայրություն է, ընդհարվելու քաջությունն է այն ամեն ինչի հետ, ինչը որ վտանգ ու սպառնալիք է մեր կյանքի ու մեր եղբայրների կյանքի համար: Որովհետև մեղքը այն բանն է, ինչը որ մահ պատճառեց Աստծո Որդուն, և այն բանն է, ինչը որ այսօր ևս շարունակում է մահ պատճառել Աստծո բազմաթիվ զավակների: Այսպիսով կարող ենք լինել երրորդ օրվա արք և կանայք:
Սա է ամենամարդկային ձևը, որ ունենք՝ գոյության հրաշքին մասնակցելու համար: Ցավի սրտում, մահվան մոտիկության ժամանակ, լքման օրվա սև արևի ներսում, մնում է այս խենթությունը. շարունակում է սիրո զորությունը: Նույնիսկ եթե ոչինչ չունեմ, նույնիսկ եթե ձեռքերս դատարկ են կամ դատարկվել են տագնապից ու մտատանջություններից, մնում է ինձ անհայտ մի վայրում, իբրև ակունքն իմ աղբյուրի, իբրև երկնակամարն իմ երկնքի, իբրև հաստաշերտ հողն իմ արմատների, մնում է սիրո զորությունը: Միակ բանը, որ չի կործանվելու, որն ի զորու է ծաղկեցնելու բոլոր գարունները, որն ի զորու է իրագործելու բոլոր հարությունները, որն ի զորու է արգասավոր դարձնելու բոլոր վիրավոր մայրությունները:
 
Ահա՛ քո մայրը: Նայի՛ր քո մորը:
 
Հիսուսի կտակն ընդհանրական է, համամարդկային, ո՛չ սոսկ ընտանեկան. մի Մայր է տրված բոլոր ժամանակների բոլոր աշակերտներին, պարգև պարգևների մեջ: Ընդունել Մարիամին որպես մայր, սա Հիսուսի իսկ կողմից հաստատված, այլ ո՛չ թե բարեպաշտ քրիստոնյաների կողմից հորինված սկզբունք է: Խաչի վրայից Հիսուսն ասում է աշակերտներից յուրաքանչյուրին. «Նայի՛ր. քո մայրն է», ո՛չ պարզապես. «Ահա՛ քո մայրը»: Իրոք, գործածում է մի բառ («ահա՛»), որի արմատը նշանակում է «նայել» («íde»)(*), այսպիսով կարծես մի հրահանգ տալով, գրեթե ստիպողական մի հրավեր՝ հայելու Մոր դեմքին, նրա մեջ փնտրելով մեր հավատքի չափահաս ու հասուն դիմագծերը, սիրո ու ցավի մեր պատմության «ինչո՞ւ»ներն ու արդյունքները:
«Նայի՛ր քո մորը». նրան ուղղիր աչքերդ, նրա վրա սևեռիր հայացքդ, հայիր նրան իբրև սրբապատկեր, նրա նման դառնալու համար: Որովհետև մարդը դառնում է այն, ինչին որ հայում է. դառնում է այն, ինչը որ սիրում է (հմմտ. 2Կր 3, 18): «Հայր» և «մայր» բառերը աստվածաշնչյան բառապաշարում կյանքի բնօրինակներ են, տիպարներ, որոնք հարկավոր է ո՛չ թե պատճենահանել, այլ՝ նրանց էությունը սեփական կյանքում ապրել անձնական եղանակով. սրբապատկերներ են, որոնք հարկավոր է ո՛չ թե վերարտադրել, այլ՝ նորովի գծագրել կրկին ու կրկին: Արդարև, եթե Մարիամի կոչումը եզակի է, եզակի է նաև իմ կոչումը, ինձ հանձնված եզակի ու անկրկնելի առաջադրանքով, որն անկասկած նվազ նշանակալին չէ պատմության ներսում: Մարիամից սովորում եմ ճշգրիտ ոճը, գոյություն ունեցող ամենամարդկային ձևը՝ հարաբերվելու Աստծո և Իր հրեշտակների, մարդու և իր երազանքների հետ: «Ահա՛ քո մայրը: Նայի՛ր քո մորը»: Եթե ուզում ես Քրիստոսի աշակերտը լինել, նայի՛ր Մարիամին, սովորիր նրանից, նրա ժեստերից, նրա խոսքերից, նրա լռություններից: Թույլ տուր, որ ինքը դաստիարակի ու կազմավորի քեզ, ինչպես որ յուրաքանչյուր զավակ վարվում է իր մոր հետ: Եվ կրկնիր իր լսելն ու սեփական սրտում պահելը, իր օրհներգը, իր հոգատարությունը, իր ուժն ու իր հիացմունքը, տևական դարձնելով իր նուրբ և ուժեղ ներկայությունը, իրենից սովորելով, թե ինչպե՛ս պետք է ծառայել Աստծուն լրջությամբ, և եղբայրներին՝ քնքշանքով:
«Ահա՛ քո մայրը, նայի՛ր քո մորը». Հիսուսը կամենում է, որ Իր պարգևը դառնա մեր ձեռքբերումը:
 
Եվ այդ պահից աշակերտը նրան իր մոտ առավ:
 
Գողգոթայի գագաթին Մարիամը ներկայացնում է սերը, անձնավորում է այն «այո՛»ն, որն հետևում, խրախուսում է որդուն իր անվերապահ ինքնանվիրման կոչման մեջ: Հովհաննեսը ներկայացնում է հավատարիմ աշակերտին, որ չի փախել, որը Քրիստոսի թվացյալ պարտության ու ձախողման մեջ տակավին հավատում ու վստահում է անհավատալիին: Մարիամը ներկայացնում է սերը, Հովհաննեսը՝ հավատքը, և երկուսն էլ միասին կանխավ պատկերում են Եկեղեցին, որն հիմնված է սիրո ու հավատքի վրա: Ուժգին ու արգասավոր մի սեր, ինչպիսին որ է մայրական սերը. հավատք նաև անհնարինի հանդեպ, ինչպիսին որ է Հովհաննեսի հավատքը:
Բնագրի ճշգրիտ թարգմանությունն այսպիսի տեսք ունի. «Նրան իր ''թանկագին բաների'' մեջ վերցրեց», իր «անձնական բաների» մեջ, որպես իր ինքնության մի մասը. հունարեն «tà ídia» նշանակում է այն բաները, որոնք քեզ կազմավորում են որպես անձ, այն բաները, որոնցով դու դու ես:
Որ Մարիամը, միայնակ, այրի ու անզավակ մնացած, գնա Հովհաննեսի տանը բնակվելու, հրեական ավանդության համաձայն չէր, մանավանդ թե՝ լիովին հակասում էր ընդհանուր կանոնին, որի համաձայն՝ միայնակ մնացած կինը պարտավոր էր գնալ իր ընտանիքի ավագ անդամի տանը բնակվելու: Այս փաստն էլ է մատնանշում Քրիստոսի բերած նորությունը, նոր ուժը այնպիսի բառերի, ինչպիսիք են «եղբայր» և «մայր» եզրերը (հմմտ. Մրկ 3, 35), որոնք Մարիամն այժմ վերջապես հասկացել է, մինչև վերջին վայրկյանը օրինակ հանդիսանալով ազատ անձի, որն ընդունակ է խորը փոփոխություններ առաջացնելու իր սեփական և ուրիշների կյանքում, մղված լինելով Հոգու ստեղծագործ զորության կողմից:
Ինձ ասված է. «Վերցրո՛ւ Մարիամին այն բաների մեջ, որոնցով ձևավորվում է քո ինքնությունը, նա քո կատարյալ սրբապատկերն է»: Վերցրո՛ւ Մարիամին քո թանկագին, կարևոր բաների մեջ, վերցրո՛ւ նրան քո տանը բնակվելու, որովհետև քո մայրն է, քո էության իսկ մի մասը:
(*) Հայերենում ևս, գրաբարյան արմատը նույն իմաստն է արտահայտում:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։