Մարիամի օրհներգը. Ղուկաս 1, 39-55 – Գրադարան – Mashtoz.org

Մարիամի օրհներգը. Ղուկաս 1, 39-55

Այդ օրերին Մարիամն աճապարանքով ճանապարհ ընկավ դեպի լեռնակողմը, դեպի Հուդայի քաղաքներից մեկը. և Զաքարիայի տունը մտնելով, ողջույն տվեց Եղիսաբեթին: Արդ, Եղիսաբեթը հազիվ լսեց Մարիամի ողջույնը, մանուկը խաղաց իր որովայնում, մինչ Եղիսաբեթը լցվեց Սուրբ Հոգով և բարձր ձայնով աղաղակեց, ասելով. «Օրհնյա՜լ ես դու կանանց մեջ, և օրհնյա՜լ է որովայնիդ պտուղը: Որտեղի՞ց է ինձ այս շնորհը, որ Տիրոջս Մայրը գա իմ մոտ: Որովհետև, ահա՛, հազիվ քո ողջույնի ձայնը հասավ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում: Երանի՜ նրան, ով հավատաց, որ կատարվելու էր այն ամենն, ինչ իրեն ասվել էր Տիրոջ կողմից»:
 
 
Այցելությունը Եղիսաբեթին. ճանապարհների տոնն է, կարող ենք ասել: Մարդը ճանապարհներ ստեղծող է, ո՛չ թե սոսկ հրամաններ կատարող. ճանապարհներ, որ տանում են մեկին դեպի մյուսը, և միասին՝ դեպի Աստված:
Քրիստոնյա հավատացյալը գիտի, որ մյուսը միշտ – Եղիսաբեթի նման, Մարիամի նման – իր մեջ մի հրաշք կրող է. ապրելու, սիրելու, երգելու հրաշքը. ինձ խնամելու, իմ հանդեպ հոգատար լինելու հրաշքը, հրաշքը ընդունակ լինելու մի առավել բերկրանքի, քան որքան որ կյանքը թույլատրում է: Յուրաքանչյուր ոք, Մարիամի նման, կրողը մի խոսքի, որ գալիս է անսահմանից, կրողը Աստծո դեմքի մի բեկորի: Մանավանդ թե, յուրաքանչյուր ոք իբրև Աստծո մի սեփական պահը:
Երկու կանայք, մեկը մյուսի հայելին, տարածք են բացում Խոսքի համար: «Մեծացուսցէ»ն չի ծնվել լռության մեջ, այլ՝ փոխադարձ գորովի գրկում: Աստված ընդառաջ է գալիս հարաբերությունների մեջ, միջնորդվում է մարդկանց, հանդիպումների, երկխոսությունների, ողջագուրումների միջոցով:
Մարիամն ուրախությամբ գնում է հաղորդակցվելու իր ավելի տարեց ազգականուհու հետ, հարուստ՝ սպասումներով ու կյանքով, որը կօգնի իրեն հասկանալու, թե ի՛նչ է տեղի ունենում իր հետ, և դա կանի փորձառությամբ, գորովով և հույսով: Գնում է հաղորդակցվելու, բաց և տրամադիր դիրքորոշմամբ, առանց կարծրատիպերի, հետևելով հրեշտակի աննախադեպ առաջարկին: Գնում է, որովհետև գիտի, որ Նա, ով այժմ իր արգանդում է, կապված է տարեց ազգականուհու արգանդում թաքնված կյանքին:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։