Մոտիկությունը – Գրադարան – Mashtoz.org

Մոտիկությունը

«Խաչի մոտ» կանգնելը մեզ հրավիրում է կրկին բացահայտելու քրիստոնեական համակրանքի մեծ առաջադրանքը: «Հոգին որևէ տառապանք մոռանում է, երբ վիշտը ընկերներ ունի և երբ ընկերությունը մխիթարում է նրան» (Ու. Շեքսպիր). որովհետև «մարմինները միմյանց միավորում է հաճույքը, մինչդեռ հոգիներին միավորում է վիշտը» (Գ. Չերոնետթի):
«Կանգնած էր մոտ ... »: Հազարավոր էջեր են գրվել այս «կանգնել» բայի վերաբերյալ: Տառապանքի դիմաց առաջին դիրքորոշումը չփախչելն է, ուրիշ կողմ չշրջվելը, Գողգոթան շրջանցող ճանապարհների փորձությանը չհանձնվելը, այլ՝ մոտիկ կանգնելը, ընկերակցելը, մերձավոր լինելը: Հայտնությամբ ծանրաբեռնված մոտիկությունն է, որի փորձառությունն ունեցել էր Բեթանիայի Մարիամը, որ «նստել էր Հիսուսի ոտքերի մոտ և լսում էր նրա խոսքերը» (Ղկս 10, 39): Մոտիկությունն է, որն Հիսուսն Ինքը առաջադրում է Իրեններին. «Նրանցից տասներկու հոգի ընտրեց», ասում է Մարկոսը, «որպեսզի իր հետ մնային» (Մրկ 3, 14): Հիսուսը. մի պարգև, որ ակնկալում է մոտիկություն:
Այս մոտիկության կերպն ու հանգամանքները կարող են մատնանշվել գյուղական կյանքից վերցված մի պատկերի օգնությամբ: Պատվաստումը կատարվում է ծառի վրա վերք բացելու միջոցով: Աստված աշխարհի մեջ պատվաստվում է Գողգոթայի միջոցով, խաչի վերքերի միջոցով. տառապանքով և տառապանքի միջոցով է յուրաքանչյուր ոք պատվաստվում պատմության ծառին և ուրիշի կյանքին: Ո՛չ միայն սրբազան ոլորտն է սքանչելի ու ահավոր, կապված հիացմունքին ու տագնապին, այլ՝ մեր աշխարհը նույնպես գրավում է մեզ կա՛մ հիացմունքով, կա՛մ տագնապով, կա՛մ գեղեցկության ճանապարհով, կա՛մ արցունքների քողով: Արյան լացին, աղաղակին պատվաստված՝ դառնում ենք ուրիշների ցավին ցավակից, և միմիայն այդ դեպքում է կրկին մերը դառնում այս միաժամանակ բարբարոս ու սքանչելի մոլորակը: Ցավն ու վիշտը, պատերազմը, տագնապն ու մտատանջությունները, երկրաշարժերը, փախստականների ջրասույզ կործանվող նավերը, ահաբեկչությունները. սրանք բոլորը աշխարհի վերքերն են, բոլորի, յուրաքանչյուրի վերքերն են: Զգում եմ, թե ինչպես է աշխարհը դրանց միջոցով թափանցում իմ մեջ: Ուրիշների վերքերը ճեղքում, պատռում են ինքնաբավարարության իմ այս կեղևը, որպեսզի այնտեղից կյանք դուրս գա, որպեսզի այնտեղից կյանք ներս մտնի:
Յուրաքանչյուր ոք կարող է և պարտավոր է բազմաթիվ կյանքեր ապրել և, հետևաբար, բազմաթիվ մահերի միջով անցնել: Որքան ավելի է մեկը սիրում, այնքան ավելի բազմաթիվ են դառնում կյանքերն ու մահերը, որոնք ստանձնում է որպես իրենը: Բացված վերքի շնորհիվ – ցավ կրելով ու ցավի միջոցով – պատվաստվում եմ կյանքի ծառին, որի ճյուղերն անծայրածիր են, բայց միայն մեկն է արմատը. «Մեկ է Հայրը և դուք բոլորդ եղբայրներ եք», բոլորդ պատվաստված եք մեկ միակ ծառի, մեկ միակ արմատի, մեկ միակ որթատունկի: Այդ դեպքում է միայն, որ կարող ենք «մեկս մյուսի բեռը կրել» (Գղտ 6, 2): Միայն այդ դեպքում է, որ կարող ենք կրել վերքը, ցավը, կրել ուրիշին: Եվ այդ ժամանակ է միայն, որ Աստված կարող է լինել այն երեխայի մեջ, որ մահանում է հանձինս «տխուր աչքերով հրեշտակի», որովհետև պատվաստվել է աշխարհին՝ խաչի վերքի միջոցով:
Աստված ներսում է: Մենք, Մարիամի նման, կարող ենք մոտ լինել, կողքին լինել, սակայն միշտ՝ ուրիշների վշտին պատվաստված:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։