ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ – Գրադարան – Mashtoz.org

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Մարիամի պատկերը եկեղեցական պատմության մեջ և աստվածաբանական խորհրդածություններում հայտնվում ու անհետանում է հոգու խորհրդավոր մակընթացությունների ու տեղատվությունների նման: Ժուժկալ լռության կամ մինչև իսկ մոռացումի ժամանակներին հաջորդում են ուրիշ ժամանակներ, որոնցում Մարիամը հաղթական մուտք է գործում բոլոր եկեղեցիներից ներս, նվաճում է սրտերն ու բարեպաշտությունը, հայտնվում է աստվածաբանական խորհրդածությունների կենտրոնում, երբեմն մինչև իսկ թվում է, թե գրավում է Խոսքին և Խաչին պատկանող մի դիրք: Մարիամի պատկերը, կարծես լուսնային մի ռիթմի ժառանգը հանդիսանալով, հայտնվում ու անհետանում է նաև յուրաքանչյուր հավատացյալի հավատքի պատմության ու իրադարձությունների ներսում. Մարիամի ներկայության սաստիկ ուժգնության հասած զգացումը հաճախ թուլանում է մինչև տեսանելիության ճգնաժամի մակարդակի, մինչև իսկ հասնում է ամբողջական խավարումների, թերևս որպես գերհագեցման կերպերից ինչ որ մեկին ի պատասխան:
Եվ սակայն, եկեղեցական դարաշրջաններից յուրաքանչյուրը Մարիամի վերաբերյալ բացահայտում կամ վերաբացահայտում է բազմաթիվ ու բազմապիսի տեսանկյուններ: Նա կրկին հայտնվում է Եկեղեցու սրտում, և ամենաճշմարիտ ու ամենաիրական հայտնությունները (տեսիլքները) Մարիամի վերաբերյալ Սուրբ Հոգու կողմից արծարծվող նոր ընկալումներն են. «Եթե դու կրկին չհայտնվես, Աստված էլ կտխրի» (Դ.Մ. Թուրոլդո): Եթե դու կրկին չհայտնվես, ո՛չ թե տեսիլքներում կամ հայտնություններում, այլ՝ եթե դու կրկին չհայտնվես մարդուն և հավատացյալին դեպի լիակատար հասունություն առաջնորդող քո ուժով ու զորությամբ, Աստված էլ կտխրի:
Ողջ Եկեղեցին այլևս ձեռք է բերել համոզումը, որ Նոր Կտակարանն է Մարիամ Նազովրեցուն ճանաչելու առանձնաշնորհյալ վայրը: Այդուհանդերձ, Մարիամին ըմբռնելու գործընթացում մի առաջխաղացում – որոշակի ելևէջներով – ներկա է նոր ծնվող Եկեղեցու ամենաառաջին քայլերից սկսած. երկու գլխավոր Առաքյալներ Պետրոսն ու Պողոսը անմարեմական են. Մարկոսի Ավետարանը լռում է Մարիամի մասին, կարծես թե քննարկվող նյութին չվերաբերվող, կամ առնվազն՝ Քրիստոսի հանդեպ հավատքի սկզբնական ավետման համար անկարևոր ներկայություն լիներ: Մարեմական միմյանցից բավականին տարբեր միտումներ այդ ժամանակվանից ի վեր ներկա են քրիստոնեական եկեղեցիներում:
Եկեղեցու գրկում հասունացված Սուրբ Գրությունների խոնարհ հարցաքննման մեջ – Եկեղեցու, որի մեջ ապրել է Սուրբ Կույսը – փնտրելու ենք ո՛չ այնքան մեկնողական սեղմ անդրադարձումներ, որքան՝ կյանքի բեկորներ, նախընտրելով գոյությունն ու պատմությունը, ավելի՝ քան փիլիսոփայությունն ու տեսությունները, փնտրելով անձնական և հավաքական պատմության կողմում ավելի, քան թե գաղափարների կողմում, փնտրելով, այսինքն, կյանքի ավետարանը:
Ո՛չ թե ուսմունքի ինքնատիպությունը, այլ՝ Հիսուսի աստվածությունն է, որ որոշում է քրիստոնեության կարևորությունը. ո՛չ թե էթիկական ներիմացումների կամ գաղափարների վերամբարձությունը, այլ՝ աստվածությունն Իր մոր գրկում ննջող այդ Մանկան, որի դիմաց մոգերը երկրպագում են: Քրիստոսին բոլոր փնտրողներն, ուստի, կարող են և պետք է դիմեն Ավետարանների Հիսուսին, փոքրիկ դեպքերի և ո՛չ թե մտահամակարգերի Հիսուսին. խորհրդանշական և փոխակերպող արարքների Հիսուսին, ո՛չ թե մեծ գաղափարների ու մեծ նկարագրությունների Հիսուսին: Իր փոքրիկ պատմություններն ի զորու են հուզելու և փոխակերպելու մարդկային էակին, որ շնչում է մեր ժամանակվա հոգին: Նույն կերպ պատահում է նաև Մարիամի և իր մասին խոնարհ ու բեկոր առ բեկոր կատարվող խորհրդածության դեպքում:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։