Նախաբան – Գրադարան – Mashtoz.org

Նախաբան

Էլի Վայսելը, որ Նոբելյան մրցանակի է արժանացել գրականության ոլորտում ունեցած իր ներդրումների համար, գերմանական համակենտրոնացման ճամբարներից վերապրած մեկն է, ով իր «Գիշերը» գրքում պատմում է երեք անձանց կախաղան բարձրացնելու մասին: Նրանցից մեկը երեխա էր, որին նա անվանում է «տխուր աչքերով հրեշտակ»:
 
Երեք դատապարտյալները միասին բարձրացան իրենց աթոռակների վրա: Նրանց գլուխները միաժամանակ մտցրեցին պարանի օղակների մեջ: «Կեցցե՜ ազատությունը», միասին գոչեցին երկու մեծահասակները: Երեխան, նա, լռում էր: «Ո՞ւր է բարին Աստված, ո՞ւր է», հարցրեց ինչ որ մեկն իմ ետևում: Ոստիկանապետը նշան տվեց և երեք աթոռակները քաշեցին նրանց ոտքերի տակից: Բացարձակ լռություն: Հորիզոնում արևը մայր էր մտնում: [...] Ապա սկսվեց տողանցը երեքի առջևով: Երկու մեծահասակներն այլևս ողջ չէին: Լեզուները դուրս էին կախվել ուռած, կապտած, մինչդեռ երրորդ պարանն անշարժ չէր: Թեև հազիվ նշմարվելի, երեխան դեռ ողջ էր: Կես ժամից ավելի այդ վիճակում մնաց, կռվելով կյանքի ու մահվան միջև, հոգին ավանդելով մեր աչքերի առաջ, իսկ մենք ստիպված էինք առանց հայացքներս շրջելու նայել նրա դեմքին: Դեռ ողջ էր, երբ ես անցա նրա առջևով: Լեզուն դեռ կարմիր էր, աչքերը մարած չէին, և իմ ետևում կրկին լսեցի այն նույն մարդու հարցը. «Բայց Աստված ո՞ւր է»: Եվ ես լսում էի իմ մեջ մի ձայն, որ պատասխանում էր. «Ո՞ւր է: Ահա՛ Նա, այնտեղ է, կախաղանից կախված: Այնտեղ է, և մեռնում է այդ կախված երեխայի հետ»:
 
Այս պատասխանը, որ առաջին պահին կարող է սրբապիղծ թվալ, իրականում մի՞թե մի խոսք չէ, որը մեզ հնարավորություն է տալիս թափանցելու Աստծո խորհրդի մեջ և ըմբռնելու այդ խորհրդի տեսանկյուններից մեկը: Այդ երեխան, որ մնում է լռության մեջ, որ չի բարձրացնում իր ձայնը, – խաչված Հիսուսի նման, – որ չի գոռում իր հուսահատությունը, որ ոճրագործներից վրեժխնդրորեն չի պահանջում իր մարդկային էությունն ու արժանապատվությունը, ինչպես մյուս երկու դատապարտյալները. այդ երեխան խորհրդապատկերն է Աստծո, որ տառապում է մարդու հետ միասին, խորհրդապատկերն է Աստծո կարեկցանքի (կարիքին կցորդվելու), Աստծո համակրանքի (միասին կրելու), ներկայացնելով Աստծուն որպես Նա, ով տառապում է մարդու հետ միասին: Թվում է, թե օգնության հասնելու Աստծո միակ կերպը դա մասնակցելն է, տառապանքը կիսելը: Որովհետև, խորքում, վիշտը չի պահանջում բացատրություն, այլ՝ կիսվել, դուրս գալ միայնությունից. չի պահանջում պատճառաբանություններ, այլ՝ մասնակցություն:
Բոլոր բացատրությունները, որ Հոբի ընկերները փորձում են գտնել, սոսկ «փիփերթի անհամ թուրմ» են (Հոբ 6, 6): Թվում է, թե փիլիսոփայական բոլոր մտածումներից ու պատճառաբանություններից ավելի՝ Աստված նախընտրում է Հոբի ըմբոստությունը: «Սիրիր կյանքը տրամաբանությունից ավելի, և միմիայն այդ դեպքում կհասկանաս կյանքի իմաստը» (Ա. Սոլժենիցին): Ցավից ծնված աղաղակը կյանք է, թեև կյանքի տրամաբանությունը չի կայանում ցավի մեջ: Ցավից ծնված աղաղակի մեջ ավետարանիչ շատ ավելի հզոր ուժ կա, քան տրամաբանության սիլոգիզմներում: Եվ Աստվածաշունչը դա մի գիրք է, որից արյուն է ծորում, այնպես՝ ինչպես որ կյանքից: Եվ Զատիկը արյան կարմիր կնիքի ներքո է: «Աստված այնտեղ է, որ մեռնում է այդ երեխայի հետ»: Այս լարված ու դժնդակ խոսքն արտահայտում է Աստծո մոտիկությունը, նշանակում է, որ «աշխարհի տառապանքների ամբողջությունը վերք է բացում Աստծո սրտի մեջ» (Ջ. Ունգարետթի):
Աստծո մոտիկությունը: Ո՛չ թե մի Աստված, որ անողոք ու անարդար դատավոր է, հեռու, օտար, մարդկային տառապանքի սոսկ հանդիսատես, այլ՝ Աստված, որ մոտիկ է, Աստված, որին Տասնչորսերորդ դարի խարազանավորների երգերն անվանում են «կարեկից Աստված», որն Իրենն է դարձրել աշխարհի տառապանքը, որն անքուն հսկում է ցավակիրների անքուն գիշերներում, որ ցավ է զգում մարդու զգացած ցավերի համար: Եվ հայնժամ, ինչպիսի՞ք կարող են լինել մեր դիրքորոշումներն ու մտորումները, երբ կրկին երևան կհանենք, կվերաբացահայտենք Աստծո վշտակրության Ավետարանը որպես մեր հանդեպ տածած Իր սիրո Ավետարան:
Խաչը վայրն է չարչարանքի և սիրո, միասին: Մարդու վշտակրության դիմաց իմաստով հարուստ է երևում ո՛չ թե որևիցէ մի մտորում կամ խորհրդածություն, այլ միմիայն խաչված աստվածաբանությունը («theologia crucifixa»), ինչպես ասում էին Հայրերը. այսինքն՝ Քրիստոսի խաչին ամրացած, կառչած, գամված աստվածաբանությունը, որը պետք է Խաչի հայեցողությունն ու ներկայացումը լինի, որը պետք է հարգի մարդու վշտակրության խորհուրդը և Աստծո կանչը, որ լսվում է տառապանքի խորքում: Խաչված աստվածաբանությունը բնակեցված է մի յուրահատուկ ներկայությամբ, որի շուրջ այժմ կկենտրոնացնենք մեր ուշադրությունը. ներկայությունը Սրբուհի Մարիամի:
 
Հիսուսի խաչի մոտ կանգնած էին նրա մայրը, նրա մորաքույրը՝ Կղեովպասի կին Մարիամը և Մարիամ Մագդաղենացին: Երբ Հիսուսը տեսավ մորը և նրա կողքը կանգնած այն աշակերտին, որին ինքը սիրում էր, ասաց մորը. «Ո՛վ կին, ահա՛ քո որդին»: Ապա ասաց աշակերտին. «Ահա՛ քո մայրը»: Եվ այդ պահից աշակերտը նրան իր մոտ առավ:
 
Միայն Հովհաննեսն է հիշատակում Մարիամի ներկայությունը. Մարկոսի համաձայն ներկա էին Մարիամ Մագդաղենացին, Հակոբի ու Հովսեի մայր Մարիամը, Սողոմեն. Մատթեոսի համաձայն՝ կրկին Մարիամ Մագդաղենացին, Հակոբի ու Հովսեփի մայր Մարիամը և Զեբեդեոսի որդիների մայրը: Ղուկասն անուններ չի տալիս. «Նրա բոլոր ծանոթներն էլ կանգնել էին հեռվում. և կանայք, որոնք Գալիլիայից նրա ետևից էին եկել» (Ղկս 23, 49):
Խաչի մոտ Մարիամի ներկայությունը, որին Հովհաննեսն առանձնացնում ու կղզիացնում է մյուս կանանցից, վստահաբար ինչ որ մի կարևոր բան է նշանակում աստվածաբանական, եկեղեցաբանական և գոյութենական տեսանկյունից դիտված: Խաչի մոտ Մարիամի ներկայությունը կոչ չէ մեր զգացմունքներին ուղղված, այլ՝ մի առաջնորդող պատկեր է, հատկապես այն օրերին, երբ խաչը մուտք է գործում մեր կյանքից կամ նրանց կյանքից ներս, ովքեր վստահված են մեր խնամքին ու հոգատարությանը:
Նա կենսական բնօրինակ է մեր վարքի համար, որովհետև Մարիամը Եկեղեցու և յուրաքանչյուր հավատացյալի առաջին քույրն է, առաջին բջիջը, առաջին կենդանի «տիպար օրինակը»: Մարիամն իր մեջ պարունակում է Եկեղեցու ԴՆԹ-ն: Ինչպես որ յուրաքանչյուր մարդու առաջին բջջի մեջ պարունակված են քրոմոզոմները՝ իր մարմնի ապագայի վերաբերյալ բոլոր տեղեկություններով, թե ինչպե՛ս է մեծանալու, թե ինչպիսի՛ն է լինելու ֆիզիկապես, թե ինչպիսի՛ բնորոշ դիմագծեր է ունենալու, թե ինչպիսի՛ նախասիրություններ է ունենալու նյութական իրողություններին վերաբերվող հարցերում, այնպես էլ Մարիամի մեջ կա արդեն ապագան հասուն քրիստոնյայի, հասուն հավատքի, հասուն սիրո: Եկեղեցին դեպի Քրիստոսն ուղղված իր ընթացքում հետևում է Մարիամին: «Քրիստոսը գլուխն է մարմնի, որ է եկեղեցին» (Եփս 1, 22):
Թերևս հայելով իրեն, խաչի մոտ Մարիամի դրսևորած չորս դիրքորոշումներին, – մոտիկությունը, վշտից ելքը, վիրավոր մայրությունը, երրորդ օրվա կինը, – մենք նույնպես կկարողանանք փոխակերպել տառապանքը՝ գայթակղությունից խորհրդի:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։