Նվիրում կյանքի ծառայությանը – Գրադարան – Mashtoz.org

Նվիրում կյանքի ծառայությանը

Մարեմաբանության երկրորդ ոլորտը կյանքի ծառայությունն է: Աստծուց հետո, ուղղվում է դեպի մարդը: Բեթղեհեմում աշխարհ է գալիս կյանքը, Գողգոթայի վրա կյանքի են գալիս մարդիկ. Բեթղեհեմի օրորոցը հայում է խաչին: Գողգոթայի վրա արտասանած Հիսուսի այն խոսքը – «Կին» – Մարիամին կապում է բոլոր կանանց, ողջ մարդկությանը: Աստվածային մայրությունն ուղղված է տիեզերական մայրությանը:
Մարիամի ամբողջ կյանքը կարող է ընթերցվել կյանքին մատուցված ծառայության, կյանքի ընդունելության և կյանքի հանդեպ հոգատարության լույսի ներքո: Երբ նա, իր մեջ կրելով Բանին, գնում է Եղիսաբեթին այցելելու, կյանքը, որ տանում է, բերկրանք, փրկություն, շնորհ է հաղորդում դեռ իր մոր որովայնում գտնվող Հովհաննեսին: Երբ գնում է մասնակցելու Կանայի հարսանիքին, – իսկ հարսանիքները կյանքի բողբոջային հանգույցն են, նախերգանքն են յուրաքանչյուր կյանքի, – իր միջամտությամբ՝ այդ վայրը դառնում է հրաշքների տարածք, տոնական սրահ, որ բացվում է հավատքի տոնի դիմաց, այսինքն՝ աշակերտների հարելուն Քրիստոսին, որովհետև «սա է կյանքը. որ ճանաչեն Քեզ և Նրան, ում Դու առաքեցիր, Հիսուս Քրիստոսին» (հմմտ. Հվհ 17, 3):
Եվ Մարիամը, որ ապրել է մահվան սպառնալիքի տակ հայտնված որդի ունենալու փորձառությունը («Փախիր, որովհետև Հերովդեսը փնտրում է մանկանը՝ սպանելու համար». Մտթ 2, 13), Եկեղեցուն օգնում է գիտակցել, որ կյանքը միշտ գտնվում է մի մեծ պայքարի կենտրոնում. որ չկա կյանք առանց բարու և չարի, լույսի ու խավարի միջև պայքարի: Չարն այն է, ինչը որ այն ժամանակ Գողգոթայի վրա մահ տվեց Աստծո Որդուն, և որն այսօր էլ շարունակում է մահ պատճառել Աստծո որդիներին: Մարիամն, ուստի, նաև մխիթարության կենդանի խոսք է մեր համար, – մեր, որպես Եկեղեցի, – մահվան դեմ մղվող մեր պայքարում, որովհետև կարող է ասել. «Իմ որդին վերադարձել է Եգիպտոսից» (հմմտ. Մտթ 2, 15): Մեր զավակները վերադառնալու են Եգիպտոսից:
Մարեմական բարեպաշտությունը, հետևաբար, գեղագիտությամբ (էստետիզմով) շփացված բարեպաշտություն չէ: Կրթում է կյանքի հանդեպ հարգանքի, պաշտպանության, սիրո: Մի հրավեր է՝ դիրք գրավելու կյանքի կողմից. մերժելու այն ամենը, ինչը որ եղծում, աղավաղում ու մթագնում է Աստծո պատկերը. այն ամենը, ինչը որ սպառնալիք է զավակներից յուրաքանչյուրի արժանապատվությանը. այն ամենը, ինչը որ հանգեցնում է կյանքի նվազմանը: Մարիամի հետ, յուրաքանչյուր հավատացյալ անցնում է Աստծո ունկնդրումից կյանքի ծառայությանը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։