Նվիրում փառքի ծառայությանը – Գրադարան – Mashtoz.org

Նվիրում փառքի ծառայությանը

Մարիամի մասին խորհրդածությունը բացահայտում ու խորացնում է անձնական կապերը, որ կան Երանելի Կույսի և կյանքի ավետարանի միջև, բայց այդ կապերն իսկույն և նախևառաջ խոսում են Աստծո, Որդու և Հոգու մասին: Աստծո մասին, ով կյանքի Հայրն է, կյանքի ակունքն է ժամանակի և հավիտենության մեջ:
Մարիամն, ապա, մեր ուշադրությունը կենտրոնացնում է Հիսուսի՝ կյանքի Բանի(*)  վրա. «Այն, ինչը որ մեր ձեռքերը շոշափեցին կյանքի Բանից, դա ենք մենք ավանդում» (հմմտ. 1Հվհ 1, 1). Նրա վրա, ով ասել է. «Ես եմ կյանքը» (Հվհ 11, 25). Բարի Հովվի վրա, որ եկել է, որպեսզի իր ոչխարներն ունենան կյանքը, ո՛չ միայն լոկ կյանքը, այլ՝ «ունենան կյանքը ավելիով» (Հվհ 10, 10):
Մարիամը մեր ուշադրությունը կենտրոնացնում է Սուրբ Հոգու վրա, որ կյանքի Շունչն է, կյանքի շնչառությունը, որ «Տեր է և տալիս է կյանք», ինչպես հաստատում ենք մեր Հավատքի Հանգանակում: Կրոնն, իր էության մեջ, կյանքի փոխանակում է, իբրև ընծա ժամանակի մեջ, իբրև ընծա հավիտենության մեջ: Եթե կյանքի ընդարձակում չէ, այդ կրոնը խաբկանք է: Աստված կյանք-սեր է, անդադար տարածված դեպի մարդը, որ ո՛չ միայն ուշադիր է մարդու հանդեպ, այլ՝ աշխատում է ի նպաստ մարդու կերտման, որպեսզի մարդը վերականգնի Հավիտյան Ապրողի պատկերը, և կարողանա այդպես – միմիայն այդպես – հագեցնել կյանքի և սիրո իր ծարավը:
Արդ, Աստված կքվում է մարդու վրա և Իր այս կքման մեջ, Իր այս գալստյան մեջ ստեղծվում է մի կենտրոնական տարածք, ուր իր տեղն է գտնում Մարիամը, որ դառնում է Կյանքի Մայրը, երբ Կյանքի Բանը մարդկային բնությամբ է զգեստավորվում իր մարդկային բնության ներսում: Եվ Մարիամը գտնվում է նաև Խաչի մոտ, ուր կյանքն ընծայվում է, սիրահար Աստծո կամովին կրած չարչարանքներում: Մարեմաբանությունն, ուստի, մշտապես խորհրդածություն է Աստծո ողորմած վարմունքի մասին, սիրո մասին, որ դառնում է ողորմություն: Սա է պատմության իմաստը, բոլոր դեպքերի ու իրադարձությունների գագաթնակետը, և հետևաբար՝ փառքը: Մարեմաբանությունն ուղղված է Աստծո փառքին, որովհետև ուղղված է Նրա փրկող ներկայությանը, Նրան, ով Էմանուելն է, որ նշանակում է «Աստված-մեր-հետ», ուղղված է Հոր հանդեպ Որդու հավատարիմ սիրույն, կյանքի փրկագնման գործում:
Մարեմաբանության ընթացքը խորհրդածությունից անցնում է հայեցողության, և ապա՝ հայեցողությունից փառաբանության: Մարեմաբանությունը երբեք «Կույսի գովքը» չէ միայն, այլ միշտ՝ «Աստծո գովքը»: Աստծո գովաբանումն է կյանքի ավետարանի համար, որը մեզ հասավ Սրբուհի Մարիամի միջոցով:
(*) Գրաբարյան «բան» եզրը (հունարեն՝ լոգոս, որ սովորաբար թարգմանվում է որպես «խոսք», բայց կարող է նշանակել նաև «միտք»), բան-ականության, բան-ավորության արմատն է, որով մատնանշվում է գոյություն ունեցող ամեն ինչի գոյութենական իմաստը և հակառակվում է անիմաստությանը, ան-բան-ությանը, ան-բան-ականությանը: Հատկանշական է, որ գոյություն ունեցող ամեն ինչ հայերենում մատնացույց է արվում որպես «մի բան», այսինքն՝ իր մեջ բանականություն պարունակող միավոր: Գրվելով մեծատառով, «Բան» («Լոգոս»), հասկանում ենք Աստվածային Միտքը, Իմաստությունը, Խոսքը (Ամենասուրբ Երրորդության երկրորդ Անձը՝ Որդին), որը ստեղծված որևէ բանականության արմատն ու աղբյուրն է, որից կտրվելու, հեռանալու դեպքում ամեն բան դառնում է անբան, իմաստազուրկ, հակասական, անտրամա-բան-ական:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։