Ո՞վ է իմ մայրը. Մարկոս 3, 20-35 (Մտթ 12, 46-50 և Ղկս 8, 19-21) – Գրադարան – Mashtoz.org

Ո՞վ է իմ մայրը. Մարկոս 3, 20-35 (Մտթ 12, 46-50 և Ղկս 8, 19-21)

Նրա շուրջը կրկին այնքան ժողովուրդ հավաքվեց, որ հաց ուտելու անգամ ժամանակ չէր ունենում: Այդժամ Հիսուսի ազգականները, դրա մասին տեղեկանալով, ելան եկան նրան բռնելու, որովհետև կարծում էին, թե խելքը կորցրել է: [...] Եկան Հիսուսի մայրն ու եղբայրները, և դրսում կանգնած՝ մարդ ուղարկեցին ու կանչեցին նրան: Եվ այնտեղ բազմամբոխ ժողովուրդը նստել էր նրա շուրջը: Եվ երբ ասացին նրան. «Ահա՛ մայրդ, եղբայրներդ ու քույրերդ դրսում են և քեզ են ուզում», նրանց պատասխանեց և ասաց. «Ո՞վ է իմ մայրը և ովքե՞ր են իմ եղբայրները»: Ապա իր հայացքն ուղղելով նրանց վրա, ովքեր նստած էին իր շուրջը, ասաց. «Ահա՛ իմ մայրը և իմ եղբայրները: Ով կատարում է Աստծո կամքը, նա իմ եղբայրն է, իմ քույրը և իմ մայրը»:
 
 
Այս միջադեպը, որ Ավետարանում հիշատակվում է Հիսուսի քարոզչությունը ներկայացնող պատմությունների շարքում, իր մեջ պարունակում է մի տարր, որը կարող ենք անվանել Հիսուսի իսկ ''մարեմաբանությունը'', որի համաձայն՝ Մարիամի համար ավելի կարևոր իրականություն էր աշակերտ լինելը, քան թե մայր. Տիրոջն ընծայված իր հավատարիմ ծառայությունն ավելի արժե, քան Աստծո Բանին կենսաբանական գետնի վրա ծնունդ տալը. Աստծո Բանը, որին նա – իր արգանդում հղանալուց առաջ – նախևառաջ իր սրտի մեջ էր հղացել:
Միևնույն միջադեպը, թեթև տարբերակներով, պատմվել է նաև Մատթեոսի (12, 46-50) և Ղուկասի (8, 19-21) Ավետարաններում: Ահա՛ այդ հատվածները.
 
Այդ ժամանակ, մինչ Հիսուսը տակավին խոսում էր բազմությանը, ահա նրա մայրն ու նրա եղբայրները կանգնած էին դրսում, մի կողմ քաշված, և ուզում էին խոսել նրա հետ: Ինչ որ մեկն ասաց նրան. «Ահա՛ քո մայրն ու քո եղբայրները կանգնած են դրսում եւ ուզում են քո հետ խոսել: Եվ նա, պատասխանելով իրեն այդ մասին տեղեկացնողին, ասաց. «Ո՞վ է իմ մայրը և ովքե՞ր են իմ եղբայրները»: Ապա իր ձեռքը դեպի իր աշակերտները երկարելով՝ ասաց. «Ահա՛ իմ մայրը և ահա՛ իմ եղբայրները, որովհետև ով կատարում է կամքը իմ Հոր, որ երկնքում է, նա է ինձ եղբայր, և քույր, և մայր»:
 
Մի օր Հիսուսի մայրն ու եղբայրները գնացին նրա մոտ, բայց չէին կարողանում մոտենալ նրան, քանի որ ամբոխը ամեն կողմից շրջապատել էր նրան: Ինչ որ մեկը նրան ասաց. «Մայրդ ու եղբայրներդ դրսում են և ուզում են տեսնել քեզ»: Բայց Հիսուսը նրանց պատասխանեց. «Իմ մայրը և իմ եղբայրները նրանք են, ովքեր ունկնդրում են Աստծո խոսքը և այն գործադրում են»:
 
Մարկոսի Ավետարանում Մարիամը հիշատակվում է միմիայն որպես Հիսուսի կենսաբանական մայրը, և նրանում լիովին բացակայում են ուսմունքային արտահայտության բոլոր ձևերը: Այս հատվածում, – որը միակն է, ուր Մարկոսը խոսում է Մարիամի մասին, և որը ոմանք չափազանց աճապարանքով սահմանել են իբրև գրեթե հակամարեմական, – տեսանելի է Մարիամի կյանքի ամենացավալի պահերից մեկը և Հիսուսի ամենադժնդակ խոսքերից մեկը. «Ո՞վ է իմ մայրը»: Խոսքեր, որոնք խոցում են մայրական սիրտը ուրիշ որևէ խոսքից ավելի, առաջին հայացքից թվալով իբրև ապերախտ ուրացման, մերժման արտահայտություն:
Հիսուսի դիտավորությունը, սակայն, ամբողջովին ա՛յլ ուղղությամբ է ընթանում. որպես նպատակ ունի Իրեն ունկնդրողներին – ներառյալ նաև իր Մորը – առաջնորդել և հասցնել կենսաբանական, մարմնական կապին վերագրվող բացարձակ արժեքի, անվիճարկելի առանձնաշնորհության գերազանցմանը, դեպի բացահայտումը հոգևոր նոր կապերի: Սա Հիսուսի բոլոր աշակերտների ընթացքն է: Եվ այս ճանապարհի վրա Մարիամը կենդանի մեկնություն, կենդանի բացատրությունն է այն բանի, թե ի՛նչ է նշանակում Քրիստոսի աշակերտ, հետևորդ լինելը: Հիսուսի նպատակը ընտանեկան կապերի դատապարտումը չէ, այլ՝ առաջարկել – որպես նոր աշխարհի նպատակակետ – եղբայրության և մայրության հարաբերություններ, որոնք ընդարձակված, տարածված կլինեն զանգվածային մակարդակի վրա: Նա հաստատում է, որ գոյություն ունի ինչ որ մի բան, որն առավել կարևոր է, քան արյունակցական կապերը, և որ ընտանիքի սահմաններից դուրս էլ հնարավոր է ասել. դու իմ համար եղբայր ես, և քույր, և մայր, և ունենալ անչափորեն ընդարձակված մի սիրտ:
 
Ելան եկան նրան բռնելու, որովհետև կարծում էին,
թե խելքը կորցրել է:
 
Հյուսնի որդին, երիտասարդ ռաբբին, ասում և անում է բաներ, որ բնականոն չեն, հետապնդում է մեր տրամաբանությանը օտար, Նազարեթի մտածելակերպից բոլորովին տարբեր ինչ որ մի բան, ընթանում է հոսանքին հակառակ, հասարակության կողմից ճանաչված ու ընդունված մտածելակերպին հակառակ: Ուստի ազգականները, իր ընտանիքի անդամները գալիս են Հիսուսին ''զսպելու'', ''չափավորելու'': Կարո՞ղ է արդյոք պատահել, որ Մարիամն էլ այս դիրքորոշումն ունեցած լինի: Փրկչի Մոր հանդեպ անհարգալիր կամ անպատշաճ չէ մտածելը, որ նա էլ է այդ նույն դիրքորոշումն ունեցել, եթե հաշվի ենք առնում ավետարանական այն բոլոր տվյալները, որոնք խոսում են Մարիամի հոգում հավատքի զարգացման մասին, հավատքի մեջ նրա ուխտագնացության, խորհրդածության ու փնտրտուքի նրա մշտատև ու անդադար աշխատանքի մասին: Մարիամը, որ կարողացավ հղանալ Աստծուն, չկարողացավ լիովին հասկանալ Նրան: Մեծագույն ընտանությունը չպատսպարեց նրան մեծագույն անհասկացողություններից, հարցականներից: Ունենալն Աստծուն որպես իր ընտանիքի անդամներից մեկը, Նրա հետ սեղան նստելը նվազ մթամած չդարձրեց Մարիամի կյանքը Նրա կողքին: Ավետարանական ավանդությունը – մեծագույն ազնվությամբ – չի թաքցնում փաստը, թե ինչպես – Հիսուսի հասարակական գործունեության ընթացքում – Մարիամի հետ հարաբերությունները բնորոշվում էին որոշակի հեռավորությամբ:
Այս ամենից բացի, Մարկոսը Մարիամի վերաբերյալ ներկայացնում է մի շա՜տ մարդկային դիմանկար, հայտնում է նրա վախերը, որդու նկատմամբ նրա հոգատար խնամքն ու մտահոգությունները: Փարիսեցիներն արդեն դավեր են նյութում Հիսուսի կյանքի դեմ (Մրկ 3, 6) և Մարիամը շտապում է գրեթե ստիպելու Հիսուսին առավել խոհեմության, ավելի մեծ զգուշության, որպեսզի Նրա կյանքը չենթարկվի նման վտանգների: Բայց ավետարանական այս հատվածի դիտավորությունը հայտնում է, թե որոնք են ճշմարիտ կապերը, որ տանում և հասցնում են լինելու Քրիստոսի աշակերտները:
 
Ո՞վ է իմ մայրը և ովքե՞ր են իմ եղբայրները:
Ով կատարում է Աստծո կամքը,
նա է ինձ եղբայր, և քույր, և մայր:
 
Մարիամի համար, որ կատարել է Աստծո կամքը Ավետումից մինչև Խաչելություն, անակնկալից մինչև ողբերգություն, մոր դերը գումարվում է աշակերտի ու հետևորդի դերին: Հիսուսի հասարակաց գործունեության սկզբնավորմամբ՝ Աստծո կամքը բացահայտվում է այն ամենի մեջ, ինչ ասում և անում է Հիսուսը, Նրա խոսքերի և Նրա «խելքը կորցրած» թվացող արարքների մեջ: Հայտնվում է և միաժամանակ թաքնվում է, դառնում է դժվարին ու պահանջկոտ: Մարիամից էլ է պահանջվել վճարել հետևորդության թանկ գինը, մտքի կաղապարները լքելու ճգնությունը. կաղապարներ, որոնք – կասկած չկա – մեծապես մարդկային իրողություններ են, որ բխում են մարմնի ու արյան կապերից, ինչպես նաև՝ կրոնական ավանդությունից:
Հիսուսի խոսքերը թվում է, թե ընդգծում են արմատների հատման մի գործընթաց, մի ժխտում և չընդունում այն ամենախորին նշանների, որոնցով դրոշմված է մարմինը, ամենամեծ մոտիկության խորհրդանշանները. մինչդեռ, պարգևում են մեզ տան և ընտանիքի մի խորին կարոտ, և մի մտադրություն գրեթե՝ մի տուն ընծայելու բոլորին, դեպի տուն բերելու բոլոր ցրված զավակներին:
 
Ով կատարում է Աստծո կամքը ...
 
Ո՞րն է Աստծո կամքը: Առաջին օրից մինչև այսօր միայն մեկն է Նրա կամքը. «Ստեղծենք մարդուն, – տակավին և միշտ, – և թող որ լինի մեր պատկերով ու նմանությամբ» (հմմտ. Ծնդ 1, 26): Կերտել մարդուն, նրան միշտ ավելի նման դարձնել իր Տիրոջը և տալ նրան ճանապարհի ու սիրո ընկերներ: Տալ նրան Քրիստոս Հիսուսին, որպեսզի լինի նրա համար եղբայր և ընկեր, և վերջապես հաջողված մարդու բնօրինակ, և աճեցնել նրան Քրիստոսի հասակի համաձայն (հմմտ. Եփս 4, 13), մինչև որ կունենա իր մեջ մինչև իսկ այն նույն զգացումները, որոնք Քրիստոսինն էին (հմմտ. Փլպ 2, 5), մինչև որ կկարողանա մարդն ասել. ես չեմ այլևս, որ ապրում եմ, այլ՝ Քրիստոսն է, որ ապրում է իմ մեջ (Գղտ 2, 20): Եկեղեցու Հայրերի համաձայն՝ աստվածացումն է: Ով որ ինքն իր մեջ իրագործում է Խոսքից (Բանից) ինչ որ մի մասնիկ, նույնիսկ միայն մի վանկ, նա կատարում է Աստծո կամքը, այդպիսին մայր է Քրիստոսին, և եղբայր, և քույր:
«Ստեղծենք մարդուն»: Եվ նրա դեմքը թող որ միշտ նման լինի մեծ բնօրինակին. և իր սիրտը թող որ միշտ ավելի ընդարձակված լինի, իսկ իր սերը՝ միշտ ավելի նվազ խտրական: Մի մարդ, որն ընդունակ լինի լինելու արարիչ, և համառ՝ սիրո մեջ. սա՛ է Հոր կամքը: Որ ես արարիչ լինեմ, համառ՝ սիրո մեջ. որ ես մարմին տամ Ավետարանի մի պատառիկի, որ ես կորով ու սլացք հաղորդեմ մի խոսքի, մի երանության: Որ ծնվի սիրո մի կամք իմ մեջ և աշխարհում, և սիրո այս անտեղիտալի կամքը աշխարհի արվարձաններից հասնի զբաղեցնելու իմ կյանքի և մեր աշխարհի կենտրոնը. այդժամ ես կլինեմ, Մարիամի նման, մայր: Նրա նմանությամբ՝ Տիրոջ ծառա, կյանքի Բանը ծնող: Նրա նմանությամբ՝ մեծապես մարդկային «ինչո՞ւ»ների արարած, ուշադիր՝ ուրիշների կարիքներին, տարեց կնոջ հանդեպ հոգատար, Կանայում հարսանիքի գինու համար միջնորդող, սեփական սրտում դեպքերն ու խոսքերը պահպանելով, խաչի մոտ կանգնելով, վերնատանը Սուրբ Հոգու գալստյան համար աղոթելով: Այս ամենը լիուլի իրականացել է հանձինս Մարիամի. նա Աստծո կենդանի բացատրությունն է և մեր ապագայի պայծառ սրբապատկերը:
 
Ղուկասի Ավետարանի կողմից առաջարկված տարբերակի համաձայն, աշակերտները Քրիստոսին ծնում են նաև Աստծո Խոսքի ակտիվ ունկնդրման միջոցով անգամ. «Իմ մայրը և իմ եղբայրները նրանք են, ովքեր ունկնդրում են Աստծո խոսքը և գործադրում են այն» (Ղկս 8, 21): Բոլոր նրանց, ովքեր ունկնդրում և ավետարանում են Իր Խոսքը, Հիսուսը պարգևում է մի մայրություն, Քրիստոսին ուրիշներին հաղորդելու, Նրան ուրիշների մեջ ծնելու կարողությունը, այդպիսով դառնալով ''Հիսուսի մայրը''. հետևորդությունը ծնում է մայրություն: Յուրաքանչյուր աշակերտ, ունկնդրելով կամ ապրելով Խոսքը, մարմնավորում, այսինքն՝ կարևորություն, լրջություն, կոնկրետություն է հաղորդում Քրիստոսին, Նրան ապրել է տալիս, Նրան ներկա ու գործուն է դարձնում պատմության մեջ, Նրան օգնում է մարմնանալու այս փողոցներում, այս տներում, այս հարաբերությունների ներսում:
 
Համաբարբառ երեք Ավետարանների կողմից պատմված դրվագում խոսվում է արմատների հատման, մտային հորիզոնների ընդարձակման, բայց ո՛չ Հիսուսի կողմից Իր Մոր մերժման, ուրացման մասին: Ընդհակառակն, մատնացույց է արվում մի կամք և ցանկություն՝ ընտանեկան հարաբերությունների մոդելը տարածելու տան և արյան շրջանակից անդին: Արդարև, եզրափակիչ նախադասությունը («Նա է ինձ եղբայր, և քույր, և մայր») ամբողջովին իմաստազուրկ կլիներ, եթե չմատնանշեր մի մոդել, եթե հայտնի չդարձներ մի մեծ սեր մոր և եղբայրների հանդեպ, որոնց Քրիստոսի հետևորդները նմանեցվում են և ո՛չ թե հակադրվում, եթե մատնացույց չաներ ընտանեկան երջանիկ, թեև անբավարար փորձառության կարոտը:
Հիսուսն, այդուհանդերձ, հաստատում է հետևորդության գերագահությունը սոսկ կենսաբանական մայրության նկատմամբ: Մարիամը ուղղակի և եզակի փորձառությամբ սովորել է, որ հետևորդությունը առավել գերակա է, քան ծնողությունը, և որ հետևորդությունն իր հերթին հասունանում և դառնում է մի նոր մայրություն, խաչի ստորոտում, Հիսուսի խոսքի մեջ. «Ահա՛ քո որդին»:
Մինչ այդ, Հիսուսը շարունակում է Իր ընթացքը ահռելի միայնության մեջ. ազգականների համար՝ խելքը կորցրած մեկն է, օրենքի ուսուցիչների համար՝ մի դիվահար: Շրջապատված է ամբոխով, այն աստիճան, որ չի կարողանում հաց ուտել, իսկ հոգու ներսում կրում է մի խորին միայնություն:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։