Ունկնդրում, լռություն, զմայլանք – Գրադարան – Mashtoz.org

Ունկնդրում, լռություն, զմայլանք

Երեք անգամ խոսում է հրեշտակը, երեք անգամ պատասխանում է Մարիամը, նախ՝ լռությամբ ու խռովքով, ապա՝ հասկանալու ցանկությամբ, և ի վերջո՝ սրտի ու մարմնի ծառայությամբ:
Մարիամի առաջին գործը, երբ հայտնվում է տեսարանում, այդ անակնկալ կերպով հայտնված ու շփոթեցնող հրեշտակի խոսքերն ունկնդրելն է, այդպիսով ցույց տալով, թե ո՛րը պետք է լինի առաջին քայլը յուրաքանչյուր մարդու, որ կամենում է ճշմարիտ հարաբերության մեջ մտնել արարածների հետ, լինեն դրանք մարդիկ, թե հրեշտակներ. ունկնդրելու արվեստը: Հնարավոր է լսել ամեն բան իմանալու համոզվածությամբ, կես ականջով, հուսալով, որ խոսողը շուտով կվերջացնի, որպեսզի խոսքը մենք վերցնենք, որովհետև մենք կարևոր բաներ ունենք ասելու: Հնարավոր է լսել ո՛չ թե մյուսի խնդրին մասնակցելու համար, այլ՝ տալիք գեղեցիկ պատասխանը գտնելու և այդպիսով ինքներս մեզ գեղեցիկ լույսի տակ ցուցադրելու նպատակով: Առաջին ծառայությունը, որ պետք է մատուցենք ուրիշներին և Աստծուն, նրանց ունկնդրելն է: Իսկ ինչպե՞ս է պետք ունկնդրել: Սուրբ Բենեդիկտոսը հայտնում է այդ գաղտնիքը: Ասում է իր վանականներին. «Ունկնդրել attonitis auribus», այսինքն՝ ունկնդրել «հիացած ականջով», զարմացած, դյութված, որպեսզի մյուսը հասկանա, որ իր պատմությունն իմ համար հետաքրքրական է. «Ես իսկապես հետաքրքրված եմ քեզնով: Այն, ինչ ասում ես, բարի է ու կարևոր, հիացնում է ինձ»: Ճշմարտապես ունկնդրում ենք միայն այն ժամանակ, երբ տրամադրվում ենք թույլատրելու, որ մյուսը հիացնի մեզ: «Գաղափարները կուռքեր են ստեղծում, միայն հիացմունքն է ինչ որ մի բան հասկանում» (Սբ. Գրիգոր Նյուսացի):
Իսկ ունկնդրումը, այդ առաջին ծառայությունը, հնարավոր է միմիայն լռության մթնոլորտում: Լռությունը, սակայն, կարող է նաև մի սարսափելի անապատ լինել, կամ էլ՝ ինքնախաբկանքի դրախտ, և հայտնի չէ, թե այդ երկուսից ո՛րն է վատթարագույնը: Ուստի ոչ ոք լռությունից թող ա՛յլ բան չսպասի, քան միայն՝ մաքուր ու պարզ հանդիպումը խոսքի հետ: Չպետք է մոռանալ նաև, որ Քրիստոնեության համար գոյություն չունի ինքնանպատակ մի լռություն, այլ միմիայն՝ լռություն որոշակի նպատակի համար. կրկնակի կապով խոսքին կապված լռությունն է, լռություն է խոսքի հնչման իսկ ներսում: Աղոթքը ասես լռության շնչառությունը լինի: Քանի՜ անգամ է պատահել, որ ունկնդրելով քամու անծայրածիր երգը կամ ալիքների ռիթմը, իբրև անխոս մի աղոթք, արթնացել է մեզնում մեծ լռությունը: Սպասում, որ մի ակնթարթում անակնկալ կերպով լցվում է Աստծով, որն էլ վերադարձնում է խոսքը: Սրբուհի Մարիամի լռությունն այս անխոս սերն է: Կարծես այն լարված պահը լինի, երբ նվագախմբի ղեկավարը բարձրացնում է իր ձեռքի փայտիկը, այն անհուն պահը, որ նախորդում է համանվագի սկզբին:
Իսկ ունկնդրում-լռությունից հետո՝ զմայլանքը, ինքներս մեզ հիանալ թույլատրելը, և հետևաբար՝ հասկանալու, ըմբռնելու կամքը. «Ինչպե՞ս է դա հնարավոր», որովհետև Աստված ակնհայտ չէ, հեշտ չէ հասկանալ Նրան և Իր ճանապարհները, և մարդու սիրտը անքննելի վիհ է: Եվ ի վերջո, ճշմարիտ երկխոսության ռիթմի մեջ, ընդունումը: Մարիամը մեզ ուսուցանում է ընդունելու և հիանալու արվեստը, արվեստը՝ մշակելու մի սիրտ, որն ունկնդրում է՝ մեր հանապազօրյա ավետումներն ապրել կարողանալու համար:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։