Ուրվագիծը – Գրադարան – Mashtoz.org

Ուրվագիծը

Ողջ հատվածն առաջ է ընթանում շարունակական ակնարկներ կատարելով Հին Կտակարանին, և սա իր բնորոշ հատկությունն է ու իր մեծ արժեքը: Պատկերը բավականին պարզ է. խոսքը հիմնականում վերաբերվում է մի երկխոսության, – ուր երեք անգամ խոսում է հրեշտակը, և երեք անգամ՝ Մարիամը, – որն ամփոփված է մի մանրամասն ներկայացված նախաբանի և արագ ավարտված վերջաբանի միջև: Նազարեթում, երկնքի և երկրի միջև բազմահազարամյա երկխոսության մեջ առաջին անգամ, վերջին խոսքի իրավունքը երկրինն է, արարածինը, մի կնոջ: Աստվածաշնչի նախորդ ավետումներում վերջին խոսքի իրավունքը հրեշտակինն էր, որն այժմ, մինչդեռ, նրանից հեռանում է լուռ կերպով: Արարածի նոր արժանապատվությունն է:
Երեք անգամ է խոսում հրեշտակը. նախ՝ բերկրանքի մի խոսք. «Châire» («Ողջո՜ւյն», «Ուրախ եղիր»). ապա, Մարիամի խռովվելուց հետո, մի խոսք ընդդեմ վախի. «Մի՛ վախեցիր». և մի վերջին խոսք, որպեսզի կյանք ծնվի. «Սուրբ Հոգին կպատի քեզ ամպի նման»: Հրեշտակն արտասանում է երեք բացարձակ խոսքերը. բերկրանք, վստահություն՝ որպես որևէ վախի վերջ, և կյանք. Ուրախ եղիր, Մի՛ վախեցիր, Ահա՛ գալու է մի կյանք: Երեք բացարձակ խոսքերն են, որոնք հրեշտակներն ու մարգարեները կրկնում են մեր ողջ պատմության ներսում, ամբողջ Աստվածաշնչի ներսում. այդ խոսքերը կրկնում են բոլոր նրանց համար, ովքեր չեն ցանկանում, որ իրենց մասին ասվի այն, ինչ ասվում էր Եղիսաբեթի մասին. «Ահա՛ նա, ում բոլորն ամուլ են կոչում» (Ղկս 1, 36): Նման խոսքերը դպչում են մարդկային որևէ գոյության ամենախորին լարերին. երջանկության կարիքը, վախը, որ կեղծիքների ու բռնությունների մայրն է, և կյանքը տալու աստվածային անսահման փափաքը: Հրեշտակը վստահեցնում է մեզ, որ Աստծո մոտենալու նշանները սրանք են. բազմապատկվում է բերկրանքը, փարատվում է որևէ վախ, պայծառորեն փայլում է կյանքը: Երեք անգամ Մարիամը պատասխանում է. լռությամբ ու խռովքով, մի հարցով, իր «այո՛»ն ասելով:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։