Պողոս Առաքյալի ավետիսը – Գրադարան – Mashtoz.org

Պողոս Առաքյալի ավետիսը

Նոր Կտակարանի առաջին գրությունները Պողոս Առաքյալի մի քանի նամակներն են, ի մասնավորի՝ Թեսաղոնիկեցիներին ուղղվածը, որ շարադրվել է Առաջին դարի Հիսունական թվականներին մոտավորապես: Պողոսն իր նամակներում միայն մի անգամ է խոսում Հիսուսի Մոր մասին, այն էլ՝ առանց նրա անունը տալու. « ... ծնվեց կնոջից ... » (Գղտ 4, 4):
Պողոսի ավետարանի կենտրոնը, իր kḗrygma-ի կորիզը, Հիսուսի մահն ու հարությունն է: Եվ Պողոսի հանճարեղությունը կայացել է նրանում, որ նա կարողացել է ներքին իմացությամբ զգալ ու հասկանալ, որ Հիսուսի մահվամբ է, որ բացատրվում է Նրա հարությունը, այլ ո՛չ թե հակառակը: Փաստը, որ ընդունել է մահանալ Աստծո այս դեմքի համար, մարդու հանդեպ տածած Իր այս սիրո համար. սրանով է, որ բացատրվում է հարությունը. «Դրա համար էլ Աստված նրան առավել բարձրացրեց» (Փլպ 2, 9): Քանի որ Պողոսն իր քարոզչության համար որպես կենտրոն ունի ո՛չ այնքան Քրիստոսի գալուստը աշխարհ, որքան ավելի շատ՝ Նրա առաքված լինելը Հոր կողմից, հետաքրքրվում է ո՛չ թե ժամանման կետով, մարդեղության հանգամանքներով, այլ ավելի՝ մեկնակետով, այսինքն՝ Աստծո հետ Նրա հավասարության փաստով: Պողոսը հարցերը քննարկում է զուտ աստվածաբանական տեսանկյունից դիտված, ամեն բան հղելով առ Աստված. «Դրա համար Աստված նրան առավել բարձրացրեց»: Հոր կողմից առաքված լինելը ստեղծում է ավելի աստվածաբանական, քան թե պատմական տեսակետ. Պողոսն անտեսում է Հիսուսի աշխարհ մտնելու պատմական հանգամանքները, այսինքն՝ Նրա ծնվելը, Նրա մարմնով զգեստավորվելը:
Միակ ակնարկը, – կարծես կարճ, համառոտ, բայց ազդեցիկ փորագրություն, – գտնվում է մոտավորապես 57 թվականին գրված և Փոքր Ասիայի Գաղատիա քաղաքում բնակվող քրիստոնյաներին ուղղված Նամակում. «Երբ հասավ ժամանակների լրումը, Աստված առաքեց ... » – առաքման աստվածաբանական տեսանկյունն է – « ... Իր Որդուն, որ ծնվեց կնոջից, ծնվեց Օրենքի տակ» (Գղտ 4, 4): «Ծնվեց կնոջից». այս բացարձակապես հպանցիկ ակնարկը, սակայն, անփոխարինելի հիմքն է՝ հաստատելու համար, որ Քրիստոսը մեզնից մեկն է, որ իսկապես և պատմականորեն մաս է կազմում մարդկությանը, որ եկել է աշխարհ, որ ծնվել է մեր նման, որպես մեր եղբայրը, որ կրել է մեր մարմնի դյուրաբեկությունը, «ամեն ինչով նման է մեզ, բացի մեղքից»: Սա՛ է հետաքրքրում Պողոսին, և ո՛չ թե Հիսուսի Մայրը, որի անունն անգամ չի տալիս. Պողոսին հետաքրքրում է Աստծո Որդու աշխարհ էջքի գիծը, Նրա ինքնախոնարհեցման գործընթացը, kénosis-ը: Աստված դարձնում է Իրեն Ադամ, որպեսզի Ադամը դառնա Աստված: Իրական Ադամ դառնալու համար Նա ունի կնոջ ճանապարհը, յուրաքանչյուր կնոջ, յուրաքանչյուր արարածի: Քրիստոնեական հավատքի ինքնությունը մարմնացյալ Աստվածն է, մարմնացյալ՝ կնոջ արգանդից: Մեր հավատքի յուրահատկությունը Աստծո այս պարզությունն է, որ ընտրում է աշխարհ գալ ամենամարդկային ճանապարհով: Մարիամը Հիսուսի մարմնի Մայրն է: Չպետք է ունայնացնենք, անօգուտ դարձնենք Քրիստոսի մարմինը, որը «փրկության առանցքն է» (Տերտուղիանոս): Մարիամն այն կինն է, որն իր տեղը գտնում է ժամանակների լրման մեջ. միջնորդում է պատմական անցմանը Օրենքից Շնորհին: Այնպես, ինչպես – մարմնով և հոգով Արքայության մեջ արդեն փառավորված լինելով – միջնորդում է վախճանաբանական անցմանը Շնորհից Փառքին: Մարիամն էապես «շեմային», անցումային կին է, արշալույսային կերպար, պատմության մեծ շրջադարձերի Կինն է:
Բողոքական բազմաթիվ համայնքներ Մարիամի վերաբերյալ հետևում են պողոսյան ավանդությանը, որը նվազագույն աստիճանի չափավոր է, անանուն, լերկ. հնազանդ և հարուցյալ Քրիստոսի վրա դրված շեշտադրմամբ ավելի, քան թե Նրա մարդեղության: Ուստի, հնարավոր է քրիստոնյա լինել առանց մարեմական հստակ ու պարզորոշ բարեպաշտության, առանց Մարիամին դիմելու, բայց հնարավոր չէ քրիստոնյա լինել առանց Մարիամի դերը հասկանալու: Եթե մի կողմից ճիշտ է, որ Մարիամի վերաբերյալ հստակ ու բացահայտ քարոզչությունը մաս չի կազմել սկզբնական kḗrygma-ին, մյուս կողմից՝ նույնքան ճշմարտացի է, որ սկզբնական Եկեղեցում հարատև աճող Մարիամի ներկայությունը չի կարող անտեսվել կամ քողարկվել նրա կողմից, ով Աստվածաշնչին մոտենում է արդար ուղղամտությամբ և նրա պատգամները հաշվի է առնում նրանց ամբողջության մեջ, առանց կղզիացնելու դրանք, կենտրոնանալով միայն մի բեկորի վրա: Ճշմարտությունը համանվագային է և ոչ ոք չի կարող սահմանափակվել Աստվածաշնչի մի մասով, բացառելով մյուսները: Միմիայն ամբողջ Աստվածաշունչն է Աստվածաշնչի մեկնաբանման կանոնը: Մարիամին անտեսելը քրիստոսաբանական աղքատացում է, թեև նրա կերպարն այնքան էլ ակնհայտ չէ, որովհետև առաջին հերթին չի պատասխանում մարդկային մի կարիքի («մարմնի և արյան»), այլ ճշմարտապես՝ Սուրբ Հոգու ձրի պարգևներից մեկն է:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։