Վիրավոր մայրությունը – Գրադարան – Mashtoz.org

Վիրավոր մայրությունը

Վշտից ելքը կատարվում է ո՛չ թե կամքի ուժով, այլ՝ սրտին, մայրությանը ուղղված կոչով: Հովհաննու Ավետարանի տողերում բոլոր արտահայտությունները հոդավորվում են «մայր» բառի շուրջը: Եվ հինգ անգամ կրկնված այս բառի շուրջն են շարժվում ածականներն ու հոդերը սեռական հոլովի մի նուրբ խաղով. «նրա մայրը» ձևից անցում է կատարվում «քո մայրը» ձևին: Տեսնենք ավելի մանրամասն կերպով:
Մարիամը, սկզբում, երկու անգամ անվանվում է «նրա մայրը». ապա, պատմության մեջտեղում, ևս երկու անգամ անվանվում է «մայրը», որոշյալ հոդով, բայց առանց սեռական հոլովով գործածված անձնական դերանունների, գրեթե հասկացնելով, որ նրա մայրությունը թափուր է, առանց առարկայի: Երրորդ տողում, մի վերջին՝ հինգերորդ անգամ նա անվանվում է «մայր», բայց այս անգամ տեղի է ունենում մայրության տեղափոխումը. «Ահա՛ քո մայրը». գոյականը կրկին ստացական դերանվան հետ է:
 
Հիսուսի խաչի մոտ կանգնած էին նրա մայրը,
և նրա մորաքույրը [...] :
Երբ Հիսուսը տեսավ մորը
և նրա կողքը կանգնած այն աշակերտին, որին ինքը սիրում էր, ասաց մորը. [...]
Ապա ասաց աշակերտին. «Ահա՛ քո մայրը»:
 
Այն, ինչը որ անշարժ ու անփոփոխ է մնում, մայրությունն է, բայց այդուհանդերձ՝ սկզբում նրա մայրն է, ապա Մարիամը կարծես մայր է առանց զավակների, – վիրավոր մայրությունն է, – իսկ հետո դառնում է քո մայրը: Կարծես թե ասվում է. «Ո՛վ Կին, վայր դիր քո վիշտը և վերստին բացահայտիր քո մայրությունը», վերստին բացահայտիր սիրո քո կարողությունը: Մի որդի մահանում է, բայց մի ուրիշ որդի է քեզ տրվում: Մահվան ցավն ու երկունքի ցավը միահյուսված են միասին: Եվ մեզնից յուրաքանչյուրին ասվում է. «Ահա՛ կյանքում քո կոչումը. լինել հայր ու մայր: Ահա՛ քո ապագան. ծնել կյանք, նույնիսկ երբ կյանքը շուրջբոլորդ մահանում է»: Կոչումդ ավելի արժեքավոր է, քան վիշտդ. և սա վավերական է մեր բոլոր կոչումների համար: Կոչումդ, – որ մայրություն է, որ նշանակում է պաշտպանել, պահպանել ու ծաղկեցնել կյանքը, – ավելի արժեքավոր է, քան վիշտդ:
Քո սերն ավելի արժեքավոր է, քան քո կյանքը: Հիսուսը, Մորը դիմելով, ասում է. «Ահա՛ քեզ մի որդի, վերադարձի՛ր լինելու մայր: Սերն ավելի արժեքավոր է, քան վիշտը»: Հանուն մի նոր կոչման, Մարիամը օգնություն է ստանում՝ վայր դնելու համար վիշտը և անցնելու մի նոր մայրության: Սա Մարիամի զատիկն է. անցումը մի նոր սիրո, վիրավոր և հարություն առնող մայրությանը:
Մի՞թե միայն հեքիաթներում պետք է ճշմարիտ լինի, որ սերն առավել հզոր է, քան տագնապը: Որ մարդկությունն առավել հզոր է, քան պատմական հարկադրանքները: Մի՞թե այդ ամենը պետք է ճշմարիտ լինի միայն երեխաների համար գրված պատմություններում: Մի՞թե իրոք այդպես է, որ հեքիաթները մնացել են միակ վայրը, ուր հաղորդվում է գաղափարը, որ միմիայն սերն է տիրապետում կենդանացնելու, տագնապը հաղթահարելու ուժին: Ավետարանն էլ դա գիտի և ասում է դա: Ազատության, երջանկության, սիրո ցանկությունը, որ կյանքի սկզբում դրվում է յուրաքանչյուր մարդու մեջ, կարող է նաև երկար ժամանակով զսպվել ու ճնշվել, բայց որևէ կասկածից դուրս է, որ երբեք չի կարող ջնջվել: Հնարավոր է մինչև իսկ արգելել այն, բայց հնարավոր չէ խափանել: Բոլորն էլ քաջ գիտեն, – նաև մեր, մեր խոսքի, մեզնից ստացած օրհնության շնորհիվ, – որ վերջին հաշվով ապրում են միայն այն նպատակով, որ կարողանան ազատորեն զարգանալ, ծաղկել երջանկության մեջ, հասունանալ սիրո մեջ, փոխադարձ մայրության մեջ: Եվ ո՛չ թե սոսկ սեփական եսի համար:
Եթե չկարողանայինք հավատալ, որ սերն ավելի հզոր է, քան տագնապն ու ողբը, որ ազատությունն ավելի հզոր է, քան հարկադրանքը, որ մայրությունն ավելի հզոր է, քան ամենօրյա մահերը, որ երջանկությունն ավելի մարդկային է, քան զրկանքն ու զոհողությունը, էլ ինչի՞ համար կարժենար ապրել: Մարիամի ելքը, նրա զատիկը, անցումն է վշտից մի նոր սիրո: Իսկ սերն ի՞նչ է, եթե ոչ՝ հյուրընկալություն, որն ուխտագնացության է մեկնում դեպի եղբայրները. մայրություն, որն ընդունում է: Այս գերագույն դիրքորոշումը, պաշարող վշտի մեջ բացված այս ճեղքը, դեպի ուրիշն ուղղված այս ուխտագնացությունը պետք է մենք բոլորս փորձենք երկարացնել, ժամանակի մեջ տևական դարձնել: «Բժշկիր ուրիշներին և կբժշկվի քո կյանքը» (հմմտ. Ես 58, 10):
Տառապանքն ապրելու երեք ձև կա. ընդվզումով, ճակատագրապաշտ հպատակությամբ, կամ էլ՝ մի երրորդ ձևով, որը հարություն առնող մայրությունն է, կամավոր բացվելը ինչ որ մի ուրիշ բանի դիմաց, կրելը մի սիրո, որը կրկին ոգևորվել է ինչ որ մեկով:
Աշխարհը մի վիթխարի լաց ու ցավ է, բայց հենց Գողգոթային նայելով է, որ կարող ենք ասել նաև, որ մի վիթխարի երկունք է: Ցավը մեզ խոսում է այն խորհրդավոր կապի մասին, որով միմյանց միահյուսված են մայրությունն ու նորությունը: Նորը միշտ ցավով է ծնվում: Մեր իսկ կյանքը, լույս աշխարհ եկող մանկան հաղթական ճիչը դա կյանքի հաղթանակով պարտության մատնված տառապանքի, ծննդյան ուրախությամբ փարատված տագնապի աղաղակն է: Եգիպտոսից ելքի ժամանակ էլ միմյանց են խառնվում ազատությունն ու արյունը. Մովսեսի օրհներգը (Ել 15) լի է ազատությամբ ու մահվամբ: Բեթղեհեմում Հերովդեսը կոտորում է Ռաքելի որդիներին, մինչ հրեշտակը քիչ առաջ ասել էր. «Մի մեծ ուրախություն եմ ավետում ձեզ. ծնվեց ձեր համար Փրկիչը» (Ղկս 2, 11):
Մեր կոչումը Սրբուհի Մարիամի միևնույն կոչումն է, մայրությունը. պահպանել, պաշտպանել, հոգ տանել, սիրել: Բոլորս էլ մի գերագույն առաջադրանք ունենք, որ է՝ կյանքեր պահպանել մեր կյանքով: Հատկապես թույլ ու տկար կյանքերը: Վա՜յ մեզ, եթե չենք հասկանում, թե որո՛նք են կյանքերը, որոնք պետք է պահպանենք: Վա՜յ մեզ, եթե նրանց բացահայտելուց հետո՝ վատ ենք պահպանում: Վերադարձը մայրության այս ձևին – չկա սեր առանց մայրության – մեզ հնարավորություն է տալիս լինելու բժշկողներ մեր հերթին, նույնիսկ եթե մենք ինքներս վիրավոր ենք, գոնե գոյության այն վերջին չարիքի, որ միայնությունն է:
Մորն ուղղված Քրիստոսի խոսքը դժնի ու խստապահանջ խոսք է, «երկսայրի սուր» է (Եբր 4, 12): Այն երբեմն ձեռք է, որ շոյում է, բայց ավելի հաճախ հրեղեն թուր է, որ ակոսներ է բացում սրտի վրա, որ խրվում, մխրճվում է մինչև զոդման կետը: «Քո հոգու միջով էլ սուր պիտի անցնի» (Ղկս 2, 35): Խոսքերը, որոնք օգտակար են ուրիշներին, այն խոսքերն են, որոնք ակոսներ են բացել մեր ներսում, որոնք հերկել, մշակել, տրորել ու ճզմել են մեր սիրտը: Մարիամը, որն այլևս մայր չէ, որովհետև իր որդին մահանում է, վերադառնում է մայր լինելու. «Ահա՛ քո որդին». վիրավոր մայրությամբ մայր, որովհետև որդին մահանում է. կրկին բժշկված մայրությամբ մայր. «Ահա՛ քո որդին». բազմապատկված մայրությամբ մայր. մենք բոլորս իր որդիներն ենք:
Այս մայրությանն ենք դիմում, երբ աղոթում ենք: «Նրա վերքերով մենք բժշկվեցինք» (Ես 53, 5), Քրիստոսի վերքերով, ո՛չ թե հրաշքներով: Սրբազան պատմությունը գրվել և գրվում է Քրիստոսի վերքերով, Քրիստոսի չարչարանքներով: Սիրահար Աստծո չարչարանքներով: Ո՛չ Իր հրաշքներով: Հիսուսը վիրավոր բժշկող է, որ բժշկում է հե՛նց որովհետև Ինքը վիրավորվել է: Որպես աշխարհի բռնության մի վերջին զոհ, որպեսզի զոհեր չլինեն այլևս: Ցավից դեպի սեր Իր ելքով մեզ ցույց է տալիս խստապահանջ ճանապարհը. Խաչի վրա ասելով Մարիամին. «Ահա՛ քո որդին», ասելով Հովհաննեսին. «Ահա՛ քո մայրը», ասելով Իր հետ միասին խաչված ավազակին. «Այսօր իմ հետ լինելու ես դրախտում», մոռանում է Ինքն Իրեն, մտահոգվելով ո՛չ թե Իր սեփական անձով, այլ՝ Իրեն սպանողներին ներում ապահովելով, լուծելով միայնության խնդիրը նրանց, ում թողնում է:
Եվ այնպիսի սուրբ տաճարը, ինչպիսին Քրիստոսն է, որը չի հայցում Իրեն կործանողների կործանումը, չի կարող Իր հերթին կործանվել մնայուն կերպով. ահա՛ հարությունը. «Սրա համար Աստված նրան հարություն տվեց» (Փլպ 2, 8): Մարդուն փրկելու համար Հիսուսն ընտրեց թույլ ու տկար միջոցները, իսկ բացարձակապես ամենագայթակղեցուցիչ կերպով թույլ ու տկար միջոցը դա տառապանքն է. «Նրա վերքերով մենք բժշկվեցինք» (Ես 53, 5): Բայց տառապանքը գայթակղեցուցիչ է միայն այն դեպքում, երբ մոռացության է մատնվում Որոգինեսի լուսավոր համադրությունը. «Charitas est passio» («Սերը չարչարանք է» կամ «Չարչարանքը սեր է»):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։