Վշտից ելքը – Գրադարան – Mashtoz.org

Վշտից ելքը

Երուսաղեմի դիմաց գտնվող բլրան վրա Հիսուսն Իր Մորը դիմում է անսպասելի խոսքերով. «Ո՛վ կին, ահա՛ քո որդին»:
«Կին» եզրը, – ինչպես արդեն ասացինք, – անորոշ բառ չէ, հեռավորության կամ հարգանքի խոսք չէ, այլ՝ այն բառն է, որն ընդհանրականացնում է Մարիամին, որն արյունակցական կապ է հաստատում նրա և առաջին կնոջ՝ մայր Եվայի միջև. այն բառն է, որն իր մեջ հայելացնում է բոլոր ժամանակների բոլոր մարդկանց, ո՛չ միայն բոլոր կանանց: Մարիամն այսպիսով սկսում է լինել բոլոր կենդանի էակների նոր մայրը, նա՝ ով ծնում է կյանքի լիության, ով սովորեցնում է ապրելու, հավատալու, սիրելու արվեստը:
Հիսուսը չի հայցում կարեկցանք Իր համար, սփոփանք չի խնդրում: Իր հերթին, չի ընծայում կարեկցանք կամ սփոփանք, չի խոսում Ինքն Իր մասին, չի խնդրում, որ մխիթարեն Իրեն, ինչպես ցավի ու վշտի մեջ գտնվող յուրաքանչյուր զավակ: Պահանջում է, մինչդեռ, ցավից ու վշտից փոխադարձ ազատության մի դիրքորոշում, Մորից խնդրում է ելք վշտից, դուրս գալ վշտից: Իր խոսքերը Մարիամին ասում են. «Մի պահ վայր դիր քո վիշտը և վերարթնացրու ընդառաջ գնալու, մոտիկ լինելու քո կարողությունը, կարողությունը պատվաստվելու ո՛չ այլևս իմ, այլ՝ մի ուրիշ կյանքի վրա. ահա մի ա՛յլ որդի»: Քրիստոսն Իր Մորը և մեզնից յուրաքանչյուրին առաջնորդում է ո՛չ թե ապրելու մի փակ ու ամբողջ գոյության վրա տարածվող վիշտ, այլ՝ մոռանալու սեփական ցավը, դուրս գալու ամբողջատիրական վշտի դյութանքից: Կարծես թե ասում է. «Այս վիշտդ քո կյանքի նկատմամբ արվարձանային դարձրու, և փնտրիր մի ա՛յլ կենտրոն, մի ա՛յլ որդի»:
Ցավից ազատությունը, վշտից ելքը այս հավաստի ստուգությունն ունի իր մեջ. որ վիշտը չպէտք է որոշիչ դեր խաղա ո՛չ մեր ընտրությունների, ո՛չ էլ մեր փախուստների հարցում: Համաչափ կերպով, հաճույքի որոնումը երբեք չպետք է լինի այն որոշիչ չափանիշը, որի հիման վրա պետք է կողմնորոշենք մեր կյանքը: Ո՛չ վիշտը, ո՛չ հաճույքը, այլ՝ ուրիշ մի բան: Եթե այս երկրի երեսին կա իսկապես եսակենտրոն ու եսապաշտական մի բան, դա երջանկությունը չէ, այլ՝ ցավն ու վիշտը: Տառապանքի յուրաքանչյուր զգացում եսակենտրոնության սպառնալիք է. բավական է մի թեթև ատամնացավ և մեզ այլևս չի հետաքրքրում ո՛չ տունը, ո՛չ էլ աշխարհը: Ցավն արմատապես եսապաշտական է: Երջանկությունը, մինչդեռ, վարակիչ է, այլասեր ու անձնվեր, հաղորդակցվում է արևի լույսի նման, մինչև ամենահեռավոր անկյունները: Միմիայն մյուսի երջանկության մեջ է իրական ու ամբողջական դառնում մեր երջանկությունը, անշահախնդիր, վեհանձն, առատաձեռն, մասնակցող:
Արդ, կա խորհրդավոր մի բան, որ միմյանց է միավորում ցավն ու երջանկությունը: Պողոս Առաքյալը Կողոսացիներին ուղղված իր Առաջին Նամակում մի մեծիմաստ խոսք է ասում. «Ուրախ եմ, որ տառապում եմ ձեր համար» (Կղս 1, 24): Հիսուսն այս պարադոքսը հասցնում է իր գագաթնակետին, ասելով. «Երանի՜ նրանց, ովքեր տառապում են» (հմմտ. Մտթ 5, 4.11.12): Պողոս Առաքյալի արտահայտության կենտրոնը միմյանց շաղկապված ուրախության ու տառապանքի մեջ չէ, այլ՝ մի խոսքի, որով բացատրվում է ամեն բան: Գաղտնիքը այդ «ձեր համար» խոսքի մեջ է: Կա մի նպատակ, մի ծրագիր, մի «դուք», որի ետևում հարկավոր է մոռանալ սեփական եսը. ո՛չ իմ համար: Սա շա՜տ լավ գիտեն ծնողները, որոնք ուրախ են տառապելու, եթե այդ տառապանքից օգուտ են քաղում զավակները:
Տառապանքի վերաբերյալ ավետարանական առաջին պատգամը սա է. Քրիստոսը ցավ է ապրում ի տես աշխարհի ցավի, և Նրա ձեռքերը հրաշքներով են լցվում հենց այս պատճառով, և այս պատճառով է, որ Նրա մարմինը ծածկվելու էր չարչարանքների վերքերով: «Ուրախ եմ, որ տառապում եմ ձեր համար»: Սա սիրո խոստովանություն է: Ուրախ եմ, որ տառապում եմ ձեր համար, ուրիշների համար, քչերի, միայն մեկի համար, բայց թող որ ես չլինեմ սիրո կամ տառապանքի կենտրոնը: Ո՛չ իմ համար: Ելք: «Առավել թանկարժեք ոչինչ չկա, քան մարդու լացով լացել կարողանալը» (Դ.Մ. Թուրոլդո): Ցավն ու վիշտը, – տառապանքը, – կարծես մրցանակը կամ պատիժը լինի սիրո հափշտակության համար, որովհետև սերն ու տառապանքը անբաժանելիորեն միացած են միմյանց:
Ասում է Որոգինեսը. «Passio est charitas» («Չարչարանք է սերը» կամ «Չարչարանքը սեր է»): Լատիներեն գրված նախադասությունը երկիմաստ է և թույլ է տալիս խաղալ երկու ենթակաների վրա. չարչարա՞նքն է, որ հայտնում է սերը, թե՞ սերն է, որ չարչարանք է: Կարևոր չէ. կարևորն այն է, որ մի անբաժանելի շրջանառություն գոյություն ունի տառապանքի ու սիրո միջև: Գողգոթան սիրո ու տառապանքի հանգույց է: Ողբերգությունը մահը չէ, այլ՝ չունենալ մեկը, ում համար կարժե տառապել ու նվիրվել, ում համար կարժե կորցնել սեփական կյանքը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։