Տիրոջ ծնունդը. Ղուկաս 2, 1-7 – Գրադարան – Mashtoz.org

Տիրոջ ծնունդը. Ղուկաս 2, 1-7

Այդ օրերին Օգոստոս կայսեր կողմից հրաման տրվեց մարդահամար անել ամբողջ երկրում: Այդ առաջին մարդահամարը տեղի ունեցավ, երբ Կյուրենիոսը կուսակալ էր Ասորիքում:
Եվ բոլորը գնում էին արձանագրվելու մարդահամարի, յուրաքանչյուրն իր քաղաքում: Հովսեփն էլ, Դավթի տնից և ազգից լինելով, Գալիլիայի Նազարեթ քաղաքից ելավ գնաց դեպի Հրեաստան, Դավթի քաղաքը, որ Բեթղեհեմ է կոչվում, մարդահամարի մեջ արձանագրվելու Մարիամի հետ, որ նրա հետ նշանված էր և հղի էր:
Արդ, մինչ նրանք գտնվում էին այնտեղ, նրա ծննդաբերելու օրերը լրացան: Եվ նա ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մեջ փաթաթեց նրան ու դրեց մսուրի մեջ, որովհետև իջևանում նրանց համար տեղ չկար:
 
 
Ավետարանական ընդամենը յոթ տողերում արձանագրված է Հիսուսի Ծննդյան հիշատակը: Այդ սակավաթիվ նախադասությունների ժուժկալությունը, ծայրաստիճան կարճառոտությունը խոսում է Աստծո ընտրության մասին. մարդանում, մանավանդ թե՝ մանկանում է իշխանական պալատներից հեռու, լռության մեջ, աղքատներով շրջապատված, անցնելով այն խոնարհ ծիսակատարության միջով, որի միջով անցնում է մարդու յուրաքանչյուր զավակ, որ ծնվում է: Եվ սակայն, ինչպես Մարիամի համար, նրանց հակիրճությունն ընդմիշտ մնալու է մեր սրտում. և միշտ ու անդադար ջանալու ենք ըմբռնել դրանց իմաստն ու ուժը. «Իսկ Մարիամն այս բոլոր բաները պահում էր իր մեջ և իր սրտում խորհում» (Ղկս 2, 19):
 
Այդ օրերին Օգոստոս կայսեր կողմից հրաման տրվեց մարդահամար անել ամբողջ երկրում: Այդ առաջին մարդահամարը տեղի ունեցավ, երբ Կյուրենիոսը կուսակալ էր Ասորիքում:
 
Դեպքերը Ղուկասի կողմից ներկայացվում են մանրամասնությունների խոնարհ կոնկրետության մեջ և մեծ հորիզոնների շրջանակի ներսում, աշխարհի պատմության ընդարձակ շնչառության մեջ: Հիսուսի ծննդյան պատմական առաջին հանգամանքը մարդահամարն է: Հիսուսը ծնվում է նման պայմաններում, որովհետև կայսերական մեծ մեքենան հրամայել է գործի դնել բոլորի վրա հսկողություն իրականացնելու այդ ճնշող ու փախուստի հնարավորություններ չթողնող գործիքը, ամենայն հավանականությամբ՝ թարմացնելու համար հարկերի հավաքման հետ կապված տեղեկությունների ցանկերը: Սաղմնային ու խորհրդավոր կերպով սկսվում է հանդիպումը Հռոմի և Քրիստոնեության միջև: Սպառնալի ինչ որ մի բան ստվերի ու խավարի նման կախվում է ծննդյան իրականության վրա. քո կյանքն ինձ պետքական է Պետության, գազանաբարո Կայսրության գանձարանը սնուցելու համար. այս նպատակով է, որ անանուն անհայտությունից դուրս են բերվում Մարիամը, Հովսեփն ու Մանուկը:
Այս բիրտ խավարի մեջ, այս մեխանիզմի կողմից հարուցված զրկանքների խորքում, երբ մարդը պարզապես վերածված է թվի ու քանակի, այդտե՛ղ է տեղի ունենում նոր մարդու ծնունդը: Այնտեղ, ուր մարդը նկատվում է սոսկ իբրև թիվ, ուր մարդկային արժանապատվությունը ստորակարգվում է քանակի գերակայությանը, հենց այդտեղ է, որ պատմությունը գլխիվայր շրջվում է: Եվ իմանում ենք, որ մարդն արժե այնքան, որքան արժե իր սիրտը: Պատմության խավարի կողմից գործադրված ճնշումը Աստծուն գրեթե ստիպում է հայտնելու լույսը: Մեզ վստահեցնելու համար, որ երբ փորձառությունն ենք ունենում դժնդակ դժվարությունների, խավարի, տկարության, Աստված ո՛չ թե պարզապես մեր կողմից է, այլ՝ որ Նա մեր հետ է:
 
Եվ բոլորը գնում էին արձանագրվելու մարդահամարի, յուրաքանչյուրն իր քաղաքում: Հովսեփն էլ, Դավթի տնից և ազգից լինելով, Գալիլիայի Նազարեթ քաղաքից ելավ գնաց դեպի Հրեաստան, Դավթի քաղաքը, որ Բեթղեհեմ է կոչվում, մարդահամարի մեջ արձանագրվելու Մարիամի հետ, որ նրա հետ նշանված էր և հղի էր:
 
Հիսուսի ծննդյան հանգամանքներն աշխարհի մեծ պատմության մեջ տեղավորելուց հետո, Ղուկասն այժմ հստակեցնում է դրանց տեղն Իսրայելի, Դավթի, մարգարեների պատմության ներսում («Եվ դու, Եփրաթայի Բեթղեհեմ, թեև Հուդայի քաղաքներից փոքրագույնն ես, ... ». Միք 5, 2) և Իսրայելի հավատարիմ մնացորդի հոգևոր պատմության ներսում, քողարկված՝ բնագրում գործածված «բարձրացավ դեպի Հրեաստան» բայի ետևում. մի բայ, որ գործածվում էր մատնացույց անելու համար ուխտագնացությունները, որոնք յուրաքանչյուր բարեպաշտ իսրայելացի կատարում էր՝ այցելելու համար Աստծո տունը. մի արտահայտություն, որի մեջ պարունակված են Աստծո փնտրտուքի ջանքն ու բերկրանքը: Դեպի Բեթղեհեմ ճամփորդությունը դառնում է ճամփորդություն դեպի ընտանեկան պատմության ակունքները, բայց է՛լ ավելի՝ դեպի Դավթին տրված աստվածային խոստումների (հմմտ. 2Թագ 7, 12-16) և հրեշտակի կողմից Մարիամին տրված խոստումների արմատը. «Եվ Տեր Աստված նրան կտա նրա հոր՝ Դավթի գահը» (Ղկս 1, 32-33):
Ավետարանիչը ոչ մի աճապարանք չի ցուցաբերում պատմելու Հիսուսի ծնունդը ճամփորդության ընթացքում (160 կմ երկարությամբ ծայրաստիճան հոգնեցուցիչ մի ճանապարհ) կամ երկու ճամփորդների ժամանումից անմիջապես հետո: Ավետարանչի նպատակն է, մինչդեռ, ներկայացնել մեզ միմյանց սերտորեն կապված մի զույգ, համերաշխ, ո՛չ անպատրաստ կամ թեթևամիտ: Առաջին անգամ լինելով, Մարիամն ու Հովսեփը ներկայանում են միասին, միասին կատարում են միևնույն քայլերը, ընտանիքն իսկապես հաստատվել է, Հիսուսն այժմ կարող է ծնվել, քանի որ զույգը պատրաստ է:
 
Արդ, մինչ նրանք գտնվում էին այնտեղ, նրա ծննդաբերելու օրերը լրացան: Եվ նա ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մեջ փաթաթեց նրան ու դրեց մսուրի մեջ, որովհետև իջևանում նրանց համար տեղ չկար:
 
Մարիամի մայրական միջամտությունը ծայրաստիճան հակիրճ կերպով արտահայտված է հատկանշական երեք բայերով. ծննդաբերեց, խանձարուրի մեջ փաթաթեց, դրեց կամ պառկեցրեց:
«Ծննդաբերեց», ասում է Ղուկասը: Մարիամն է գործող ենթական, մինչդեռ Հիսուսը մի մանուկ է, որ ծննդաբերվել է, մոր ձեռքերով փաթաթվել է խանձարուրով, դրվել է մսուրի մեջ: Աստծո խոնարհությունն է. Աստծո, որ չի ծնվում կամ հայտնվում ինչ որ մի հրաշալի կերպով, այլ՝ ծննդաբերվում է մի կնոջ կողմից. որ չի պարուրվում լույսերի, այլ՝ սովորական շորերի մեջ. որ ընտրում է կարիք ունենալ, այլ ո՛չ թե՝ պահանջել: Որ իսկույն սիրված է: Հենց այն պատճառով, որ այդ օրվանից ի վեր կամենում է, որ «հասնենք սիրելու Իր աստվածությունը՝ սիրելով Իր մարդկությունը» (Հայդուիչ, 13րդ դարի միստիկ միանձնուհի): Սիրել Քրիստոսի մարդկային բնությունը, այդ մարդկային բնության կոնկրետ, պարզ, մարմնական նոտաները. սիրելով մարմինը, որի մեջ մարմնացավ. սիրելով նշանները, դրանցով զմայլվել կարողանալու համար, ինչպես հովիվները. «Եվ սա՛ ձեր համար նշան կլինի. խանձարուրով փաթաթած և մսուրի մեջ դրված մի մանուկ կտեսնեք: [...] Եվ հովիվները վերադարձան փառավորելով և օրհնելով Աստծուն այն ամենի համար, որ լսեցին ու տեսան» (Ղկս 2, 12.20): Մեզ տրված է ''տեսնել'' երեք պարզ բայերի ընդմիջով:
Երկրորդ բայն ասում է. «Նրան խանձարուրի մեջ փաթաթեց»: Մարիամը Ղուկասի կողմից նկարագրվում է որպես ակտիվ ու նախախնամ, արիասիրտ ու հասուն մայր, որ կարողանում է միայնակ դիմագրավել այդ ծայրահեղ իրավիճակի անհետաձգելի պահանջներին: Որդուն խանձարուրի մեջ փաթաթելու այդ արարքի մեջ պարունակված է այն ամբողջ քնքշանքն ու գորովը, որ յուրաքանչյուր մայր ընդունակ է պարգևելու իր զավակին: Ղուկասը, սակայն, մի յուրահատուկ նշանակություն է վերագրում այդ արարքին. արդարև, հրեշտակի կողմից դա մատնացույց է արվում իբրև նշան հովիվների համար: Նորածին Հիսուսի խանձարուրով փաթաթվելը ակնարկում է Ղուկասի կողմից հիշված մի ա՛յլ փաթաթում (23, 53). Հիսուսի Խաչից իջեցված մարմնի փաթաթումը վարշամակով, ի պատրաստություն թաղման և գերեզմանի մեջ դրման: Արդեն իսկ մատնացույց անելու համար Իր ճակատագիրն ու յուրաքանչյուր մարմնի հետ Իր համերաշխությունը, օրորոցից մինչև գերեզման: Բայց խանձարուրը նշանն է նաև Մարիամի ու Հովսեփի սիրալի խնամքի ու հոգատարության: Հիսուսն իսկապես մարդու մի որդի է, որի վրա խոնարհվում է ծնողների քնքշանքն ու գորովը, փաթաթվում է ո՛չ միայն խանձարուրով, այլ նաև սիրով: Իր ընտանիքի կողմից լիուլի ստանում է այն բարձրագույն պարգևը, որին ընդունակ է մարդկությունը. կրկնակի՝ մայրական ու հայրական գորովը: Մայրն Իրեն կերակրելու էր կաթով և սնուցելու էր երազներով, իսկ հայրը՝ աշխատանքով ու պաշտպանությամբ: Մանուկն ապրելու է երկրի վրա, վերապրելու, գոյատևելու է միմիայն այն պատճառով, որ սիրված է: Յուրաքանչյուր մանկան նման: Աստված ապրում է մեր սիրով: Մարդկանց գործն է խնամել Աստծուն: Հիսուսն ուսուցանում է մեզ անել դա, «Հայր մեր»ի առաջին մասում, երբ աղոթողն հետաքրքրվում է Աստծուն վերաբերվող բաներով, Նրա Անվան սրբացմամբ, Նրա Արքայության գալստյամբ, Նրա կամքի կատարմամբ:
«Նրան մսուրի մեջ դրեց: [...] Իջևանում նրանց համար տեղ չկար»: Մարիամը ծննդաբերում է պատահաբար գտնված մի վայրում, կենդանիների գիշերման համար նախատեսված մի վայրում, հարկադրված ընդունում է այդ վիճակը, այդ վայրը, որից փորձել էին խուսափել: Եվ սակայն, այդ իրավիճակում միմյանց են հյուսվում բացառման և հաղորդության երկու հոսանքներ. մի ապաստան, համենայն դեպս, գտնվում է, դաշինքի մի նշան է դրվում ողջ տիեզերքի հետ, ոչ-մարդկային արարածների միջոցով, այդ մսուրի միջոցով, որը նեղության մեջ գտնվող մոր կողմից գործածվում է իբրև օրորոց: Հիսուսն իսկապես Նա է, ով Իր ողջ կյանքի ընթացքում գլուխը դնելու տեղ չունեցավ, աղքատ՝ աղվեսների ու թռչունների նման, որոնք սակայն ունեն իրենց որջերն ու բները (հմմտ. Ղկս 9, 58): Մինչև իսկ գերեզմանը Նրան փոխ էր տրվելու (հմմտ. Մտթ 27, 60): Նա Հյուրն է, որ հավիտյան կանգնած է դռան առաջ և բախում է (հմմտ. Հյտ 3, 20), և սպասում է, որ բացվի դուռն Իր առաջ, և մեզնից էլ խնդրում է ողորմության այն վեհագույն արարքը, որն Իր Մայրը պարգևեց Իրեն. թույլ տալ, որ Իր կյանքը մտնի մեր կյանքից ներս և մեր կյանքը պատվաստվի Իր կյանքին:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։