Քրիստոսի ծննդաբանությունը. Մատթեոս 1, 1-16 – Գրադարան – Mashtoz.org

Քրիստոսի ծննդաբանությունը. Մատթեոս 1, 1-16

Ծննդաբանությունը Հիսուս Քրիստոսի՝ Դավթի որդու, Աբրահամի որդու:
Աբրահամը ծնեց Իսահակին, Իսահակը ծնեց Հակոբին, Հակոբը ծնեց Հուդային և նրա եղբայրներին, Հուդան ծնեց Փարեսին և Զարային՝ Թամարից, Փարեսը ծնեց Եզրոնին, Եզրոնը ծնեց Արամին, Արամը ծնեց Ամինադաբին, Ամինադաբը ծնեց Նաասոնին, Նաասոնը ծնեց Սաղմոնին, Սաղմոնը ծնեց Բոոսին՝ Հռաքաբից, Բոոսը ծնեց Ովբեդին՝ Հռութից, Ովբեդը ծնեց Հեսսեին, Հեսսեն ծնեց Դավիթ արքային:
Դավիթը ծնեց Սողոմոնին՝ Ուրիայի կնոջից, Սողոմոնը ծնեց Րոբովամին, Րոբովամը ծնեց Աբիային, Աբիան ծնեց Ասափին, Ասափը ծնեց Հովսափատին, Հովսափատը ծնեց Հովրամին, Հովրամը ծնեց Ոզիային, Ոզիան ծնեց Հովաթամին, Հովաթամը ծնեց Աքազին, Աքազը ծնեց Եզեկիային, Եզեկիան ծնեց Մանասեին, Մանասեն ծնեց Ամովսին, Ամովսը ծնեց Հովսիային, Հովսիան ծնեց Հեքոնիային և նրա եղբայրներին՝ Բաբելոնում գերության ժամանակ:
Բաբելոնում գերությունից հետո Հեքոնիան ծնեց Սաղաթիելին, Սաղաթիելը ծնեց Զորաբաբելին, Զորաբաբելը ծնեց Աբիուդին, Աբիուդը ծնեց Եղիակիմին, Եղիակիմը ծնեց Ազովրին, Ազովրը ծնեց Սադովկին, Սադովկը ծնեց Աքինին, Աքինը ծնեց Եղիուդին, Եղիուդը ծնեց Եղիազարին, Եղիազարը ծնեց Մատթանին, Մատթանը ծնեց Հակոբին, Հակոբը ծնեց Հովսեփին՝ փեսացուին Մարիամի, որից ծնվեց Հիսուսը, որ կոչվեց Քրիստոս:
 
 
Մատթեոսը ներկայացնում է մի ծննդաբանություն, որը գիտակցաբար արվեստակյալ է. նախահայրերի երեք խումբ, որոնցից յուրաքանչյուրը կազմված է տասնչորս սերունդներից (յոթ գումարած յոթ), որոնք բոլորն էլ խորհրդանշական թվեր են և այլաբանորեն մատնանշում են կատարելությունն ու լիությունը: Միապաղաղ բովանդակություն ունեցող մի էջ, անունների երկարաշունչ ու գրեթե անվերջանալի ցանկով, որոնք միմյանց կապակցվում են մեկ միակ բայով. «ծնել»: Գիշերն է, որ առաջ է ընթանում դանդաղ, շա՜տ դանդաղ, ռիթմերով, որոնք թվում են անշարժ: Եվ ապա, հանկարծակի, հասնում է Աստծո կողմից կամեցված ժամը, ժամանակի լրումը, լույսի սկիզբը, արևի արգանդը. «Հակոբը ծնեց Հովսեփին՝ փեսացուին Մարիամի, որից ծնվեց Հիսուսը, որ կոչվեց Քրիստոս»:
« ... Որից ... », ո՛չ թե՝ « ... որոնցից ... »: Խզվում է պատմության ռիթմը. մարդկային կյանքի անցուդարձերը, որոնց գագաթնակետն է հանդիսանում նոր կյանք ծնելու ակտը, արգելակվում են: Գալիս է այն ավելին, որը պատմությունը միայն իր ուժերով չի կարող հայթայթել. գալիս է այն, ինչը որ մարդկությունը չի կարող ծնել: Մարիամի կուսությունը վերադարձնում է պատմությունն ինքն իրենից դուրս, սկզբին: Ադամից էր ծնվել Եվան, Աստծո միջամտությամբ: Ապա Աստված մի կողմ էր քաշվել Իր արարչությունից: Այժմ Մարիամից ծնվում է Նոր Մարդը՝ Քրիստոսը, որովհետև Աստված կրկին վերսկսում է Իր արարչագործությունը, վերադառնում է պատմությունից ներս, և նոր Ադամին՝ Հոր կատարյալ պատկերին ու նմանությանը ծնունդ է տալիս Մարիամից, առանց տղամարդու միջամտության: Ծննդոցի լիությունն է ու ամբողջացումը. յուրաքանչյուր ոք ծնվում է ուրիշ մեկից, և միաժամանակ՝ յուրաքանչյուր ոք ծնվում է Աստծուց: Բոլորը, ծնված լինելով կնոջից, տղամարդու միջամտությամբ, և ծնված լինելով ի վերուստ, բոլորն էլ իրենց գոյության համար պարտական են ուրիշ մեկին և Աստծուն: Պարտք, որի վճարման համար միայն մի ճանապարհ կա. մենք էլ մեր հերթին հանձն առնենք կյանքը փոխանցելու, գոյությունն ավանդելու պարտականությունը:
Հիսուսը «կնոջից ծնված» Աստված է, ինչպես որ մենք Աստծուց ծնված մարդիկ ենք: Մեծ շրջանակը փակվում է. ինչպես որ Ադամից ծնվել էր Եվան, աստվածային միջամտությամբ, այնպես էլ նոր Եվայից ծնվեց նոր Ադամը, աստվածային միջամտությամբ: Եվ կրկին ընթացք առավ ամենահին և սոսկ ընդմիջված պատմությունը: Եդեմը միայն կարոտ չէ, այլ՝ ծրագիր. ո՛չ թե ողբ է անվերականգնելի կերպով կորցված բանի համար, այլ՝ սպասում է, որ դառնում է ներկայություն: Այսուհետև յուրաքանչյուր Ադամ ծնվելու է ա՛յս կերպ. կնոջից և ի վերուստ: «Նույնպես է և ամեն ոք, որ ծնվել է ի վերուստ» (հմմտ. Հվհ 3, 8), ասում է Հիսուսը Նիկոդեմոսին. մենք նրանք ենք, ովքեր «ո՛չ թե մարմնից, այլ՝ Աստծուց են ծնվել» (հմմտ. Հվհ 1, 13): Ծնվել ի վերուստ՝ նշանակում է ծնվել կրելով ներսումդ ո՛չ թե մի լռություն, այլ՝ Խոսքը. ո՛չ թե մի բավիղ ներսումդ, այլ՝ մի հորիզոն: Նշանակում է ծնվել մի սրտով, որն արդեն իսկ բռնվել է բարձունքների կարոտով. որն անհանգիստ է, քանի դեռ չի հանգչում Աստծո մեջ:
Քրիստոնեական առաջին համայնքի համար Մարիամի ունեցած կարևորությունը հայտնի է դառնում այս պատմական ցատկից, որն իրականանում է նրա մեջ: Մարիամն իսկապես պատմության հափշտակությունն է: Մարդկությունն իր անցուդարձերով բավական չէ ինքն իրեն, կարիքն ունի հափշտակության, ինքն իրենից դուրս գալու, ավելի անդին գնալու: Ապրելը «ստատիկ», այսինքն՝ անշարժ իրականություն չէ, այլ՝ «էքստատիկ» է, այսինքն՝ հափշտակություն: Աշխարհ է գալիս այն, ինչը որ մարդկությունը չի կարող հայթայթել ինքն իր համար: Հիսուս Մարդու արմատները երկնքում են: Երկրի ամենաբարձրակարգ արտադրանքը չէ, ո՛չ էլ լավագույն մարդկանց զավակը: Սուրբ Հոգու և Կույսի Որդին է: Մեր պատմության պտուղը չէ. մանավանդ թե, հենց այս պատմությունն է, որ Նա գալիս է փոխելու: Սա հնարավոր է, որովհետև Մարիամն ամբողջովին Աստծուն տրամադիր կույս է: Սուրբ Հոգին Նա է, ով միավորում է կուսությունն ու մայրությունը: Կուսությունն ինքնըստինքյան փառք ու պարծանք չէ. նվազում է, աղքատություն է, տկարություն: Եվ ո՛չ միայն հին ժամանակներում, Իսրայելում, այլ նաև այսօր: Կուսությունը դրական է միմիայն այն ժամանակ, երբ Սուրբ Հոգին իջնում է նրա մեջ և կյանք ծնում: Իմաստ չկա կուսության մեջ, եթե կուսությունը մայրական չէ: Եվ ճշմարիտ մայրություն չկա առանց կուսության, այսինքն՝ ո՛չ թե աշխարհի, այլ միայն Աստծո սերմերն ընդունելու կամքի:
Մարիամի կուսության իմաստը բացվելն է այն իրականության դիմաց, որը մարդկայինից անդին է, մի քիչ անսահմանություն խառնելու համար մեր սահմանափակ պատմությանը: Կուսությունը սպասելն է այն, ինչը որ գալիս է սեփական անձից անդին գտնվող իրականությունից, մի անծայրածիր ծովի ալիքն ընդունելն է, որը գալիս է ծփալու մեր փոքրիկ օրերի հրվանդանների ափին: Մարիամը դիրք է զբաղեցնում այնտեղ, ուր սահմանափակը անցնում է սահմանից անդին և մտնում է անսահմանափակի մեջ: Կործանում է անհնարինի պարիսպը, հեռացնում է հորիզոնը փակող վարագույրը, տարածք է բացում Սուրբ Հոգու համար, որը քամի է և հուր, և որն Իրենով լցնում է կաղապարներն ու անցնում է անդին: Մարիամի օրինակին հետևելով, մարդկությունն իր երազանքների ներսում տեղ է բացում Աստծո երազանքների համար, և Սուրբ Հոգին տակավին և միշտ ճախրում է աշխարհի վրա, թևածում է ջրերի ու քաոսի վրա (Ծնդ 1, 2), անխոնջ կերպով կյանք ստեղծելու համար:
Մարիամի կարևորությունը հայտնի է դառնում նաև այն փաստի մեջ, որ նա հանդիպման վայրերից մեկն է մեր կյանքի նյութականության և Աստծո միջև: Մեզ մատնացույց է անում փաստը, որ Աստված գալիս է կյանքի մեջ և այն փոխակերպում է: Որ հնարավոր է Աստծո առաջ ներկա լինել մեր անձի ամբողջությամբ՝ հոգով և մարմնով: Ցույց է տալիս մեզ, որ Աստծո խոստումը շատ կոնկրետ է, որ փոխակերպում է մարմինն ու կյանքը, որ ազդում է գոյության վրա: Եվ փոխակերպված կյանքը դառնում է տեսանելի: Մարիամը հեղինակավոր վկան է այն բանի, որ Աստված գտնվում է կյանքի կոնկրետության մեջ և այն փոխակերպում է: Գոյության երջանկության մեջ, նյութի սրբության մեջ է շնչում Հոգին և նորոգում է ամեն բան: Մարիամի մեջ իրագործում է կանացիության լիությունը. կույս, հարս, մայր: Մարդկային կանացի բնության բոլոր պոտենցիալները նրանում գտնվում են ի մի հավաքված, – մի բան, որն ա՛յլ կերպ անհնարին է, – փոխադարձաբար միմյանց լուսավորելով ու զորացնելով: Սա մեզ երաշխավորում է, որ ամեն բան իմաստ ունի, ամեն բան: Եվ կյանքն ունեցողների շնչառության մեջ շնչում է կյանքի Տերը, որպեսզի նրանք կարողանան բնակվել երկրի վրա՝ կրելով իրենց ներսում երկնքի այն մասնիկը, որն է հիմք ու ամրություն պարգևում երկրին:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։